Հայ-ադրբեջանական հակամարտությունը հասել է Միչիգան - Mediamax.am

832 դիտում

Հայ-ադրբեջանական հակամարտությունը հասել է Միչիգան


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Reason պարբերականում հրապարակված The Armenian-Azerbaijani Conflict Comes to Michigan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մեթյու Փեթի

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում նոր թեկնածու է ի հայտ եկել. ոչ ոք: Կազմակերպիչները կոչ էին արել դեմոկրատներին Միչիգանի նախնական ընտրություններում քվեարկել «ոչ ոքի օգտին»: Դրանով նրանք ուզում են նախագահ Ջո Բայդենին ցույց տալ, որ իր վարած արտաքին քաղաքականության պատճառով նա կարող է կորցնել կարեւոր «չկողմնորոշված»  նահանգը: Դեմոկրատական նախնական ընտրողների մոտ 13 տոկոսը այդպես էլ  արեցին՝ գերազանցելով կազմակերպիչների սպասելիքները:

Արշավը ղեկավարում էին ծագումով արաբ ամերիկացիներ, որոնք զայրացած են Գազայում եւ Եմենում ԱՄՆ-ի ռազմական ներգրավումից: Մյուս ընտրողներին  դրդեց Բայդենի արտաքին քաղաքականության պակաս հայտնի կողմը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նույնպես քարոզեց ընտրողներին չքվեարկել ոչ մեկին՝ որպես բողոք Բայդենի՝ Հայաստանի թշնամի Ադրբեջանին սատարելու դեմ:

«Մենք չենք ուղղորդել այդ ձայների հիմնական մասը, իհարկե, բայց մենք մասնակցել ենք, եւ ուրախ ենք, որ այդպես է»,- ասում է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ նրա, հայերն ուզում են նմանատիպ արշավներ կազմակերպել Նեւադայում եւ Փենսիլվանիայում՝ մյուս երկու չկողմնորոշված նահանգներում, որտեղ մեծ հայկական համայնքներ կան:

ԱՄՆ-ի մարդահամարի համաձայն, Միչիգանում մոտ 17,000 ամերիկահայ կա, թեեւ նրանց թիվը գուցե ավելի մեծ է. Դիըրբորնի հայկական համայնքային կենտրոնն ասում է, որ նահանգում 50,000 ամերիկահայ է ապրում: Նահանգում եւ՛ հայկական, եւ՛ արաբական համայնքները ավելի քան 100 տարվա պատմություն ունեն:

Հայկական քարոզարշավը հրապարակային դարձավ փետրվարի 20-ին, երբ ANCA-ի խորհրդի անդամ Ծովինար Հացագործյանը հոդված հրապարակեց «The Armenian Weekly»-ում եւ հայտարարեց, որ ինքը Միչիգանի նախնական ընտրություններում ոչ մեկին ձայն չի տալու:

«Համայնքի արձագանքը զարմացրեց ինձ, - պատմում է Հացագործյանը «Reason»-ին, - երբ սկսեցինք արշավը, չէինք կարծում, որ գաղափարը կընդունվի, բայց [աջակցությունը] հսկայական էր»:

Ամերիկահայերը «հակված են սատարել իրենց բնակավայրին հատուկ» կուսակցական քաղաքականությանը, բայց «կխախտեն կուսակցական գիծը, եթե զգան, որ իրենց առջեւ սուր խնդիր կա, - ասում է Համբարյանը: - Բայդենից մեր գլխավոր դժգոհությունը Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունն է»:

2023-ի սեպտեմբերին ադրբեջանական բանակը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածք՝ դուրս մղելով գրեթե ողջ բնակչությանը, ինչը բազում արտաքին դիտորդներ անվանեցին էթնիկ զտում կամ նույնիսկ ցեղասպանություն: Դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ, դաժան հակամարտության տգեղ վերջերգն էր:

Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերը փորձել էին հռչակել իրենց անկախությունը Ադրբեջանից, ինչը հանգեցրեց պատերազմի, որի ընթացքում երկու կողմից վայրագություններ եւ զանգվածային տեղահանումներ եղան: (Տարածքը հայերեն անվանում են նաեւ Արցախ): Հակամարտությունը սառեցվեց 1990-ականների կեսերին եւ վերսկսվեց 2020 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական կողմը հարձակվեց:

«Եթե իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք, եւ մենք դա անում ենք», - 2020-ի հոկտեմբերին իր ելույթում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա հայտարարեց նաեւ, որ կողջունի Լեռնային Ղարաբաղի հայերին որպես համաքաղաքացիների, ինչին հայերը հակված էին չհավատալու այն բանից հետո, երբ ադրբեջանական զինվորները տեսախցիկի առջեւ գլխատեցին երկու տարեց հայ տղամարդու:

Ադրբեջանի պատերազմները մասամբ ֆինանսավորել են ամերիկացի հարկատուները: Կոնգրեսը սկզբում փորձեց հեռու մնալ հակամարտությունից՝ 1992-ին արգելելով ռազմական օգնությունն Ադրբեջանին: Մեկ տասնամյակ անց ԱՄՆ կառավարությունը փոխեց իր որոշումը՝ հուսալով նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերել, քանի որ Ադրբեջանը գտնվում է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ եւ դեպի Աֆղանստան հիմնական օդային ուղիների վրա:

Ջորջ Բուշից սկսած բոլոր նախագահները հրաժարվեցին սահմանափակել Կոնգրեսի առաջարկած օգնությունը. 2002-ից 2020 թվականներին Վաշինգտոնը 164 միլիոն դոլարի «անվտանգության օգնություն» էր տրամադրել ադրբեջանական բանակին: Այդ օգնության մեծ մասը՝ ավելի քան 100 միլիոն դոլար, տրվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք:

2020 թվականի հարձակումից հետո այն ժամանակվա թեկնածու Բայդենը պահանջեց դադարեցնել օգնությունը: Սակայն պաշտոնը ստանձնելուց հետո նա շարունակեց ստորագրել անվտանգության աջակցության ծրագրերը:

Լուսանկարը` REUTERS


«Ադրբեջանի ռազմական օգնության հիմնական մասը տրվել է Թրամփի օրոք, իսկ [2020 թվականի հարձակումը] տեղի է ունեցել Թրամփի նախագահության վերջին ամիսներին, ուստի նա է կրում պատասխանատվության մեծ մասը», - ասում է Համբարյանը, բայց «պատերազմի ականատես լինելով՝ [Բայդենը] շարունակեց ռազմական օգնությունը»:

2021 թվականի ապրիլին ամերիկահայ համայնքը հատկապես բորբոքվեց: Այդ ամիս Բայդենը ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային ջարդերը Թուրքիայում որպես ցեղասպանություն, ինչին ամերիկահայերը երկար ժամանակ կոչ էին անում: Մի քանի օր անց Բայդենը խախտեց իր նախընտրական խոստումը եւ հաստատեց Ադրբեջանին լրացուցիչ օգնություն տրամադրելը:

Բայդենի վարչակազմը զանգվածային լրատվամիջոցներում մեծ աղմուկով հայտարարեց ցեղասպանության ճանաչման մասին, մինչդեռ Կոնգրեսին անաղմուկ տեղեկացրեց ռազմական օգնության մասին: Բայդենն իրեն պահեց «այնպես, կարծես հայերը չեն նկատի, որ նա զինում է ցեղասպան պետությանը այն նույն շաբաթ, երբ ճանաչում է ցեղասպանության հանցագործությունը», - ասում է Համբարյանը:

Լուսանկարը` REUTERS


Ամերիկյան ռազմական օգնությունը, որի հիմքում սահմանների անվտանգությունն է, ադրբեջանական բանակի համար առանցքային չէ: 2010-ից 2020 թվականներին Ադրբեջանի սպառազինության մեծ մասը ստացվել է Ռուսաստանից, եւ ավելի քիչ՝ Իսրայելից, Բելառուսից եւ Թուրքիայից: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանը մատակարարել է նաեւ Հայաստանի գրեթե ողջ սպառազինությունը:

Բացի երկու կողմերին զենք վաճառելուց, Ռուսաստանը 2020-ի նոյեմբերից Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ էր տեղակայել: Այդ զորքերը հիմնականում ոչինչ չարեցին տեղի բնակչությանը պաշտպանելու համար:

Որքան էլ փոքր էր ԱՄՆ-ի օգնությունը մեծ հաշվով, Համբարյանը կարծում է, որ այդ օգնությանն ինքնին «բարոյապես քաջալերեց» Ադրբեջանի ղեկավարներին, որոնք համարեցին, որ Ամերիկան իրենց կանաչ լույս էր տվել:

Հետո սկսվեց սովի մատնող պաշարումը։ 2022-ի վերջին եւ 2023-ի սկզբին ադրբեջանական բանակն աստիճանաբար կտրեց Լեռնային Ղարաբաղի կապն արտաքին աշխարհի հետ: Ապրանքների խիստ պակաս առաջացավ: Ադրբեջանում նույնիսկ խոսվում էր, որ հայ տղամարդկանց համար համակենտրոնացման ճամբար է կառուցվում. այս խոսակցությունը «New Lines»-ի լրագրողները կարողացան հաստատել արբանյակային պատկերների միջոցով:

Հացագործյանը հուզած ձայնով նկարագրում է Բայդենի վարչակազմին ուղղված ամերիկահայերի ուղերձը. «Մենք գնացինք այնտեղ  ու ասացինք, որ գիտենք, որ սա ավարտվելու է էթնիկ զտումներով... Ինչո՞ւ են իմ հարկերը ֆինանսավորում այնպիսի ցեղասպան երկիր, ինչպիսին Ադրբեջանն է»:

Այդ մտավախություններն իրականություն դարձան 2023-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանական բանակը գրավեց տարածքը՝ հանգեցնելով հայերի զանգվածային արտագաղթի: Բայդենի վարչակազմն այնուհետեւ դադարեցրեց Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, եւ Սենատը որոշեց այն երկու տարով սառեցնել: Այն ժամանակ Համբարյանը Վաշինգտոնի գործողություններն անվանել էր «ուշացած եւ անարդյունավետ»:

Հացագործյանն ասում է, որ ինքը չի պատրաստվում քվեարկել Բայդենի օգտին, իսկ իր ձայնը շահելու համար «Բայդենը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, այլեւս զենք չուղարկի Ադրբեջան եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկի՝ դադարեցնելու շարունակվող ցեղասպանությունը»:

Որոշ ամերիկահայեր համակրում են նաեւ Բայդենի վարչակազմի դեմ հանդես եկող արաբ ամերիկացիներին:

Լուսանկարը` REUTERS


Երկու քարոզարշավների հիմքում «նույն հիասթափություններն են» ԱՄՆ արտաքին քաղաքականությունից, ասում է Սառա Լեա Ուիթսոնը՝ «Democracy in the Arab World Now»՝ Վաշինգտոնում գործող կազմակերպության գործադիր տնօրենը: Նա ամերիկահայ է, որի ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Երուսաղեմ, հետո կրկին փախել իսրայելա-պաղեստինյան հակամարտության ժամանակ:

Ամերիկահայերի դժգոհությունը՝ կապված Ադրբեջանին ԱՄՆ-ի աջակցության հետ, Ուիթսոնը համեմատում է պաղեստինա-ամերիկյան դժգոհության հետ՝ Իսրայելին ԱՄՆ աջակցության առումով: «Ունենք սփյուռքի հզոր համայնք, որը խորապես դեմ է դաժան ռեժիմին, եւ հայտնաբերում ենք, որ հենց մեր կառավարությունը աջակցում է դրան»:

ANCA-ն ավելի շրջահայաց դիրքորոշում ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ: Հացագործյանն ու Համբարյանը շեշտում են, որ հայերը լավ հարաբերություններ ունեն թե՛ արաբ, թե՛ հրեա հարեւանների հետ: Այնուամենայնիվ, Համբարյանը սկզբունքորեն պաշտպանում է նախնական ընտրություններում Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրելու ջանքերը:

«Բոլոր նրանք, ովքեր քվեարկել են «ոչ մեկի օգտին», գնացել են քվեարկության՝ փորձելով մեր արտաքին քաղաքական համակարգը հաշվետու դարձնել, եւ դա լավ բան է, - ասում է Համբարյանը: - Այսպիսի գործողությունները [քաղաքական գործիչներին] հիշեցնում են, որ արտաքին քաղաքականությունը չի սկսվում եւ ավարտվում Պետքարտուղարությունում, այն ամերիկյան ժողովրդի սեփականությունն է»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին