Դիմակներ, որոնց տակ մեռնում են մեր ժպիտները - Mediamax.am

Դիմակներ, որոնց տակ մեռնում են մեր ժպիտները
3606 դիտում

Դիմակներ, որոնց տակ մեռնում են մեր ժպիտները


Մի քանի տարի առաջ Ամերիկա էի գնացել՝ ընկերներիս հյուր։ Տեսա այն քաղաքները, որտեղ նրանք ապրում էին կամ պլանավորել էին ինձ տանել։ Երբ հետ եկա, բոլորը հարցնում էին՝ հը՞, Նյու Յորքը «վերջն» էր, չէ՞։ Ասում էի՝ հա, իսկապե՛ս «վերջն» էր, աշխարհի՛ վերջը։ Իսկ Վաշինգտո՞նը՝ հետաքրքրվում էին։ Իսկ Վաշինգտոնը՝ աշխարհի սկիզբը՝ նո՛ր աշխարհի։

 

Կինոներից մեզ հայտնի դեղին տաքսիների քաղաքում՝ Նյու Յորքում ամեն անկյունից շնչակտուր վազող մուլտինացիոնալ բազմության հեւոցը, ճամպրուկների անիվների գլվլոցը,  փողոցների դիտահորերից օդ բարձրացող տաք գոլորշին, մայթեզրերին եռացող խորտկարաններից դուրս պրծնող հոտերը թաթախվում էին քաղաքի բազմաշերտ տրամադրությանն ու տպավորություն ստեղծում, թե մարդկանց տարհանում են, բայց որեւէ մեկը չգիտի՝ ինչու եւ դեպի ուր։ Վախեցնող տագնապ կար այդ քաղաքում, որ սնվում էր համընդհանուր շտապողականությունից. բոլորը վազում էին, բոլորն ինչ-որ բան չէին հասցնում, բոլորն ինչ-որ տեղ ուշանում էին։ Ու, անկախ նրանից՝ դու ինքդ շտապում էիր, թե չէ, սկսում էիր հոսանքի հետ քայլել, հետո՝ քայլերդ մեծացնել, հետո վազել, հետո՝ սուրալ։ Ու այդ քրտնաթոր վազքի հեւոցին գումարվում էր շենքերի՝ մարդուն նվաստացնող բարձրության հարուցած սրտխառնոցը, որ գրկում էր պարանոցդ ու պոկ չէր գալիս մինչեւ անկողին։

 

Վաշինգտոնն ուրիշ էր։ Մի աննման՝ արիստոկրատ թմբիր առաջացնող մթնոլորտ կար այդ քաղաքում. մարդիկ՝ ընտրված, փողոցները՝ տրամաբանված, շենքերն ու տները՝ կոկիկ, սրճարաններում՝ հարգալից աղմուկ, խանութներում՝ համբերատար լռություն։ Այդ քաղաքը քեզ չէր պարտադրում իր բովանդակությունը, դու ազատ էիր ստեղծել քոնը։ Բայց ու՞մ էր պետք այդ ազատությունը։ Այն նման էր խոհանոցի տեսանելի անկյունում դրված սուրճի ժամանակակից ապարատին, որից երբեք չես օգտվում, որովհետեւ սովոր չես դրան, որովհետեւ աչքդ ու քիմքդ սովոր են ջազվեի սուրճին, որովհետեւ չես ուզում շատ բան կեղտոտել, շատ բան լվանալ, որովհետեւ հավես չունես նոր բան փորձարկելու, որովհետեւ փորձարկելու ժամանակ չունես...որովհետեւ... որովհետեւ...

 

Ընկերներս որոշել էին ամեն օր ինձ մի երկրի խոհանոց տանել։ Այդ օրը վիետնամականի հերթն էր։ Ուժեղ անձրեւ էր գալիս, ու մենք մետրոյի կայարանին մոտ սպասում էինք՝ բոլորը հավաքվեն, որ շարժվենք։ Ընկերուհուս ասացի՝ դե մի հատ զանգի, տես՝ ո՞ւր մնացին։ Ընկերուհիս, թե՝ «կգրեմ, Արփ, էստեղ ընդունված չի զանգելը»։ Այդ օրվանից ես սկսեցի տեսնել Վաշինգտոնի մյուս՝ միայնակ ու տխուր երեսը։ Սկսեցի նկատել, որ տնամերձ այգիները դատարկ են, սեղան-աթոռները՝ փոշու մեջ կորած. մարդիկ խմբերով սուրճ ու գինի չեն խմում, ձմերուկ չեն ուտում, երեխաները չեն վազվզում, ընկերներով չեն քրքջում, հարազատներով չեն վիճում։ Վաշինգտոնը, ասես, միայնակ մարդկանց մոլորակ լիներ, որտեղ ժամանցի լավագույն ձեւաչափը զույգ-զույգ զբոսանքն էր կամ ընթրիքը, ջերմության դրսեւորումը՝ դիմացինին հեռվից նետած քաղաքավարի ժպիտը, որով գծվում էին հասարակական առանձնության սահմանները։ 

 

Արդեն 3 ամիս է՝ մեր պատշգամբում ընկերներով սուրճ ու գինի չենք խմում, մեր քրքիջը էլ չի տարածվում թաղամասով մեկ, իմ երեխաներից բացի էլ ոչ մի ուրիշ երեխա չի ողողում մեր տունը զրնգուն աղմուկով։ Զբոսնում ենք հազվադեպ, առավելագույնը՝ զույգերով,  մարդկանց ժպտում ենք հեռվից ու անպատասխան ջերմությունից հասկանում, որ քո ժպիտն էլ է մնացել մարդկանց միջեւ անդունդ հյուսած դիմակի հետեւում։ Իսկ անդունդը, ասում են, ժամանակի հետ խորանալու հատկություն ունի՝ է՛լ ավելի խորանալու...

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին