Օրբելյանի ազատումն ու ՊՈԱԿ-ների իրավական «հյուսվածքները» - Mediamax.am

Օրբելյանի ազատումն ու ՊՈԱԿ-ների իրավական «հյուսվածքները»
3025 դիտում

Օրբելյանի ազատումն ու ՊՈԱԿ-ների իրավական «հյուսվածքները»


Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ Մշակույթի նախարարության որոշումը միանշանակ չընդունվեց, եւ, կարծում եմ, չէր էլ կարող միանշանակ ընդունվել։ Այդ որոշումն առաջացնում է շատ հարցեր, եւ ամենակարեւորներից մեկը իրավական հարթության մեջ է։ 

 

Իրավական տեսակետից հարցին կարելի է մոտենալ երկու մակարդակից՝ փորձել վերլուծել խնդիրը գործող կարգավորումների շրջանակներում եւ երկրորդը՝ դիտարկել ամբողջ կարգավորման տրամաբանությունը։ Առաջին մակարդակում պետք է հասկանալ՝ արդյոք խախտվե՞լ է օրենքը, երբ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է տնօրեն, արդյոք այն խախտվե՞լ է, երբ վերջինս համատեղել է նաեւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Իհարկե, այս հարցերը չափազանց կարեւոր են, բայց դրանց պատասխանելը չի լուծում այն խորը համակարգային խնդիրը, որն առկա է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավորման ոլորտում։ Այս սյունակում կփորձեմ վերլուծել կարգավորման տրամաբանությունը։ 

 

Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավորման ոլորտը՝ որպես մասնավոր օրինակ, շատ լավ նկարագրում է այն անհամակարգվածությունը, որն առկա է Հայաստանի պետական կառավարման ոլորտում։ 

 

Այսպես, Հայաստանում գործում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը։ Այն ընդունվեց եւ ուժի մեջ մտավ 2001թ.-ին։ Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպությունները ստեղծվում են միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական եւ ոչ առեւտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

 

Օրենքի ընդունման ժամանակ նպատակ դրվեց համապատասխան ոլորտների բոլոր կազմակերպությունները բերել միասնական կարգավորման դաշտ։ Արդյունքում՝ բոլոր թանգարանները, գիտական ինստիտուտները, բուհերը ստացան պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ ՊՈԱԿ-ներ ստեղծվեցին որոշակի հանրային ֆունկցիաների իրականացմանն աջակցելու համար։ Օրինակ՝ ստեղծվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը։

 

ՊՈԱԿ-ների մասին կարգավորումները, այնուամենայնիվ, ունեին մի շարք սահմանափակումներ՝ դրանք պետության կոշտ վերահսկողության ներքո էին, լիարժեք չէր կարող իրականացվել այդպիսի կազմակերպությունների ինքնավարությունը (ինչը բուհերի, գիտական եւ մշակութային կազմակերպությունների համար շատ կարեւոր էր), առկա էին կոշտ սահմանափակումներ տնօրենների համար, բացի այդ՝ արտասահմանյան գիտական, մշակութային գործընկերների համար ՊՈԱԿ-ն անհասկանալի կազմակերպաիրավական ձեւ էր, ինչը խոչընդոտ էր միջազգային համագործակցության եւ հովանավորների ներգրավման համար։ 

 

Արդյունքում, մի քանի տարի առաջ սկսվեց գործընթաց, որի տրամաբանությունը հանգում էր այն բանին, որ կրթական, գիտական, մշակութային պետական ոչ առեւտրային կազմակերպությունները պետք է վերակազմակերպվեն եւ դառնան հիմնադրամներ։ Հիմնադրամը շատ ավելի ճկուն կազմակերպաիրավական ձեւ է, որը հնարավորություն է տալիս ավելի ազատորեն իրականացնել գործունեությունը, ինչը կրթական, գիտական, մշակութային կազմակերպությունների համար շատ կարեւոր է։

 

Սակայն, ինչպես միշտ, ՊՈԱԿ-ների՝ հիմնադրամ վերակազմակերպման գործընթացը եւ դրա իրականացման տրամաբանությունը որեւէ տեղ չամրագրվեց, բոլոր վերակազմակերպումներն իրականացվեցին հատվածային եւ, հաճախ, ոչ հետեւողականորեն։

 

Արդյունքում՝ այժմ ունենք իրավիճակ, երբ կրթական, գիտական, մշակութային կազմակերպությունների մի մասը հիմնադրամ է, իսկ մյուս մասը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություն։ Օրինակ՝ Երեւանի պետական համալսարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնադրամ են, իսկ համալսարանների մի մասը՝ Ակադեմիայի շրջանակներում գործող ինստիտուտները՝ ՊՈԱԿ։

 

Ընդ որում, որեւէ իրավական ակտում չկա հստակ սահմանում՝ թե որ դեպքում պետք է որոշակի կազմակերպությունն ունենա ՊՈԱԿ-ի, որ դեպքում՝ հիմնադրամի կարգավիճակ։ Արդյունքում, կառավարությունը կարող է նույն ոլորտում՝ գիտություն, կրթություն, մշակույթ, մի դեպքում ստեղծել ՊՈԱԿ, մի դեպքում՝ հիմնադրամ։ Եվ ոչ միայն նույն ոլորտում, այլ նույն ոլորտում նույն գործունեություն իրականացնող կազմակերպություններից (բուհ, գիտական ինստիտուտ) մեկը լինի ՊՈԱԿ, մյուսը՝ հիմնադրամ։

 

Այսպիսի վիճակն, իհարկե, պետական կառավարման տեսակետից անթույլատրելի է։ Չպետք է առկա լինի այնպիսի իրավիճակ, երբ կարգավորման ընտրությունը տրամաբանություն չունենա։ 

 

Այս առումով, պետք է բարեփոխել ՊՈԱԿ-ների մասին օրենսդրությունը՝ հստակ նշելով այն դեպքերը, երբ է ստեղծվում ՊՈԱԿ, երբ հիմնադրամ, եւ ավարտին հասցնել գիտական, մշակութային կազմակերպությունների կարգավիճակի հստակեցման գործընթացը։ Այլապես, կարգավորման առկա խառնաշփոթի պարագայում վերջերս ծագած խնդիրը վերջինը չի լինի։ 

 

Նաեւ հավելեմ, որ մշակութային եւ գիտական կազմակերպությունների համար ՊՈԱԿ-ը շատ անհարմար կազմակերպական ձեւ է։ ՊՈԱԿ-ը, փաստացի, կարող է օգտագործվել միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է որեւէ պետական մարմնի գործառույթի ավելի արդյունավետ իրականացում։ Օրինակ՝ Բնապահպանության նախարարությունը պարտավոր է իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։ Սակայն այդ գործառույթի իրականացումը զուտ նախարարության վարչական կառույցի շրջանակներում շատ բարդ է, այդ իսկ պատճառով ստեղծվում է համապատասխան ՊՈԱԿ։

 

Բայց գիտական եւ մշակութային գործունեությունը պահանջում է որոշակի ազատություն։ Իսկ ՊՈԱԿ-ն այնպիսի կազմակերպաիրավական ձեւ է, որը ենթադրում է պետության կողմից շատ խիստ վերահսկողություն, ինչը՝ երբեմն լինելով դրական, շատ հաճախ բերում է գործունեության կաղապարվածության, դանդաղաշարժության, կարելի է ասել՝ գործընթացների բյուրոկրատացման։ Իսկ դա հակացուցված է գիտությանը եւ մշակույթին։

 

Արսեն Թավադյանը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին