«Մեզ մենակ մի՛ թողեք» - Mediamax.am

«Մեզ մենակ մի՛ թողեք»
4651 դիտում

«Մեզ մենակ մի՛ թողեք»


Խրամորթում երկինքը, ասես, վրձնած լինի թանկարժեք յուղաներկով։ Ամպերի բամբակե ճերմակն ու երկնքի ծովերանգ կապույտը, իրար փաթաթված, էնքա՜ն սիրուն են լող տալիս գլխավերևում, որ աչքդ չես կարողանում կտրել։ Ու մեկ էլ զգում ես՝ ամպերը գրկած՝ սավառնում ես Արցախի՝ գեղեցկությունից շունչդ կտրող լեռների եզերքներով։

Ու գնում, հասնում ես Մարտակերտ, որի ճանապարհը պատերազմից հետո երկարել է, Ակնա, որը գիշերը թշնամին ողողում է լույսերի ու աշխատող հաստոցների աղմուկի մեջ, որ Խրամորթից տեսնես ու սիրտդ մղկտա, Հադրութ, որի դաշտերն ու այգիները բերքով էին ծածկում շուկաները, Շուշի, որը գերի ընկած պատվախնդիր աղջկա պես արցունք է թափում, չնայած որ զարդարել են ոսկով ու ադամանդով։ Հետո հետ ես գալիս, ու Խրամորթի մատույցներում անցնում Քարագլխի վրայով, որտեղից ադրբեջանական հենակետը նայում է Խրամորթի դպրոցի աշակերտների աչքերի մեջ։

Խրամորթի դպրոցը մարտից փակ է, կողպեքը՝ դռան վրա։ Երբ թշնամին սկսեց կրակ բացել գյուղի ուղղությամբ  և բարձրախոսներով սպառնալ խրամորթցիներին, կանանց ու երեխաներին տարհանեցին։ Թշնամին հայերեն էր խոսում՝ վարժ ու առանց ակցենտի։

Խրամորթում երբևէ չէի եղել։ Շատ բան չգիտեի գյուղի մասին։ Վերջերս լուրերում էի կարդում այդ ու մյուս տեղանունները՝ Քարագլուխ, Փառուխ։  Դե՜, որ չես լինում մի տեղ, քեզ թվում է՝ քեզնից հեռու է, քեզ չի առնչվում, քոնը չէ, կարևոր չէ։ Դրա համար Արցախը չտեսած հայն ասում է՝ ի՜նչ լավ է, որ չեմ տեսել, թե չէ սիրտս ավելի կցավեր։  

Ստեփանակերտից Խրամորթ 40 րոպեից էլ կարճ ճանապարհ է։ Անցնում է Ասկերանի բերդի, ծաղիկների մեջ թաթախված եդեմական դաշտերի, խաղողի հուռթի այգիների կողքով, որոնք մնացել են անհասկանալի կարգավիճակում․ պատերազմից հետո պարտադրված սահմանի բերանին են։

Գյուղում լռություն է։ Մեզ դիմավորում է դպրոցի տնօրենը՝ աչքերի մեջ քարացած ցավով ու հույսը չկտրած ժպիտով։ Գյուղի բանալիները ափի մեջ են՝ մի տրցակով։ Առանց փնտրելու առանձնացնում է դպրոցի բանալին։ Դուռը բացում, ու քարանում ես։  Դիմացդ բոլոր պատերազմներում զոհված խրամորթցիների հուշապատն է, որն ամեն տարի երկարել, համարյա դռանն է հասել։

Վերջին դեպքերից հետո տնօրենը՝ տիկին Անուշը, առաջիններից է հետ եկել Խրամորթ։ Ստեփանակերտում տուն ունեն՝ ճիշտ դպրոցի կողքին։ Ասում է՝ զանգի ձայնը որ լսում էի, սիրտս կտոր-կտոր էր լինում։  Եկել ու չի պատրաստվում դուրս գալ գյուղից։ «Ես որ գնամ, էլ մյուսներից ո՞նց կարող եմ ակնկալել, որ մնան ու պահեն Խրամորթը»,-ասում է տիկին Անուշը, որի հեռախոսը գյուղի լռությունը խախտող միակ աղմկարարն է հիմա։ Խրամորթցիները գյուղի ամենաբանիմաց բնակչին են զանգում, որ հարցնեն՝ ի՞նչ վիճակ է, կարո՞ղ են հետ գալ, իրենց տունուտեղին տեր կանգնել։  

Տիկին Անուշը հայոց լեզվի մասնագետ է։ Խոսում է գեղեցիկ, կարճ ու ընտրված բառերով։ Ցույց է տալիս զոհված աշակերտների լուսանկարներն ու ծանր հոգոցով քայլում դատարկ միջանցքներով։ Հիշում է այն օրերը, երբ երեխաները վազվզում էին՝ քրքիջով լցնելով 10 տարուց ավելի իր տունը դարձած դպրոցը։

Ցույց է տալիս ջրատաքացուցիչը, որը հունվարին էին տեղադրել։ Ասում է՝ դպրոցում մինչ այդ երբևէ տաք ջուր չի եղել։ Մի ամիս էլ չվայելեցին։ Բայց ուրախ է, որ գոնե գյուղը պաշտպանող տղաներին պետք եկավ․ բանալիները տվել էր նրանց, որ մտնեն, տաք ջրից օգտվեն։

«Մեզ մենակ մի՛ թողեք։ Որ մարդու ոտք է մտնում կամ գյուղում մի գործ են անում, մենք հույսով ենք լցվում։ Հույսով, որ գյուղը մերն է մնալու, որ գյուղը չի դատարկվելու»,- ասում է տիկին Անուշն ու նեղվում, որ չենք հասցնի գոնե մի բաժակ սուրճ խմել, նոր գնալ։

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին