exclusive
16491 դիտում

Ժիրայր Լիպարիտյան. «Նոր շանսը պետք է ինչ-որ նպատակի ծառայի»

Պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը
Պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Ժ.Լիպարիտյանի արխիվից


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Մեդիամաքսը հարցազրույցների շարք է սկսում Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականների հետ:

Փորձելու ենք տարբեր կարծիքներ հավաքել այն մասին, թե արդյո՞ք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար: Ցանկանում ենք նաեւ այս շարքի միջոցով վերլուծել Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները, հասկանալ հնարավորություններն ու մարտահրավերները:

Այսօր մեր զրուցակիցն է պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, ով 1990-ական թվականներին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր:

- Պարոն Լիպարիտյան, ի՞նչ է լինելու 2015 թ. ապրիլի 25-ին: Արդյո՞ք մեր սպասելիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից չափազանցված չեն:

- Մտավախություն ունեմ, որ 2015 թվականի ապրիլի 25-ին մենք մի քիչ հուսախաբված կարթնանանք: Պետությունը եւ տարբեր կազմակերպությունները խոսում են մեծ ծրագրերի եւ միջոցառումների մասին, որոնց մանրամասները տակավին հայտնի չեն, բայց ինձ թվում է, որ անելու են նույնը, ինչ ամեն տարի, պարզապես ավելի մեծ ծավալով, որը, սակայն, որակական փոփոխության չի բերի:

Մտահոգիչ է նաեւ տպավորությունը, որ այդ ամենը մենք հիմնականում օտարների համար ենք անում եւ բուն հարցի մասին չենք մտածում: Իրականում Ցեղասպանության հետ կապված մեծ գործ ունենք անելու, բայց հոգեբանորեն կենտրոնացած ենք միջազգային ճանաչման հարցի վրա: Որակական փոփոխություն կլինի այն ժամանակ, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ մտցնենք Ցեղասպանության հարցում եւ որոշ ժամանակ մոռանանք միջազգային ճանաչման մասին:

Անձնապես ինձ համար այլեւս կարեւոր չէ` Օբաման կամ Մերկելը կճանաչեն Ցեղասպանությունը, թե ոչ: Վիրավորական եմ համարում, որ մենք պետք է ջարդի, Ցեղասպանության ենթարկվենք ու հետո մուրացկանի նման գնանք ճանաչում ուզենք:

Օտարների ճանաչմանը ենթակա լինելը նշանակում է ուրիշների ասածին կամ չասածին պատանդ լինել եւ մեր ապագան, հոգեբանական եւ մտավոր անկախությունը կապել ուրիշի հետ:

Եթե Օբաման «ցեղասպանություն» բառը գործածի, ես պետք է երջանի՞կ լինեմ, իսկ եթե չգործածի, մեկ տարի եւս տխու՞ր լինեմ: Կարեւոր է Ցեղասպանությունը չմոռանալ, բայց միաժամանակ Ցեղասպանության կախվածությունից ազատ լինել՝ որպես քաղաքականապես անկախ մտածող ու մտավոր ուժերի զարգացումը գնահատող ժողովուրդ:

Ինձ համար իսկապես կարեւոր չէ այդ մարդկանց կարծիքը իմ պատմության, իմ ժողովրդի այդ մեծ հարցի մասին: Իրենք չէ, որ պետք է որոշեն իմ ժողովրդի պատմությունը, եւ իրենցից կախված չէ իմ քաղաքական հասունությունը:

Պետք է մտածենք, թե մեր ցեղասպանագիտության մեջ ի՞նչ բացթողումներ կան, ի՞նչ կա, որ այնքան էլ լավ չգիտենք: Քանի՞ ցեղասպանագետ ունենք Հայաստանում եւ Սփյուռքում, ովքեր օտար լեզուներ գիտեն`ներառյալ օսմաներենը: Մասնագետներ են պետք, որոնք կփորձեն պատասխանել ոչ միայն այն հարցին, թե Ցեղասպանությունն ինչպե՞ս է եղել, այլեւ` ինչո՞ւ է եղել եւ ինչպե՞ս հնարավոր դարձել: Պատմության ընթացքում եղել են ու այսօր էլ կան ռեժիմներ, որոնք ցանկանում են այս կամ այն ռասայական կամ կրոնական հարցը լուծելու նպատակով բնաջնջել իրենց ենթակա ժողովրդին։ Սակայն նրանք միջոցներ կամ պայմաններ չունեն նման բան իրականացնելու համար։ Ինչո՞ւ դա ստացվեց Օսմանյան կայսրության մեջ՝ այդ պետության գոյության վերջին տարիներին։

Ցեղասպանագիտությամբ զբաղվող երիտասարդներ կան, սակայն քիչ են, եւ նրանց մեծ մասի մակարդակն էլ բավարար չէ միջազգային ասպարեզում պատշաճ ներկայանալու համար: Մինչդեռ մեր գիտության առողջ եւ հաստատուն լինելու դեպքում միջազգային ճանաչման հարցը կհեշտանա: Դա եղավ նախորդ սերնդի հետ, երբ Ցեղասպանության խնդիրը սիրողական մակարդակից փոխանցվեց պրոֆեսիոնալ պատմաբաններին եւ գիտնականներին: Դա առաջին սերունդն էր, եւ հիմա պետք է երկրորդ, երրորդ սերունդներ պատրաստենք, սակայն չեմ տեսնում, որ դա արվում է:

Ժիրայր Լիպարիտյանը Ժիրայր Լիպարիտյանը

Լուսանկարը` Wilson Center


Մեզ պետք է նաեւ միջազգային մակարդակի զուտ գիտական հաստատություն, որը միայն այդ հարցերով կզբաղվի: Ցավոք, նման կառույց չունենք: Երեւանում ունենք Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, որի միջոցները շատ սահմանափակ են, եւ այնտեղ աշխատողների թիվը շատ քիչ է: Պետք է այնպիսի աշխատանք տարվի, որը կընդգրկի Սփյուռքի գիտնականներին, որոնք շատ ավելի առաջ են գնացել այս բնագավառում, քան Հայաստանի գիտնականները:

Կարծում եմ, մեր պարտքը Ցեղասպանության զոհերի առջեւ պետք է լիներ այս հարյուրամյակի գործածումը որակական առումով մեկ քայլ առաջ գնալու համար:

- Հայաստանում եւ Սփյուռքում երկու հակադիր կարծիքներ կան: Մի մասն ասում է, որ մենք շարունակում ենք ապրել զոհի հոգեբանությամբ, ինչը չի կարող պայմաններ ստեղծել ավելի լավ ապագայի համար: Մյուս մասը պնդում է, որ, եթե մոռացության մատնենք մեր անցյալը, առհասարակ ապագա չենք ունենա:

- Նախ՝ մենք պետք է հասկանանք, ո՞րն է Ցեղասպանության դերը մեր այսօրվա եւ վաղվա քաղաքականության մեջ: Ինձ համար հիմնական հարցը սա է:

Ի՞նչ ենք ուզում մեր ապագայի համար՝ դա է պետք որոշել: Անցյալի պատմությունը ճանաչել, դասեր քաղել ու ապագա կերտե՞լ, թե՞ անընդհատ փորձել պարզել, թե Ցեղասպանությունն ի՞նչ դեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում, ու, հետեւաբար, անցյալն ու ապագան շփոթել կամ հավասարեցնել։

Այսինքն, պետք է հասկանանք, թե Ցեղասպանությունն ինչ տեղ ունի քաղաքական դիսկուրսի մեջ: Տակավին չենք ել փորձել պարզել, թե մեր մտածելակերպի մեջ ո՞րն է կապակցությունը ցեղասպանակենտրոն մտածողության ու անկախության կորստի միջեւ։ Նրանք սերտորեն շաղկապված են։

- Հաճախ կարելի է լսել այն տեսակետը, որ Ցեղասպանությունն այն միավորող ուժն է, որի շուրջ կառուցված է հայկական Սփյուռքը, եւ որ 100-րդ տարելիցից հետո այդ գործոնը աստիճանաբար կորցնելու է իր նշանակությունը: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

- Համաձայն չեմ: Իսկապես, թյուր կարծիքը կա, որ Սփյուռքի կառույցները խմբված են Ցեղասպանության հարցի շուրջ: Բայց մենք Ցեղասպանությունից առաջ էլ Սփյուռք ունեինք՝ Ամերիկայում, Ռուսաստանում, Իրանում, Մերձավոր Արեւելքում: Շատ տեղերում մենք արդեն 4-5 սերունդ հայեր ունենք:

Իհարկե, ամենամեծ ալիքը Ցեղասպանությունը վերապրողներն էին, բայց նրանց ինքնության հարցում որոշիչը Ցեղասպանության հարցը չէր: Դա մեզ փորձում էին հավատացնել մեր կուսակցությունները եւ քաղաքական կառույցները, բայց կարող եմ վստահեցնել, որ մինչեւ 1950-1960-ական թվերը ինքնության հարցը Ցեղասպանության հետ կապված չէր:

Երբ 1950-ականներին Լիբանանում դպրոց էի գնում, Ցեղասպանությունը միայն ապրիլի 24-ի հոգեհանգիստն էր եկեղեցում, եւ դրանում քաղաքական բովանդակություն չկար: Մեր ընտանիքներում խոսում էին այդ մասին, բոլորն իրենց պատմություններն ունեին, բայց դա քաղաքականացված չէր, եւ միավորողը դա չէր: Միավորողը հայապահպանման հարցերն էին՝ դպրոցների, եկեղեցիների գոյությունը: Միեւնույն ժամանակ, մինչեւ 1960-ականները «մեծ հարցը» Սփյուռքում այն էր, թե դու Սովետական Հայաստանի հե՞տ ես, թե՞ դեմ ես, կոմունիզմի գաղափարներն ընդունո՞ւմ ես, թե՞ չես ընդունում:

Հետագա տարիներին ավելի դյուրին եղավ Ցեղասպանությունը կապել ինքնության հետ: Իմ կարծիքով, դա դժբախտություն էր, որովհետեւ այլընտրանքներ առաջ եկան՝ Ղարաբաղյան շարժումը, 1988-ի երկրաշարժը, Հայաստանի անկախությունը:

Փաստ է, որ անկախ Հայաստանն իր գոյությամբ շատ ավելի գործ արեց հայապահպանման համար, քան Սփյուռքի նախկինում գործադրած բոլոր ջանքերը: Հիմա շատ տարբեր սփյուռք ունենք, եւ Հայաստանը հայապահպանության եւ միավորելու գործն է կատարում եւ, հուսանք, կշարունակի կատարել՝ անկախ նրանից, թե պետությունը ճիշտ քաղաքականություն ունի Սփյուռքի նկատմամբ, թե ոչ:

Ինքնության հարցը մշտապես փոփոխվող է: Նոր սերունդը միշտ նոր ձեւեր է գտնում այն արտահայտելու համար: Ոմանք կարծում են, թե Հայաստանը կարող է կործանվել, բայց Սփյուռքը կապրի: Այդ կարծիքին համաձայն չեմ. Սփյուռքը կարող է ապրել, բայց առանց Հայաստանի Սփյուռքը ընդամենն էթնիկական փոքրամասնություն է տարբեր երկրների մեջ: Սփյուռք լինել` նշանակում է չլինել այնտեղ, որտեղ ժամանակին էիր կամ այսօր պիտի լինեիր: Այսինքն` ինչ-որ կապ կա քո եւ Հայրենիքի միջեւ: Դա նշանակում է որոշ արժեքների համադրում. եթե դու որպես Սփյուռք զարգանաս, Հայաստանն էլ կզարգանա: Եթե Հայաստանը չունենանք որպես հիմք, Սփյուռքը շատ բան կկորցնի:

- Որ՞ն է այսօր գլխավոր թերացումը Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայաստանը հայերի համար դառնա այնպիսի ավետյաց երկիր, ինչպիսին Իսրայելն է հրեաների համար:

 - Վստահ չեմ, թե այսօր Իսրայելն ամեն հրեայի համար ավետյաց երկիր է: Շատ հրեաներ Ամերիկայում այսօրվա Իսրայելին դեմ են: Դեմ են նրա կառավարությանը եւ միլիոնավոր պաղեստինցիների նկատմամբ տարվող քաղաքականությանը: Նրանք, ովքեր համաձայն չեն այս կառավարության հետ եւ հույս չեն տեսնում, հեռանում են Իսրայելից: Բայց որ Իսրայելը շատ ավելի կազմակերպված քաղաքականություն ունի, դա կասկածից վեր է:

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այո, Սփյուռքը միավորված չէ եւ ոչ էլ պետք է լինի միավորված այն իմաստով, որ բոլորը նույնը մտածեն: Բայց պետք է ինչ-որ մեխանիզմ կամ հարթակ ստեղծված լիներ, որը կներկայացներ Սփյուռքի կարծիքները: Սփյուռքը պետք է կարողանար քննարկումներ կազմակերպել, որոնց արդյունքում կստեղծվեր միասնական ներկայացուցչություն, որի միջոցով կարելի կլիներ խոսել Հայաստանի ղեկավարության հետ: Մի քանի փորձեր եղան, բայց անարդյունք, քանի որ Սփյուռքի մեր կազմակերպությունները կարծում են, թե հայ ինքնությունը կամ մշակույթը եւ նույնիսկ Ցեղասպանությունը սեփականաշնորհված ապրանք է: Այսինքն, այստեղ տիրապետում է կազմակերպական ինքնությունը։

Հայաստանի կառավարությունն էլ դժվարանում է Սփյուռքին ասել՝ ինչ անել: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ աշխատում էի Հայաստանում, մեկ օրվա մեջ մի քանի տարբեր ղեկավարներ եկան, եւ յուրաքանչյուրը Սփյուռքի անունից խոսելով, ասաց՝ «Սփյուռքը սա է պահանջում, որ անեք», եւ յուրաքանչյուրը մյուսին հակառակ միտք արտահայտեց:

Հայաստանի կառավարության մոտ էլ այսօր, կարծես, վերադարձել է սովետական շրջանի քաղաքականությանը. եթե իմ հետ ես, քեզ շքանշան կտամ: Կարծում են, Սփյուռքի գործարարներին կամ արվեստագետներին շքանշան տալով ամեն ինչ կվերջանա: Իսկ Սփյուռքում կարող ես սոված համալսարան ավարտել եւ մեծ արվեստագետ դառնալ, բայց ոչ ոք քեզ կարեւորություն չի տա, մինչեւ օտարները քեզ չճանաչեն: Այդ ժամանակ շքանշան կտան եւ կօգտվեն քո կապիտալից՝ առանց որեւէ բան ավելացնելու:

Սփյուռքի հոգեբանությունն էլ համապատասխան է:

Հայաստանը կարող է արժեքներ եւ ինստիտուտներ ստեղծել, ուր իսկապես այդ համագործակցությունը տեղի կունենա: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մի հայտնի գործարար նախագահին ասաց. «Կուզեմ Հայաստանում ներդրում կատարել, բայց վստահություն չունեմ, ի՞նչ երաշխիք կա»: Քոչարյանն էլ պատասխանեց. «Ես եմ երաշխիքը»: Բայց դա պետական մոտեցում չէ: Երաշխիքը պետք է լինի օրենքը, ինստիտուտները: Այսօր դու նախագահ ես, վաղը՝ նախագահ չես: Կամ էլ վաղը, եթե այդ մարդը քո մասին մի վատ բան ասի, կարող ես իրենից բիզնեսը վերցնել: Պետք է ինստիտուտներ ստեղծվեն, որոնք նախագահից կախված չեն:

Հայաստան-Սփյուռք կոնֆերանսներում Հայաստանի իշխանությունները վախենում են այդ հարցերը արմատական ձեւով դնել եւ հրավիրում են այն մարդկանց, ովքեր պատրաստ են ելույթներ լսել առանց արմատական քննարկումների:

- Երբեմն խոսվում է նաեւ այն մասին, որ Սփյուռքը այս տարիների ընթացքում կարող էր դեր խաղալ Հայաստանի ժողովրդավարացման գործում եւ այդ նպատակով ներդրումներ կատարեր, ինչպես դա անում էին ամերիկյան կամ եվրոպական պետական եւ ոչ պետական կառույցները:

- Ես էլ ձեզ մեկ հարց ունեմ. Սփյուռքի այդ ո՞ր կառույցն է, որ ժողովրդավարական է: Չնայած գործում են ժողովրդավարական երկրներում, իրենց էությամբ ժողովրդավարական չեն, որպեսզի մի բան էլ Հայաստանին սովորեցնեն: Այլ հարց էլ կա. Եվրոպան եւ Ամերիկան հսկայական գումարներ են տվել Հայաստանի դատարանների անկախության համար, բայց ո՞րն է արդյունքը:

Հայաստանի գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության միջին օղակներում սերունդ ունենք, որն ինձ տպավորել է: Սակայն այդ սերունդը չի կարողանում վերեւ բարձրանալ, որովհետեւ մի առաստաղ կա, որին դիպչում եւ ընկնում են:

Ժողովրդավարացումը հաջողությամբ է պսակվում միայն այն դեպքում, երբ կա դրա ներքին պահանջը։ Հայաստանում ժողովրդավարացման ամենաուժեղ մղումը եղել է 1988-ի շարժմամբ եւ այդ մղումը եղել է ներքին։

- Արդյո՞ք կարող են Հայաստանում եւ սփյուռքում ի հայտ գալ ինտելեկտուալ ուժեր, որոնք կարող են քննարկել այն «նոր սկիզբը» կամ «երկրորդ շանսը», որը թույլ կտա հնարավորինս օգտագործել հայության ներուժը համազգային խնդիրների լուծման համար:

- Նախ, պետք է հասկանանք, եթե պետք է նոր շանս ունենանք, ապա ի՞նչ անելու համար: 1990-ական թվականներին, երբ Թուրքիայի հետ բանակցություններ էի վարում, մոտեցումս հետեւյալն էր. մեր զոհերի հիշատակը հարգելու համար արդյո՞ք պայման է, որ մենք մեր նոր սերունդն էլ զոհենք, այս նոր Հայաստանն էլ զոհենք:

Կ՞ա որեւէ նպատակ, որի համար նախապայման չէ ուժեղ Հայաստանը՝ ուժեղ տնտեսությամբ, հասարակական համակարգով, որտեղ ժողովուրդը զգում է, որ ինքն ուժեղ է: 1915 թվականի մեր զոհերը ի՞նչ կուզեին: Որ մենք իրենց հիշատակը հարգենք՝ աղքատ երկիր մնալո՞վ եւ անդադար թուրքին հայհոյելո՞վ:

Այդ նոր շանսը պետք է ինչ-որ նպատակի ծառայի: Ո՞րն է մեր նպատակը: Այսօր մեր գործողությունները եւ արժեքային համակարգը ցաքուցրիվ բաներ են: Սփյուռքի մեջ շատ դժվար է նպատակ ճշտել: Թեեւ կան հաստատված նպատակներ, բայց դրանք հաշվարկված չեն: Ցեղասպանության ճանաչում եւ հետո ի՞նչ: Դա մեզ տալո՞ւ է բարգավաճ ու անվտանգ երկիր, կենսունակ հասարակություն, արդարություն, մեր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ու տնտեսական զարգացում։ Մեր հողե՞րն ենք պահանջելու։ Բայց ի՞նչ ենք արել մեր ունեցած հողի հետ։

Հայաստանը կարող է ունենալ իր նպատակը, բայց այս իշխանությունների մեջ որեւէ նպատակ չեմ տեսնում, որը ապագային կվերաբերի: Հիմա պետք է մտնենք Եվրասիական տնտեսական միություն, եւ պատճառաբանությունն այն է, որ «այլընտրանք չունենք»: Թերեւս, իսկապես չունենք: Բայց ինչպե՞ս եղավ, որ չունենք: Ինչո՞ւ 1993, 1996, 1999 թվականներին ունեինք, իսկ հիմա չունենք: Չեմ խոսում միայն այս իշխանությունների մասին, խոսում եմ գործընթացի մասին, որը 20 տարվա ընթացքում կամաց-կամաց հասցրինք այն կետին, որ այլեւս տեղ չունի գնալու: Այս բոլորով հանդերձ մենք ունենք այլընտրանք, սակայն…

Ուստի շատ կարեւոր է ճշտել նպատակը`Հայաստանը ու՞ր պետք է գնա: Դրանից կբխեն մնացյալ հարցերի պատասխանները։

Ժիրայր Լիպարիտյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am