5/10/15. Սպանություն Լոռիում, «միլիարդանոց նախագծեր», Ազնավուրի աստղը - Mediamax.am

exclusive
16340 դիտում

5/10/15. Սպանություն Լոռիում, «միլիարդանոց նախագծեր», Ազնավուրի աստղը


Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 2017թ. օգոստոսի 24-ին
Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 2017թ. օգոստոսի 24-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 2017թ. օգոստոսի 23-ին
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 2017թ. օգոստոսի 23-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-28

Դատախազի սպանությունը Վանաձորում

Օգոստոսի 25-ի գիշերը Վանաձորում սպանվել էր Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։

Օգոստոսի 25-ին Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն հայտարարել էր, որ «այս ոճրագործությունը, որն ուղղված է ոչ միայն  դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի, այլեւ ամբողջ իրավապահ համակարգի դեմ, խստիվ դատապարտելի է եւ էլ ավելի վճռական է դարձնելու իրավապահների պայքարը հանցավորության դեմ»։

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-28

«Առանցքային» պայմանագրի 20-ամյակը

Օգոստոսի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակի մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ»:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 2017թ. օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 2017թ. օգոստոսի 23-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել էր, որ 2017-ին լրացել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ «օգոստոսի 29-ին կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը»:

«Միլիարդանոց նախագծեր»

Օգոստոսի 24-ին Երեւանում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են եւ բազմաշերտ։

«Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, եւ մենք շահագրգռված ենք մեր երկրների միջեւ հարաբերությունների ակտիվ զարգացմամբ, ինչի համար կան բոլոր հնարավորությունները», - ասել էր Հայաստանի նախագահը։
Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 2017թ. օգոստոսի 24-ին Սերժ Սարգսյանն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 2017թ. օգոստոսի 24-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետեւում կանգնած են ժամանակակից արտադրությունը եւ նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, եւ մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Ֆուկույամա. «Հայաստանի ամենամեծ խնդիրներից է պետության որակը»

Ամերիկացի գրող, փիլիսոփա եւ քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի կարծիքով, «Հայաստանի ամենամեծ խնդիրներից են պետական ինստիտուտները եւ պետության որակը»:

«Երկրի համար լրջագույն վտանգ են ներկայացնում կոռուպցիան եւ հովանավորչությունը: Ռուսաստանին հետ սերտ կապերը չեն օգնում լուծել այդ խնդիրները, քանի որ այնտեղ եւս նույն համակարգն է գործում: Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարող են առանցքային դեր խաղալ՝ ձեր երկիր բերելով այլընտրանքային արժեքներ, գաղափարներ եւ փորձառություն, ինչն, անկասկած, կնպաստի Ռուսաստանի ազդեցության հավասարակշռմանը»,- ասել էր քաղաքագետը՝ օգոստոսի 24-ին The Armenian Interest վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված հարցազրույցում:

«Հայ ժողովրդի սերուցքը»   
 
Օգոստոսի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «Զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է»:

Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել էր ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար։ Այստեղ, ուր թեւածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլեւ մեր պետականության հարատեւությունն ապահովելու պատասխանատվությունը», - ասել էր Հայաստանի նախագահը:

 «Ջերմորեն ողջունում եմ ձեր ջանքերը»

Օգոստոսի 25-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ողջունել էր կառավարության ջանքերը
կոռուպցիայի դեմ պայքարի եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղությամբ:

«Ես ջերմորեն ողջունում եմ  կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը: Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին եւ խորացնել երկկողմ առեւտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին», - ԱՄՆ դեսպանի խոսքերը մեջբերել էր կառավարության մամուլի ծառայությունը:

Ռիչարդ Միլսն ասել էր, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված:

Կարեն Կարապետյանը նշել էր, որ հաճելի է կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։

«Սակայն այս ուղղություններով դեռեւս շատ անելիքներ ունենք եւ բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ դա անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել էր վարչապետը:

Շառլ Ազնավուրի աստղը

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել էր Շառլ Ազնավուրի պատվո աստղը:



Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին