Մարզպետների ինստիտուտը՝ ի՞նչն է պարգեւավճարից կարեւոր - Mediamax.am

Մարզպետների ինստիտուտը՝ ի՞նչն է պարգեւավճարից կարեւոր
2373 դիտում

Մարզպետների ինստիտուտը՝ ի՞նչն է պարգեւավճարից կարեւոր


Փողեր հաշվելը միշտ հետաքրքիր է, հատկապես եթե դրանք ուրիշի փողերն են: Իսկ եթե խոսքը հանրային ծառայողների, այսինքն՝ մեր տված փողերի մասին է, հաշվելը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ օգտակար: Երեւի հենց դա է պատճառը, որ մարզպետներին եւ այլ հանրային պաշտոնյաներին տրված պարգեւավճարների թեման այսքան լայն արձագանք է ստանում:

Այնուամենայնիվ, մարզպետների հարցը շատ ավելի խորքային եւ հետաքրքիր է: Իրականում, Հայաստանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգերի ուսումնասիրությունը շատ ակներեւ ցուցադրում է մեր երկրի մի շարք թերություններ, որոնց պատճառով բյուրոկրատական համակարգը ծանրաքարշ է եւ շատ դեպքերում՝ անկենսունակ:

Առաջին՝ Հայաստանը մեխանիկական կառավարման երկիր է: Մեր երկրում գրեթե բոլոր որոշումների, հայեցակարգերի, ծրագրերի իրականացումը կախված է մարդուց: Նախարարն եկավ, սկսեց իրականացնել ծրագիր, նախարարը գնաց՝ ծրագրի իրականացումը կանգնեց: Եվ քանի որ ծրագրի իրականացումը, ինչքան էլ տարօրինակ չէ, պահանջում է որոշակի, երբեմն՝ բավական տեւական ժամանակ, իսկ նախարարները շատ արագ են փոխվում, պարզ մաթեմատիկական հաշվարկներն ապացուցում են, որ շատ ծրագրեր ավարտին չեն հասցվում:

Ուստի, որեւէ ոլորտի բարեփոխումների արդյունքը խայտաբղետ կիսաիրականացած նախաձեռնությունների խալի է, որի մասերն իրար հետ վատ են կապվում: Չկա ինստիտուցիոնալ չինովնիկական ապարատ, որը կհետեւի ծրագրերի իրականացմանը: Դրա պատճառներից մեկն էլ հենց ցածր աշխատավարձերն են, բայց ոչ միայն:

Հայաստանում 2015թ.-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում պետք է բարեփոխվեր նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգը:

Մինչեւ նշված սահմանադրական բարեփոխումները մարզպետների գործունեությունը կարգավորվում էր ՀՀ նախագահի 06.05.1997թ.-ի թիվ ՆՀ-728 հրամանագրով: Ենթադրվում էր, որ սահմանադրական բարեփոխումներից հետո մարզպետների լիազորությունները պետք է կարգավորվեն օրենքով:

Արդյունքում, ՀՀ նախագահի 05.04.2018թ.-ի թիվ ՆՀ-226-Ն հրամանագրով ուժը կորցրած ճանաչվեց մարզպետների գործունեությունը կարգավորող հրամանագիրը: Սակայն, օրենք, որը կկարգավորեր այդ նույն գործունեությունը, չընդունվեց:

Արդյունքում՝ 2018թ.-ի ապրիլից մարզպետների գործունեությունը որեւէ նորմատիվ իրավական ակտով չի կարգավորվում:

Այստեղ է դրսեւորվում մեր երկրի ինստիտուցիոնալ հիվանդություններից մեկը՝ մեխանիկական կառավարումը․ կիսաբարեփոխումները, որոնց արդյունքում ոչ միայն որեւէ բարեփոխում մինչեւ վերջ չի հասցվում, այլեւ բարդացվում է հետագա բարեփոխումների իրականացումը, քանի որ աղտոտվում է օրենսդրական դաշտը:

Երկրորդ՝ Հայաստանում նույն հանրային գործառույթն իրականացնում են տարբեր մարմիններ: Նախարարությունների օպտիմալիզացման հիմնավորումներից մեկն էլ էր այն, որ նույն գործառույթներն իրականացնում են տարբեր մարմիններ:

Հանրային կառավարման համակարգը ձեւավորելիս պետք է կատարել երկու հաջորդական քայլ՝

1.    հասկանալ՝ ինչ գործառույթներ ընդհանրապես պետք է իրականացնի պետությունը,
2.    գտնել այդ գործառույթների իրականացման ամենաքիչ ծախսատար եւ արդյունավետ ձեւը:

Իրականում, մարզպետների գործառույթները խորը ուսումնասիրելու դեպքում կարելի է հանգել այն հետեւության, որ նրանք, որպես այդպիսին, անհրաժեշտ չեն: Մինչեւ 2015թ.-ի սահմանադրական բարեփոխումները մարզպետներն իրագործում էին կառավարության տարածքային քաղաքականությունը եւ համակարգում գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Այժմ, ըստ բարեփոխված սահմանադրության, նրանք միայն համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը:

Ի՞նչ է ստացվում՝ մարզպետը, որը Տարածքային կառավարման նախարարության «ենթակայության տակ» է, համակարգում է այլ նախարարությունների, մարմինների, կոմիտեների աշխատանքը: Բացի դա՝ այդ մարմինները կարող են իրենց աշխատանքը համակարգել ներքին ընթացակարգերի միջոցով՝ մարզպետին փաստացի դարձնելով ավելորդ մարմին:

Եթե դուք երբեւէ մտել եք որեւէ մարզպետարան, տեսել եք, որ այն բավական մեծ աշխատակազմով կառույց է, որն ունի անպայման գյուղատնտեսության, մշակույթի, բնապահպանության եւ նմանատիպ այլ վարչություններ, որոնք փաստացի կրկնում են այլ նախարարությունների գործառույթները: Այսինքն՝ պետությունը՝ ՀՀ քաղաքացիներս, վճարում ենք նույն գործառույթի իրականացման համար երկու անգամ, եւ քանի որ նույն գործառույթն իրականացնում է երկու հոգի, այդքան էլ լավ չի ստացվում, նույնիսկ, կրկնակի վճարելու դեպքում։

Մարզպետները, լավագույն դեպքում, կարող են վիճակագրական տվյալներ հավաքող եւ տեղեկատվությունը տեղերից կենտրոն հասցնող մարմին լինել: Սակայն, ոլորտային նախարարությունները տեղերում արդեն իսկ ունեն մարմիններ, որոնք ապահովում են այդ գործառույթների իրականացումը: Եվ, իհարկե, նույնիսկ եթե մարզպետները պահպանվում են, նրանց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ չէ այսքան մեծ աշխատակազմ։ Այս առումով դրական է այդ աշխատակազմը կրճատելու վերաբերյալ նախաձեռնությունը, որի մասին վերջերս խոսեց Տարածքային կառավարման նախարարը։

Պետք է հիշել, որ Երեւանի քաղաքապետը մինչեւ 2009թ.-ը փաստացի մարզպետի կարգավիճակ ուներ: Այժմ Երեւանի քաղաքապետն ընտրովի է, եւ որեւէ խնդիր մարզպետի գործառույթներ իրականացնող անձի վերացումից չի ծագել:

Արդյունքում հանգում ենք պարզ հետեւության, որ բարեփոխումները պետք է դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա, երբ դրանց իրականացումը կախված չլինի անձանցից, իսկ պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքում, ի թիվս այլնի, պետք է թույլ չտալ նույն գործառույթի իրականացում՝ երկու տարբեր մարմինների կողմից:

Արսեն Թավադյանը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին