Ռուբեն Վարդանյան. «Պետք է զարմացնենք եւ կարծրատիպեր կոտրենք» - Mediamax.am

exclusive
44040 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Պետք է զարմացնենք եւ կարծրատիպեր կոտրենք»

Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PanPhoto for IDeA

Լուսանկարը`


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Մեդիամաքսը շարունակում է հարցազրույցների շարքը Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ, որոնց միջոցով փորձում ենք տարբեր կարծիքներ հավաքել այն մասին, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար:

 

Այսօր մեր զրուցակիցն է IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը:

 

- Այսօր պաշտոնապես մեկնարկող 100 Lives նախագծին նախորդել է մեծ մտավոր եւ կազմակերպչական աշխատանք: Արդյունքում ծնվեց մի նախագիծ, որը, ձեր խոսքով, անցյալի, ներկայի եւ ապագայի համադրությունն է: Մանրամասնեք, խնդրեմ, այդ տեսլականը:

 

- Ակտիվ նախապատրաստությունը 100 Lives նախագծի մեկնարկին սկսվել էր ինը ամիս առաջ: Ես եւ մեր թիմը շատ ժամանակ եւ ուժ ծախսեցինք այցելությունների եւ շփումների վրա. եղանք հայկական սփյուռքի գրեթե բոլոր խոշոր կենտրոններում, քննարկեցինք նախագիծը շատ տարբեր մարդկանց հետ՝ ոչ միայն հայերի, այլեւ շատ այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում մենք խոսում էինք ոչ միայն բուն նախագծի մասին, այլեւ այն ամենի, ինչ տեղի է ունենում աշխարհում եւ հատկապես՝ հայկական աշխարհում: 100 Lives նախագիծը ես դիտարկում եմ որպես այդ երկու աշխարհները կապող կամուրջ:

 

Նախագիծը ծնվեց իմ ընտանիքի պատմությունից: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից հետո իմ պապը, ինչպես եւ շատ ուրիշ երեխաներ, որոնց ծնողները Ցեղասպանության զոհ էին դարձել, հայտնվեց որբանոցում, այնտեղ կրթություն ստացավ եւ հետագայում դարձավ հայտնի պատմաբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Պապս քիչ բան է պատմել այն մասին, թե ինչ զրկանքներ է տարել. խորհրդային շրջանում մարդիկ ստիպված էին շատ բան թաքցնել, քանի որ օտարերկրացիների, հատկապես ամերիկացիների՝ հայ երեխաներին օգնելու մասին պատմությունները չէին խրախուսվում: 

 

Ընդհանրապես, Ցեղասպանության թեման ցավոտ եւ վտանգավոր է: Վերապրածներից քչերն են ցանկանում այդ մասին խոսել, եւ եթե նույնիսկ պատմում են, ապա հիմնականում վայրագությունների եւ արհավիրքների մասին: Ցեղասպանության մասին զրույցներում, իմ կարծիքով, հաճախ բաց է թողնվում մի շատ կարեւոր բան. մենք հաղթել ենք՝ չնայած 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության ողջ ծանրությանը, երբ հայերը զրկվեցին իրենց պապենական հողերից, նրանցից խլեցին ողջ ունեցվածքը, եւ ամենակարեւորը՝ բնաջնջեցին այդ հողերի վրա ապրող մարդկանց երեք քառորդին: Մենք հաղթել ենք, քանի որ կարողացել ենք պահպանվել՝ չնայած բոլոր դժվարություններին եւ մեծ հաջողությունների ենք հասել տարբեր ոլորտներում եւ աշխարհի տարբեր երկրներում: Այո, մենք պետք է հիշենք եւ հարգենք զոհերի հիշատակը, մեզ համար կարեւոր է, որպեսզի այլ երկրներ եւ հատկապես Թուրքիան ճանաչեն Ցեղասպանությունը, սակայն մեր հիմնական ուղերձն աշխարհին այն է, որ մենք կանք եւ ուժեղ ենք: Իսկ հիշելու եւ պահանջելու համար պետք է կենդանի եւ ուժեղ լինել:

 

100 Lives նախագծով մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ եւ ում ջանքերով տապալվել է Ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Ես համոզված եմ, որ միայն ուժեղ եւ զոհի համախտանիշից բուժված ազգը կարող է երախտապարտ լինել: Նախագծի շրջանակներում համադրել ենք երեք բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային եւ ապագային:

 

Նախ, մենք փորձում ենք պահպանել անցյալը՝ օգնելով թվայնացնել արխիվային նյութերի հարյուր հազարավոր էջեր, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքում: Դրանից բացի, մենք հավաքում ենք Ցեղասպանությունը վերապրած հայերի եւ նրանց օգնած մարդկանց անձնական պատմությունները: Այսօր աշխարհում շատ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչ են արել ուրիշ ժողովուրդները եւ հատկապես ամերիկացիները, Ցեղասպանության արդյունքում որբ եւ փախստական դարձած հարյուր հազարավոր հայ երեխաներին փրկելու համար: Սակայն, ցավոք սրտի, մենք ինքներս էլ շատ բան չգիտենք այդ մասին:

 

Զարմանալի է, որ նույնիսկ ԱՄՆ-ում քչերը գիտեն, որ իրենց երկրի առաջին զանգվածային բարեգործությունը հայերի համար կազմակերպված դրամահավաքն է եղել: Այդ հանգանակությանը մասնակցել են միլիոնավոր շարքային ամերիկացիներ, հավաքվել է մոտ 115 մլն դոլար: Այսօրվա հաշվարկներով դա միլիարդավոր դոլարներ են, եւ այդ թիվը երեւակայությունից վեր է: Մենք պարտավորն ենք մարդկանց ներկայիս սերնդին պատմել այն մասին, թե ինչ են արել բոլոր այս մարդիկ՝ ամերիկացիները, դանիացիները, նորվեգացիները, շվեյցարացիները, ֆրանսիացիները, ռուսները  եւ շատ ուրիշներ՝ մեր ազգի փրկության համար:

 

100 Lives նախագծի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը

Լուսանկարը՝ Danil Kolodin for IDeA

 

Ցավոք, ժամանակին հայերը չկարողացան լիարժեք շնորհակալություն հայտնել նրանց, եւ մենք ուզում ենք դա անել հիմա՝ կապելով անցյալը եւ ներկան: Այդ պատճառով 100 Lives նախագծի երկրորդ բաղադրիչը «Ավրորա» ամենամյա հումանիտար մրցանակաբաշխությունն է: Պարգեւատրվելու են այն մարդիկ, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում: Մրցանակը անվանվել է Արշալույս Մարտիկյանի պատվին, ով 1915 թվականին փրկվել էր ռուսական բանակի շնորհիվ, հետագայում հայտնվել ԱՄՆ-ում եւ վերցրել էր Ավրորա Մարդիգանյան անունը: Նա գիրք է գրել այդ սարսափելի դեպքերի մասին, որը կոչվում է Ravished Armenia («Հոշոտված Հայաստան»): Այդ գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որում Ավրորան խաղացել է ինքն իրեն: Մի քանի տարի շարունակ այդ ֆիլմը ԱՄՆ-ում մեծ հաջողություն ուներ եւ հսկայական դեր խաղաց Հայոց ցեղասպանության մասին իրազեկման գործում: Մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի ամեն տարի ապրիլի 24-ին, Երեւանում: Առաջին անգամ մրցանակը կհանձնվի 2016 թվականին: Ցեղասպանությունը անցյալում չի մնացել. ցավոք, դա տեղի է ունենում եւ ժամանակակից աշխարհում: Մեկ միլիոն դոլարի չափով դրամական պարգեւը մեծ մասամբ ուղղված կլինի Ցեղասպանության դեմ պայքարող եւ տուժածներին օգնող մարդկանց աջակցելուն: Մրցանակի հավակնորդներին կընտրի ժյուրին, որի կազմում կընդգրկվեն տարբեր երկրների ճանաչված եւ ականավոր մարդիկ:

 

Եվ երրորդը. մենք երախտագիտություն ենք հայտնում կոնկրետ նախագծերի միջոցով: Օրինակ՝ տեսնում ենք, որ այժմ շատ երկրներում՝ Եգիպտոսում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, Լիբանանում եւ այլուր երեխաներն ի վիճակի չեն կրթություն ստանալ: Այդպիսի երեխաներին մենք կրթաթոշակներ կտրամադրենք: Մասնավորապես, նախատեսվում է 100 կրթաթոշակ տրամադրել UWC Dilijan College-ում ուսանելու համար: Երեխաները պետք է մեծանան այն գիտակցությամբ, որ ինչ-որ մեկն իրենց օգնել է, շնորհակալ լինեն եւ ձգտեն օգնել ուրիշներին: 100 Lives նախագծի այս բաղադրիչը կապված է ապագայի հետ:

 

– Կարելի է ենթադրել, որ հայկական սփյուռքի հիմնական օջախներ կատարած այցելությունները եւ նրա տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումները ձեզ համար բացահայտում էին, չնայած որ դուք էլ սփյուռքի ներկայացուցիչ եք՝ թեկուզեւ ոչ «դասական» սփյուռքի: Պատմեք ձեր հիմնական տպավորությունների մասին՝ թե դրական, եւ թե բացասական:

 

– Ես, թերեւս, հայկական սփյուռքի այնքան էլ տիպիկ ներկայացուցիչ չեմ: Մեծացել եմ Հայաստանում, ձեւավորվել՝ արդեն Ռուսաստանում, սակայն քանի որ իմ բիզնեսը միշտ միջազգային է եղել, դա ինձ հնարավորություն է տվել շատ ավելի լայն նայել աշխարհին:

 

Այցելությունների եւ հանդիպումների ժամանակ ստացածս առաջին տպավորությունը հայերի տարանջատվածության խորությունն էր: Օրինակ՝ սփյուռքում ամսագիր թողարկող հարգված մի մարդ, պատասխանելով այն հարցին, թե ինչու իր զեկույցում չի հիշատակել Ռուսաստանի հայկական համայնքը, ասաց. «Նրանք չեն խոսում հայերեն եւ անգլերեն, եւ ես նրանց մասին ոչինչ չգիտեմ»: Նման պահերին հասկանում ես, թե ինչ լուրջ ճեղքեր կան մեր պատկերացրած միասնական հայկական սփյուռքում:

 

Միեւնույն ժամանակ, ինձ ուրախացրեց շատ հայերի՝ իրենց ազգային ինքնությունը պահպանելու ձգտումը եւ հայ ազգին պատկանելու անկեղծ հպարտությունը:

 

Մեկ այլ լուրջ խնդիր է ձուլումը: Ցեղասպանությունից առաջ եւ հետո խոշոր հայկական համայնքներ ձեւավորվեցին հիմնականում մուսուլմանական երկրներում, եւ ազգային ինքնության, լեզվի եւ մշակույթի պահպանումը գոյատեւման միջոցներից մեկն էր: Նման իրավիճակում հայկական ընտանիքի երեխան պետք է հաճախեր բացառապես հայկական դպրոց. այլ տարբերակներ պարզապես չէին դիտարկվում: Հայկական դպրոց, հայկական եկեղեցի՝ սրանք էին այն օջախները, որոնք թույլ տվեցին հայերին պահպանել իրենց ինքնությունը այլ մշակույթի գերակայության պայմաններում, որը թեեւ թշնակաման չէր (ինչպես օրինակ՝ Լիբանանում եւ Սիրիայում), բայց, այնուամենայնիվ, տարբերվում էր հայկականից:

 

Շատ հայերի հետագա տեղափոխությունը Ռուսաստան, որի հայկական համայնքը խոշորագույնն է, Ամերիկա, Կանադա, Ավստրալիա եւ Արգենտինա, որոնց մշակույթը եւ ավանդույթները նրանց առավել հարազատ էին, հանգեցրին մի իրավիճակի, երբ մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռնվեց. մի բան, որն առաջ չկար:

 

Ռուբեն Վարդանյանը եւ UWC Dilijan քոլեջի տնօրեն Ջոն Պադըֆութը

Լուսանկարը՝ Danil Kolodin for IDeA

 

Պայմանականորեն ասած՝ նոր շրջապատում հայկական դպրոց այցելելը այլեւս ինչ-որ աքսիոմ չէր, հատկապես այն դեպքում, եթե տվյալ դպրոցն ամենալավը չէր կրթության որակի տեսակետից: Պարզվեց, որ եթե ազգային ինքնության պահպանումը չի ամրապնդվում զարգացման հնարավորությամբ, այն դադարում է աշխատել: Պարադոքսն այն է, որ կյանքի առավել հարմարավետ պայմանները ավելի արագ ձուլման են բերում: Մարդիկ ցանկանում են ուղարկել իրենց երեխաներին ոչ թե լավ, այլ լավագույն դպրոցներ: Եվ եթե հայկական դպրոցը լավագույնը չէ եւ նաեւ մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, ակնհայտ է, որ ընտրությունը այդ դպրոցի օգտին չի կայացվի:

 

Եվս մեկ խնդիր, որն ինձ համար ակնհայտ դարձավ, այն է, որ շատ հայեր, որոնք մեկնել են Հայաստանից վերջին 25 տարվա ընթացքում, կամա թե ակամա փորձում են ապացուցել իրենք իրենց եւ մյուսներին, որ միակ ճիշտ որոշումն են կայացրել: Դրա հետեւանքով «նոր սփյուռքի» շատ ներկայացուցիչներ ենթագիտակցորեն բացասաբար են տրամադրված այն ամենի հանդեպ, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, եւ վճռականորեն հրաժարվում են նույնացնել իրենց հայկական աշխարհի հետ:

 

Այս խնդիրների լույսի ներքո լուրջ հարց է առաջանում. ի՞նչն է մեզ միավորում: Առաջին հայացքից պատասխանը պարզ է՝ անկախ հայկական պետությունը: Մենք հարյուրավոր տարիներ երազել էինք անկախության մասին, եւ ստանալով այն, անհավանական ոգեւորություն ապրեցինք, բայց նաեւ անհանգստություն՝ հետագայում պետության պահպանման համար: Հասկանալի է, որ ցանկացած պետության ստեղծումը ժամանակ եւ ուժ է պահանջում: Աշխարհի ցանկացած կետում մարդիկ ավելի հեշտ են համախմբվում ողբերգական իրադարձությունների ֆոնին կամ երբ իրենց երկիրը ուժեղ առաջնորդի ու հաջողության օրինակ է դառնում:

 

Երբ Հայաստանում պատերազմ էր ընթանում, կամ երբ երկրաշարժ եղավ, դա համախմբեց նույնիսկ այն հայերին, որոնք հայերեն չէին խոսում կամ երբեք չէին եղել Հայաստանում: Երբ Հայաստանում ամեն ինչ շատ լավ լինի, շատերը կցանկանան նույնացնել իրենց Հայաստանի հետ, լինել նրա հաջողության պատմության մասնիկը:

 

Սակայն այսօրվա Հայաստանը միջակ երկիր է միջակ հավակնություններով եւ սփյուռքի շատ հայերի մոտ ոչ հպարտություն է առաջացնում, ոչ էլ անհանգստություն իր ապագայի վերաբերյալ: Այժմ սփյուռքում Հայաստանի հանդեպ հիասթափության զգացում չկա, դա ավելի շատ կարելի է անվանել անտարբերություն, ինչը, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է, քան բացասական վերաբերմունքը, քանի որ որեւէ զգացմունք չի պարունակում:

 

Բացի այդ, սերունդների միջեւ խորը ճեղքվածք կա: Սփյուռքում 70 եւ ավել տարեկան բազմաթիվ մարդիկ կան, որոնք հայկական աշխարհի պահպանման համար մեծ ջանքեր են գործադրել: Մենք ունենք նաեւ շատ հետաքրքիր երիտասարդ սերունդ, որը ցանկանում է պահպանել իր ինքնությունը՝ չկորցնելով դինամիզմը: Սակայն 40-ից 70 տարեկանների մի լայն շերտ որ մի ձեւով չի նույնացնում իրեն հայկական աշխարհի հետ: Արդյունքում հավասարակշռությունը խախտվում է. մեծ քանակի մարդիկ ներգրավված չեն, եւ այս կամ այն համայնքի փոքրաթիվ ակտիվ անդամները ստիպված են իրենց ուսերին չափազանց մեծ բեռ տանել:

 

Այս բոլոր խնդիրների առկայությունը խորանում է այն երազանքի բացակայությամբ, որը կհամախմբեր մարդկանց՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ծնվել եւ ինչ լեզվով են խոսում: Այսպիսով՝ մենք պետք է հսկայական աշխատանք տանենք, եթե ցանկանում ենք լիարժեք օգտագործել հայկական աշխարհի ներուժն ու ռեսուրսները:

 

- Ո՞վ պետք է տանի «առաջին ջութակի» դերը: Հայաստա՞նը, թե՞ սփյուռքը:

 

- Ոչ մեկը չպետք է գերիշխի, ոչ Հայաստանը, ոչ էլ սփյուռքը: Հնարավորինս միահամուռ պետք է լինենք եւ աջակցենք միմյանց: Այլ հարց է, թե ինչի շուրջ պետք է միավորվենք: Անհրաժեշտ է ընդհանուր երազանք: Ակնհայտ է, որ Հայաստանը սփյուռքի աջակցության կարիքն ունի, իսկ սփյուռքը՝ Հայաստանի, սակայն կողմերից ոչ մեկը մինչեւ վերջ պատրաստ չէ դա խոստովանել: Խանգարում են տարբեր բարդույթները: Հայաստանում շատերին դուր չի գալիս, որ «հիմա կգան սփյուռքահայերը եւ կսկսեն մեզ ապրել սովորեցնել»: Սփյուռքում էլ կան այնպիսի մարդիկ, որոնք համոզված են, որ 10 հազար դոլարի չափ հանգանակությունը ավտոմատ կերպով իրենց ինչ-որ հատուկ իրավունքներ է տալիս:

 

Սփյուռքի ներուժի օգտագործման անհրաժեշտությունը պետք է ձեւակերպի հայաստանյան էլիտան, որը պետք է հասկանա, որ առանց այդ ներուժի եւ փորձառության մենք չենք կարող հավուր պատշաճի մրցակցել միջազգային մակարդակում: Ցավոք, այդ ուղերձը չեն հղում ոչ միայն պետական պաշտոնյաները, այլեւ բիզնեսի եւ մեդիայի ներկայացուցիչները: Օրինակ՝ հայկական ԶԼՄ-ներից որեւէ մեկը երբեւէ փորձե՞լ է սփյուռքի՝ միջազգային համբավ ունեցող լրագրողների մասնակցությամբ ինչ-որ նախագիծ իրականացնել: Հայաստանի բիզնեսի եւ հասարակության մոդելը, ընդհանուր առմամբ, հիմնված է բավականին մեծ պարփակվածության վրա, որի հիմքում դրված չէ լավագույնը դառնալու անհրաժեշտությունը:

 

Ցավոք, այսօր Հայաստանի ամենամեծ թերություններից է միջակությունը: Նախկինում հայերը համարվել են ամենակրթված եւ ընդունակ ազգերից մեկը, որոնք մի քանի լեզու գիտեին: Այն ժամանակներում, երբ հայերը հասնում էին մինչեւ Սինգապուր եւ Բիրմա, մարդկության 90 տոկոսը ծնվում, ապրում եւ մահանում էր՝ երբեք դուրս չգալով իր հարազատ քաղաքի կամ գյուղի սահմաններից: Երբ մարդկանց մեծ մասը կարդալ եւ գրել չգիտեր կամ դժվարությամբ էր հաղորդակցվում մայրենի լեզվով, հայերը գիտեին մի քանիսը: Ես հաճախ կատակում եմ, որ հայերը հորինել են Facebook-ը դրա ստեղծումից շատ ավելի վաղ, քանի որ մեր ազգը միշտ ակտիվ օգտագործել է ցանցային շփման տեխնոլոգիաները:

 

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սահմանները ավելի ու ավելի ձեւական բնույթ են կրում, եւ բնակչության ակտիվ մասը տեղաշարժի գրեթե անսահմանափակ հնարավորություններ ունի՝ աշխատելու կամ սովորելու նպատակով: Միաժամանակ գլոբալիզացիան բերում է նրան, որ երիտասարդները ցանկանում են հասկանալ՝ ովքեր են իրենք իրականում: Եվ եթե նախկինում ասում էին, որ մարդկանց պետք է տալ ոչ թե ձուկ, այլ կարթ, ապա այսօր ոչ թե միայն կարթն է պետք, այլ գիտելիքը. Ինչպե՞ս այդ կարթով ապահովել առավելագույն արդյունավետություն, որսալ հինգի փոխարեն, օրինակ, տասը ձուկ:

 

Տեղեկատվական հասարակությունում գիտելիքները դառնում են հիմնական միջոցը մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Հայերը միշտ առաջամարտիկների ազգ են եղել՝ չնայած իրենց փոքրաթիվ լինելուն: Մենք միշտ մեզ եւ ուրիշների համար բարձր նշաձող ենք սահմանել եւ չպետք է հրաժարվենք դրանից:

 

Մեր հասարակությունում խորը արմատներ թողած միջակությունը իրականում շատ վտանգավոր է: Այն սպանում է մեր մեջ ստեղծագործ ջիղը: Մենք պետք է զարմացնենք եւ հաղթահարենք նախապաշարմունքները: Մենք չենք կարող թույլ տալ մեզ միջակ լինել եւ պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի լավագույնը դառնանք այն ամենում, ինչ անում ենք:

 

Մարդկության պատմության ընթացքում հայ ժողովուրդը մի քանի անգամ հայտնվել է առաջատար դիրքերում` մեծ փոփոխությունների պայմաններում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրկին դառնանք այն երկիրն ու ազգը, որի կարծիքը կլսեն, կհարգեն եւ հաշվի կառնեն:

 

Ես համոզված եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ փոխել: Հայ ժողովուրդը բազում դժվարություններ է տարել իր պատմության ընթացքում, այդ թվում նաեւ ХХ դարի սարսափելի ողբերգությունը, բայց չի ոչնչացել եւ չի պարտվել: Մենք հերթական անգամ վերածնված ազգ ենք, եւ այդ պատճառով ես շարունակում եմ լավատես մնալ:

 

Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին