Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Պետք է ներկան ուժեղացնել» - Mediamax.am

exclusive
20021 դիտում

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. «Պետք է ներկան ուժեղացնել»

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը

Լուսանկարը`


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Մեդիամաքս-ը հարցազրույցների շարք է նախաձեռնել Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ: Փորձում ենք տարբեր կարծիքներ լսել այն մասին, թե արդյո՞ք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար:

 

Այսօր մեր զրուցակիցն է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

 

- Ի՞նչ խորհուրդ ունի Հայոց Ցեղասպանության 100-ամյակը Ձեզ համար:

 

- Դժվար է մեկ հստակ բնորոշում տալ: Մանկությունից այդ թեման միշտ ճնշող է եղել եւ ներքուստ մեծ ցանկություն եմ ունեցել ազատագրվել դրանից: Բայց միթե՞ հնարավոր է ազատագրվել հիշողությունից, որը քո ինքնության մի մասն է:

Ցեղասպանությունը խզում է մեր բնական կապը մեր հնության հետ, չափազանց դժվարացնում է սեփական պատմության հետ հաղորդակցությունը:

Երբ «Արարատից Սիոն» ֆիլմն էինք նկարահանում, առիթ ունեցա լինելու իմ նախնիների երկրում, այցելեցի Մուշ, եղա Մշո Առաքելոց վանքում: Սարսափելի զգացողություն էր… ոսկորներ էին թափված. այնտեղ անընդհատ «հայերի ոսկին» են փնտրում: Չգիտես` այդ ոսկորները ումն են: Մովսես Խորենացո՞ւնն են, Դավիթ Անհաղթի՞նն են, ու՞մն են դրանք: Մեր մեծերի գերեզմանից հետք չի մնացել:

 

Գողացված պատմության զգացողություն ունեցա: Մենք ծագումնաբանորեն հին ազգ ենք, բայց իրականում մեր հնության եւ ներկայի միջեւ Մեծ Եղեռնի անդունդն է: Ցեղասպանությունը խզում է մեր բնական կապը մեր հնության հետ, չափազանց դժվարացնում է սեփական պատմության հետ հաղորդակցությունը:

 

Այս առումով մենք նաեւ նոր ժողովուրդ ենք եւ մեր ներկան որոշակիորեն Ցեղասպանությամբ է պայմանավորված: Այս ողբերգությունը ճեղքել է մեր ինքնությունը, եւ դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս վերաբերվել դրան:

 

100-ամյակը մեզ համար պետք է նոր մտածողության, նոր սկզբի առիթ լինի: Հիշողությունը սրբություն է մեզ համար, որի շնորհիվ պետք է մաքրվենք եւ ազատագրվենք որոշ բարդույթներից եւ հասկանանք, որ մեր ուժը պետք է արարման մեջ լինի: Դա է եղել մեր ազգի խորհուրդը: Մենք դարերով արարող ազգ ենք եղել: Դարերով կարողացել ենք մերը ստեղծել արվեստի, կրթության, հոգեւոր ոլորտներում: Ամեն ինչի մեջ կարողացել ենք ինքնատիպ հետքեր թողնել: Դրա շնորհիվ կարող ենք հաղթահարել ցեղասպանության հետեւանքները՝ ներքին բարդույթները, զոհի բարդույթը:

 

Շատ կուզենայի, որ այս հազարամյակը հայերի համար լիներ արարման ոգու հազարամյակ: Մարտահրավերները շատ են, մենք շատ բարդ ժամանակաշրջանում ենք ապրում: Հիմա առանց արյան կարելի է ցեղասպանություններ իրականացնել՝ հոգեւոր, մշակութային, կրթական: Այն ազգերը, որոնք չեն գիտակցի պահի լրջությունը, շատ արագ հայտնվելու են պատմության լուսանցքներում:

 

- Ի՞նչ պետք է անենք, որ մեզ հետ դա տեղի չունենա:

 

- Ազգերը պետք է միավորված լինեն ոչ միայն իրենց անցյալով եւ ներկայով, այլեւ ապագայով: Երբ հասկանում ենք, թե ուր ենք միասին գնում, եւ այդ ճանապարհը ներշնչող է, կարող ենք մոռանալ առկա հակասությունները, որովհետեւ նպատակը վեհ է եւ ոգեւորող:

 

Ապագայի ցանկացած ծրագիր կախված է մարդկային որակներից, ռեսուրսներից: Ցավոք, Հայաստանում եւ Սփյուռքում շատ ենք սիրում շենքեր սարքել, բայց մոռանում ենք, որ այդ շենքերը պետք է կարողություն ունեցող մարդկանցով լցվեն:

 

Շատ քիչ ներդրում է կատարվում մարդկային ռեսուրսների նախագծման, համապատասխան որակների ստեղծման մեջ: Դա ակնհայտորեն երեւում է կրթության ոլորտում: Պետք է մտածենք, թե կրթությամբ ի՞նչ մարդ ենք պատրաստում, որպեսզի այդ ծրագիրը իրագործեն: 

Մեզ հաճախ թվում է, որ, եթե մեր հայրերը իմաստուն են եղել, մենք ապահովագրված ենք հիմարությունից: Այդպես չէ:

Ինչո՞վ ենք դարերով ուժեղ եղել: Ո՞րն է հայերի ֆենոմենը պատմության մեջ՝ մեր յուրահատուկ հոգեւոր արժեքները եւ կրթությունը: Սրանով ենք գոյատեւել առնվազն վերջին 1500 տարին: 21-րդ դարում, երբ բոլոր ժողովուրդները գտնվում են կրթության բուռն զարգացման շրջանում, մենք մեր դիրքերը զիջելու իրավունք չունենք: Չենք կարող ասել, որ այսօր կրթության ոլորտում առաջատար ազգերից ենք, ինչպիսինն էինք 20-րդ դարի սկզբին, երբ Պոլսո, Թիֆլիսի, Մոսկվայի հայկական դպրոցները լավագույնն էին համարվում:

 

Հոգեւորի նկատմամբ մեր վերաբերմունքը եւս պետք է փոխենք: Մեզ հաճախ թվում է, որ, եթե մեր հայրերը իմաստուն են եղել, մենք ապահովագրված ենք հիմարությունից: Այդպես չէ: Իմաստությունը կերտվել է որոշակի ոգու շնորհիվ: Երբ այդ ոգին ունենք, մենք դրա ժառանգորդն ենք, չունենք՝ աղքատ ենք:

 

Հաճախ են զուգահեռներ տարվում մեր եւ հրեաների միջեւ: Իսկապես նմանություններ կան, բայց կան նաեւ շատ մեծ տարբերություններ: Դրանք ակնհայտ են հենց հրեաների վերաբերմունքի մեջ՝ սեփական կրոնի եւ հոգեւոր արժեքների նկատմամբ: Հենց այդ հանգամանքն է, որ նրանց ահռելի ուժ է դարձնում աշխարհում:

 

Մշակույթը սոսկ ժառանգություն չէ, այն պետք է կենդանի լինի, ապրի մարդու սրտում: Երբ մի բան քեզ համար սրբություն է, դու պատրաստ ես դրա համար պայքարել:

 

- Ձեր մշակած Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կարո՞ղ է նպաստել նշված խնդիրների հաղթահարմանը:

 

- «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» կրթական բարեփոխումների մեջ մեր ամենակարեւոր ծրագրերից մեկն է: «Այբ» հիմնադրամի եւ «Այբ» դպրոցի մշակումների ու փորձառության հիման վրա ստեղծել ենք մի կրթական ծրագիր, որը մրցունակ է բոլոր առումներով: Դա հաստատում են միջազգային հեղինակավոր մասնագետներն ու կառույցները: Ցանկություն ունեցանք այդ փորձը հասանելի դարձնել բոլոր հայ երեխաներին, որ որեւէ երեխա զրկված չլինի այդ հնարավորությունից:

 

«Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» երկու բաղադրիչ ունի: Մեկը կրթական ծրագիրն է, մյուսը՝ ուսուցիչը: Ակնհայտ է, որ ուսուցչի որակից է կախված կրթության որակը: Իհարկե, ուսուցչին էլ պետք է զինել համապատասխան կրթական տեխնոլոգիաներով: Այսօր վերջնական տեսքի է բերվում մեր կրթական ծրագիրը` «Արարատյան բակալավրիատը»: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք ավարտել նրա միջազգային գրանցումը:

 

Հիմա ստեղծում ենք ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգերը եւ պատրաստում մասնագետներին: Ըստ էության, հիմնում ենք մի ամբողջ ինստիտուտ, որը պետք է կարողանա նոր սերնդի ուսուցիչներ պատրաստել:

 

Ծրագիրը քննարկվել է Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ, անցել է հասարակական քննարկումների մի մեծ փուլ: Հետաքրքրությունը բավականին մեծ էր. քննարկմանը մասնակցել են հազարավոր մարդիկ:

 

Քննարկումների արդյունքում զգացել ենք հարգանք, սեր եւ վստահություն մեր արած գործի նկատմամբ: Սակայն, մարդիկ գալիս էին ոչ միայն ծրագրի մասին տեղեկություններ լսելու, այլեւ նորից հավատալու, որ միասին մի բան կարող ենք անել:

 

Թեպետեւ քննարկումները ծավալուն էին, այսուհանդերձ վերլուծական, քննադատական մտածողության ու խոսքի մեծ պակաս եմ նկատում: Ընդհանրապես միտքը եւ Խոսքն ընդհանրապես նահանջել է մեր հասարակությունում:

 

- Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ խոսքը եւ բովանդակությունը մեր առօրյա կյանքում ավելի կարեւոր լինեն: Ձեր ծրագրի քննարկումներից մեկի ժամանակ ասել էիք. «20-րդ դարի սկզբում Գեւորգյան ճեմարանում դասավանդում էին Աճառյանը, Մանանդյանը, Օրմանյանը, Կոմիտասը: Նրանց հետ հանդիպումն արդեն իսկ հեղաշրջում էր մարդկանց հոգիները եւ կրակ վառում նրանց սրտերում»: Բայց այսօր մենք Աճառյաններ կամ Կոմիտասներ չունենք:

 

- Իսկապես, հզոր ինտելեկտուալ հեղինակությունների պակաս կա: Բայց դարաշրջանն էլ է փոխվել: Այսօր այլ, տեխնոկրատ մտածելակերպի դարաշրջան է:

 

Այո, այսօրվա իրականության մեջ Աճառյաններ եւ Կոմիտասներ չունենք: Բայց դա չի նշանակում, որ չենք կարող ունենալ: Կոմիտասներն ու Աճառյանները հասարակական բաղձանքների արդյունք եւ ծնունդ պետք է լինեն: Երբ ապրում ես որոշակի իդեալներով՝ այդ իդեալներին համապատասխան մարդիկ են ի հայտ գալիս:

 

Եթե այս ժողովուրդը Նարեկացի է ծնել, նշանակում է, որ աղոթքով կատարելություն փնտրող մարդկանց մի հսկա բանակ է եղել: Նարեկացին էլ իր ներածության մեջ գրում է, որ այս գիրքը պատվեր է: Պատվերով գրված գիրք է՝ հազարավոր եղբայրների, վանականների, որոնք ճգնում էին տարբեր տեղերում: Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ժամանակ առանձնացած հոգեւոր կատարելություն էին փնտրում եւ խնդրել էին ամենապայծառ, ամենահանճարեղ մարդուն իրենց համար հոգեւոր կյանքի աղոթքի ուղեցույց գրել: Այդպես ծնվել է Մատյանը:

 

Գործընթաց է պետք, որի արդյունքում մարդիկ պետք է ի հայտ գան: Վստահ եմ, որ մենք անընդհատ տաղանդներ, հանճարներ ծնում ենք, բայց նրանք տարրալուծվում կամ փչանում են:

Կոմիտասներն ու Աճառյանները հասարակական բաղձանքների արդյունք եւ ծնունդ պետք է լինեն:

Հաճախ հասարակությունները հայտնվում են կեղծ արժեքների որոգայթում: Այսօր էլ հայ հասարակությունը ընկած է կեղծ արժեքների խաբկանքների մեջ: Դա երեւում է նրանից, թե երեխաները ինչ են ուզում դառնալ, երբ գալիս են հարցազրույցի՝ «Այբ» դպրոց ընդունվելիս: Գրեթե բոլորը ուզում են տնտեսագետ դառնալ եւ բանկում աշխատել՝ փողին մոտ: Փողի մոլուցքը դարձել է մեր հասարակական հիվանդություններից մեկը: Անկումային ժամանակներ լինում են, բայց եթե մարդիկ ճիշտ ազդակներ են գտնում, իրականությունը փոխվում է: Երբեմն մարդն իրեն խաբում է, բայց հետո կանգնում է սեփական դատարկության առաջ: Կարեւորը այդ զգացողությանը հաջորդող քայլերն են, թէ ինչպես եւ ինչով լցնել դատարկությունը:

 

Հույն փիլիսոփայի` «ինչ ես ունեմ՝ իմ մեջ է» արտահայտությունը կարեւոր նշանաբան պետք է լինի մեր ժողովրդի համար: Եթե ուզում ենք ազատ մարդիկ լինել, պետք է հասկանանք՝ այն ինչ ունենք, դա մեր մեջ է: Փողով մենք չենք կարող հարստանալ եւ լուսավորվել: Ընդհակառակը, կարող ենք ավելի աղքատանալ ու կուրանալ:

 

- Ինչը՞ պետք է նոր սերնդին հայ լինելու հպարտություն պատճառի:

 

- Մեր ժառանգությամբ մենք աշխարհի ամենահարուստ ժողովուրդներից մեկն ենք: Շատ քիչ ժողովուրդներ կան, որ այդպիսի արժեքներ ունեն կուտակած:

 

Սակայն պետք է նաեւ ներկան ուժեղացնել: Մենք ուժեղ պատմությունների եւ դրանց ծավալը մեծացնելու կարիք ունենք: «Այբ»-ը, Թումոն, Դիլիջանի միջազգային դպրոցը ուժեղ պատմություններ են: Կարիք կա, որ դրանք շատանան եւ ծավալվեն:

 

«Կրթության գերազանցության ազգային ծրագիրը» արդեն իրականություն է: Հույս ունենք այս տարի ավարտել «Արարատյան բակալավրիատի» միջազագային գրանցման գործընթացը: Այն լինելու է աշխարհի սակավաթիվ գերազանցության հարթակներից մեկը եւ միակը, որ հայալեզու է: Հայաստանում եւ Արցախում մինչեւ 2019 թվականը ունենալու ենք «Արարատյան բակալավրիատի» 13 դպրոցներ: Այնուհետեւ այս կրթական ծրագիրը մտնելու է բոլոր ավագ դպրոցներ: Սփյուռքից նույնպես ցանկություն կա` դպրոցներ միացնելու այս ցանցին:

 

Մենք պետք է հպարտանանք, որ հաղթահարել ենք այնպիսի դժվարություններ, որոնք այլ ժողովուրդները չկարողացան հաղթահարել եւ պարզապես կործանվեցին: Ի վերջո, հաղթահարել ենք հենց Ցեղասպանությունը, վերապրող ժողովուրդ ենք դարձել: Մեր այսօրվա կյանքը հենց դրա ապացույցն է: Կարիք կա այդ կյանքը շատ ուժեղ դարձնելու:

 

Դրա համար երազ եւ տեսլական պետք է ունենանք, ոչ թե երազկոտություն եւ չհիմնավորված ծրագրեր: Իրագործելի երազանքը ծնվում է հավատքից եւ ծառայություն է բոլորիս համար: Մենք ունենք բոլոր նախադրյալները մեծ թռիչքի, ունենք բարձունքներ հաղթահարելու հզոր մարդկային ներուժ: Այս ամեննը հնարավոր է: Կարեւորը հավատքն է, որին հաջորդում է գործն ու արարումը:

 

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Կարդացեք նաեւ.

 

Մարկ Գրիգորյանի հարցացրույցը

 

Ռալֆ Յիրիկյանի հարցացրույցը

 

Ավետիք Չալաբյանի հարցացրույցը

 

Ռուբեն Վարդանյանի հարցացրույցը

 

Ռազմիկ Փանոսյանի հարցացրույցը

 

Ժիրայր Լիպարիտյանի հարցացրույցը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին