«Վրացական երազանքի» համար շահեկան սցենարը կախված է «եթե»-ներից - Mediamax.am

1160 դիտում

«Վրացական երազանքի» համար շահեկան սցենարը կախված է «եթե»-ներից


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Բիձինա Իվանիշվիլին եւ Իրաքլի Կոբախիձեն
Բիձինա Իվանիշվիլին եւ Իրաքլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS

Իրաքլի Կոբախիձեն
Իրաքլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Ալեքսանդր Ատասունցեւի Повторный риск. Зачем «Грузинская мечта» опять продавливает закон об иноагентах հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ալեքսանդր Ատասունցեւ

Թբիլիսիում չեն մարում բողոքի ցույցերը, որոնք իշխանությունների կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը ընդունելու նոր փորձի հետեւանք են։ Առճակատման գագաթնակետը դեռ առջեւում է՝ օրինագծի վերջնական՝ երրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի կեսերին։

Չնայած աճող բողոքներին՝ իշխող «Վրացական երազանքը» մտադիր չէ նահանջել եւ վճռական է ընդունել օրենքը: Նրանք վստահ են, որ ոչինչ չեն վտանգում. կողմնակիցները երես չեն թեքի իրենցից, ընդդիմությունը չի կարողանա հաղթահարել տրոհումը, իսկ Եվրամիությունը չի կոշտացնի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները կկարողանան վրեժ լուծել անցյալ տարի օրենքի ընդունման անհաջող փորձի համար եւ թուլացնել ընդդիմությանը։

Սակայն խնդիրն այն է, որ «Վրացական երազանքի» համար նման բարենպաստ սցենարը կախված է չափազանց շատ «եթե»-ներից։ Չորրորդ անգամ անընդմեջ հաղթանակի ձգտող կուսակցության քաղաքականությունը դառնում է իռացիոնալ, իսկ ամեն ինչ կորցնելու վտանգը՝ իրական։

«Երազանքը» զգում է իշխանությունը

2024 թվականի սկզբին «Վրացական երազանքը» աշնանը կայանալիք ընտրությունների անվիճելի ֆավորիտին էր։ Դեռ դեկտեմբերին այն կարող էր ապավինել ձայների 36%-ին։ Ամենամոտ ընդդիմադիր միավորումները մոտ 21 % ունեին։

Լուսանկարը` REUTERS


Կուսակցության լավ համբավին նպաստում էին ինչպես տնտեսական լավ ցուցանիշները, այնպես էլ արտաքին քաղաքականության ձեռքբերումները. 2023 թվականի վերջին Վրաստանը վերջապես ստացավ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակը։ Այս ամենն, ըստ երեւույթին, այնքան լրացուցիչ վստահություն հաղորդեց «Երազանքին», որ այն որոշեց բաց չթողնել հարմար պահը եւ ավելի ամրապնդել իշխանությունը՝ առաջ մղելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Իշխող կուսակցությունը հաջող է համարում ներքին ֆոնը։ Վրաստանում ընտրական պատկերը երկար տարիներ չի փոխվել. հասարակությունը խիստ բեւեռացված է։ Իշխանությունն ունի մոտ 30–40% վարկանիշ, սակայն մասնատված ընդդիմությունը շատ ավելի քիչ ժողովրդականություն է վայելում։ Իշխող կուսակցության տրամաբանությունն այն է, որ օրենքի ընդունումը չի վանի իր կողմնակիցներին եւ կարող է բարդացնել հակառակորդների՝ ընդդիմադիր կուսակցությունների եւ Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների կյանքը:

«Երազանքը» պահը հարմար է համարում նաեւ այլ պատճառներով. Նախ՝ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին, եւ այդ ժամանակ վրդովմունքը արդեն մարած կլինի։ Երկրորդը՝ հունիսին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Վրաստանի ազգային հավաքականը, կօգնի հաղթահարել օրենքի ընդունման տհաճ ազդեցությունը։

«Երազանքը» սպառնալիքներ չի ակնկալում նաեւ դրսից։ Բրյուսելն այժմ Թբիլիսիի ժամանակը չունի, եւ դժվար թե որեւէ մեկը Վրաստանից ետ վերցնի ԵՄ-ի թեկնածու երկրի նոր շնորհված կարգավիճակը։ Բացի այդ, Եվրոպան պատրաստվում է հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին։ Իսկ «Երազանքը» դրանցից բարենպաստ արդյունքներ է ակնկալում։

Լուսանկարը` REUTERS


Ի վերջո, ոչինչ չի խանգարում «Երազանքին» այժմ հաստատել նոր կանոններ, «զենք» ստեղծել հակառակորդների դեմ պայքարելու համար, իսկ հետո լռություն պահպանել՝ մինչ ընտրություններ։ Եվ այդ ամբողջ ընթացքում շարունակել ԵՄ-ի հետ բանակցել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Ի վերջո, օրենք ընդունելը մի բան է, իսկ այն կիրառելը՝ այլ բան։

«Երազանքի» ռեւանշը

Օրենքը առաջ մղելու մեջ նկատելի են նաեւ անձնական դրդապատճառներ։ «Վրացական երազանքը» հիշաչար կուսակցություն է։ 2023 թվականի գարնանն այն արդեն փորձել էր ընդունել այս օրենքը։ Զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում օրինագիծը ստիպված էին հետ կանչել։ Սակայն անցյալ տարվա եւ այսօրվա  իրավիճակի միջեւ կարեւոր տարբերությունն այն է, որ այն ժամանակ ԵՄ-ն դեռ չէր որոշել Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ։

Այժմ օրինագիծը կրկին ներկայացվել է` առանց որեւէ էական փոփոխությունների։ Դա խոսում է այն մասին, որ անցյալ տարվա ֆիասկոն խայթել էր իշխող կուսակցությանը, եւ այժմ նա որոշել է փոխհատուցել նվաստացումը ավելի վստահ դիրքից։ Հակառակ դեպքում նա գոնե կձեւացներ, թե փորձում է օրենքն ավելի ընդունելի դարձնել ընդդիմախոսների համար։
Բիձինա Իվանիշվիլին եւ Իրաքլի Կոբախիձեն Բիձինա Իվանիշվիլին եւ Իրաքլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS


Ներկա իրավիճակի մյուս տարբերությունն այն է, որ «Երազանքի»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին կրկին վերադարձել է քաղաքականություն։ Նա բացահայտ աջակցում է օրենքին, ասելով, որ անցյալ տարի այն չընդունվեց միայն այն պատճառով, որ ընդդիմությունը խաբեց հանրությանը եւ դա սպառնում էր երկրի քաղաքական կայունությանը: Սակայն հիմա, վստահ է Իվանիշվիլին, «Երազանքի» հակառակորդները հաջողություն չեն ունենա, իսկ օրենքի ընդունումը կօգնի Վրաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ թույլ չի տալ «գլոբալ պատերազմի կուսակցությանը» երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Օրենքի ընդունման ոդիսականում կարեւոր դեր է խաղում նոր վարչապետ Իրաքլի Կոբախիձեն։ 2024 թվականի սկզբին կառավարության ղեկավարի պաշտոնում նրա նշանակումն առաջինն էր, ինչ արեց Իվանիշվիլին ստվերից դուրս գալուց հետո։ Կոբախիձեն, հավանաբար, Վրաստանի ամենասկանդալային քաղաքական գործիչն է։ Բայց միեւնույն ժամանակ նաեւ շատ հավակնոտ՝ եւ՛ վարչապետ նշանակվելուց առաջ, եւ՛ հետո։ Եթե Իվանիշվիլին ծրագրում է ամրապնդել «Երազանքի» իշխանությունը, ապա Կոբախիձեն հենց այն զինվոր-քաղաքական գործիչն է, որն իրեն պետք է։

Իր քաղաքական կարիերայի ընթացքում Կոբախիձեն Ուկրաինային մեղադրել էր Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ, դեմ էր արտահայտվել ԼԳԲՏ քարոզչությանը եւ երբեք չէր խորշել կեղտոտ հնարքներից հակառակորդների դեմ պայքարում։
Իրաքլի Կոբախիձեն Իրաքլի Կոբախիձեն

Լուսանկարը` REUTERS


Անցյալ տարի զբաղեցնելով «Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնը, նա եռանդով պաշտպանում էր օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այժմ, ստանալով վարչապետի պաշտոնը, Կոբախիձեն վճռական է ցույց տալու, որ բավական ինքնավստահություն ունի սկսածն ավարտին հասցնելու համար։ Այն աստիճան, որ մերժել էր Վաշինգտոն այցելելու հրավերը, քանի որ ամերիկացիները պահանջում էին դադարեցնել նոր օրենքի քննարկումը՝ որպես ուղեւորության նախապայման։

Խաղադրույքների բարձրացումը

Վերջին մի քանի տարիները չափազանց հաջող էին «Վրացական երազանք»-ի համար, թեեւ երբեմն նմանվում էին ճոճանակի: Համավարակի տարիներին, որոնք զգալիորեն խաթարեցին իշխող կուսակցության ժողովրդականությունը, հաջորդեց պատերազմը Ուկրաինայում, որը թույլ տվեց «Երազանքին» հասնել արտաքին քաղաքականության հավասարակշռման նոր բարձունքների։ Վրաստանի իշխանությունները կարողացան միաժամանակ ստանալ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հավելյալ տնտեսության խթան հանդիսացան ռուսաստանցի ռելոկանտների բերած միլիոնները:

Սակայն եթե ուշադիր նայենք «Վրացական երազանքի» գործողություններին, ապա նկատելի է, որ վերջինիս բոլոր հաջողություններն ավելի շուտ արտաքին կոնյունկտուրայի բարենպաստ շրջադարձերի, քան մտածված ռազմավարական որոշումների արդյունք էին։ Օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու երկու փորձերը դրա վառ օրինակն են։

Լուսանկարը` REUTERS


Առաջին ձախողումը ցույց տվեց, որ «Երազանքը» կարող է կոպիտ սխալներ թույլ տալ։ Եվ բոլորովին չի բացառվում, որ այս անգամ էլ նրա հաշվարկները չարդարացվեն։ Ցուցարարներն արդեն ավելի շատ են, քան նախորդ տարի, իսկ բողոքի ակցիաներն ավելի բուռն են։

Օրենքի հակառակորդների աջակցության բազան աճում է։ Ցուցարարներին հյուրընկալում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հանրահավաքները կշարունակվեն ու կմեծանան, դրանց գագաթնակետը դեռ առջեւում է՝ երբ «Երազանքը» պաշտոնապես ընդունի օրենքը։

Իշխանության թե՛ հակառակորդները, թե՛ կողմնակիցները միակարծիք են մի հարցում՝ ԵՄ-ի մաս դառնալու ցանկության մեջ։ Այնպես որ, Բրյուսելի կտրուկ դիմադրությունը նոր օրենքին կարող է լուրջ խնդիրներ ստեղծել «Երազանքի» համար:

ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ նոր օրենքն անընդունելի է եւ խոչընդոտ կդառնա Վրաստանի եվրաինտեգրման համար։ ԵՄ-ի արձագանքը կարող է էլ ավելի կոշտանալ, քանի որ «Երազանքն» ապացուցում է, որ եթե իրեն չճնշեն, այն արագ շրջվում է դեմոկրատական ընթացքից։

Լուսանկարը` REUTERS


«Երազանքին», որը մինչեւ վերջերս դատապարտված էր հերթական հաղթանակի ընտրություններում, անցյալ տարվա սխալը կրկնելու վտանգ է սպառնում: Այս անգամ խաղադրույքներն ավելի բարձր են, ինչը նշանակում է, որ արդյունքը կարող է ավելի դրամատիկ լինել: Ընտրությունը «Վրացական երազանքի» համար հեշտ չէ։ Օրենքը կրկին հետ կանչելը նշանակում է ավելի մեծ նվաստացում, քան մեկ տարի առաջ։ Չկանչելը՝ վտանգի կենթարկի երկրի եվրոպական ապագան եւ դրա հետ մեկտեղ՝ իշխանությունը։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին