Սարգսյանը Էրղողանին ժամանակ տվեց մինչեւ 2018 թվականի գարունը - Mediamax.am

14182 դիտում

Սարգսյանը Էրղողանին ժամանակ տվեց մինչեւ 2018 թվականի գարունը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին:

Մեդիամաքսն առանձացրել է որոշ հատվածներ ելույթից:

 

Հայատյացությունը Ադրբեջանում

 

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների հանդեպ: Նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգեւի, որը նրան տեսախցիկների առջեւ հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար եւ բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում եւ թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը:

 

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

 

Արցախը չի կարող վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի

 

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Միեւնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով:

 

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական եւ արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:

 

Չվավերացված հայ-թուրքական արձանագրությունները

 

Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

 

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով:

 

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

 

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարեւան պետություններ պարտավոր են հիմնել եւ վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջեւ հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին