Ղարաբաղсhina - Mediamax.am

Ղարաբաղсhina
3859 դիտում

Ղարաբաղсhina


Դա 2007-ի ամռանն էր: Ես արդեն ապրում էի Մոսկվայում եւ կանխազգում էի, որ ավարտում եմ հեռուստատեսային կարիերաս: Եվ քանի որ արձակուրդի Երեւանում էի եկել, որոշեցի վերջին նյութը պատրաստել Ղարաբաղի մասին, որտեղից էլ սկսվել էր իմ մասնագիտական ուղին: Իմ անբաժան ընկեր` օպերատոր Հովիկ Հակոբյանի հետ մեկնեցի Ղարաբաղ: Եզրափակիչ դրվագը` ղարաբաղյան էշի հուշարձանը, մենք նկարահանում էինք Վանք գյուղում, որից հետո որոշեցինք ճաշել տեղի "Titanik" նավանման հյուրանոցում: Այն գտնվում էր փոքրիկ գետակի ափին: Ափը ակոսված էր սալաքարերով: Երեխաները ծփում էին մի քանի խոր լողավազաններում, իսկ ջրի մոտ դրված էին պառկելաթախտեր: Մենք ընթրում էինք պատշգամբում: Հովիկը մենյուն էր ուսումնասիրում.

- Ո՞նց թե, - զարմացավ նա:
- ՞:
- Չինական խոհանոց: Հետաքրքիր է.... Մատուցո՛ղ:

«Գարսոնը» հաստատեց դա եւ ասաց, որ ճաշերը պատրաստում է չինացի խոհարարը, իսկ նրան օգնում են իր հայրենակիցները:

- Նրանցից մեկն իր ընկերուհին է: Նրանք արդեն մեկ ու կես տարի է այստեղ են,- հայտնեց մեզ ղարաբաղյան շրջանին ոչ բնորոշ՝ գելով ամրացված պճնագեղ մազափնջով մեր մատուցողը:

Հովիկը պատվիրեց «գումբաո», իսկ ես` պարզ «լուլյա»: Մինչ սպասում էինք պատվերին, ուսումնասիրում էինք մերձակայքը: Լեռնային գետակը այնքան քնքուշ էր քչքչում, որ ես այդ աուդիոէֆեկտը չէի փոխի ոչ մի շանսոնի հետ: Քամին շարժեցնում էր ծառերի սաղարթները, եւ գետակի մեղեդին hամահունչ էր տերեւների աղմուկին: Հարեւան սեղանի մոտ նստեց մատուցողի տարազով մի աղջիկ: Ես ենթադրեցի, որ դա շեֆ-խոհարարի ընկերուհին է.

- Բարեւ, Գայանե, ո՞նց ես, լա՞վ ես,- դիմեց նրան պատշգամբի կողքով անցնող մի դեռահաս` կարթաձողը ուսին:
- Դու լավ լինես:

Նա սարսափելի չինական առոգանությամբ բարեհամբյուր պատասխանեց ողջույնին: Հասկացա, որ չեմ սխալվել իմ ենթադրությունների մեջ: Գայանեն հայկական անուն է, որը, ըստ ամենայնի, համահունչ է իր իսկական անվան հետ:

Բերեցին մեր ճաշատեսակները: Ճաշի որակը ինձ բավարարեց, իսկ Հովիկը, որը չինական խոհանոցի գիտակ է, հիասթափված էր:
- Սա ոչ թե “գումբաո” է, այլ հայտնի չէ, թե ինչ:

Ես թափ տվեցի ուսերս:

- Մատուցո՛ղ, - բղավեց նա:
- Լսում եմ ձեզ:
- Սա այն չէ, ինչ ես պատվիրել էի: Դուք երբեւիցե կերե՞լ եք “գումբաո”:
- Ո՛չ…
- Իսկ ես գիտեմ, դա ինչ է , եւ շատ անգամ կերել եմ Չինաստանում: Սա ո՞վ է պատրաստել :
- Ես ամեն ինչ կփոխանցեմ շեֆ-խոհարարին:
Մեզ մոտեցավ մի չինացի եւ բարեւեց… մարտակերտի բարբառով:

- Ի՞նչ, - զարմացավ Հովիկը:

Դա զարմանալի չէր: Օրինակ, “անձրեւ է գալիսը” Ղարաբաղում հնչում է որպես “տորա կյամ”: Ընդ որում, շրջանի հյուսիսում, որտեղ մենք գտնվում էինք, տեղական բարբառը տարբերվում է նույնիսկ Ստեփանակերտի բարբառից: Այս ամենն օտար չէր ինձ համար: Պատերազմի տարիներին ղարաբաղյան իմ այցելությունների մեծ մասը ես անցկացրել եմ հենց Մարտակերտի շրջանում: Բացի այդ, ես միշտ ձգտել եմ թեկուզ մակերեսորեն սովորել շփման միջավայրի լեզուն:

- Նա բարեւեց քեզ, - թարգմանեցի Հովիկին:
- Hi! Do you speak English? – նա փորձեց շարունակել զրույցը:

Չինացին ամոթխած ժպտաց եւ տարածեց ձեռքերը:
- Այս կերակրատեսակը սխալ է պատրաստված, - ռուսերենով իր գաստրոնոմիկ պահանջները արտահայտեց Հովիկը:

Չինացին նորից անմեղ ժպտաց: Հովիկը կրկնեց ասածը հայերեն. չինացին մեղավոր թափ տվեց աչքերը եւ թափահարեց գլուխը: Այստեղ ես հասկացա, որ նրան պետք է հարցի ղարաբաղյան տարբերակը: Թարգմանեցի: Խոհարարի աչքերը փայլեցին: Նա սկսեց արդարանալ, որ հնարավորություն չունի կերակուրները չինական ապրանքներից պատրաստել: Նրանք այստեղ չեն վաճառվում եւ չեն աճեցվում: Ստիպված բավարարվում են տեղական նմանակներով: Դրա համար էլ Հովիկի ափսեում լողում էր այստեղ առատությամբ աճող ընկույզը: Հովիկը ըմբռնումով մոտեցավ չինացու փաստարկներին, բայց չկերավ չինական կերակրատեսակի ղարաբաղյան կեղծիքը:

- Հովիկ,- մեկնեց նա խոհարարին իր ձեռքը:
- Օնիկ, - պատասխանեց չինացին՝ ձեռքը սեղմելուց հետո:

Ես առաջարկեցի նրան նստել եւ խմել մեզ հետ: Խմելուց նա չհրաժարվեց, բայց սեղանի շուրջ չնստեց: Հարգանքից ելնելով: Հովիկը Օնիկին հարցնում էր Չինաստանից, ուր վերջինս բախտ էր ունեցել լինել: Զրույցը հունի մեջ մտավ, պարբերաբար տաքանալով տեղական թթի օղիով: Ամեն բաժակի հետ փոխըմբռնումը ավելանում էր: Այս ամենը շատ զվարճալի էր, թե ինչպես ես՝ էթնիկ ուկրաինացիս, ղարաբաղերենի թարգմանիչ դարձա հայի եւ չինացու միջեւ:

Մոսկվա վերադառնալուց հետո, “Օստանկինո” հեռուստատեսային կենտրոնի բառում  իմ գործուղման տպավորություններով էի կիսվում НТВ-ի իմ գործընկեր Էլխանի հետ: Նա Շուշիի ադրբեջանցիների ժառանգ է: Պատմեցի չինացու մասին պատմությունը եւ եզրակացրեցի, որ գուցե հայերին եւ ադրբեջանցիներին չարժեր մահացու վիճել, չէ՞ որ եթե հիմա Ղարաբաղում երեք չինացի կա, ապա երեք տարի հետո նրանց թիվը կդառնա 30, իսկ երեք հարյուր տարի հետո էլ, հավանաբար, НКР-ը կվերծանվի որպես Нагорно-Китайская Республика /Լեռնային Չինաստանի Հանրապետություն/: Էլխանը քմծիծաղեց եւ չվիճեց:

Դմիտրի Պիսարենկոն լրագրող է: Ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունները: Երկար տարիներ աշխատել է НТВ հեռուստաընկերությունում: Ապրում է Մոսկվայում, աշխատում է հասարակական հաղորդակցությունների բնագավառում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մի քիչ ռուսը»

Սարյանի գույները

Մասնատվող Հայաստան

Ղարաբաղсhina
Մեր ընտրանին