Ֆիրդուսի թաղամասը փրկելու իրավական ճանապարհը - Mediamax.am

Ֆիրդուսի թաղամասը փրկելու իրավական ճանապարհը
4644 դիտում

Ֆիրդուսի թաղամասը փրկելու իրավական ճանապարհը


Եվրոպական քաղաքներ այցելող ցանկացած զբոսաշրջիկ, նախ, քարտեզի վրա «հին քաղաքն» է գտնում: Գեղեցիկ, ուղիղ պատուհաններով, կարմիր, պինդ թրծած աղյուսով տներով այդ «հին քաղաքները» զբոսաշրջային գլխավոր այցեքարտն են:

 

Այս ամենը գեղեցիկ փաթեթավորված մատուցվում է այցելուներին, բայց նրանցից միայն քչերն են մի փոքր խորանում եւ պարզում, որ մինչեւ արդյունաբերական հեղափոխությունն անհնար էր ունենալ այդքան մեծ քանակի որակյալ շինանյութ, որով կառուցված տները՝ իրենց նախնական տեսքով, կպահպանվեին մինչ օրս: Բանն այն է, որ Եվրոպայի գրեթե բոլոր «հին քաղաքները», շատ փոքր բացառություններով, 19-րդ դարի երկրորդ կեսի ծնունդ են: Բազմաթիվ պատերազմներից հետո հիմնահատակ քանդված քաղաքները նորից վերականգնվել են՝ հաճախ ավելի հին ոճով, քան իրական կառույցներն են եղել:

 

Մենք հաճախ ենք լսում, որ «Երեւանը Հռոմից մեծ է, բա ու՞ր են հին շենքերը»: Տարօրինակ արտահայտություն, որը փաստում է մեկ բան` մենք չգիտենք պատմություն՝ ո´չ մերը, ո´չ ուրիշներինը: Դա, իհարկե, նորմալ է բնակչության մեծամասնության պարագայում, բայց առնվազն, այսպես ասած, «էլիտայի» դեպքում (ինչքան էլ չեմ սիրում այդ բնորոշումը)՝ անթույլատրելի:

 

Երեւանը եզակի քաղաք է, որտեղ կան մ.թ.ա 4-րդ հազարամյակից մինչեւ 20-րդ դարի պատմության եւ մշակույթի շատ նշանակալի հուշարձաններ՝ մի դարաշրջանից ավել, մյուսից՝ պակաս:

 

Շարքային երեւանցին գիտի միայն Էրեբունի ամրոցը: Բնական է. եթե մ.թ.ա. 8-րդ դարի հզորագույն Թեյշեբաինի ամրոցը, նույն ինքը Կարմիր բլուրը, երկար տարիներ շինարարական աղբի լցատեղի էր, եթե Ծիծեռնակաբերդի բրոնզեդարյան ամրոցը նշված չէ որեւէ օնլայն քարտեզում, եթե Շենգավիթի հնավայրն աստիճանաբար քանդվում է մոտակա շինարարությունների պատճառով, ինչո՞ւ պետք է երեւանցին ընդհանրապես ճանաչի դրանք: Էլ չասենք Կոնդի, Ավանի վաղմիջնադարյան եկեղեցիների մասին:

 

Եվ այս ամենի ֆոնին մեկ շաբաթ առաջ ակտիվացան Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) քանդման վերաբերյալ խոսակցությունները: Իսկ խոսակցություններն ակտիվացան, որովհետեւ քանդեցին այդ թաղամասի նշանակալի կառույցներից մեկը: Երեւանի այս հատվածը քաղաքի ամենաանհայտ տեղերից մեկն է: Այստեղ կան բազմաթիվ պատմական հուշարձաններ, պահպանվել է քաղաքի աուտենտիկ ոճը, փողոցների դասավորությունը, որը մոտ 200-300 տարի չի փոխվել:

 

Այս ամբողջ թաղամասի փոխարեն պլանավորվում է կառուցել ճարտարապետական եւ պատմական տեսակետից որեւէ արժեք չունեցող համալիր, որը ստեղծելու է լրացուցիչ ծանրաբեռնվածություն արդեն իսկ անանցանելի Փոքր կենտրոնում եւ «լավագույն ավանդույթներով» շարունակելու է աղավաղել նաեւ Հանրապետության հրապարակի ամբողջ տեսքը:

 

Հանրության զգալի մասի մոտեցումն այս հարցին միանշանակ է` պատմական թաղամասը չի կարելի քանդել, պետք է վերականգնել այն ոճով, որով կառուցվել է թաղամասը: Դրան ի պատասխան՝ իշխանությունների արձագանքը մեղքը սեփական ուսերից գցելու ոճով է՝ «նախկին իշխանությունների որոշումն է, որը մենք չենք կարող փոխել»:

 

Թաղամասի պատմությունը շատ ցայտուն ցույց է տալիս մեր երկրի մի շարք ոլորտների մեծ խնդիրները: Հարցին պետք է մոտենալ մի շարք դիտակետերից: 

 

Քաղաքաշինության իրավական կարգավորման դիտակետ

 

Քաղաքաշինությունը բավական բարդ ոլորտ է, որը ենթադրում է բազմաթիվ քայլերի հաջորդականություն: Այդ կարգավորման ամբողջ իմաստն այն է, որ կառուցապատումը կատարվի անվտանգության նորմերին համահունչ, պահպանի տարածքի ընդհանուր ճարտարապետական տեսքը, չծանրաբեռնի ենթակառուցվածքները, ապագա բնակիչների համար ապահովի առաջնային հանրային ծառայությունների հասանելիությունը: Մեզ մոտ այդ ամենը ձեւական շղարշի տեսքով կա, բայց փաստացի գոյություն չունի: Կան որոշակի անուններով փաստաթղթեր, որոնք, մեծ հաշվով, շատ փոքր, հատվածային կարգավորումներ են տալիս: 

 

Այս իրավիճակը շատ ընկալելի է կոռուպցիոն համակարգի առկայության պարագայում: Այդ դեպքում կարգավորումներում միշտ կան անհստակություններ, երկիմաստություններ, չկարգավորված տեղեր, որոնք հայեցողության շատ լայն հնարավորություն են տալիս:

 

Եվ այսպես, 33-րդ թաղամասում շինարարություն իրականացնելու համար պետք է առնվազն ձեռք բերել հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք, քանդման թույլտվություն, ճարտարապետահատակագծային առաջադրանք, կազմել նախագիծ եւ անցկացնել այն տարբեր մեթոդական խորհուրդներով, ստանալ շինարարության թույլտվություն:

 

Ներկա կարգավորումների շրջանակներում այս ամբողջ գործընթացն անհնար է անցնել առանց հանրային իշխանության աջակցության: Ուստի, բավական տարօրինակ է հնչում հանրային իշխանության մոտավորապես այսպիսի արձագանքը` «իհարկե մենք քաղաքային միջավայրի եւ պատմական հուշարձանների պահպանման կողմ ենք, բայց ոչինչ չենք կարող անել»:

 

Իրականում, այս քայլերի իրականացման ցանկացած պահին հանրային իշխանությունը կարող է ստեղծել այնպիսի անանցանելի խոչընդոտներ, որ որեւէ կառուցապատող ոչինչ չկարողանա անել, այդ թվում` չկարողանա հասնել վնասների հատուցման:

 

Ինչպես պարզ է դառնում հասանելի աղբյուրներից՝ ձեռքբերողները դեռ չունեն որեւէ հաստատված նախագիծ եւ նույնիսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք չի տրվել: Այս վիճակում պետությունը կարող է պարտադրել իրականացնել ցանկացած տեսակի կառուցապատում եւ ձեռքբերողները ոչինչ չեն կարող պարտադրել: Ուղղակի պետք է մի փոքր ավելի աշխատել:

 

Գերակա շահի եւ դրա անվավեր ճանաչման դիտակետ

 

Ինչ է իրականում տեղի ունեցել 33-րդ թաղամասի հետ: Գերակա շահ ճանաչելու առաջին որոշումն ընդունվել է 2006թ.-ի հունիսի 16-ին: Որպես գերակա շահ է դիտարկվել կառուցապատման ներդրումային ծրագիրը: Այդ որոշումը փաստացի չի կատարվել: 

 

Երկրորդ որոշումն ընդունվել է 2018թ.-ի մարտի 22-ին: Դարձյալ գերակա շահ է դիտարկվել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Թվում է օրենքի տեսակետից ամեն ինչ կարգին է: Բայց դա միայն առաջին հայացքից: 

 

Ինչո՞ւ է ընդհանրապես պետք գերակա շահի կարգավորումը: Մասնավոր սեփականությունը ժամանակակից աշխարհի ձեռքբերումներից է եւ որեւէ երկրի տնտեսական համակարգի հիմքը: Այդ իսկ պատճառով սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն ծայրահեղ դեպքերում: Դրանցից մեկը հենց հանրության գերակա շահն է: Այն պետք է լինի այնքան ծանրակշիռ, որ անհնար լինի պատկերացնել տվյալ երկրի, տարածքի զարգացումն առանց այդ շահի:

 

Մեր դեպքում արդեն մոտ 14 տարի է անցել թաղամասի կառուցապատման նպատակը որպես գերակա շահ ճանաչելուց, սակայն որեւէ կառուցապատում դեռ չի կատարվել: Սա նշանակում է, որ հանրային գերակա շահ առկա չէ:

 

Ընդ որում, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքն ինչքան էլ անկատար լինի, այնուամենայնիվ պարունակում է այս հստակ տրամաբանությունը: Այսպես, օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետը հստակ նշում է`«Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»: 

 

Այսինքն, եթե յոթ տարուց ավելի որեւէ նպատակ չի իրագործվում, չի կարող խոսք լինել հանրային գերակա շահի մասին: 2006թ.-ի որոշման չիրականացման պայմաններում՝ 2018թ.-ի որոշումն ակնհայտ հակասում է օրենքին:

 

Այս առումով՝ ՀՀ կառավարությունը կարող է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի հիման վրա անվավեր ճանաչել 2018թ.-ի մարտի 22-ի որոշումը: Իհարկե, այդ դեպքում ներդրողների վնասների հատուցման հարցն է առաջ գալիս: Բայց այս փուլում, երբ ամենայն հավանականությամբ դեռ իրացումները չեն սկսել, որեւէ մեծ վնասի մասին խոսելն ավելորդ է:

 

Նույնիսկ, եթե Կառավարությունը չի ցանկանում անվավեր ճանաչել 2018թ.-ի մարտի 22-ի որոշումը, վերջինս ունի բոլոր հնարավորություններն այն ուղղակի ուժը կորցրած ճանաչելու: Ո´չ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, ո´չ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանափակում այդ լիազորությունը:

 

Ուստի, կրկնեմ, առնվազն տարօրինակ է հանրային իշխանության այն հայտարարությունը, որ իրենք ոչինչ չեն կարող անել:

 

Հուշարձանների պահպանություն, քաղաքային միջավայր ընդդեմ տնտեսության

 

Մշակութային ժառանգության, հին թաղամասերի պահպանության պահանջների դեմ միշտ բերվում է տնտեսական գործոնը` մենք աղքատ երկիր ենք, ինչ մշակութային հուշարձան: Հյուղակներ են էլի:

 

Որոշ, սահմանափակ դեպքերում այս միտքը, երեւի թե, ընդունելի լինի: Վերջիվերջո, Ասուանի ջրամբարի կառուցման համար Եգիպտական իշխանությունները տեղափոխեցին Աբու Սիմբելի հռչակավոր տաճարը: Բայց, նախ, այդ հուշարձանը ամբողջությամբ պահպանվեց, երկրորդ, կառուցումից հետո Ասուանի ջրամբարը ապահովեց Եգիպտոսի էլեկտրաէներգիայի գրեթե կեսը:

 

Ուղղակի մենք պետք է հստակ հասկանանք հանրության տնտեսական շահի եւ անհատ կազմակերպության տնտեսական շահի հստակ տարբերությունը: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այն հավասարության նշան է դնում այս երկուսի միջեւ:

 

Քաղաքի կենտրոնում գրեթե անվճար հողը միշտ ապահովելու է աստղաբաշխական եկամուտ անկախ այն բանից, թե այն ում է պատկանում: Բայց այ հանրության համար դեռ պետք է հաշվարկել որն է ավելի ձեռնտու: Դիտարկենք երկու տարբերակ:

 

Առաջին՝ մասնավոր կազմակերպությունը քաղաքի կենտրոնում կառուցում է մշակութային որեւէ արժեք չներկայացնող, քաղաքի ենթակառուցվածքները խաթարող, քաղաքի տեսքն աղավաղող համալիր: Արդյունքում, մասնավոր կազմակերպությունն ունենում է ահռելի եկամուտ, վճարում է որոշակի հարկեր, պետությունն էլ ստիպված լրացուցիչ ծախսեր է կատարում, որպեսզի հարմարեցնի ենթակառուցվածքները: Եվ դեռ հարց է` ո՞րն է ավելի շատ` այն գումարը, որը ծախսվում է ենթակառուցվածքների վրա, այն գումարը, որը քաղաքացին կորցնում է խցանումների մեջ կանգնելով, թե՞ վճարված հարկերը:

 

Երկրորդ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ՝ վերակառուցվում է թաղամասը` պահպանելով քաղաքի տեսքը եւ պատմական միջավայրը: Դա բերում է լրացուցիչ տուրիստական հոսք, չի պահանջում ենթակառուցվածքների վրա ներդրում: Դրա հետ մեկտեղ` վերակառուցված անշարժ գույքը հնարավոր է շատ ավելի թանկ արժենա:

 

Ընդորում, հարկային, տնտեսական խելացի քաղաքականությունը թույլ կտա եւ´ պահպանել պատմական միջավայրը, եւ´ չխախտել սեփականության իրավունքը եւ զգալի եկամուտ բերել բազմաթիվ անձանց, ոչ թե աստղաբաշխական եկամուտ մեկ անձի: Տնտեսական տեսակետից առաջինը միշտ ավելի ձեռնտու է հանրության համար:

 

Այսպիսով՝ հանրության շահի հստակ պահանջն է, որ 33-րդ թաղամասը վերականգնվի պատմական հարիր տեսքով եւ ոճով, իսկ հանրային իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները դա իրականացնելու համար:

 

Արսեն Թավադյանը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին