Բժի՞շկ, թե՞ լրագրող. կարեւորը՝ գտեք ձեր ընկեր Կիրակոսյանին - Mediamax.am

Բժի՞շկ, թե՞ լրագրող. կարեւորը՝ գտեք  ձեր ընկեր Կիրակոսյանին
5476 դիտում

Բժի՞շկ, թե՞ լրագրող. կարեւորը՝ գտեք ձեր ընկեր Կիրակոսյանին


Ես որոշել էի բժիշկ դառնալ՝ վիրաբույժ: 8-րդ դասարանում օր ու գիշեր անատոմիա էի պարապում: Դասատուն գոհ էր, ես էլ՝ կարծես: Ծնողական ժողովների ժամանակ միշտ գովում էր, ասում՝ մտածված ու հետաքրքիր հարցեր է տալիս ձեր աղջիկը, որ ուզի, կդառնա բժիշկ: Դրանից ավելի էի ոգեւորվել, նեղ մասնագիտացումն էլ էի ընտրել՝ սրտի վիրաբույժ: 

 

Ուսումնասիրում էի փորոքները, փականները, սիներակները, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված էր սրտի հետ: Իմ բժշկագիտական տարերքը, սակայն, մարեց այն նույն օրը, երբ սրտի վիրահատության ժամանակ բժշկական սխալի պատճառով մահացավ մեր ազգականներից մեկը: Ու երբ պատկերացրի, որ մի օր, Աստված մի արասցե, բայց նույնը կարող է ինձ հետ պատահել, փակեցի անատոմիայի գրքերը: Հրաժեշտ տվեցի Զորյանի անվան դպրոցին, ընդունվեցի «Քվանտ»: 

 

Հայոց լեզվի ու գրականության մեր ուսուցիչը Վլադիմիր Կիրակոսյանն էր՝ գրականության ինստիտուտի փոխտնօրենը: Ասում էր՝ այն, ինչ կսովորես այս երկու տարում, այլեւս երբեք չես սովորի եւ ոչ մի տեղ: Այդպես էլ եղավ: Ընկեր Կիրակոսյանը մեզ ապրեցնում էր հայերենով, դրա համար այն, ինչ սովորում էինք, փաստորեն ամբողջ կյանքի համար էր: Գիտեր՝ հայերենից թեստ պիտի հանձնեինք ընդունելության քննությանը: Բայց, մեկ է, ասում էր՝ ես ձեզ լեզուն կսովորեցնեմ, թեստը հանձնեք ինքներդ: Այդպես էլ արեց, ու բոլորս բարձր գնահատական ստացանք: Ի դեպ, մոռացա ասել՝ ես որոշել էի լրագրող դառնալ: Ընկեր Կիրակոսյանը, սակայն, չէր խրախուսում. ասում էր`«ափսոս ես, արի՛, քարը փեշիցդ թափի՛ր, բանասիրության ֆակուլտետ դիմի՛ր, հետո, եթե ուզես, լրագրությամբ կզբաղվես: 

 

Չլսեցի:  Զղջում եմ, թե ոչ՝ չեմ կարող ասել. չեմ ուզել այդ մասին մտածել: Հիմա էլ չեմ ուզում. երեւի պատասխանը գիտեմ: Իսկ մարդը երբեք չի ուզում թեկուզ մտքում ձեւակերպում տալ մի բանի, ինչը, գուցե, ցավեցնելու է: Առանց ձեւակերպումների, միշտ տարընկալման տեղ ես թողնում, ու դա փրկում է իրավիճակը: Բայց ընկեր Կիրակոսյանը բացառություն էր՝ նա սիրում էր ձեւակերպումներ, ավելին՝ վճիռներ տալ ու ստիպել հասցեատիրոջը, այդ թվում՝ իրեն դրանց հետ համերաշխ ապրել: Այս պատմությունը շատ եմ պատմել. երբ Տերյան էինք անցնում, ասացի՝ գիտե՞ք, ընկեր Կիրակոսյան, ես Տերյան չեմ սիրում: Ժպտաց, թե՝ «դրանից  Տերյանը չի տուժի»: Այո՛, Տերյանը չտուժեց: Ու ես ամբողջ կյանքի համար ականջիս օղ արեցի՝ պետք չէ մեծ-մեծ խոսել, գնահատական տալ կամ փորձել դա անել, երբ ինքդ մի կարգին բան դեռ չես ստեղծել քո կյանքում: 

 

Իսկ ես որոշեցի լրագրող դառնալ՝ այդ մի կարգին բանը ստեղծելու հեռանկարով: Ընդունվեցի պետհամալսարան՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-3-րդ կուրսից սկսեցի աշխատել, ընդ որում՝ անում էի ամեն ինչ՝ նույնիսկ գործող լրագրողների երկարաշունչ հարցազրույցներն էի սղագրում տետրերում, առավոտյան էլ վազում խմբագրություն, որ ազատ համակարգիչ գտնեմ, մուտքագրեմ: Մի խոսքով՝ առավոտից գիշեր մի խմբագրությունից մյուսն էի վազում, խնդրում, որ «ինձ էլ խաղացնեն»: Ու հիմա, եթե ինձ հարցնեն՝ ինչպե՞ս դարձար լրագրող, կասեմ՝ հենց այդպես՝ հարցազրույցից հարցազրույց վազելով, սղագրելով, պատերի տակ ազատ համակարգչի սպասելով: 

 

Ես ուզում էի սովորել: Ես գիտեի, որ սովորելով է հնարավոր լավ լրագրող դառնալ: Իսկ լավ լրագրողը գրագետ, մտածող ու բարեխիղճ լրագրողն է, որը չի կաշառվում, չի զրպարտում, չի սադրում, անկողմնակալ է, բարեկիրթ, քաղաքավարի, հարգալից, գիտի՝ ինչպես է պետք պատրաստվել հարցազրույցին, ինչպես անցկացնել այն, ինչպես ուսումնասիրել թեման, հետազոտել նյութը, համադրել փաստերն ու այնպես ներկայացնել, որ արդյունքը  լինի պարզ, հասկանալի, մարդակենտրոն ու սիրուն: Ընդ որում՝ սիրունն էժան բառախաղը չէ, այլ գրագետ, մտածված, հետաքրքիր ու պատկերավոր ձեւակերպումը:  Այո, ժուռնալիստական արտադրանքը պետք է լինի  մարդակենտրոն. ժուռնալիստիկան մարդու մասին է ու մարդու համար: Հենց մոռացար այդ մասին, կդառնաս շարքային արձանագրող, հետո կձանձրանաս քո՝ այդ միօրինակ գործառույթից ու կսկսես սկանդալներ փնտրել, ավելի ուշ ինքդ կստեղծես դրանք: Իսկ եթե հանկարծ նյութերդ շատ դիտումներ ունենան, ինքդ քեզ 5 կնշանակես ու կհավատացնես, որ լավագույնն ես: Ու մի օր, երբ դիտես, օրինակ, Պոզների հարցազրույցը, կասես՝ «ես սրանից լավ կանեմ»: 

 

Սա մտացածին իրավիճակ չէ, ոչ էլ հայաստանյան լրագրության ապագայի հոռետեսական կանխատեսում: Սա մեր մասնագիտության ցավալի ներկան է՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով: Ու այս ամենում միայն մի լուսավոր կետ կա․ ես երբեք չեմ կարողանա մոռանալ ընկեր Կիրակոսյանին: Դա թույլ չի տա այսօրվա ժուռնալիստիկան, որտեղ կարող ես բառով մարդ սպանել ճիշտ այնպես, ինչպես վիրաբույժը՝ նշտարով, ավելի ճիշտ՝ նշտարի սխալ օգտագործմամբ: Այնպես, ինչպես վիրահատարանում մահացավ մեր ազգականը՝ իմ մեջ սպանելով նաեւ բժիշկ դառնալու ցանկությունը: 

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին