Զայրույթը, անորոշությունը, բողոքներն ու խարիզմատիկ արքեպիսկոպոսը - Mediamax.am

1398 դիտում

Զայրույթը, անորոշությունը, բողոքներն ու խարիզմատիկ արքեպիսկոպոսը


Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ներկայացնում ենք բրիտանական The Telegraph պարբերականում հրապարակված Armenia a ‘big loser of war in Ukraine’ thanks to Kremlin-backed Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ջեյմս Կիլներ

Վլադիմիր Շահինյանը հպարտ հայ է, բայց ասում է, որ իրեն դավաճանել են:

37-ամյա տղամարդը նրանցից է, որոնք տուժում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից խրախուսված գործարքի պատճառով, երբ Հայաստանը չորս սահմանամերձ գյուղերի վերահսկողությունը հանձնի ոխերիմ թշնամի Ադրբեջանին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարքը տեսնում է որպես խաղաղության շանս, բայց Վլադիմիրն այն համարում է դավաճանություն, որն անձնական ճգնաժամի պատճառ է դարձել: Եթե սահմանը վերագծվի, նրա մեքենաների վերանորոգման ավտոտնակը կհայտնվի Ադրբեջանում եւ անհասանելի կդառնա:

«Չգիտեմ՝ ինչ եմ անելու, երբ կորցնեմ արհեստանոցս: Երկու երեխա ունեմ, որոնց պետք է ապահովեմ: Ես հոգեբանական ճնշում եմ զգում», - ասաց նա՝ սպասելով, թե երբ իրեն թույլ կտան մեքենայով անցնել ոստիկանական արգելապատնեշը Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային այս անկյունում:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը ստվերում է Հարավային Կովկասում արեւմտյան ժողովրդավարության եւ Կրեմլից ներշնչված անձնիշխանության միջեւ լարվածության օջախները, սակայն վերլուծաբաններն ասում են, որ այս հակամարտությունները էական են Ասիան եւ Եվրոպան կապող ռազմավարապես կարեւոր տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար:

Վերջին շաբաթներին Վրաստանի ոստիկանությունը հարձակվել է մարդկանց վրա, որոնք ընդվզում են կրեմլյան օրենքի դեմ, որը խարխլում է Արեւմուտքի կողմից աջակցվող ՀԿ-ները, իսկ այս սաղարթախիտ սահմանային գոտում, որտեղ Երեւանից մեքենայով կարելի է երեք ժամում հասնել, հայ պաշտոնյաները հողեր են զիջում Կրեմլի կողմից աջակցվող Ադրբեջանին՝ 2020-ից սկսած մի քանի ռազմական պարտություններից հետո:

Հայաստանի հարաբերությունները Կրեմլի հետ սրվել են այն պատճառով, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ Ռուսաստանը չկարողացավ պաշտպանել իրեն՝ չնայած անվտանգության երաշխիքներին:

2023թ. սեպտեմբերին Ադրբեջանն ավարտեց Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի գրավումը, երբ գրոհից մի քանի րոպե առաջ ռուս խաղաղապահներին հրամայվեց մի կողմ կանգնել, ինչին, ոմանց կարծիքով, Կրեմլը հավանության էր տվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կրեմլում ծիծաղում եւ կատակում էր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից 2 000 խաղաղապահ զինվորների դուրս բերելուց օրեր անց, քանի որ «նրանք այլեւս պետք չէին»:

Երեւանյան Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանն ասում է, որ Ադրբեջանի ռազմական գերակայությունը, որը հաճախ ֆինանսավորվում է Եվրոպային նավթի եւ գազի վաճառքով, Կրեմլի զբաղվածությունը Ուկրաինայում եւ Ադրբեջանի կարեւորությունը դեպի Իրան ռուսական առեւտրային ուղիների համար դրդեց պարոն Ալիեւին ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի գրավումը, թեպետ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանը խաղաղության պայմանագիր էր պարտադրել:

«Ադրբեջանը ուկրաինական պատերազմի խոշոր հաղթողներից մեկն է, իսկ Հայաստանը՝ Ուկրաինայից բացի, ամենամեծ պարտվողներից է»,- ասաց նա:


Ենթադրվում է, որ սահմանազատման գործընթացը, որը Փաշինյանը փորձում է մատուցել հայերին, պետք է շտկի սահմանը, որը 1980-ականների վերջից հակամարտությունների եւ էթնիկ զտումների հետեւանքով երկու կողմերից աղավաղվել է, բայց հայերի մեծ մասն իրենց նվաստացած են զգում եւ չեն հավատում, որ Ադրբեջանը կկատարի գործարքի իր մասը եւ կզիջի գրաված հայկական տարածքները։

Ձերբակալված ցուցարարներ

Երեւանում ոստիկանությունը բերման էր ենթարկել տասնյակ մարդկանց, որոնք բողոքում էին հողերի հանձնման դեմ: Հայաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկում սիգարետ ծխող տաքսու վարորդ Լեւոնը գործարքի մասին հարցին պատասխանելիս աչքերը թռցնում է ճակատը եւ բացատրում խոր արմատներ ունեցող անվստահությունը.

«Նրանց այսքանը տաս՝ հետո այսքանը կվերցնեն», - ասում է նա՝ սկզբից բութ մատն ու ցուցամատը իրար մոտ պահելով, հետո ձեռքերը իրարից հեռացնելով:

Այս հեռավոր սահմանային գոտին ներկայում հայերի ցասման կիզակետում է:

Այստեղ Ալիեւը ինքնիշխանություն է պահանջում չորս գյուղերի նկատմամբ, այդ թվում՝ Կիրանց գյուղի մի մասի վրա, որտեղ ապրում է մեխանիկ Վլադիմիր Շահինյանը: Գյուղը կբաժանվի, երբ սահմանը տեղաշարժվի ավելի քան մեկ մղոն:

«Իմ տունը կհայտնվի սահմանի մոտ: Ես չգիտեմ՝ ինչպես կարող են իմ երեխաներն այնտեղ ապրել, եթե գիտեն, որ իրենց հորեղբորը ադրբեջանցիները սպանել են 2020-ի պատերազմում»,- ասում է նա։

Գյուղերը Խորհրդային տարիներին եղել են Ադրբեջանի կազմում եւ ունեն ինչպես ադրբեջանական, ինչպես նաեւ հայկական անվանումներ, սակայն 1990-ականներից վերահսկվում էին Հայաստանի կողմից: Գյուղերի մեծ մասը լքված է, թեեւ Կիրանցում ապրող մի քանի հոգի The Telegraph-ին ասել են, որ սահմանազատման դեպքում կկորցնեն իրենց տունն ու հողը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Խարիզմատիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը քարոզում է սահմանի տեղափոխման դեմ եւ գնացել էր ճանապարհի արգելափակումը տեսնելու:

«Այս ամենը աշխարհաքաղաքականություն է: Ռուսաստանը կեղտոտ խաղեր է խաղում»,- ասաց նա:

Սեւ պարեգոտով բարձրահասակ արքեպիսկոպոսի տեսքը ակնհայտորեն ոգեւորում է վհատված գյուղացիներին, որոնք անցնում են ոստիկանական շրջափակման միջով, բայց նրանցից շատերը, այնուամենայնիվ, հրաժարվեցին իրենց անունները հայտնել: Բոլորն ասացին, որ զայրացած ու վախեցած են:

«Վերջերս ամեն ինչ հանձնել են, հաջորդ բանը, որ տեղի կունենա, էթնիկ զտումն է»,- ասում է Արծրունը՝ ոստիկաններին մատնացույց անելով, այնուհետեւ վերադառնում իր հնամաշ մեքենան, որտեղ երեք փոքր երեխաները անհամբեր մագլցում են հետեւի նստարանների վրայով:

Հայաստանում էթնիկ զտումների մասին խոսակցությունները ցավագին են: 1915-ին միլիոնավոր հայեր բռնի տեղահանվեցին Թուրքիայից եւ հասան ժամանակակից Հայաստան, Լիբանան եւ Սիրիա՝ ապաստան գտնելու: Շատերը զոհվեցին ճանապարհին, ինչը հայերը նկարագրում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Լեռնային Ղարաբաղ

2023թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ավարտեց Լեռնային Ղարաբաղի գրավումը, 100,000 էթնիկ հայեր փախան Ստեփանակերտից՝ իրենց տարածաշրջանային մայրաքաղաքից. արտագաղթ, որը փաստացի տարածաշրջանի էթնիկական զտում էր:

Ալիեւը, որն իշխանության ղեկին է 2003 թվականից եւ այս տարի հաղթել է ընտրություններում՝ անկախ լրագրողներին եւ ընդդիմադիր ակտիվիստներին բանտարկելուց հետո հավաքելով ձայների 93 տոկոսը, փառավորվում է իր ռազմական հաղթանակներով, ներառյալ 2022-ին ինքնիշխան հայկական տարածքի գրավումը:

Ստեփանակերտը գրավելուց հետո նա լուսանկարվել է զինվորական համազգեստով՝ հայ ապստամբների դրոշը ոտքերի տակ:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Չնայած վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը զենքի մատակարարման պայմանագրեր է կնքել Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, վերլուծաբան Գրիգորյանն ասում է, որ Ադրբեջանը ռազմական գերակայություն ունի եւ կարող է պայմաններ թելադրել:

Հյուսիս-արեւելյան Հայաստանի հեռավոր ճանապարհին այս գերակայությունը քաոս է առաջացրել հայ գյուղացիների շրջանում, որոնք այժմ արմատախիլ լինելու խուճապի մեջ են:

Միջին տարիքի տագնապած գյուղացիներից մեկն ասաց, որ հիմա չգիտի՝ կկարողանա՞ վերադառնալ գյուղ, իսկ Կիրանցից հեռախոսազրույցում 56-ամյա Խանում Թամրազյանն ասաց, որ իրեն կարգադրել են հրաժարվել իր 25 տարվա տնից:

«Սա իմ հողն է եւ իմ տունը: Մենք ունենք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այն ինձ է պատկանում։ Ես չեմ պատրաստվում թողնել այն, - ասաց նա, - մեր ճակատագիրը շատ անհասկանալի է»:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին