5/10/15. Սաֆարովի վերադարձը Բաքու, Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումը - Mediamax.am

exclusive
13645 դիտում

5/10/15. Սաֆարովի վերադարձը Բաքու, Վարդենիս-Մարտակերտ մայրուղու բացումը


Սերժ Սարգսյանը՝ դեսպանների հետ հանդիպմանը 2012թ. օգոստոսի 31-ին
Սերժ Սարգսյանը՝ դեսպանների հետ հանդիպմանը 2012թ. օգոստոսի 31-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում 2012թ. օգոստոսի 31-ին
Սերժ Սարգսյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում 2012թ. օգոստոսի 31-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Բողոքի ակցիա Բուդապեշտում
Բողոքի ակցիա Բուդապեշտում

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4

Քոչարյանը շնորհավորել է Գյուլին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Աբդուլահ Գյուլին Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, օգոստոսի 29-ին հայտնել էր նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ժամանակը դեռ չի եկել»
 
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման ժամանակը դեռ չի եկել»։

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին, նա նշել էր.

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը եղել եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցում։ Դա պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այն կունենա ամենամեծ արդյունավետությունը եւ կնպաստի հարցի վերջնական լուծմանը։ Այդ ժամանակը դեռ չի եկել»։

Սեպտեմբերի 2-ին հանդես գալով Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նոր շենքի բացման արարողությանը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, որ ԼՂՀ կայացել է որպես անկախ հանրապետություն: Նա ընդգծել էր, որ «չկա ոչ մի կասկած, որ ԼՂՀ կճանաչվի միջազգային հանրության կողմից»։

Տիգրան Թորոսյանը ԼՂՀ հռչակումն անվանել էր «մեծ հրաշք», որը կգնահատվի ժամանակի ընթացքում: «Այսօր մենք ունենք հսկայական ներուժով երկու պետություն, ինչի մասին նախկինում երազել անգամ չէինք կարող»,- ասել էր Տիգրան Թորոսյանը:

• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4

Սաֆարովի վերադարձը Բաքու եւ ներման շնորհումը

Օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը  վերադարձվել էր Ադրբեջան, որտեղ նրան անմիջապես ներում էր շնորհել նախագահ Իլհամ Ալիեւը:


2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա, 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էր անգլերենի եռամսյա դասընթացների, դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Առավոտյան ժամը 5-ին Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել եւս մեկ հայ սպայի, սակայն այդ փորձը կանխվել էր: 2006թ ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման:

Օգոստոսի 31-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ արտակարգ խորհրդակցություն՝ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ:
Սերժ Սարգսյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում 2012թ. օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանը՝ Անվտանգության խորհրդի նիստում 2012թ. օգոստոսի 31-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ազգային անվտանգության խորհրդի նիստում, նախագահը, մասնավորապես, ասել էր.

«Հունգարիայի իշխանությունները պետք է հասկական, որ կոպիտ սխալ են կատարել: Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, եւ որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ: Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք»:



Դեսպանների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը»:

«Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարեւոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, եւ մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում եւ խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում եւ ազատության մեջ», - ասել էր նախագահը։
Սերժ Սարգսյանը՝ դեսպանների հետ հանդիպմանը 2012թ. օգոստոսի 31-ին Սերժ Սարգսյանը՝ դեսպանների հետ հանդիպմանը 2012թ. օգոստոսի 31-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Օգոստոսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը ասել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ազդակ էր ստացել այն մասին, որ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Ադրբեջան տեղափոխել Սաֆարովին:

Նա նշել էր, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո ԱԳՆ-ն քայլեր էր ձեռնարկել պաշտոնական եւ այլ մակարդակներով այն ճշտելու համար` հանդիպումներ անցկացնելով ամենատարբեր մակարդակներում: Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ այդ հանդիպումների արդյունքում եւ մինչեւ վերջին պահը հայկական կողմը հավաստիացումներ էր ստացել այն մասին, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում:

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիետորն ասել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «խորապես մտահոգված» է այն հայտարարությամբ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին` վերջինիս Հունգարիայից վերադառնալուց հետո:

«Մենք տեղեկացնում ենք Ադրբեջանի իշխանություններին, որ հիասթափված ենք Սաֆարովին ներում շնորհելու որոշումից: Այդ քայլը հակասում է տարածաշրջանային լարվածության կրճատմանն ու հաշտեցմանն ուղղված շարունակվող քայլերին: ԱՄՆ-ը նաեւ բացատրություններ է հայցել Հունգարիայից` Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման առնչությամբ», - ասել էր Թոմի Վիետորը:
Բողոքի ակցիա Բուդապեշտում Բողոքի ակցիա Բուդապեշտում

Լուսանկարը` REUTERS


Սեպտեմբերի 3-ին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ «Ադրբեջանի իշխանությունների՝ Հունգարիայից վերադարձրած հայ սպայի սպանություն գործած հանցագործին ներում շնորհելու եւ պատասխանատվությունից ազատելու որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ կասկածի տակ է դնում  հանցագործությանը հակազդելու միջպետական համակարգի կարողությունը»:

«Ավելին, հանցագործի հերոսացումը միայն կաջակցի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի իր օբյեկտիվ գնահատականը պատահածին»,- ասել էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:
Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւվիչն ասել էր, որ «Ռուսաստանում խորը մտահոգություն են առաջացրել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի համաներման մասին հաղորդագրությունները»:

«Կարծում ենք, որ ադրբեջանական, ինչպես եւ հունգարական իշխանությունների նման գործողությունները հակասում են միջազգայնորեն համաձայնեցված ջանքերին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության նվազմանը: Մենք նաեւ ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատականը մոտ ապագայում կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել էր ռուսաստանցի դիվանագետը:

Սեպտեմբերի 4-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսն դատապարտել էր այն փաստը, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը փառաբանվում եւ պարգեւատրվում է Ադրբեջանում:  

«Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Ռասիստական կամ էթնիկ ատելության հողի վրա կատարված բռնի գործողությունները հանցագործությունների առավել վտանգավոր ձեւերն են հանդիսանում: Բացի զոհերի եւ նրանց հարազատների վրա ավերիչ ազդեցությունից, դրանք կարող են կործանարար լինել ամբողջ հասարակության համար: Պետությունները պարտավոր են կիրառել պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր հանցանք են գործել այդ հողի վրա», - նշվում էր Մույժնիեկսի հայտարարության մեջ:

• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացումը

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա էին գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ճանապարհը կառուցվել էր համայն հայության նվիրատվություններով, մասնավորապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 եւ 2014 թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգեւ Սրբազանի հետ այցելել են նաեւ Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին