Երեւանում արձագանքել են Ալիեւի նոր սպառնալիքներին - Mediamax.am

2241 դիտում

Երեւանում արձագանքել են Ալիեւի նոր սպառնալիքներին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Հայաստանի նկատմամբ ուժի կիրառելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները եւ ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության եւ հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին եւ կեղծ բնույթը:

 

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ եւ նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

 

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», - ասել է Աննա Նաղդալյանը։

 

Իլհամ Ալիեւն այսօր, մասնավորապես, ասել է, որ «մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ ուզի Հայաստանը դա, թե չուզի»։

 

«Եթե Հայաստանը ցանկանա, մենք այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ՝ ուժով կանենք դա», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին