«Տավուշի մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում»․ Փաշինյան - Mediamax.am

3857 դիտում

«Տավուշի մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում»․ Փաշինյան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է, որ «հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»:

«Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, եւ պետք է արձանագրել հետեւյալը. նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում եւ Հայաստանի, եւ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, եւ դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա եւ ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետեւ նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է»,- իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ կառուցողական։

 

«Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, եւ Հայաստանի դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների եւ իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ «Թուրքիայի ապակայունացնող եւ ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ եւ մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Եվրասիական եւ Եվրոպական տարածաշրջանների մեր գործընկերների մոտ»:

 

Վարչապետը նաեւ հավելել է, որ Հայաստանն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:

 

«Միեւնույն ժամանակ, մենք պետք է խնդիր դնենք մեր առջեւ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձեւաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն եւ լուծումներ ստանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին