Ինչու՞ է Հայաստանում իշխանությունը միշտ հաղթում - Mediamax.am

Ինչու՞ է Հայաստանում իշխանությունը միշտ հաղթում
3823 դիտում

Ինչու՞ է Հայաստանում իշխանությունը միշտ հաղթում


«Կարեւոր չէ` ինչպես են քվեարկում։ Կարեւոր է` ով է հաշվում»:

Այս բառերը վերագրվում են Իոսիֆ Ստալինին: Գրեթե վստահորեն դրանք չեն ասվել նրա կողմից: Մինչդեռ մեզ է հասել 1871 թվականին Նյու-Յորքում հրատարակված Harper's Weekly թերթի համարը, որտեղ ամերիկացի քաղաքական գործիչ, նահանգային սենատի անդամ Վիլիամ Թվիդն է հիշատակվում այդ մեջբերումով։

Անտեղյակ մարդուն կարող է զարմանալի թվալ` ինչպե՞ս է հնարավոր, որ ոչ ժողովրդավար այս արտահայտությունն ասվել է դեմոկրատական երկրի քաղաքական գործչի կողմից: Բայց այդ զարմանքին ի պատասխան գալիս են նույն այդ ժողովրդավար երկրի ընտրությունների փաստերը։

Օրինակ՝ ԱՄՆ նախագահի 2016թ.-ի ընտրությունները, երբ հաղթող ճանաչվեց Դոնալդ Թրամփը, որը ստացել էր մոտ 3 միլիոն ավելի պակաս ձայն, քան իր մրցակից Հիլարի Քլինթոնը: 2000թ.-ի ընտրություններին հաղթող ճանաչված Ջորջ Բուշ Կրտսերը ստացել էր իր մրցակից Ալբերտ Գոռից մոտ կես միլիոն ձայն պակաս: Այդպիսի դեպքեր էլի են եղել. իրականում ԱՄՆ-ում սա հազվադեպ իրավիճակ չէ:

Դրա պատճառը ԱՄՆ-ի բարդ ընտրական համակարգն է, որի դեպքում նախագահը չի ընտրվում ուղղակիորեն: Ընտրողը քվեարկում է ընտրիչների օգտին, որոնք բաշխված են ըստ նահանգների՝ բավականին ոչ իդեալականորեն: Արդյունքում հնարավոր է իրավիճակ, երբ ընտրիչների մեծամասնությունն ընտրում է մեկ թեկնածուի, իսկ բնակչության մեծամասնությունը` ուրիշին:

Այստեղ կարող է հակափաստարկ հնչել, թե սա ընդամենը մեկ շատ սպեցիֆիկ դեպք է: Այ եթե ունենանք նորմալ երկփուլանոց ուղղակի ընտրություններ, կհաղթի այն թեկնածուն, որը վայելում է բնակչության մեծամասնության համակրանքը: Սակայն, դա նույնպես իրականությունը չէ։

Որպես օրինակ հիշատակենք մեկ այլ ժողովրդավարական երկրի` Ֆրանսիայի Հանրապետության 2002 թվականի ընտրությունները: Առաջին փուլում մասնակցում էին 16 թեկնածու: Ժակ Շիրակը առաջին փուլում հավաքում է 19.88 տոկոս, ծայրահեղական աջ Ժան-Մարի Լե Պենը` 16.86, իսկ Շիրակի հիմնական հակառակորդ համարվող սոցիալիստ Լիոնել Ժոսպենը` 16.18 ձայն:  Երկրորդ փուլ են անցնում Շիրակը եւ Լե Պենը: Այսինքն թեկնածուներ, որոնք հավաքել են քվեարկողների ընդհանուր թվի մոտ 36 տոկոսը: Երկրորդ փուլում Շիրակը ստանում է ձայների 82.21 տոկոսը` չորս անգամ ավելի, քան առաջին փուլում, իսկ Լե Պենը` 17.79 տոկոսը` ընդամենը մեկ տոկոս ավելի: Շատ վերլուծաբաններ պնդում են, որ եթե երկրորդ փուլ անցներ Լիոնել Ժոսպենը, Շիրակն առնվազն այսքան վստահ հաղթանակ չէր տանի:

Այստեղ էլ կարող է առաջ գալ հարցը՝ բայց ի՞նչն է խնդիրը, երկու փուլով դեմոկրատական ընտրություններ էին, հաղթել է այն թեկնածուն, որը ստացել է առավելագույն քանակի ձայներ: Այս պնդումը ճիշտ կլիներ, եթե չլինեին «սփոյլեր թեկնածուները»: Դրանք այն թեկնածուներն են, որոնք ի սկզբանե մասնակցում են ընտրությանը ոչ թե հաղթելու, այլ մյուս ուժերի ձայները փոշիացնելու նպատակով:

Ֆրանսիայում սոցիալիստները վայելում են մեծ համակրանք, սակայն դրա հետ մեկտեղ միասնական չեն: Ի տարբերություն մի շարք այլ ուժերի, որոնք ունեն միջուկային ընտրազանգված, որը երբեւէ այլ ուժի ձայն չի տալու: Եթե 2002 թվականին լիներ ընդամենը երեք թեկնածու` Շիրակը, Լե Պենը եւ Ժոսպենը, առաջին երկու տեղերը կզբաղեցնեին Շիրակը եւ Ժոսպենը: Բայց սոցիալիստ «սփոյլեր թեկնածուները» խլեցին Ժոսպենից ձայների զգալի հատված, ինչի պատճառով վերջինս երկրորդ փուլ չանցավ:

Կարելի է հիշել մարդկության պատմության համար ավելի դրամատիկ դեպք: 1925 թվականին Գերմանիայում տեղի են ունենում ընտրություններ, որոնց մասնակցում է երեք թեկնածու` աջերի, այդ թվում` նացիոնալ-սոցիալիստների աջակցությունը վայելող Պոլ ֆոն Հինդենբուրգը, ցենտրիստների եւ սոցիալիստների թեկնածու Վիլհելմ Մարքսը եւ կոմունիստ Էրնսթ Թելմանը: Առաջինը հավաքեց 48.29 տոկոս ձայն, երկրորդը` 45.31, երրորդը` 6.36: Այն ժամանակ Գերմանիայում նախագահի ընտրությունները մեկ փուլով էին, եւ հաղթող ճանաչվեց Հինդենբուրգը: Եթե Թելմանը չմասնակցեր ընտրություններին, մեծ հավանականությամբ իր ձայները կգնային Վիլհելմ Մարքսին: Պատկերացրեք դա ինչպես կփոփոխեր համաշխարհային պատմությունը:

Եվ այսպես, իրականությունն այն է, որ ընտրական համակարգի տրամաբանությունը շեշտակիորեն ազդում է ընտրության արդյունքների վրա: Ավելի ճիշտ է ասել` «Կարեւոր չէ` ինչպես են քվեարկում։ Կարեւոր է` ինչպես են հաշվում»:

1972 թվականին Քեննեթ Էրոուն ստանում է տնտեսագիտությունից նոբելյան մրցանակ իր ձեւակերպած անհնարինության տեսության համար, որը մաթեմատիկորեն ապացուցում է, որ երեք եւ ավելի թեկնածուների առկայության պարագայում անհնար է մշակել այնպիսի ընտրական համակարգ, որը ճշգրտորեն եւ միշտ կարտահայտի ընտրողների ցանկությունները: Իհարկե, մինչեւ Էրրոուի նշված բացահայտումը շատերն առանց դրա էլ հասկացել էին այն պարզ միտքը, որ հնարավոր է ազդել ընտրության արդյունքների վրա` ընդամենը փոփոխելով ընտրությունների կարգը, տեղամասերի կազմավորման գործընթացը եւ այլն: Ընդ որում, ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ չեն ընտրակեղծիքներ, լցոնումներ, կարուսելներ: Կարելի է հասնել ցանկալի արդյունքի լրիվ ժողովրդավարական, բաց, թափանցիկ ընտրություններով. ընդամենը պետք է ընտրական օրենսգրքում կատարել մի քանի մանիպուլյացիա:

Ամենահայտնի օրինակը կրկին ԱՄՆ-ից է: 1812թ.-ին Մասաչուսեթսի նահանգապետ Էլբրիդջ Ջերրին ստորագրեց որոշում, որով Բոստոնի ընտրական տարածքները կիսվեցին շատ տարօրինակ ձեւով: Նպատակը մեկն էր` բաժանել ընտրական տարածքներն այնպես, որ նույնիսկ բաց, թափանցիկ ընտրությունների արդյունքում միեւնույն է հաղթի այն թեկնածուն, որը պետք է: Թեկուզ այդ թեկնածուն ստանա ընտրողների ձայների փոքրամասնությունը:

Այս հնարքը կոչվում է` «ջերիմենդերինգ». լայն իմաստով` գործողությունների ամբողջություն, որոնք նպատակ ունեն այնպես փոփոխել քվեարկության ընթացակարգը, որ ընտրության արդյունքը կանխորոշվի անկախ ընտրողների կամքից: Ընդ որում, բացակայի ընտրակեղծիքների անհրաժեշտությունը:

Մեր ընտրական համակարգը մեծ հաշվով հենց ջերիմենդերինգի տրամաբանությամբ է կառուցված:

Որո՞նք են ելակետային տվյալները։

1. Բոլոր մակարդակի ընտրություններն անցկացվում են համամասնական կուսակցական ցուցակներով:
2. Առկա է բավական բարձր ընտրական շեմ` ԱԺ ընտրությունների ժամանակ կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս, Երեւանի ավագանու ընտրություններում` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս:
3. ՀՀ-ում ընտրությունները տեղի են ունենում շատ հազվադեպ` հինգ տարվա մեջ մեկ տեղական եւ մեկ համապետական ընտրություն: ՀՀ քաղաքացին ժողովրդավարական համարվող երկրների քաղաքացիների համեմատ մասնակցում է ամենաքիչ թվով ընտրությունների:
4. Ըստ վիճակագրության ծառայության` ՀՀ-ում 2023թ.-ի հունիսին առկա է եղել 725 972 գրանցված աշխատող, որոնցից 34 740-ը պետական կառավարում եւ պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում, 117 250-ը` կրթության, 50 356-ը առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման, 6205-ը գիտական հետազոտությունների եւ մշակման, 10 773-ը` մշակույթի եւ արվեստի ոլորտում: Գաղտնիք չէ, որ կրթության, գիտության եւ որոշ չափով առողջապահության եւ սոցիալական սպասարկման ոլորտի աշխատողների մեծ մասը նույնպես հանրային ոլորտից են աշխատավարձ ստանում, քանի որ դպրոցների, գիտական ինստիտուտների, թատրոնների, թանգարանների մեծ մասը, առողջապահության եւ սոցիալական սպասարկման ոլորտի կազմակերպությունների զգալի հատվածը պետական են:
5. Առկա է ընտրություններին մասնակցության ցածր տոկոս: Բնակչության զգալի հատված չի գնում ընտրությունների:
6. Հայաստանը ցածր եկամուտներ ունեցող երկիր է:

Եթե համադրում ենք այս մի քանի փաստերը, հանգում ենք ոչ այնքան հուսադրող հետեւությունների։   

Բարձր ընտրական շեմի պատճառով ձայների զգալի հատված փոշիանալու է եւ չի մասնակցելու ընտրությունների բաշխմանը:

Ընտրությունների հազվադեպ կազմակերպումը հնարավորություն չի տալիս ձեւավորել նորմալ կուսակցական պայքար: Ընտրություններն են այն դասական ձեւը, որոնց ընթացքում իրականում տեղի է ունենում գաղափարական պայքար:

Ընտրությունների հազվադեպ անցկացումը բերում է այն բանին, որ ոչ իշխանական կուսակցությունները չեն երեւում մեդիադաշտում, ի տարբերություն իշխանական քաղաքական գործիչների, որոնք մշտապես մեդիայի ուշադրության ներքո են: Պետք է հիշել` ընտրողը շատ հաճախ ընտրում է իր իմացած թեկնածուին:

Դրան գումարում ենք այն, որ Հայաստանում չկան ակտիվ հասարակական կազմակերպություններ` արհմիություններ, բուհեր եւ այլն: Արդյունքում մեծ հաշվով այդ հինգ տարվա ժամանակահատվածում ոչ իշխանական քաղաքական գործիչն անգործության է մատնվում եւ կորցնում է իր ճանաչելիությունը:

Ընտրողների զգալի հատվածը կապված է պետության հետ: Կոպիտ հաշվարկով Հայաստանում գրանցված 725 հազար աշխատողներից մոտ 200 հազարն այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի եկամուտ է ստանում հանրային մարմիններից` ուսուցիչներ, դասախոսներ, գիտական աշխատողներ, պետական մարմինների աշխատողներ եւ այլն:

Այսպիսի անձանց մոտ առկա են ընտրական վարքի մի շարք առանձնահատկություններ`

•    Գործող իշխանությանը ընտրողների տոկոսն այդպիսի անձանց շրջանում ավելի բարձր է: Դա պայմանավորված է մարդուն բնորոշ կայունության ապահովման ցանկությամբ։
•    Այսպիսի անձանց շրջանում ավելի քիչ է ընտրությունների չգնացողների տոկոսը: Ի տարբերություն սովորական քաղաքացու, որի վրա ընտրությունները մեծ հաշվով ուղիղ եւ արագ ազդեցություն չունեն, այսպիսի անձանց համար քաղաքական իշխանության փոփոխությունը կարող է բերել լուրջ կենսական փոփոխություններ:

Ընտրապայքարին մասնակցելը թանկ հաճույք է: Բազմաթիվ վարքաբանական փորձեր ապացուցում են, որ մեդիադաշտում երեւալը, ճանաչում ձեռքբերելը իսկապես ազդում է ձայների քանակի վրա: Հայաստանի նման ցածր եկամուտ ունեցող երկրի պարագայում իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժը միշտ շեշտակի ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ է կարող գեներացնել, քան որեւէ այլ ուժ` ծախսելով դրանք այդ թվում` մեդիաճանաչելիության վրա:

Այս պնդումները վերլուծենք ՀՀ-ում տեղի ունեցած նախկին ընտրությունների լույսի ներքո:

Սկսենք Երեւանի ավագանու ընտրություններից:

Առաջին ընտրությունը տեղի է ունեցել 2009թ.-ի մայիսին: Մասնակցել է գրանցված 771 447 ընտրողից 404 634-ը: Շեմը հաղթահարել են երեք կուսակցություն` Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը 89 131 ձայնով (22.15%), Հայ Ազգային Կոնգրեսը 69 140 ձայնով (17.18%) եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 186 630 ձայնով (46.37%):

Այն ժամանակ ընտրական շեմը հինգ տոկոս էր, որի պատճառով ձայների մոտ 14.3%-ը փոշիացավ: Արդյունքում 46.37% հավաքած ուժը Երեւանի ավագանիում ձեռք բերեց բացարձակ մեծամասնություն:

2013թ.-ի թվականների ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն հավաքել էր մասնակիցների ձայների 55.86%-ը, իսկ 2017թ.-ին` 71.24%-ը: Սակայն 2017թ.-ի ընտրություններին Երեւանում գրանցվել է շատ ցածր տոկոս` 41: Մասնակցության տոկոսը շատ ցածր էր նույնիսկ էյֆորիկ 2018թ.-ին` 43:

Կարելի է դիտարկել Երեւանում այլ ընտրություններ՝ մոդելավորելու համար, օրինակ, փոշիացվող ձայների հնարավոր տոկոսը եւ մասնակցության տոկոսը:

Այսպես, Ազգային ժողովի 2021թ.-ի հունիսի ընտրությունների ժամանակ Երեւանում գրանցված ընտրողների թիվը կազմել է 857 490, ընտրություններին մասնակցել է` 443 218-ը (51%): Մասնակից 25 ուժից Երեւանում շեմը հաղթահարել են երեք ուժ` ՔՊ` 181 180 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինք` 25 351 ձայն, Հայաստան դաշինք` 123 307 ձայն: Փոշիացված ձայների քանակ` 113 380 կամ ահռելի 25.5 տոկոս:

ԱԺ 2018թ.-ի ընտրությունների ժամանակ Երեւանում գրանցված է եղել 849 116 ընտրող, մասնակցել է 404 678-ը կամ 47.6 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է 11 ուժ, փոշիացված ձայների տոկոսը Երեւանում կազմել է 16:

2017թ.-ի ԱԺ ընտրություններին Երեւանում գրանցված 843 970 ընտրողից մասնակցել է 494 540-ը կամ 58.5 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է  9 ուժ, փոշիացված ձայների թիվը կազմել է 11 տոկոս:

Երեւանի ավագանու մոտակա ընտրությունների ֆոնին այս թվերը բերում են բավական վատատեսական մտքերի։  

Տեղական ընտրություններին ավանդաբար մասնակցության տոկոսն ավելի նվազ է: Երեւանի ավագանու վերջին երկու ընտրություններում մասնակցության տոկոսը 43-ից բարձր չի եղել:

Թերեւս 40 տոկոսն է ընտրության մասնակցության հավանական չափը: 2023թ.-ի հուլիսի 14-ի դրությամբ Երեւանում գրանցված է 823 559 ընտրող, այսինքն՝ ընտրություններին մասնակցելու է մոտ 350 հազարը:

Ընտրությունների մասնակցում է 14 ուժ: 2017թ.-ին մասնակից 9 ուժի պարագայում փոշիացման տոկոսը 11 էր, 2018թ.-ին ԱԺ ընտրություններին մասնակցող 11 ուժի պարագայում` 16 տոկոս, 2021թ.-ին մասնակից 25 ուժերի պարագայում` 25.5 տոկոս:

Պետք է ակնկալել, որ փոշիացված ձայների տոկոսը 11-ից 25-ի միջակայքում է լինելու: 14 ուժի պարագայում փոշիացումը, հավանաբար, 15-ից 20 տոկոսի միջակայքում է լինելու: Այսինքն՝ ավագանու մանդատների բաշխմանն իրականում մասնակցելու է մոտ 300 000 ձայն:

Ստացվում է, որ Երեւանի ավագանու մեծամասնությունը վերցնելու համար հաղթող ուժը պետք է ստանա մոտ 150 հազար ձայն, այսինքն՝ գրանցված ընտրողների մոտ 18-20 տոկոսը:

Սրան գումարենք այն, որ իշխանության միջուկային ընտրազանգվածը` հանրային ֆոնդերից սնվող բնակչության թիվն անհամաչափ շատ է ՀՀ-ում, եւ հատկապես Երեւանում, որտեղ կենտրոնացված են պետական մարմինների մեծամասնությունը: Դա իր հերթին նշանակում է, որ ընտրությանը մասնակցողների շրջանում իշխանական ուժին աջակիցների թիվն անհամաչափ ավելի է լինելու ընդհանուր բնակչության աջակցության տոկոսից:

Գումարենք սրան նաեւ այն, որ իշխանական ուժի թեկնածուներն ավելի հայտնի են, ավելի շատ են երեւում մեդիայում, ի տարբերություն գրեթե անհայտ ընդդիմությանը, որը մեդիադաշտ մտնելու շատ քիչ ֆինանսական հնարավորություններ ունի:

Սա հենց դասական ջերիմենդերինգ է` իշխող կուսակցությունը ՀՀ-ում առկա ընտրակարգի պայմաններում ակնհայտ առավելություն ունի մյուս ուժերի նկատմամբ: Եվ որեւէ ընտրակեղծիք անհրաժեշտ չէ: 20 տոկոս աջակցությամբ կընտրվի այն ուժը, որը որ պետք է:

Սա, արդյո՞ք, նշանակում է, որ ընտրությունները որեւէ բան չեն որոշում եւ անիմաստ են: Ոչ եւ ոչ:

Սա ընդամենը նշանակում է, որ իշխանությունն ունի առավելություն, բայց ոչ հաղթելու երաշխիք: ՀՀ ընտրական պատմության ընթացքում տեղի են ունեցել դեպքեր, երբ Երեւանում իշխող ուժը չի հավաքել ընտրական ձայների բաշխմանը մասնակից քվեների 50 տոկոսը: Դա եղել է, մասնավորապես, 2012թ.-ի մայիսի 6-ին՝ ԱԺ համամասնական ընտրություններում: Եթե 2009թ.-ի մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շեմը լիներ 4, ոչ թե 5 տոկոս, իշխող ուժը նույնպես չէր վերցնի ավագանու մեծամասնությունը:

Բացի այդ ինչքան էլ ընտրակարգը վատն է եւ առավելություն է տալիս իշխող քաղաքական ուժին, այն ունի մեկ դրական կողմ` յուրաքանչյուր ձայն կարող է փոփոխել 65 անդամ ունեցող ավագանու բաշխվածությունը: Հստակ տարբերություն կա իրավիճակի միջեւ, երբ ուժը վերցնում է ավագանու 70, թե 54 տոկոսը: Քաղաքապետին ընտրում են ավագանու անդամները: Եթե ուժը վերցնում է 54 տոկոսից ոչ ավել, վերջինիս հիմքերը կարող են խարխլվել ընդամենը երեք անձի մտափոխվելու դեպքում:

Համաձայնեք, որ այսպիսի իրավիճակում մեկ ձայնը կարող է շեշտակի փոխել ընտրության արդյունքը:

Ընտրությանը մասնակցել պետք է: Հետո կասեք` մենք գոնե փորձեցինք:

Արսեն Թավադյանը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին