Իսրայել Օրին, Փաշինյանը, ԵՄ դիտորդներն ու «դաշնակիցների հուսահատ փնտրտուքը» - Mediamax.am

1837 դիտում

Իսրայել Օրին, Փաշինյանը, ԵՄ դիտորդներն ու «դաշնակիցների հուսահատ փնտրտուքը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Ներկայացնում ենք բրիտանական Guardian թերթում հրապարակված Armenia turns towards west in search of allies amid Azerbaijan tensions հոդվածի հայերեն թարգմանությունը:

Փաթրիկ Վինթուր

Ջերմուկ քաղաքն իր ջրվեժով, տաք աղբյուրով, ծիրանի ծաղկած այգիներով եւ կիրճով, որով հոսում է վարար Արփա գետը, խորհրդային ժամանակներից ամենաշատ այցելվողներից է Հայաստանում: Այդպես էր մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերը, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին եւ երկու օրվա մեջ մոտ 4 մղոն առաջ գնացին՝ լիակատար վերահսկողություն ստանալով քաղաքին նայող երկար լեռնաշղթայի նկատմամբ:

«Իրոք սարսափելի էր: Անտառը հրկիզվել էր: Ասես կայծակը խփեց մեզ: Այդպես շարունակվեց երկու օր: Մենք չգիտեինք՝ ինչպես կավարտվի, ինչպես հանենք մեր ընտանիքներին»,- վերհիշում է 69-ամյա Ռուբիկ Ավաքելյանը՝ նստած այգու նստարանին:

Հարձակման ժամանակ օգտագործվել էին ականանետեր, ծանր հրետանի եւ անօդաչու սարքեր: Ամբողջ քաղաքն այժմ ապրում է հետագա հարձակման վախով: «Մենք չգիտեինք, թե ում դիմենք, բայց ես այստեղ մեծ ապագա չեմ տեսնում»,- ասաց Ավաքելյանը:

Առաջնագծի մոտ շենքերն ու ձկնաբուծարանը լքված են, ինչից ահագնանում է քայքայման ծանր կանխազգացումը, որի պատճառը վիճելի սահմաններն են:

«Ադրբեջանցիներն ամրացնում են իրենց դիրքերը, եւ մենք կարծում ենք, որ երբ ձյունը հալչի, նրանք մի բան կծրագրեն,- ասում է 9000-անոց քաղաքի քաղաքապետ Վահագն Արսենյանը: - Մենք ցանկացած պահի նոր ագրեսիա ենք սպասում. հենց հիմա ու այստեղ, այս գրասենյակը, որտեղ նստած ենք, նրանց համար տեսանելի թիրախ է: Նրանք մեզ տնտեսական ու հոգեբանական վնաս են հասցրել: Հյուրանոցի համարները սովորաբար 90%-ով զբաղված էին»:

Եկամուտը զբոսաշրջությունից նվազել է 60%-ով, քանի որ այցելուներին խրտնեցնում է ադրբեջանական ուժերի ներկայությունը ընդամենը 3 մղոն հեռավորության վրա: «Եթե տնտեսություն չկա, ընտանիքներն ուզում են հեռանալ»,- ասաց Արսենյանը:

Դաշնակիցների որոնումը մշտական է Հայաստանի պատմության մեջ, ինչի մասին վկայում է 17-րդ դարի հայ դիվանագետ Իսրայել Օրիի արձանը, որը քաղաքի ծայրամասում է: Օրին իր կյանքը նվիրել էր երկրի ազատագրմանը պարսկական եւ օսմանյան կայսրություններից: Նա ապարդյուն ճամփորդել էր Եվրոպայով՝ փնտրելով երկրներ, որոնք կցանկանան օգնել ազատագրել Հայաստանը, եւ վերջապես հասել Պետրոս Առաջինի արքունիք եւ աղաչել. «Այլ հույս չունենք, մեր հույսը Աստծվածն է եւ Ձեր երկիրը»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույսը դրել է դաշինքներ ստեղծելու վրա, որպեսզի պաշտպանվի «թուրքերից», ինչպես շատ հայեր անվանում են ադրբեջանցիներին: Սակայն նա շրջվել է ոչ թե դեպի Ռուսաստան, որն այլ բանով է զբաղված, այլ դեպի Արեւմուտք, ինչը ռիսկային է այս միայնակ ժողովրդավարության համար ավտորիտարիզմի տարածաշրջանում:

Սա ուշագրավ շրջադարձ է մի երկրի համար, որն իր սպառազինության 98%-ը նախկինում ստանում էր Ռուսաստանից եւ 1991-ին Խորհրդային Միության փլուզման ժամանակ համարվում էր նախկին խորհրդային հանրապետություններից թերեւս ամենամոսկվայամետը:

Փաշինյանը իշխանության եկավ 2018-ին թավշյա հեղափոխության արդյունքում: Անլուծելի հակամարտություններին բախվելով՝ նա ի սկզբանե չէր ձգտում խզել Ռուսաստանի հետ անվտանգության գործընկերությունը: Դեպի ծով ելք չունեցող, իր չորս սահմաններից երկուսը (Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ) փակ երկրում՝ Փաշինյանը հազիվ թե կարող էր իրեն թույլ տալ օտարել Ռուսաստանին այն վայրում, որը Մոսկվան իր հետնաբակն է համարում:

Սակայն սա վերանայելու պատճառ դարձան 2020 եւ 2022 թվականներին ավելի պատրաստված ու զինված Ադրբեջանի կողմից ցավագին պարտությունները, որոնց հաջորդեց ավելի քան 100,000 հայերի վտարումը Լեռնային Ղարաբաղից 2023-ի սեպտեմբերին: Վերջին երկու դեպքերում Ռուսաստանը, զբաղված ուկրաինական պատերազմով, չկարողացավ պաշտպանել Հայաստանին՝ զանցառնելով անվտանգության երաշխիքները:

Ժողովրդական զայրույթը ռուս խաղաղապահների դավաճանության կապակցությամբ բուռն է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղից վտարված փախստականների մի մասի մոտ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Մայրաքաղաք Երեւանում կառավարության կողմից հատկացված ժամանակավոր բնակարանում նստած՝ նախկին ոստիկան Ռուսլան Հայրապետյանն ասում է, որ բազմիցս գնացել է ռուս խաղաղապահների մոտ՝ գյուղացիների վրա ադրբեջանական հարձակումների մանրակրկիտ փաստագրված դեպքերով, բայց ռուսները ասել են. «Կարծում եք՝ այստեղ ենք, որ ձեզ համար մեռնե՞նք»:

Ռուսլանի կինը՝ Նինան, ասաց, որ երբ Ադրբեջանը ութամսյա պարենային շրջափակումից հետո մտավ անկլավ, իր ընտանիքը երկու օր թաքնվեց կացարաններում գնդակոծությունից, իսկ հետո նրանց ասացին, որ լավագույնը, որ կարող են անել ռուսները, Մարտունի քաղաքից ճանապարհ բացել դեպի մայրաքաղաք, որտեղից Լաչինի միջանցքով նրանց ավտոբուսներով կտեղափոխեն Հայաստան:

Էթնիկ հայերը փախել են այն վայրից, որը սերունդներ շարունակ իրենց հայրենիքն էր, եւ համարում են դա էթնիկ զտում, իսկ նրանց գերի ընկած քաղաքական առաջնորդներից ոմանք դեռ ադրբեջանական բանտերում են: Փաշինյանը մի խումբ բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում խոստովանել է, որ, իր կարծիքով, այժմ Հայաստանում ցրված փախստականները երբեք չեն կարողանա վերադառնալ:

Սա խզում առաջացրեց հայ-ռուսական հարաբերություններում եւ բեւեռացրեց առանց այն էլ պառակտված հայ հասարակությանը: Ռուս խաղաղապահներն այս ամիս ժամանակից շուտ լքեցին Լեռնային Ղարաբաղը: Ի նշան գաղափարական անդունդի՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն այս շաբաթ պախարակեց Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայում, ինչը Մոսկվան որակեց որպես ռուսաֆոբիա:

Ազգային ժողովի անդամները դժգոհում են, որ Ադրբեջանը անկաշկանդ կերպով ավելի մեծ պահանջներ է դնում: «Իմ մասնագիտությունը՝ միջազգային իրավունքը, մեռած է»,- ասում է իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նախազգուշացրեց իմպերիալիզմի նոր դարաշրջանի մասին, որտեղ Հայաստանի պես երկները ճնշված են լինելու:

«Յուրաքանչյուր կայսրություն շահագրգռված է մեծացնելու իր տարածքը, եւ քանի որ ներկայում հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Պոտսդամում [եւ] Յալթայում ստեղծված ավանդական դաշինքներն այլեւս չեն գործում, ինքնիշխանությունը դառնում է ավելի խոցելի, - ասաց նա: - Կարեւոր է, որ կոնսենսուս ձեւավորենք այս տարածաշրջանի ապագայի վերաբերյալ, քանի որ եթե չանենք, կունենանք ավելի իմպերիալիստական աշխարհ, քան 19-րդ դարում»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Երեւանի իր փոքրիկ գրասենյակում ճարտարախոս վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի «ֆիասկոյի» պատճառ է համարում այն, որ ուկրաինական պատերազմը շեղել եւ թուլացրել է Ռուսաստանը: «Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարեւոր դուրս եկան, քան Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեսավ իշխանության այս վակուումն ու երկու երկրների միջեւ ռազմական անհավասարակշռությունը եւ օգտագործեց այն սպառնալիքներ հնչեցնելու եւ ավելի ու ավելի մեծ միակողմանի զիջումներ կորզելու համար»:

Երեք տասնամյակ անց Փաշինյանը այս ամիս Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձրեց հյուսիս-արեւելյան Տավուշ մարզի չորս չգրավված սահմանամերձ գյուղերը: Սա համարվեց առաջին քայլը երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացում, որը ներառում է Խորհրդային Միության փլուզումից առաջ գոյություն ունեցող սահմանները:

Ընդդիմության կողմից անվերջ կապիտուլյացիայի մեջ մեղադրվող Փաշինյանը պնդում է, որ այլընտրանքը պատերազմ էր: Գործարքից հետո գյուղացիները մի քանի օր բողոքի ցույցեր էին անում, մայրաքաղաքում շուրջ 80 հոգի ձերբակալվեց:

Հույզերն արդեն եռում էին, քանի որ Հայոց ցեղասպանության տարելիցն էր: Այդ օրը տասնյակ հազարավոր հայեր՝ մեխակներով ու վարդերով, շարժվում են դեպի հուշարձան, որը ոգեկոչում է ցեղասպանության հիշատակը, որը ճանաչում են ոչ բոլոր երկրները, դրանց թվում՝ Մեծ Բրիտանիան:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Դեպի Արեւմուտք շրջվելու ամենատեսանելի օրինակը 2023-ի փետրվարից ի վեր ԵՄ 200-հոգանոց անզեն քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն էր, որն արդեն ավելի քան 2000 պարեկություն է իրականացրել սահմանի հայկական կողմի վեց հենակետերից: Իրենց կապույտ դրոշներով, «ջիպ»-երով ու հեռադիտակներով՝ նրանք հետեւում են ադրբեջանական զորքերի տեղաշարժին եւ ամենօրյա մանրամասն հաշվետվություններ ուղարկում Բրյուսել: Անձնակազմը համոզված է, որ լարվածության եւ ապատեղեկատվության ժամանակ կարեւոր տեղեկություններ են տրամադրում:

Մարկուս Ռիտերը՝ առաքելության ղեկավարը, պաշտպանում է առաքելության սահմանափակ նպատակները. «Մենք կարող ենք խաղաղեցնել իրավիճակը: Մենք դարձել ենք կայունացնող գործոն,- ասաց նա: - Եթե համեմատեք իրավիճակը նախքան տեղակայումը եւ դրանից հետո, տարբերություն կնկատեք»:

Սակայն հարավային Հայաստանի որոշ մասերում Ռուսաստանը արգելափակում է դիտորդների գործունեությունը: Ռիտերը խոստովանեց. «Այս երկիրը հուսահատորեն ընկերներ ու դաշնակիցներ է փնտրում»:

Հայաստանն այժմ զենք է գնում Հնդկաստանից եւ Ֆրանսիայից, իսկ ապրիլի 5-ին ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պարտավորվել են Հայաստանին տրամադրել համապատասխանաբար 270 մլն եվրո եւ 65 մլն դոլար:

Նոր գործընկերությունը կոչված է թուլացնելու Հայաստանի ծանր կախվածությունը ռուսական շուկաներից եւ էներգիայից: Բայց փաթեթը շատ համեստ է, եւ հայ դիվանագետներից մեկը մասնավոր խոսակցության մեջ դժգոհեց. «Վախենում եմ, որ մեզ գառների պես տանում են սպանդի»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին