5/10/15. Խնդրի «կորիզը», միջին դասի օրակարգը, «կրակի հետ խաղը» - Mediamax.am

exclusive
3749 դիտում

5/10/15. Խնդրի «կորիզը», միջին դասի օրակարգը, «կրակի հետ խաղը»


Իլհամ Ալիեւը եւ Ջորջ Բուշը Վաշինգտոնում 2006թ. ապրիլի 28-ին
Իլհամ Ալիեւը եւ Ջորջ Բուշը Վաշինգտոնում 2006թ. ապրիլի 28-ին

Լուսանկարը` REUTERS

Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

Ռենե Վան դեռ Լինդենը
Ռենե Վան դեռ Լինդենը

Լուսանկարը` REUTERS

Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալբանդյանը
Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Թերի Դեւիսը
Թերի Դեւիսը

Լուսանկարը` REUTERS

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26- ՄԱՅԻՍԻ 2

 

«Առանց  խնդրի կարգավորման հնարավոր չէ»

 

Ապրիլի 26-ին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը:

Թերի Դեւիսը Թերի Դեւիսը

Լուսանկարը` REUTERS

«Սա, իրոք, շատ կարեւոր խնդիր է: Սակայն այն երկրորդական բնույթ է կրում, եւ ընդամենը խնդրի եզրն է: Պետք է զբաղվել կենտրոնական խնդրով, եւ մենք գիտենք, որ դա Լեռնային Ղարաբաղի ապագան է: Այնպես որ, եկեք զբաղվենք խնդրի էությամբ, եւ ոչ թե պտտվենք նրա շուրջ», - ասել էր Թերի Դեւիսը:

 

«Ադրբեջանի էներգապաշարները կարող են ձեռքբերել համաշխարհային նշանակություն»

 

Ապրիլի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել էր, որ իր երկրի էներգապաշարները կարող են ձեռքբերել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ եվրոպական եւ նույնիսկ համաշխարհային նշանակություն:

 

Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, նա ասել էր.

 

«Որքան էլ կարեւոր են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթա- եւ գազատարերը, նրանք գլխավորապես ունեն տարածաշրջանային նշանակություն»:

Իլհամ Ալիեւը եւ Ջորջ Բուշը Վաշինգտոնում 2006թ. ապրիլի 28-ին Իլհամ Ալիեւը եւ Ջորջ Բուշը Վաշինգտոնում 2006թ. ապրիլի 28-ին

Լուսանկարը` REUTERS

Խոսելով գազի արտահանման մասին` Ալիեւն ասել էր, որ Ադրբեջանը ի սկզբանե տեսել է իր շուկան Թուրքիայում եւ Վրաստանում, իսկ Եվրոպայի վերաբերյալ «հույս էլ չուներ»:  «Այժմ ԵՄ ներկայացուցիչները դիմում են մեզ` Եվրոպային գազով ապահովման գծով ապագա համագործակցության առումով: Մեզ համար սա նոր հարց է, մենք երբեք այն լրջորեն չենք դիտարկել: Եթե զբաղվելու ենք դրանով ապագայում, ապա պետք է դա անենք միասին` Ադրբեջանը, գազային ընկերությունները եւ Եվրամիությունը»:

 

«Մենք շատ ուրախ կլինենք, եթե ԱՄՆ-ն էլ դրան միանա», - հավելել էր Ադրբեջանի նախագահը:

 

«ԵԽ-ում անդամակցությունը կավարտվի»

 

Ապրիլի 29-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեռ Լինդենը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ սկսվելու դեպքում, «անհնարին կդառնա այն երկրների անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին, որոնք փորձում են լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով»:

Ռենե Վան դեռ Լինդենը Ռենե Վան դեռ Լինդենը

Լուսանկարը` REUTERS

Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները,  ԵԽԽՎ նախագահն ասել էր.

 

«Նրանք պետք է իմանան, որ եթե ի վերջո որոշեն զենք օգտագործել, ապա դրանով իսկ վերջ կդրվի նրանց անդամակցությանը Եվրոպային Խորհրդին: Սակայն ես համոզված եմ, որ ոչ ոք նման վարքագիծ չի դրսեւորի»:

 

•      10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26 – ՄԱՅԻՍԻ 2

 

Նոր օրակարգ՝ միջին դասի կայացման համար

 

Ապրիլի 26-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր նոր օրակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին` «Հայաստանում միջին դասի կայացման խոչընդոտները հաղթահարելու նպատակով»:

 

Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «այսօր Հայաստանում միջին դասը ձեւավորում են մտավորականները»: Միաժամանակ, նրա խոսքերով, հայաստանյան մտավորականության մեծ մասը՝ գիտնականները, բժիշկները, ուսուցիչները, մշակույթի գործիչները, հասարակության ամենաքիչ վարձատրվող ներկայացուցիչներն են, եւ նրանց զգալի մասն ապրում է աղքատության մեջ:

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Սակայն նրանց ինքնաընկալումը` որպես միջին խավ, որոշվում է ոչ թե մասնավոր սեփականության առկայությամբ, այլ հասարակական-մասնագիտական հեղինակության մակարդակով»,- ասել էր Հայաստանի վարչապետը:

 

Տիգրան Սարգսյանը հայտարարել էր,  որ նյութապես ապահովված մարդիկ աստիճանաբար ձեւավորում են սակավաթիվ, սակայն հետզհետե ավելացող խումբ Հայաստանի բնակչության կազմում: «Սակայն կարո՞ղ է արդյոք կաշառք վերցնող պաշտոնյան կամ կաշառք տվող ձեռնարկատերը (կամ ով ստիպված է այն տալ) համարվել միջին դաս` այդ բառի խիստ հասարակական-քաղաքական նշանակությամբ»,- հարցրել էր Տիգրան Սարգսյանը:  

 

Կառավարության ղեկավարն ասել էր, որ եթե ներկայիս հայ հասարակությանը պակասում է կայունությունն ու ինքնավստահությունը, դա «այն պատճառով չէ, որ այնտեղ քիչ են «միջինները». պատճառն այն է, որ այնտեղ չկա կառույց, որը հասարակական մեկ ամբողջության մեջ կմիավորեր տարբեր մասնագիտությունների, շերտերի եւ ունեցվածքի մարդկանց, կսահմաներ սոցիալական գործողության իրավական ու բարոյական շրջանակները»:

 

Տիգրան Սարգսյանն ասել էր, որ եվրոպական փորձը ցույց է տալիս, որ անցումային հասարակություններում միջին դասի ձեւավորման գործընթացը շարունակվում է շուրջ 10 տարի:

 

ԵՄ-ն «խիստ մտահոգված է»

 

Ապրիլի 29-ին ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում հայտարարել էր, որ «խիստ մտահոգված է ուժի գործադրման մասին հայտարարություններով»:

Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալբանդյանը Շտեֆան Ֆյուլեն եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Բոլոր կողմերին պետք է պարզ լինի, որ խնդրի լուծման ռազմական եղանակն անթույլատրելի է», - ասել էր Ֆյուլեն:

 

•     5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26 – ՄԱՅԻՍԻ 2

 

Զինվորականների պաշտոնանկություններ

 

Ապրիլի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալիկ Միրզաբեկյանն ազատվել էր պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

 

Մեկ այլ հրամանագրով աշխատանքից ազատվել էր Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ

Կարապետյանը, իսկ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը՝ ԶՈՒ կապի զորքերի պետ–կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։

 

Ավելի քան 550 արկ

 

Ապրիլի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը սկսել էր ինտենսիվ հրետակոծություններ:

 

Ադրբեջանական զինուժը ականանետերից, թնդանոթներից ու Գրադ կայանքներից Արցախի դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել էր ավելի քան 550 արկ:

 

Հրետակոծության էին ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

 

 «Հայաստանը կրակի հետ է խաղում»

 

Ապրիլի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Հայաստանը կրակի հետ է խաղում»:

 

«Հայաստանը կրակի հետ է խաղում: Ավելի քան 100 հազար հայ է ապրում Թուրքիայում,  որոնցից ոմանք անգամ այստեղ բնակության թույլտվություն չունեն: Թուրքիան հանդուրժել է այս իրավիճակը, եւ այս քայլերը ցույց են տվել, թե որքան բարեկամական է Թուրքիան եղել: Այսուամենայնիվ, Հայաստանը ընդունակ չէ տեսնելու դա»,- հայտարարել էր Էրդողանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը շփման գծում ընթացող մարտերում իբրեւ առավելության էր հասել, եւ անգամ Ռուսաստանը չի կարող ակնհայտ կերպով օգնել Հայաստանին:

 

«Բնակչության, զորքերի թվաքանակի եւ այլ հնարավորությունների առումով Ադրբեջանն ավելի հզոր է, քան Հայաստանը: Ադրբեջանը բացառիկ է, այն տարբերվում է Վրաստանից եւ Ուկրաինայից: Ռուսաստանը չկարողացավ հասնել իր ակնկալած արդյունքներին Ուկրաինայում եւ որոշ արդյունքների հասավ միայն Ղրիմում»,- ասել էր Էրդողանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին