Ռազմիկ Փանոսյան. Դասական սփյուռքի արմատները Արեւմտյան Հայաստանում են - Mediamax.am

exclusive
15855 դիտում

Ռազմիկ Փանոսյան. Դասական սփյուռքի արմատները Արեւմտյան Հայաստանում են

Ռազմիկ Փանոսյանը
Ռազմիկ Փանոսյանը

Լուսանկարը`


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Մեդիամաքս-ը հարցազրույցների շարք է նախաձեռնել Հայաստանում եւ սփյուռքում ապրող մտավորականների հետ, որոնց միջոցով փորձելու ենք տարբեր կարծիքներ հավաքել այն մասին, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցը կարող է որոշակի «նոր սկիզբ» դառնալ հայության համար:

 

Այսօր մեր զրուցակիցն է Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Կանադահայ Ռազմիկ Փանոսյանը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Լոնդոնի Տնտեսագիտության համալսարանում: Նա 2006թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակած The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars աշխատության հեղինակն է:

 

2014թ. հոկտեմբերին Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի նախաձեռնությամբ Լիսաբոնում հավաքվեցին մի քանի տասնյակ հայ մտավորականներ՝ աշխարհի տարբեր մասերից, որպեսզի քննարկեն, թե ինչ է սպասվում հայերին 2115 թվականին:

 

- Ինչպիսի՞ն է լինելու 2015 թվականի ապրիլի 25-ը: Արդյոք այն կարո՞ղ է նոր սկիզբ խորհրդանշել, որի միջոցով Հայաստանն ու Սփյուռքը կփորձեն նոր հայացք գցել իրենց ապագային:

 

- Ապրիլի 25-ը միաժամանակ եւ շարունակություն, եւ նոր սկիզբ է լինելու:

 

Շարունակություն է լինելու այն իմաստով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեզ սպասելու են նույն հարցերն ու մարտահրավերները: Մյուս կողմից, բավական տարբեր է լինելու, որովհետեւ եթե մենք մեզ հարցնենք՝ «հիմա ի՞նչ», դրա հստակ պատասխանն այսօր չունենք ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում:

 

Ապրիլի 25-ի խորհրդանշական իմաստն այն է, որ մտածենք 2115-ի մասին:

 

Անշուշտ, տարբեր մոտեցումներ ու կարծիքներ կլինեն: Կարծում եմ` պետք է  ղեկավարությունը եւ ժողովուրդը միասին քննարկեն՝ որը պետք է լինի հաջորդ քայլը: Որպես երկիր եւ ժողովուրդ ո՞ր ուղղությամբ պետք է գնանք: Բնական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի տարբեր կառույցների, կուսակցությունների կարծիքները տարբեր կլինեն, բայց պետք է նվազագույնը համաձայնության գալ հիմնական հարցերի շուրջ, որոնք վաղուց լուծման են սպասում, եւ շատ ավելի լավ, եթե կարելի լինի գտնել հիմնական համաձայնության կետեր: Հարցերի պատասխանները կարող են տարբեր լինել, բայց գոնե փորձենք համաձայն լինել, թե ինչ հարցեր են մեր ազգին հուզում:

 

- Բայց Հայաստանում եւ Սփյուռքում այդ հարցերի շուրջ մտավոր բանավեճ չի ծավալվում: Բոլորը կարծես զբաղված են կարճաժամկետ հարցերի լուծմամբ եւ ապագայի տեսլականի մասին քննարկում չկա:

 

- Կարծում եմ, որ մեկ միասնական տեսլականի որոնումը ճիշտ չէ: Մենք որպես ժողովուրդ կարող ենք մի քանիսը ունենալ. բազմակողմանի ժողովուրդ ենք: Բայց իսկապես պետք է հեռուն տեսնենք, ապագայի մասին մտածենք: Մեր նախաձեռնության փափագը հենց դա է, որ կարողանանք օգնական լինել այդ տեսլականները պատրաստելու գործում:

 

Հասկանալի է, որ հաջորդ երեք ամիսների ընթացքում անընդհատ կլսենք 100-ամյակի մասին: Բայց դրանից հետո պետք է մտածենք` ուր ենք ուզում գնալ: Սփյուռքի կազմակերպություններից մի քանիսը փորձում են տարբերակներ գտնել: Հուսամ` Հայաստանի կառավարությունն էլ է մտածում  այդ մասին եւ ծրագրեր է քննարկում:

 

- Հնարավոր համարո՞ւմ եք Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ մշտական քննարկումների ոչ պաշտոնական  հարթակի ստեղծումը:

 

- Կարծում եմ` սփյուռքի կազմակերպությունները պետք է ապակենտրոնացված ձեւով այս գործընթացի մեջ մտնեն, ներկայացնեն իրենց 20-30 տարվա տեսլականը, եւ հետո քննարկում ծավալվի: Բայց դրանք չպետք է ձեւական խոսակցություններ լինեն, պետք է հստակ բովանդակություն ունենան:

 

- Կարծիք կա, որ «ավանդական» կամ «դասական» սփյուռքին միավորող տարրերից մեկը հենց Ցեղասպանությունն է եւ 100-ամյակից հետո դրա կարեւորությունը կսկսի նվազել:

 

- Ցեղասպանությունը դասական սփյուռքի ինքնության կենտրոնական իրականություն է, բայց ոչ միայն որպես պատմական իրողություն, այլեւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման համատեքստում: Ժխտողականությունը եւս կարեւոր դեր ունի սփյուռքի մոբիլիզացման եւ միասնականացման գործում:

 

Արդյոք սա տարիների ընթացքում կթուլանա՞: Երբ գերդաստանում այլեւս չկա կապը Ցեղասպանության վերապրողների կամ նրանց հիշողությունների հետ, թուլացման վտանգն առկա է: Իմ սերունդը վերջինն է, որը Ցեղասպանության մասին լսել է մեծ հորից կամ մեծ մորից: Հաջորդ սերունդն այդ անմիջական կապը չունի: Իրենց համար Ցեղասպանությունը գաղափար է, կոնկրետ անհատի հետ կապված չէ:

 

- Արդյոք սփյուռքի նոր սերունդների համար անկախ Հայաստանը չպե՞տք է նոր միավորիչ ուժ դառնար:

 

- Դա կարող է տեսլականի բաղկացուցիչներից մեկը լինել, բայց ոչ միակը սփյուռքի համար:

Դասական սփյուռքի համար հայրենիքը իրենց կորուսյալ հողերն են, պապենական գյուղերն ու քաղաքները:

Հայաստանը որպես անկախ պետություն կարեւոր դեր ունի ինքնության ձեւավորման հարցում, բայց չմոռանանք, որ դասական սփյուռքի մշակութային արմատները՝ լեզուն եւ կենցաղը, Արեւմտյան Հայաստանում են:

 

Հայ ազգային ինքնության իրողությունն այն է, որ այն միշտ Արեւելյան եւ Արեւմտյան է եղել: Անշուշտ, կարեւոր է Հայաստանի դերը որպես մշակութային, ազգային կենտրոն, սակայն նույնչափ կարեւոր դեր ունի սփյուռքի ինքնությունը, սփյուռքահայ լինելու գաղափարը` որպես արեւմտահայերին շարունակող սերունդներ:

 

Հետաքրքրական է նաեւ, թե ինչպես հաջորդ տասնամյակների ընթացքում առաջ կգնա կապը պատմական հողերի հետ: Պետք է տեսնենք` արդյոք Թուրքիան հաջորդ 20 տարվա ընթացքում ժողովրդավարական երկիր կդառնա, թե ոչ: Եթե ժողովրդավար պետություն լինի, եւ հայերենն էլ դրանում դեր կունենա, հայկական մշակույթը կարող է նորից տեղ գտնել Ստամբուլում կամ պատմական Հայաստանի տարբեր վայրերում:

 

Կարծում եմ` ապագայի տեսլականի համար այս երկմիությունը պետք է շատ կարեւոր եւ հիմնական տեղ ունենա:

 

- Արդյոք 2115-ին միտված ձեր նախաձեռնությունը շարունակություն ունենալու՞ է,  եւ ո՞րն է լինելու դրա արդյունքը: Մտադի՞ր եք որոշակի փաստաթուղթ մշակել Լիսաբոնում կայացած քննարկումների արդյունքում:

 

- Հուսամ, որ մինչեւ 2015թ. հունվարի վերջ զեկույցն արդեն պատրաստ կլինի, եւ կսկսենք այն տարածել:

 

2015 եւ 2016 թվականների համար երկու ծրագիր ունենք՝ կապված IT տեխնոլոգիաների եւ հայկական մշակույթի հետ: IT ոլորտում լավ մասնագետներ ունենք, բայց չենք կարողանում IT-ն եւ մշակույթը համադրել, կողք կողքի բերել: Օրինակ` շատ քիչ հայալեզու էլեկտրոնային գրքեր ու ցանցային ռեսուրսներ կան, մանավանդ՝ արեւմտահայերենով:

 

Երկրորդ ծրագիրը վերաբերում է կրթական ոլորտի վերանորոգմանը սփյուռքի դպրոցներում: Շեշտը դրել ենք արեւմտահայերենի ամրապնդման եւ առաջխաղացման վրա:

 

Լիսաբոնում կայացած հանդիպման մասնակիցները

 

- Ինչու՞ այսօր Հայաստանն անվերապահորեն գրավիչ չէ սփյուռքի համար: Ո՞րն է հիմնական խնդիրը` Հայաստանի ներքին կացությու՞նը, մենաշնորհնե՞րը, անկախ դատարանների բացակայությու՞նը: Թե՞ սփյուռքում էլ կան որոշակի խնդիրներ, որոնք խանգարում են Հայաստանի հետ կապի ամրապնդմանը:

 

- Իհարկե, որոշակի անվստահություն կա: Սակայն ավելի խորը հարց էլ կա:  Խորհրդային եւ հետխորհրդային Հայաստանում սփյուռքը հսկելու ցանկություն կար՝ դրան անդրադարձել եմ իմ գիտական աշխատություններում:

Սփյուռքը հաճախ դիտարկվում է որպես Հայաստանի շարունակություն, որը պետք է հսկվի կամ կառավարվի: Դա սփյուռքի մեջ ընդվզում է առաջացրել:

Մյուս կետն էլ այն է, որ մեր ազգային ինքնությունը միշտ ունեցել է երկու կարեւորագույն կենտրոն, որոնք խիստ կախված են եղել արեւելահայերենից եւ արեւմտահայերենից եւ, համապատասխանաբար, երկու մշակութային ոլորտներից, աշխարհայացքներից: Առաջին կենտրոնը Թիֆլիսն էր, որն ընդգրկում էր նաեւ Սանկտ-Պետերբուրգը եւ Մոսկվան: ԽՍՀՄ ձեւավորումից հետո այդ կենտրոնը Երեւանը դարձավ: Երկրորդ կենտրոնը Պոլիսն էր, որը ներառում էր եվրոպական, արեւմտյան որակը: Մեր ներկա ինքնությունն այս երկու կենտրոնների մեջ է հիմնվել:

 

Ցեղասպանությունը արեւմտյան կենտրոնը գրեթե քանդեց: Բայց չենք կարող ասել, որ այլեւս պետք է միայն մեկ կենտրոն ունենանք: Շատ կարեւոր է սա հասկանալ: Երկուսն էլ պետք է պահենք, պահպանենք , ամրապնդենք ու առաջխաղացնենք: Երկուսն էլ պետք է երկխոսություն մեջ լինեն ՝առանց մեկը մյուսին պարտադրելու: Երբ արեւմտյանը անհայտանա, կնշանակի, որ ցեղասպանությունը հասել է իր նպատակին:

Ապագան այն չէ, որ ասենք Երեւանն է մեր միակ կենտրոնը, ոչ էլ այն, որ Երեւանը եւ Հայաստանը կարեւոր չեն մեզ համար:

Հայաստանը հայրենիքն է, կարեւոր է, բայց Սփյուռքն էլ հետցեղասպանության իրականությունն է: Մարտահրավեր ունենք այդ հավասարակշռությունը պահելու եւ փորձելու շիտակ ճանապարհ գտնել այդ երկուսի միջեւ:

 

Ռազմիկ Փանոսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին