«Ինչո՞վ է Արցախը Գազայից պակաս». ամերիկյան պայքար հայերի ձայների համար - Mediamax.am

1449 դիտում

«Ինչո՞վ է Արցախը Գազայից պակաս». ամերիկյան պայքար հայերի ձայների համար


Ադամը Շիֆը՝ տիկնոջ հետ
Ադամը Շիֆը՝ տիկնոջ հետ

Լուսանկարը` REUTERS

Ադամը Շիֆը՝ ձախից
Ադամը Շիֆը՝ ձախից

Լուսանկարը` REUTERS

Ժիրայր Ռաթեւոսյանը
Ժիրայր Ռաթեւոսյանը
Ալեքս Բալեքյանը
Ալեքս Բալեքյանը
Ժիրայր Ռաթեւոսյանը եւ Ջո Բայդենը
Ժիրայր Ռաթեւոսյանը եւ Ջո Բայդենը
Էնթոնի Պորտանտինոն
Էնթոնի Պորտանտինոն

Լուսանկարը` Lorie Leilani Shelley


Ներկայացնում ենք Politico պարբերականում հրապարակված A foreign war is shaping the race to replace Adam Schiff հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Մելանի Մեյսոն

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ադամ Շիֆին փոխարինելու ընտրապայքարը տեղի է ունենում չկարգավորված արտաքին հակամարտության ֆոնին, որն անցած տարվա աշնանը վերածվեց պատերազմի եւ Բայդենի վարչակազմի դեմ հակազդեցություն առաջացրեց վճռորոշ ընտրողների շրջանում:

 

Բայց Լոս Անջելեսի այս շրջանը ցնցող ճգնաժամը Գազայի պատերազմը չէ: Դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տենդագին լարվածությունն  է:

 

Տասնամյակներ տեւած հակամարտությունը հասավ իր արյունահեղ գագաթնակետին անցյալ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հանկարծակի վերահսկողության տակ առավ Լեռնային Ղարաբաղը՝ անջատողական տարածք, որը տասնյակ տարիներ գրավել էին էթնիկ հայերը: Կայծակնային հարձակումը տարածքի վրա, որը հայերն անվանում են Արցախ, հանգեցրեց հարյուրավոր զոհերի եւ ավելի քան 100 000 հայերի տեղահանության:

 

Ամերիկահայերի համար դա էթնիկ զտում էր, որը գրեթե արձագանք չստացավ Միացյալ Նահանգներից, եւ համայնքն իրեն խորապես դավաճանված եւ լքված զգաց Բայդենի Սպիտակ տան կողմից:

 

Այդ տրամադրությունները հատկապես ուժեղ են Շիֆի նախկին ընտրատարածքում, որը ամենախիտն է բնակեցված ամերիկահայերով: Բայց այս տեղական ընտրարշավը հատկանշական է ամերիկահայերի համար նաեւ այնպիսի կարեւոր նահանգներում, ինչպիսիք են Միչիգանը եւ Նեւադան, որտեղ տասնյակ հազարավոր ընտրողներ կարող են հսկայական ազդեցություն ունենալ նախագահական ընտրարշավի վրա:

 

Միչիգանում որոշ ամերիկահայ ընտրողներ միացան «ոչ ոքի կողմ» քվեարկելու շարժմանը, որը գլխավորում էին արաբ ամերիկացիները՝ որպես բողոք Գազայում նախագահ Ջո Բայդենի դիրքորոշման դեմ: Նախնական ընտրություններում քարոզարշավը հավաքեց ավելի քան 100 000 ձայն կամ ձայների 13 տոկոսը:

 

«Ես չեմ կարող խանդավառված ասել մարդկանց, որ պետք է քվեարկեն Բայդենի օգտին, քանի որ նա միշտ մեզ սատարել է», - ասում է Արդի Քասախյանը՝ Գլենդելի (ԱՄՆ-ում հայկական սփյուռքի դե ֆակտո մայրաքաղաքի) քաղխորհրդի անդամը: Թեեւ նախագահը կատարեց իր նախընտրական խոստումը եւ պաշտոնապես ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը, նա «աչք փակեց» Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման վրա, ասում է Քասախյանը, ինչը կտրուկ տարբերվում է այն հնչեղ աջակցությունից, որը Բայդենն արտահայտում է Ուկրաինային եւ Իսրայելին:

 

«Ամերիկահայերը պարզապես նայում եւ ասում են՝ «Ինչո՞վ ենք մենք պակաս մեր ուկրաինացի կամ հրեա եղբայրներից ու քույրերից: Ինչո՞ւ Հայաստանը մի տեսակ միայնակ մնաց»:

Ադամը Շիֆը՝ ձախից Ադամը Շիֆը՝ ձախից

Լուսանկարը` REUTERS

Շիֆի Սենատում առաջադրվելու պատճառով երկու տասնամյակում առաջին անգամ թափուր է մնում այս մշտապես դեմոկրատական աթոռը եւ գրավում այն զբաղեցնելու հույս ունեցող թեկնածուների մի ստվար խումբ: Տեղի քաղաքական գործիչները արդեն վաղուց օգտագործում են հայ համայնքին (գրանցված ընտրողների 13 տոկոսը) սիրաշահելու ստանդարտ բանաձեւը. ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, այցելել Հայաստան եւ հաճոյանալ ժողովրդական ակումբների, եկեղեցիների, հեռուստաալիքների եւ մշակութային խմբերի հսկայական ցանցին, որի շնորհիվ համայնքը քաղաքական ուժ է դարձել:

 

Սակայն վերջին բախումները խաղացանկին նոր, բարդ լարախաղացություն են ավելացրել: Բարձր խաղադրույքներով նախագահական տարում դեմոկրատները չեն ցանկանում անել այնպիսի բան, որը կխարխլի իրենց կուսակցության առաջնորդի դիրքերը, սակայն ամերիկահայ համայնքի հիասթափությանը արձագանքելու համար դեմոկրատ թեկնածուներից ինը պահանջել են Բայդենից ավելի վճռական գործել: Նրանք կոչ են արել ավելացնել Հայաստանի օգնությունը, դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ ավելի մեծ դիվանագիտական դեր խաղալ տարածաշրջանում:

 

«Մեր համայնքն ակնկալում է, որ թեկնածուները ոչ միայն վճռականորեն կդատապարտեն Ադրբեջանի գործողությունները, այլեւ Բայդենի վարչակազմին պատասխանատվության կենթարկեն նրա համար, որ չի ցանկանում պատժել Ադրբեջանին Արցախի հայերի դեմ ցեղասպանական ագրեսիայի համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Գալիցկին:

 

«Շատ, շատ բարդ»

 

2000-ին Շիֆը պահպանողականների կողմը հակվող «չկողմնորոշված» ընտրական տարածքում հաղթեց գործող հանրապետական պատգամավոր Ջեյմս Ռոգանին, որը պալատում նախագահ Բիլ Քլինթոնի իմփիչմենթը ղեկավարողներից մեկն էր: Պայքարի արդյունքը կախված էր հայերի ձայնի համար կատաղի մրցակցությունից:

 

Քսանչորս տարի անց Շիֆն օգտագործեց նախագահ Դոնալդ Թրամփի Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ղեկավարի դերը՝ Սենատի հայտ ներկայացնելու համար: Նրա զբաղեցրած աթոռն այլեւս հիսուն-հիսուն չէ. դեմոկրատները 38 միավորով գրանցման առավելություն ունեն ընտրատարածքում, որն ընդգրկում է Արեւմտյան Հոլիվուդի ԼԳԲՏՔ+ հատվածը, Լոս Ֆելիսի հիփսթերական կենտրոնը եւ Հոլիվուդի Թայ Թաունը:

 

Ինչ-որ իմաստով տարածաշրջանը ամերիկյան բազմամշակութային ժողովրդավարության միկրոտիեզերք է՝ տարբեր էթնիկ, ռասայական եւ ինքնության խմբերով եւ այն ազդում է թեկնածուների վրա, որոնք հույս ունեն շահել իրենց ձայները:

 

Հուսալի դեմոկրատական ընտրատարածքում հազվագյուտ թափուր աշխատատեղը գրավեց բազում հավակնորդների, որոնք հետեւում են Շիֆի՝ ամերիկահայ համայնքին սիրաշահելու ծրագրին: Ընտրազանգվածը փորձառու եւ քաղաքականապես ակտիվ է, այնպես որ երկլեզու հայ քարոզիչներ ունենալը կարող է բավականին շահեկան լինել:

 

Ըստ նախընտրական տվյալների «Political Data Inc.» ընկերության՝ ամերիկահայ ընտրողներին մինչ այժմ բաժին է ընկնում կոնգրեսական ընտրատարածքում քվեաթերթիկների գրեթե 20 տոկոսը, թեեւ այնտեղ, ինչպես եւ ողջ նահանգում, մասնակցության ընդհանուր թիվը սոսկալի ցածր էր:

Էնթոնի Պորտանտինոն Էնթոնի Պորտանտինոն

Լուսանկարը` Lorie Leilani Shelley

Ամենաշատը հիշատակվող երկու դեմոկրատները Կոնգրեսի անդամ Լորա Ֆրիդմանը եւ նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն են, որոնք այժմ ներկայացնում են ընտրատարածքը նահանգի օրենսդիր մարմնում: Ֆրիդմանը ապրում է Գլենդելում, որտեղ ամերիկահայերը կազմում են բնակչության 40 տոկոսը եւ աշխատել է տեղական ինքնակառավարման համակարգում: Պորտանտինոն էլ է կենտրոնացել հայ համայնքի հետ աշխատանքի վրա եւ նույնիսկ շքանշան ստացել Հայ եկեղեցու Ծայրագույն պատրիարքից. Արեւմտյան թեմում առաջին ոչ հայը, որը նման պատվի է արժանացել:

 

Քասախյանը, որը Պորտանտինոյի աջակիցն է, ասում է, որ նահանգի սենատորն առաջին եւ միակ ամերիկացի պաշտոնյան էր, որ այցելել է վիճելի տարածաշրջանը 2020-ից պատերազմից հետո, երբ հակամարտությունը ծայրահեղ սրվեց:

 

«Նա գնահատում է այս հայկական համայնքը, - ասում է Քասախյանը, որը 2016-ի օրենսդրական ընտրարշավում պարտվեց Ֆրիդմանին, - նա իսկական եւ անկեղծ ցանկություն ունի անել այն, ինչ ճիշտ է հայերի համար»:

 

Հարավային Կալիֆորնիայի հայ դեմոկրատների նախագահ Մանուել Մագպապյանը Ֆրիդմանին համարում է համայնքի լավագույն գործընկերը ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան կարեւոր հարցերում:

 

«Իմ կարծիքով Լորա Ֆրիդմանը առանձնանում է նրանով, որ զբաղվում է հայկական հարցերով այնպես, ինչպես նա տեսնում է դրանք Կալիֆոռնիայից, - ասաց Մագպապյանը, - իսկ Կալիֆոռնիայում մենք չենք տարբերվում որեւէ այլ խմբից: Մեզ հետաքրքրում են բնակարանային գները: Մեզ հետաքրքրում են մատչելի գները, ապրուստի ծախսերը»:

 

Թեեւ որոշ կարեւոր համայնքային խմբեր արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը, օրինակ՝ Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատները Ֆրիդմանի կողմնակից են, իսկ  ANCA-ի արեւմտյան տարածաշրջանային թեւը աջակցում է Պորտանտինոյին, մյուսները կողքի են կանգնել, այդ թվում՝ ANCA-ի ազգային թեւը:

 

Քաղաքական դինամիկան տեղական խմբերի միջեւ գաղափարախոսության, անհատականությունների եւ հայաստանյան կուսակցությունների հետ կապերի «շատ, շատ բարդ» կծիկ է, ասում է Մայք Ֆոյերը՝ ընտրապայքարի երրորդ դեմոկրատը:

 

Ֆոյերը, որը նահանգային օրենսդիր էր, Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ եւ քաղաքային փաստաբան, պարծենում է իր կապերով հայ համայնքի հետ դեռ այն ժամանակներից, երբ իրավաբանական օգնություն էր տրամադրում:

 

«Մեզնից ոչ ոք չի կարող պնդել, որ վստահ ենք հայերի քվեարկության վրա, - ասաց Ֆոյերը, - բոլորս էլ [պետք է] վաստակենք այդ աջակցությունը, եւ «վաստակել» բառը ես հատուկ եմ օգտագործում»:

 

Ընտրարշավի մյուս դեմոկրատները, այդ թվում Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանի խորհրդի անդամ Նիկ Մելվոյնը, Արեւմտյան Հոլիվուդի քաղխորհրդի անդամ Սեփի Շայնը եւ առաջադեմ տրանս-ակտիվիստ Գ. «Մեյբի Ը. Գըրլ» Փադլոն, որը 2022 թվականին Շիֆի դեմ ընտրապայքարում էր, նույնպես իրենց արշավներում ներառել են հայկական քարոզչությունը:

 

Երկու ամերիկահայ թեկնածու

 

Մեկ այլ դեմոկրատ, կարծես, պետք է շահի ընտրողների համակրանքը. Ժիրայր Ռաթեւոսյանը, Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյան եւ հանրային առողջության պաշտպանը: Ռաթեւոսյանը միասեռական է, ամերիկահայ, մեծացել է այդ տարածքում եւ պնդում է, որ միայն հայը կարող է իրապես համայնքի խնդիրները առաջին պլան մղել:

Ժիրայր Ռաթեւոսյանը Ժիրայր Ռաթեւոսյանը

 

«Ես հրապարակել եմ հինգ կետից ծրագիր, թե ինչպես բարելավել հայ-ամերիկյան հարաբերությունները: Չեմ տեսել, որ այլ թեկնածուներ նման բան անեն, - ասաց Ռաթեւոսյանը։ - Մյուս թեկնածուները գնում են հայկական միջոցառումների, մի քանի հայերեն բառ են ասում ու փորձում աջակցություն ստանալ»։

 

Սակայն Ռաթեւոսյանը չի արժանացել որեւէ խոշոր խմբավորման հավանությանը, ինչպիսին է ANCA-ն: Շրջանի հայերն ասում են, որ Ռաթեւոսյանը, որն իր կարիերայի մեծ մասն աշխատել է Վաշինգտոնում, խոստումնալից, բայց անհայտ կերպար է՝ համեմատած այն երկարամյա հարաբերությունների, որոնք նրանք մշակել են ընտրված պաշտոնյաների հետ:

 

Ռաթեւոսյանը Լեռնային Ղարաբաղի եւ Գազայի ճգնաժամերը դարձրեց իր քարոզարշավի հենասյուները՝ զուգահեռներ անցկացնելով երկու հակամարտությունների միջեւ եւ լինելով հրադադարի կոչ անող առաջին թեկնածուն:

 

«Հնարավոր չէ ներկայացնել հայկական շահերը, եթե այս պահին հրադադարի կողմնակից չես, - ասաց նա: - Որպես հայ՝ մենք գիտենք, թե ինչ է հայրենիքը կորցնելը, ինչ է զանգվածային տեղահանությունը: Ինձ շատ հարազատ է այն խնդիրը, որին այժմ բախվել են պաղեստինցիները»:

Ժիրայր Ռաթեւոսյանը եւ Ջո Բայդենը Ժիրայր Ռաթեւոսյանը եւ Ջո Բայդենը

 

Ռաթեւոսյանն ասում է, որ անընդհատ լսում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, երբ թակում է ընտրողների դռները: Մյուս թեկնածուներն ասում են, որ ընտրողների հետ զրույցներում այս հարցը շատ ավելի հազվադեպ է ի հայտ գալիս:

 

Հանրապետականի պաստառով քվեաթերթիկում երկրորդ ամերիկահայ թեկնածուն բժիշկ Ալեքս Բալեքյանն է: Հանրապետականները պատմականորեն լավ կապեր են ունեցել համայնքի հետ. նախագահ Ռոնալդ Ռեյգանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (վերջին նախագահը, որը արել է դա մինչեւ Բայդենի պաշտոնական ճանաչումը), իսկ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը հայ ներգաղթյալների զավակ էր: Տարիքով մեծ հայ ընտրողները հակված են պահպանողական լինել: Այդուհանդերձ, ամերիկահայերը սովորաբար ընտրում են դեմոկրատներին:

 

Բալեքյանը, որն իրեն անվանում է «հանրապետականների Դոքմեջյան», տխրահռչակ է դարձել Գլենդելում այսպես կոչված «ծնողների իրավունքների» շարժումով, որը բողոքում է հանրակրթական դպրոցներում որոշ ԼԳԲՏՔ+ կրթական ծրագրերի դեմ:

Ալեքս Բալեքյանը Ալեքս Բալեքյանը

 

Սակայն սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո Բալեքյանը «ամերիկյան կարճ, նպատակային ռազմական միջամտության» կոչ արեց եւ ամերիկահայ ընտրողներին ասաց, որ պետք է վերանայեն իրենց հավատարմությունը Շիֆի նման դեմոկրատներին:

 

«Հայերը պետք է հասկանան, որ հայտնվել են այս իրավիճակում՝ աջակցելով Ադամ Շիֆի նման ստահակին», - ասաց նա քարոզարշավի տեսահոլովակում:

 

«Խոր անհանգստություն»

 

Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատների նախագահ Մագպապյանն ասել է, որ դեմոկրատների շրջանում նկատել է ակնհայտ դժգոհություն Բայդենից, ինչը ցույց է տալիս, որ նրանք կարող են դատարկ թողնել նախագահական ընտրարշավի իրենց քվեաթերթիկները:

 

«Նրանք չեն սիրում Թրամփին... ու թեեւ Բայդենը որոշ լավ բաներ է արել հայերի համար, դա բավարար չէ», - ասաց Մագպապյանը։

 

Սպիտակ տունը եւ Բայդենի ընտրարշավի գրասենյակը մեկնաբանություններ չտվեցին:

 

Տեղի համար պայքարող դեմոկրատները, սակայն, կարծում են, որ ամերիկահայ ընտրողների հիասթափությունն ավելի շատ ուղղված է միջազգային հանրությանը, ոչ միայն Բայդենին:

 

«Մենք խորապես անհանգստացած ենք այն աշխարհով, որը թույլ է տալիս, որ այդ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ ծավալվի, - ասաց Ֆրիդմանը: - Տասնյակ հազարավոր փախստականներ ստիպված են բառացիորեն ոտքով հեռանալ Արցախից եւ թողնել իրենց ունեցվածքը»:

 

Բոլոր հիմնական թեկնածուներն ասացին, որ սեպտեմբերյան հարձակումից հետո Սպիտակ տանը ավելի կոնկրետ գործողությունների կոչ են արել: Պորտանտինոն եւ Ֆրիդմանը ստորագրեցին նամակ, որում Բայդենին կոչ էին անում «գործադրել բոլոր ջանքերը հումանիտար օգնություն եւ խաղաղապահ ուժեր ուղարկելու համար»: Ֆոյերն ասաց, որ հարձակումը հնարավորություն էր ընձեռել Միացյալ Նահանգներին ավելի զորեղ դեր խաղալ տարածաշրջանում:

 

Պորտանտինոն ասաց, որ Բայդենի նախագահական ընտրություններին աջակցելը եւ հայ-ադրբեջանական վեճում ավելի կոշտ արձագանքի համար նրա վրա ճնշում գործադրելը «իրար բացառող չեն»:

 

«Միայն այն, որ ես դեմոկրատ եմ եւ աջակցում եմ Բայդենին, չի նշանակում, որ պետք է մշտապես համաձայնվեմ այն ամենի հետ, ինչ անում է ԱՄՆ վարչակազմը, - ասաց Պորտանտինոն: - Իսկ այս դեպքում ԱՄՆ-ը պետք է շատ ավելին անի»:

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին