Փաշինյան. Ադրբեջանի զինուժը տապալել է առաջադրանքը - Mediamax.am

1996 դիտում

Փաշինյան. Ադրբեջանի զինուժը տապալել է առաջադրանքը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ շատ դժվար է խոսել բանակցությունների եւ հատկապես` դրանց բովանդակության մասին, երբ պատերազմ է ընթանում:

Ռուսական հեռուստատեսության «60» րոպե հաղորդմանը տված հարցազրույցում վարչապետն ասել է, որ Հայաստանի պատկերացմամբ` բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

 

«Նախեւառաջ, Ադրբեջանը պետք է հստակ ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական տարբերակ չկա: Այս պատերազմը զրոյից չի սկսել, երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր հայերի դեմ ատելության հռետորաբանությունը եւ սպառնում է, ի հեճուկս միջազգային կոչերի, հարցը լուծելու է ռազմական ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տապալել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքը եւ որեւէ հաջողության չեն կարողացել հասնել ռազմաճակատում:

 

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրել եւ ընդգծել է իր դիրքորոշումը, ըստ որի ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի հակամարտության երեք կողմերի համար:

 

«Ցավոք, Ադրբեջանի նախագահն այնպիսի լուծում է ցանկանում, որը միայն Ադրբեջանի համար ընդունելի կլինի, ինչն անհնար է: Փոխզիջում է հարկավոր, իսկ դրա համար պետք է համապատասխան միջավայր լինի: Այդ միջավայրը կլինի, եթե Ադրբեջանը դադարեցնի նախապես պլանավորած ագրեսիան, որն, անկասկած, մանրամասնորեն պլանավորվել է Թուրքիայի զինված ուժերի հետ միասին` համատեղ զորավարժությունների ընթացքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին