Իմ վարձով տունը հինգերորդ հարկում էր՝ Էնգելսի փողոցում, որը հետո Ալեք Մանուկյան դարձավ։ Մեծ, երեք սենյականոց տուն էր՝ սպիտակ երկփեղկանի դռներով։ Երբ մութը փաթաթվում էր քաղաքին, մառախուղն էլ՝ գրկում պատուհանները, այդ փայտե, ճռռոցով բացվող դռներն ամուր փակում էի, որ գոյություն չունեցող տեսարաններ չմոգոնեի։ Աշնանը Շուշիից իջնող, Ստեփանակերտը պաշարող մառախուղը մի ուրիշ հմայք ու տխրություն էր բերում քաղաքին։ Հետո այդ մառախուղը ջրի կաթիլներով ապակիներին պատմություններ էր հյուսում։ Երևի, գլխին եկածն էր պատմում։
Առաջին օրն էր Ստեփանակերտում։ Գործուղման էի։ Առաջին անգամ՝ տնից հեռու, առաջին անգամ՝ վարձով տանը, առաջին անգամ՝ մի քանի ամսով, ինչը հետո պիտի կես տարի դառնար։
Երրորդ կուրսում էի սովորում, որ աշխատանքի անցա այն ժամանակվա ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկում։ Խմբագիրը հայ չէր՝ իռլանդական արմատներով ամերիկացի էր, բայց գիտեր հայերի ամեն ձայնարկության ու ժեստի իմաստը։ Ամենից շատ սիրում էր մեր՝ ատամները սեղմած ճըպպոցով «չէ» ասելը։ Պատահում էր՝ դուռը թակում, հարցնում էինք՝ ազա՞տ ես, Ջո՛ն, ու մեզ այդ ձայնարկությամբ էր պատասխանում՝ իբրև յուրային։ Մի քանի ամիսը մեկ խմբագրությունում շաբաթօրյակ էինք անում, ինքն էլ մեզ համար իրենց հայտնի կերակուրն էր պատրաստում՝ Չիլի։ Շատ համեղ էր՝ սարսափելի կծու։ Այդ շաբաթօրյակներից մեկի ժամանակ հարցրեց՝ ո՞վ ինչի մասին է երազում։ Հերթը հասավ ինձ, ասացի՝ ուզում եմ Արցախում աշխատել։ Համալսարանն ավարտեցի, թեզս պաշտպանեցի, կանչեց իր սենյակ։ Ասաց՝ աշնանը կմեկնես Արցախ, գործուղման ենք ուղարկում։ Ուրախությունից ոտքերս թուլացան։ Աշնանն արդեն Ստեփանակերտում էի։
Մենակ էի այդ մեծ, սպիտակ ու մառախուղի պատճառով արդեն առեղծվածային դարձած դռների հետևում։ Մշուշը մունջ ճամփորդում էր քաղաքի պատուհանագոգերի վրայով։ Մեկ էլ ամպերը գոռացին ու անձրևի ապտակից պատուհանները իրար եկան։ Հոսանքը գնաց, հեռուստացույցն անջատվեց։ Հեռուստացույցով նայելու բան չկար, բայց միացրել էի, որ ինձ մենակ չզգամ։ Թարսի պես հիվանդացել էի, ջերմության մեջ վառվում էի։ Ծածկոցով փաթաթված՝ մտածում էի՝ սկսեմ լացել, թե՞ մի քիչ էլ սպասեմ, տեսնեմ՝ լույսը չի գալիս, նոր։ Լույսը չեկավ․․․
Դռան թակոցից վեր թռա․ երևի լացելով քնել էի։ Բացեմ, տեսնեմ՝ Անահիտն է՝ մամայական հոգատար, բայց նախատող ժպիտով։ Ասեց՝ վերցրու իրերդ, գնում ենք մեր տուն։
Անահիտի հետ ծանոթացել էի 2004-ին՝ գործուղումիցս երկու տարի առաջ, լրագրողական մի այցի շրջանակում։ Հետո առիթ չէր եղել իրար տեսնելու։ Երբ իմացավ՝ Արցախ եմ գնալու, ասաց՝ դու միայն օր ու ժամ ասա։
Ստեփանակերտի ավտոկայանից ինձ դիմավորեց, տարավ իրենց տուն։ Անահիտի մաման՝ Անյա ծյոծյան, սեղանը գցել, ինձ էր սպասում։ 10 оր ինձ պահեցին իրենց տանը։ Երկրորդ օրվանից Անյա ծյոծյան արդեն գիտեր, որ իր՝ վառարանի վրա թխած ժինգյալով հացը՝ նռան հատիկներով, տապակած սմբուկը` այգու թարմ կանաչիով, տան դիմացի՝ աշնանը մերկացող ծառի՝ շոկոլադի պես սև ու քաղցր կարալյոկը, առանց շաքարի չիրն ու վառարանի վրա եռացող դաղձով թեյն ամենաշատն եմ սիրում։
...Երկնքից դույլով ջուր էր թափվում։ Հեղեղն ու ցեխոտ ճանապարհը ճեղքելով՝ Անահիտի մեքենայով տուն հասանք։ Իսկ տունը Ստեփանակերտի արվարձանում էր։ Սեղանին՝ իմ սիրած ուտելիքները, վառարանին՝ թեյը։ Անյա ծյոծյան նախատեց, թե Արփի՛, էդքան ասեցինք՝ մեր տանը մնա, չլսեցիր։ Անահիտն էլ, թե փոքր քույրիկս կոտոշները տնկեց, գնաց, հիվանդացավ։ Մինչև առավոտ ինձ առողջացրին։ Հաջորդ վեց ամիսներին Անահիտի տեսադաշտից ես չհեռացա, միշտ աչքը վրաս էր պահում՝ հո ցրտին բարակ չեմ հագնվել, հո սոված չեմ, հո տխուր չեմ․․․
Պատերազմից առաջ Անահիտն ընտանիքով տեղափոխվեց Երևան․ հայրը հիվանդ էր, հիվանդանոցային մշտական հսկողություն էր պետք։ Ծանր տարա, որ Ստեփանակերտի տունը վաճառեցին։ Ասում էի՝ ոնց որ իմ բաժին տունն Արցախում կորցրած լինեմ։ Իսկ Անահիտը լռում էր, հետո հոգոցով արձագանքում՝ է՜հ, Արփի։
Անահիտը շատ էր լռում՝ հատկապես պատերազմից հետո։
Արցախից Երևան ճանապարհին էի, զանգեց, ասաց՝ քո սիրելի Անյա ծոծյան քո սիրած ժինգյալով հացն է թխել, արի ուտելու։ Ասացի՝ ճանապարհին եմ, տուն հասնեմ, խոսենք։ Հաջորդ օրը չստացվեց, որ գնամ։ Առաջարկեցի՝ ինքը գա։ Ասաց՝ դե՜ լավ, օրերը հո չպրծան, հիմա էլ ես եմ գնում Արցախ, հետ գամ, կհանդիպենք։ Իմ բաժին ժինգյալով հացն ուղարկեց մեր տուն։ Ասեց՝ կուլ չէր գնա, որ մենակ ուտեինք։
...Անահիտն այլևս հետ չեկավ. օրերը պրծան։ Թե ինչ եղավ, չեմ ուզում պատմել․ բաց վերքին դիպչել չի կարելի։
Անահիտն ասես իմ սեփական՝ մի կտոր Արցախը լիներ։ Երկուսին էլ շատ եմ կարոտում։ Անպատմելի շատ։
Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի առաջատար մի շարք ԶԼՄ-ներում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: