5/10/15. «Երազանք-պատրանքներ», Կազանին ընդառաջ, Ալիեւի «տղայությունը» - Mediamax.am

exclusive
3412 դիտում

5/10/15. «Երազանք-պատրանքներ», Կազանին ընդառաջ, Ալիեւի «տղայությունը»


Արազ Ազիմովը
Արազ Ազիմովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 8-ին
Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 8-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը եւ Միրոսլավ Լայչակը 2011թ. հունիսի 10-ին
Սերժ Սարգսյանը եւ Միրոսլավ Լայչակը 2011թ. հունիսի 10-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին
Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին
Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-13

 

«Չպետք է լուծվի երազանքների եւ պատրանքների հիման վրա»

 

Հունիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «այս փուլում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է հայկական կողմի զբաղեցրած դիրքից»:

 

Նա նշել էր, որ «հակամարտությունը պետք է լուծել ոչ թե երազանքների եւ պատրանքների հիման վրա, այլ միջազգային իրավունքի իրական նորմերի շրջանակներում»:

 

«Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի զավթման հետ, բայց մենք մտադիր ենք մինչեւ վերջ օգտագործել խնդիրը խաղաղ կարգավորելու հնարավորությունները»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը իր լիտվացի պաշտոնակից Վալդաս Ադամկուսի հետ համատեղ մամլո ասուլիսում:

 

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն Իլհամ Ալիեւն անվանել էր «մեծ մարդասիրական աղետ եւ անարդար իրավիճակ, որը կարող է հանգեցնել մեծ բացասական հետեւանքների»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-13

 

Կազանի հանդիպմանն ընդառաջ

 

Հունիսի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ստեփանակերտում հայտարարել էին ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման անհրաժեշտության մասին` խաղաղ համաձայնագրի նախագծի նախապատրաստման համար:

 

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել էր, որ մոտ օրերս կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել վերջին ձեւակերպումները, որոնք կներկայացվեն Կազանում հունիսին 25-ին կայանալիք նախագահների հանդիպմանը:   

Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Հունիսի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «մոտ է հաջողության», եւ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը դրա վկայությունն է:

 

«Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք եւ պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիր, որը հիմք կհանդիսանա հետագա բանակցությունների համար»,- նշել էր Հայաստանի վարչապետը:

Արազ Ազիմովը Արազ Ազիմովը

Լուսանկարը` ԵԱՀԿ

Նույն օրը Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն ասել էր, որ առանձնահատուկ լավատեսությամբ լցված չէ Կազանում կայանալիք հանդիպման նախօրեին:

 

«Ես այդքան էլ լավատեսորեն չեմ վերաբերվում Կազանի հանդիպմանը: Այնտեղ չեմ ակնկալում հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի ստորագրում, սակայն ակնկալում եմ առավել հստակություն կարեւորագույն հարցերի վերաբերյալ», - Reuters-ին ասել էր Արազ Ազիմովը:   

 

Նա նշել էր, որ «Ադրբեջանը պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել»: Ազիմովն ասել էր, որ «մենք միջազգային իրավունքի սկզբունքերից ավելին չենք ցանկանում, սակայն ավելի քչին էլ համաձայն չենք»:   

 

Հունիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «մենք պետք է օգտագործենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերջին շանսը»:

 

«Նախկինում, երբ որոշակի փուլում կողմերի դիրքորոշումներում մերձեցում էր նկատվում, հայկական կողմը նահանջում էր: Կարծում եմ, որ այսօր քննարկվող տարբերակը` դա վերջին հնարավորությունն է: 19 տարիների ընթացքում քննարկվել եւ փորձարկվել են տարբեր տարբերակներ: Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման արդյունքում մեզ այդպես էլ չհաջողվեց հասնել խաղաղ որոշման: Հիմա մենք պետք է օգտագործենք վերջին շանսը», - հայտարարել էր Ալիեւը:

 

«Հայաստանի համար անիմաստ է անդամակցել»

 

Հունիսի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի համար անիմաստ է անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի  մաքսային միությանը:

 

Հանդես գալով Վիեննայում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» նիստում, վարչապետը հիշեցրել էր, որ Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է 2003 թվականից եւ երկրում իրականացվում է արտահանման, ներկրման, հարկային բավական ազատական քաղաքականություն:

Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին Տիգրան Սարգսյանը 2011թ. հունիսի 9-ին

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Անիմաստ է անդամակցել մաքսային միությանը, որի հետ մենք չունենք ընդհանուր սահման: Եթե մենք մաքսային միության հետ պետք է շփվենք երրորդ երկրների միջոցով եւ անցկացնենք մաքսային բոլոր գործողությունները, ոչ մի տնտեսական օգուտ դրանից չենք ունենա: Ավելին, մենք ստիպած կլինենք վերանայել մեր բոլոր մաքսային տուրքերը՝ համապատասխանեցնելով դրանք Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի սահմանած մաքսատուրքերին», - ասել էր վարչապետը։

 

 «Ապագայի մեր տեսլականը մենք ամբողջովին կապում ենք ԵՄ-ի հետ»

 

Հունիսի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ

«Եվրամիության հետ մերձեցումը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարեւորագույն խնդիրներից մեկը»:

Սերժ Սարգսյանը եւ Միրոսլավ Լայչակը 2011թ. հունիսի 10-ին Սերժ Սարգսյանը եւ Միրոսլավ Լայչակը 2011թ. հունիսի 10-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Եվրամիության հետ մերձեցումն ու համագործակցությունն անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարեւորագույն խնդիրներից մեկը եւ աստիճանաբար  առավել կարեւորություն է ստանում: Մենք գիտակցում ենք, որ դա փոխադարձ շահավետ գործընթաց է, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները, ընդհանրապես` ապագայի մեր տեսլականը մենք ամբողջովին կապում ենք այդ համագործակցության հետ»,-նշել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-13

 

Եվրոպայի Խորհրդը հորդորում է Բաքվին

 

Եվրոպայի Խորհրդի՝ ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովը (ECRI) իր հունիսի 7-ին հրապարակած զեկույցում մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության շարունակական քարոզչության կապակցությամբ:

 

 «Քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են օգտագործել ատելություն սերմանող լեզու հայերի նկատմամբ: Ադրբեջանի մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այս ատելության հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված գործընթացում ներգրավված ակտիվիստները հակասական մեղադրանքներով ձերբակալվել են»,- ասված էր ԵԽ հանձնաժողովի զեկույցում:

 

Զեկույցի հեղինակները նշել էին, որ 2012թ. հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ազատ արձակելն ու հերոսացնելը ռասայական հանցագործությունների իրականացման համար անպատժելիության մթնոլորտ են խրախուսում:

 

ԵԽ հանձնաժողովը հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել մշտական ատելության քարոզին, եւ խրախուսել փոխըմբռնման եւ վստահության կառուցման մթնոլորտը:  

 

Ալիեւի «տղայությունը»

 

Հունիսի 8-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հույս էր հայտնել, որ Իլհամ Ալիեւը մտադիր չէ վիժեցնել Վիեննայի պայմանավորվածությունները:

 

Հայաստանի նախագահն իր մտահոգությունն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ»:

Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 8-ին Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 8-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձեւավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին