«Մի քիչ ռուսը» - Mediamax.am

«Մի քիչ ռուսը»
13370 դիտում

«Մի քիչ ռուսը»


2001 թվականի աշունն էր: Չեչեն գրոհայինները` Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ Պանկիսյան կիրճից անցել էին Կոդորյան կիրճը եւ հայտնվել Աբխազիայում:  Ժամանակին վրացիների դեմ պատերազմում աբխազների “զինակից եղբայրները” հիմա արդեն “եղբայրական” աբխազների դեմ էին հանդես գալիս: Տարօրինակ պատմություն էր… Բայց, ինչպես միշտ, ամենաշատը տուժեցին հայերը: Գրոհայինների ճանապարհին առաջինը հենց հայկական բնակավայրերն էին: Ցանկացած դիմադրություն կասեցվում էր կրակահերթով…

Երբ լրագրողներին բերեցին գյուղերից մեկը, որում գիշերը եղել էին գրոհայինները, նրանք միանգամից վազեցին զինվորական համազգեստով մի գեր մարդու մոտ, ով բարձր խոսում էր ռացիայով: Նա քայլեց, եւ բոլորը հետեւեցին նրան: Տղամարդը մոտեցավ գյուղացիների խմբին: Նրանցից մի քանիսի ձեռքերում հրազեն կար: Նա բարեւեց եւ ցածր ձայնով ինչ-որ բան հարցրեց: Մի քիչ ավելի հեռու գնաց: Ռացիան բարձր խշխշում էր: Ապա զինվորականը մոտեցավ այլ խմբի, հետո՝ երրորդին, եւ ամենուրեք ամեն ինչ նույն կերպ էր: Ես հասկացա, որ սրանից ռեպորտաժ չի ստացվի: Հարկավոր էր ինչ-որ բան ձեռնարկել: Հայացք նետեցի կողքիս կանգնած գյուղացուն: Ավտոմատի վրա փորագրված էր “Փառք Ալահին”:

- Ներեցեք, սա ավա՞ր է:

- Այո: Նայիր:

- Կպատմե՞ք՝ ինչպես է այն ձեզ մոտ հայտնվել:

- Խնդրեմ...
 
Նա ասաց, որ գիշերը գոմից ձայն լսեց: Դուրս եկավ եւ տեսավ, որ դուռը բաց է: Ծածուկ ներս մտավ, այնտեղ ինչ-որ մեկը կար: Ստվեր երեւաց: Երեւում էր, որ գողի ճակատին արաբական կարով սպիտակ գլխաշոր կար: 

- Հասկացա, որ դա Շաքարե գլխից (սարի անվանումն է) եկած գրոհային է: Նրանք այնտեղ (ցույց տվեց սարի կողմը) շրջափակման մեջ են: Երեւի ուտելիքը վերջացել է, դրա համար էլ եկել էր գողության, - շարունակեց զինվորական գլխարկով անթրաշ, բեղավոր գյուղացին: - Տեսա, որ նա մի կողմ է դրել հրազենը եւ զննում է դարակները: Ոտքից գլուխ նրան զննեցի. ինչպես երեւում էր, այլ զենք չուներ: Միայն փամփուշտներով ժիլետ էր: Այդ ժամանակ որոշեցի, որ պետք է արագ ավտոմատը վերցնել: Այդպես էլ արեցի: Վերցրեցի, պահեցի նրա վրա եւ գոռացի. “Ձեռքերդ վեր": Նա զարմանքից վեր թռավ, բայց իրեն չկորցրեց: Պատուհանի մոտ էր, իսկ այնտեղ ապակի չկար: Պատուհանը ցածր էր, եւ նա կարողացավ դուրս թռչել ու փախչել:

- Շատ շնորհակալ եմ, - ներքին հրճվանքով ասացի ես:

 Նյութը շատ լավն էր ստացվելու: Կենդանի “համ ու հոտ” էի գտել:

- Եվ, վերջապես, ներկայացեք, խնդրում եմ:

- Ֆրունզիկ Գաբրիելյան:

- Հա՞յ եք:

Ես անցա հայերենի: Հարցրեցի գյուղի անունը:

- Նաա Հայկական,- պատասխանեց նա՝ զարմացած նայելով ինձ: - Դո՞ւք էլ եք հայ:

- Ոչ, ես ռուս եմ՝ ուկրաինական ազգանունով: Անունս Դիմա է: Իսկ խոսում եմ հայերեն, քանի որ ծնվել եմ Հայաստանում:

Մենք միմյանց ձեռքը սեղմեցինք: Ապա նրան հարցրեցի, թե էլ ո՞ւմ տուն էին մուտք գործել գրոհայինները, եւ խնդրեցի ծանոթացնել տանտերերին:

Ֆրունզիկն ապշած կանգնած էր.

- Իրոք դո՞ւք եք խոսում:

- Իսկ էլ ո՞վ:

- Այ քեզ բան… Ժողովուրդ, - նա շուռ եկավ դեպի մի փոքր հեռվում կանգնած համագյուղացիները: - Տեսեք՝ ինչ լավ է հայերեն խոսում:

Բոլորը գոհունակությամբ աղաղակեցին: Ֆրունզիկն ուղեկցեց մեզ գյուղով եւ մանրամասն պատմեց արտակարգ պատահարի մասին: Մյուս բոլոր լրագրողները եւս հետեւեցին մեզ:

-Սա ո՞վ է, - մեր վարորդին զարմացած հարցրեց լրագրողներից մեկը:

- Ինչպես թե՝ ո՞վ է: Դիմա Պիսարենկոն է Երեւանից,- հպարտորեն պատասխանեց վարորդը: 

Տներից մեկում տանտերերը մանրամասն մեկնաբանություններով ցույց տվեցին բոլոր իրենց գործողությունները անկոչ հյուրերի նկատմամբ: Հաջող բեմականացում ստացվեց: Սյուժեի վերջում մի դրվագ էր, երբ մի տարեց տղամարդ իր վրա պատրոնտաշ է կախում, իսկ նրա կինը խնամքով մաքրում է որսորդական հրացանի փոշին, տալիս այն ամուսնուն եւ հեռվից ձեռքով հաջողություն անում: Ծերուկը հարեւանների հետ գնում էր գրոհայիններին ավելի հեռու քշելու…

Գյուղում միայն հայեր էին ապրում, այդտեղից էլ առաջացել էր Նաա Հայկական անվանումը: Թե ինչ է «Նաա»-ն, ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել: 

- Մեր նախնիները Թուրքիայից են: Այստեղ են եկել Ցեղասպանության ժամանակ, - պատմում էր Ֆրունզիկը: - Նրանք այն ժամանակ միայն իրենց բարբառով էին խոսում: Մենք էլ ենք այդ բարբառով խոսում, սակայն մեր ներկայիս խոսքը շատ է փոփոխվել: Արդեն չենք հիշում, թե ինչ է նշանակում այդ անվանումը:

- Ուրեմն ես ինքս գրքերում կփնտրեմ:

- Փաստորեն, մեր լեզվով կարդալ էլ գիտես:

- Գրել էլ:

- Վախ-վախ-վախ, - հրճվանքով ասաց նա:

Երբ իրար հրաժեշտ էինք տալիս, Ֆրունզիկը հանեց գլխարկը.

- Խնդրում եմ, եւս մեկ անգամ կրկնեք ձեր անունը:

- Դիմա Պիսարենկո: Ինչի՞ համար:

- Այսօր, երբ պառկեմ քնելու, կլացեմ: Առաջին անգամ եմ հանդիպում ռուսի, ով մեր լեզուն մեզանից լավ գիտի…

Գյուղի ստորին հատվածում զրահամեքենա էր կանգնած: Կադրում երեւալու համար հիանալի ֆոն էր: Սակայն մինչ տեքստն էի մտածում, զրահամեքենան մեկնեց: Պետք էր մի բան ձեռնարկել: Ճանապարհին զինվորներով խրամատ նկատեցի: Մոտեցա եւ միանգամից հայերեն խոսեցի.

- Բարեւ ձեզ: Կօգնե՞ք հեռուստատեսությանը: Անհրաժեշտ է, որ դուք իմ ետեւում զենքով կանգնեք, ասես ճանապարհն եք պաշտպանում, իսկ ես տեսախցիկի առջեւ կխոսեմ: 

Զինվորներն ակտիվացան, կանգնեցին: Հասկացրին, որ համաձայն են: Երբ բազմաթիվ փորձերից հետո վերջապես ասացի ողջ տեքստը, նրանցից մեկն ինձ մոտեցավ:

- Քո հա՞յրն է հայ, թե՞ մայրը:

- Ոչ մեկը:

- Չի կարող պատահել,- անվրդով ասաց նա:

- Իսկապես: Իմ ազգանունը Պիսարենկո է:

- Ուրեմն, անձնագիրդ է հայկական, - ասաց նա եւ գնաց ընկերների մոտ:

- Ոչ, ես Ռուսաստանում եմ ապրում, ուղղակի…- փորձեցի բացատրել ես:

- Ամեն ինչ պարզ է,- գոռաց նա ընկերներին, - մերոնքական է, ուղղակի մի քիչ ռուս է: 
       
Դմիտրի Պիսարենկոն լրագրող է: Ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունները: Երկար տարիներ աշխատել է НТВ հեռուստաընկերությունում: Ապրում է Մոսկվայում, աշխատում է հասարակական հաղորդակցության բնագավառում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մի քիչ ռուսը»

Սարյանի գույները

Մասնատվող Հայաստան

Ղարաբաղсhina
Մեր ընտրանին