5/10/15. Կանխված մահափորձը, Գիլանը Գյումրիում, խնդիրներ ՀԱՊԿ-ում - Mediamax.am

exclusive
8355 դիտում

5/10/15. Կանխված մահափորձը, Գիլանը Գյումրիում, խնդիրներ ՀԱՊԿ-ում


Բեռնար Ֆասյեն` իր ամերիկացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ
Բեռնար Ֆասյեն` իր ամերիկացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ

Լուսանկարը` ԵԱՀԿ

Ուիլյամ Բըրնսը
Ուիլյամ Բըրնսը

Լուսանկարը` The Washington Times

Իէն Գիլանը` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը
Իէն Գիլանը` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը

Լուսանկարը` PanPhoto

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստին Սոչիում
Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստին Սոչիում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23

 

Մահափորձ Սերժ Սարգսյանի դ՞եմ

 

Սեպտեմբերի 17-ին «Հայոց աշխարհ» թերթը՝ վկայակոչելով լավատեղեկյակ աղբյուրները, գրում էր, որ հատուկ ծառայությունները կանխել են մահափորձը ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ:

 

Թերթը գրում էր, որ այդ տեղեկատվության «անուղղակի հաստատումն» էր Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, «որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են նախկինում դատապարտված Լեւոն Աբրահամյանի հանցավոր գործունեությունը`պայթուցիկ սարք օգտագործելով ծանր հանցագործություն պատրաստելու փուլում:

 

«Հայոց աշխարհի» տեղեկություններով, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լեւոն Աբրահամյանը ձերբակալված էր 1998 թվականին Իրանի քաղաքացի Վարուժան Անդրեասյանին առեւանգելու մեղադրանքով: Անդրեասյանի ազատ արձակման համար Լեւոն Աբրահամյանը պահանջում էր $ 100,000 փրկագին:

 

«8 տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Աբրահամյանը ոչ միայն ազատ էր արձակվել, այլեւ Սերժ Սարգսյանի վրա մահափորձ էր նախապատրաստում», - գրում էր «Հայոց աշխարհը»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23

 

 «Ավելի շատ ճկունություն ու հնարամտություն»

 

Սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն Ստեփանակերտում ասել էր, որ ԼՂ կարգավորման գործընթացը շարունակվում է Մադրիդյան առաջարկությունների հիման վրա, եւ «անհրաժեշտ է ամրապնդել եռամյա աշխատանքի արդյունքները»:

Բեռնար Ֆասյեն` իր ամերիկացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ Բեռնար Ֆասյեն` իր ամերիկացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ

Լուսանկարը` ԵԱՀԿ

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ասել էր, որ Միացյալ Նահանգները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի համոզեն ԼՂ հակամարտության կողմերին «բանակցությունների ընթացքում ցուցաբերել ավելի մեծ ճկունություն եւ հնարամտություն»:

Ուիլյամ Բըրնսը Ուիլյամ Բըրնսը

Լուսանկարը` The Washington Times

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման համար, որը կբխի մեր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից եւ կներառի միջազգային իրավունքի ու դիվանագիտական փորձի այլ սկզբունքներ»,- ասել էր Ուիլյամ Բերնսը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23

 

«Երաժշտության վերածնունդը» Գյումրիում

 

Սեպտեմբերի 20-ին Գյումրիում կայացավ թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացումը, որը կառուցվել էր Մեդիամաքս-ի, Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում:

 

Դպրոցի բացման միջոցառման մասնակցել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը եւ Do Something կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին:

 

Մոտենալով շենքին, Իէն Գիլանն ասաց, որ տեսնելով դպրոցը՝ «աչքերումս արցունքներ հայտնվեցին»: «Արդեն լսում եմ այն երաժշտությունը, որը կհնչի դպրոցում: Մեզ հաջողվեց վերածնել երաժշտությունը», - ասել էր Իէն Գիլանը:

Իէն Գիլանը` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը Իէն Գիլանը` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը

Լուսանկարը` PanPhoto

Խնդիրներ ՀԱՊԿ-ում

 

Սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստին հայտարարել էր, որ Հայաստանը ճիշտ չի համարում, երբ ՀԱՊԿ անդամ առանձին պետություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք հակասում են կազմակերպության որոշումներին:

 

Սերժ Սարգսյանը նշել էր, որ ՀԱՊԿ բազմաթիվ փաստաթղթերում, մասնավորապես, 2012 թ. ընդունված Մոսկովյան հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքների, մասնավորապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության հիման վրա»:

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստին Սոչիում Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստին Սոչիում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Վերջին տարիներին ընդունվել են փաստաթղթեր (ՀԱՊԿ անդամ որոշ երկրների մասնակցությամբ), այդ թվում նաեւ նախագահական մակարդակով, որոնց մեջ ընտրովի, ի վնաս այլ սկզբունքների, առանձնացվում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Նա ընդգծում էր, որ ՀԱՊԿ-անդամ առանձին պետությունների նման դիրքորոշումը հատկապես անընդունելի է «Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության լույսի ներքո, երբ վերջինս անընդմեջ սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ ուժի կիրառմամբ»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին