Մասնատվող Հայաստան - Mediamax.am

Մասնատվող Հայաստան
19479 դիտում

Մասնատվող Հայաստան


Հիշում եմ, թե ինչպես մանուկ ժամանակ, երբ ֆուտբոլ խաղալիս վրիպում էին դարպասներին հարվածելիս, վազում էինք գնդակի հետեւից դեպի Հրազդանի կիրճ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ: Սակայն, եթե անամպ եղանակ էր, մեզ գերում էր Արարատի գեղեցկությունը, եւ մենք` կորցնելով արագությունը, տխուր հետեւում էինք, թե ինչպես է գնդակը ընկնում ջրանցքի «անդունդը»: Հետո մինչեւ ուշ երեկո փորձում էինք դուրս հանել այն ջրից՝ հաճախ հասնելով մինչեւ «Ավիահամալիր» գործարան կամ Նորագյուղ` ճանապարհին հիանալով անհաս լեռով…   

Ինձ համար, ինչպես եւ Խորհրդային Հայաստանի բոլոր բնիկների, Արարատն անիրականանալի երազանքի սար էր: Այն, որ կգա մի օր, եւ կկարողանանք գագաթին բարձրանալ, ավելի անհավատալի էր թվում, քան, ասենք, Արարատի հասանելիությանը հերթական համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակից հետո… 

Անցյալ ամռանն ես բարձրացա Արարատի գագաթը եւ այցելեցի Արեւմտյան Հայաստանի պաշտելի վայրեր: Լինելով այստեղ առաջին անգամ՝ երկար ժամանակ փորձում էի զգալ ինչ-որ տարբերություն երկու Հայաստանների միջեւ` այն Հայաստանի, որտեղ ամեն ինչ մոտ է եւ ծանոթ, եւ առանձնացված ու ողբերգական հողի, որի մասին միայն կարդացել եւ լսել եմ: Ես հետեւում էի բնությանը, տարբերություններ փնտրում, սակայն այդպես էլ չզգացի: Ոչ Վանում, ոչ Կարսում, ոչ Անիում, եւ ոչ էլ նույնիսկ Արարատ լեռան գագաթին…Երեւի թե այն պատճառով, որ իրականում չկա Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան: Կա մեկ անբաժանելի Հայրենիք:

...Վանում մենք հրաժարվեցինք կատուների հայտնի բուծարանից` լճի ափին կանգառի փոխարեն: Վանի ջուրը յուրահատուկ է: Սուզվելիս թվում է, թե սոդայի լուծույթի մեջ ես լողում, իսկ երբ չորանում ես, սկզբում մարմինդ թեթեւակի մրմռում է, ապա տպավորություն է ստեղծվում, թե անուշահոտ յուղի բարակ շերտով է պատված: Այդտեղ հիշեցի Երեւանի ընկերներիցս մեկի խնդրանքը. նա խնդրել էր, որ իր համար նախնիների Հայրենիքից մի քիչ հող բերեմ: Կռացա եւ մի բուռ հող հավաքեցի: Երկար նայում էի դրան ձեռքիս ափի մեջ, սակայն հատուկ բան չզգացի: Այդ հողը ոչնչով չէր տարբերվում այն հողից, որի վրա մեծացել եմ ես եւ ընկերս… Մռայլ մտքերը ցրվեցին լճին նայելիս: Որոշեցի ոչ թե հող տանել, այլ ջուր: Վանա լճի կենդանի ջրից: 

10 օր անց քայլելում էի Երեւանի Մաշտոցի պողոտայով`ձեռքումս պահելով Վանա ջրով  պլաստիկե շիշը: Ինձ սպասում էին ընկերոջս ծնողները, ով խնդրել էր Արեւմտյան Հայաստանից մի բուռ հող բերել: Պողոտան, ինչպես միշտ, մարդաշատ էր: Անընդհատ բարեւում էի եւ ժպտում ծանոթներիս:

- Էս ո՞ւմ եմ տեսնում,- ժպտաց արեւային ակնոցներով տղամարդը՝ լայն սփռելով ձեռքերը՝ ակնարկելով, թե ցանկանում է ինձ հետ գրկախառնվել: 

Հարեւանս էր` Հովսեփը: Մեր բակի առաջին ֆիդային էր: Հիշում եմ, մի անգամ՝ արդեն խաղաղ 1996 թվականի մայիսին, մեզ մոտ միաժամանակ աշխատեց «ղարաբաղյան սինդրոմը»: Խոսում էինք փողոցում, երբ հանկարծ կայծակը խփեց եւ ամպն ուժգին որոտաց: Առանց պայմանավորվելու` իրար ծածկելով, թռանք ներքեւ` մոտակա նկուղային խանութի մուտքի մոտ: Գլուխներս բարձրացրինք եւ բարձր ծիծաղեցինք.  ամպի որոտը հիշեցրեց «Գռադի» պայթյունը…

Պինդ գրկախառնվեցինք: Հովսեփը պատմեց, որ արդեն երկար տարիներ ապրում է Մարսելում, իսկ տուն է վերադարձել, որպեսզի պատշաճ կերպով ձեւակերպի փաստաթղթերը ֆրանսիական դեսպանատանը, վաճառի բնակարանը եւ վերջնականապես լքի Հայաստանը.

- Շատ պայքարեցի: Կնոջս հետ, հարկայինի, անելանելի վիճակի… Իսկ ի՞նչ է սա,- գլխով արեց:

- Վանի ջուրը:

- Իսկապե՞ս: Դու եղե՞լ ես այնտեղ: Կարո՞ղ եմ մի կում անել,- նրա մեծ մուգ կանաչ աչքերը փայլեցին եւ… ակնթարթորեն հանգեցին փորձելուց հետո:

- Կարո՞ղ եմ մի կաթիլ վերցնել, ինձ հետ տանել:

Ես համաձայնեցի: Այլեւս թեմա չկար խոսելու…

- Դիմա, դո՞ւ ես,- Հովսեփին հաջողություն ասելուն պես մեջքիս ետեւում լսեցի կնոջ հիացած ձայն: 

Սուսաննան էր՝ 80-ականների վերջին ռադիոյում գործընկերս: Նա էլ էր մոտակայքում ապրում: Այսինքն, մի ժամանակ էր ապրում…

- Արդեն վաղուց աղջկաս, փեսայիս եւ թոռնուհուս հետ Չինաստանում եմ ապրում: Այդպես դասավորվեց, այնտեղ ավելի լավ է… 

Նա նույնպես խնդրեց Վանի ջրից եւ սկսեց մտորել:

- Գիտես, շատ եմ կարոտում…

Նրա ամուսինը հեռուստատեսություն ստեղծելու համար Ղարաբաղում կամավոր մեկնող առաջին հայրենասերներից էր: Նրանք արդեն վաղուց միասին չեն ապրում: Նա եւս արդեն վաղուց Երեւանում չի ապրում: Ինչպես եւ ես: Տաս տարուց ավել է, ինչ լքել եմ տունը, որտեղ մեծացել եմ, ուր բերել եմ կնոջս, որը բնիկ արեւմտահայ է եւ որի շնորհիվ, ի դեպ, ինձ համար բացահայտեցի Արարատի պատկերը պատուհանից: Նա փոխեց երկփեղկանի փայտյա շրջանակները ցածր պատուհանագոգով պլաստիկով: Մի անգամ կռանալով, հայացքս աջ հառեցի եւ անակնկալից ունքերս կիտեցի` հեռվում փայլում էին ծանոթ սառցե գագաթները: 

...Ընկերոջս ծնողներն ինձ ջերմ ընդունեցին: Սեղան գցեցին: Հայրը հիշեց, թե ինչպես, երբ մանուկ էր, պապը շոյում էր գլուխը, ասելով, թե այդ գանգուռներն ասես վանի ալիքները լինեն: Նրանք սրտատրոփ ընդունեցին իմ նվերը: Անհանգստությունից դողացող ձեռքով ընտանիքի հայրը լցրեց ջուրը մի մատնոցի մեջ եւ արցունքները աչքերին մեկ կում արեց: Դեմքը այլայլվեց: Սակայն գտավ, թե ինչպես բացատրել սոդայի համը.

- Մեր հողի աղն է,- նկատեց նա: 

Սեղանի շուրջ հայրենասիրության մասին շատ խոսքեր հնչեցին: Իսկ վերջում տարեց հայրը խնդրեց ինձ Մոսկվայի տանս հեռախոսհամարը թողնել: Մի քանի ամսից ընկերոջս ծնողները պատրաստվում էին որդու մոտ Մոսկվա գալ: Ընդմիշտ…

Դմիտրի Պիսարենկոն լրագրող է: Ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Լուսաբանել է ղարաբաղյան պատերազմը, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի իրադարձությունները: Երկար տարիներ աշխատել է НТВ հեռուստաընկերությունում: Ապրում է Մոսկվայում, աշխատում է հասարակական հաղորդակցության բնագավառում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մի քիչ ռուսը»

Սարյանի գույները

Մասնատվող Հայաստան

Ղարաբաղсhina
Մեր ընտրանին