«Իմ աթոռն» ու հասարակության առողջությունը - Mediamax.am

«Իմ աթոռն» ու հասարակության առողջությունը
4042 դիտում

«Իմ աթոռն» ու հասարակության առողջությունը


Վերջերս տարաբնույթ եւ բազմաբովանդակ իրադարձություններ տեղի ունեցան՝ քաղաքացիական, անհատական, ընտանեկան, խմբային, բարոյական, ոչ բարոյական։ Այս ամենն առանձին արտահայտվելով՝ այնուամենայնիվ, մի ամբողջական օրգանիզմ է, որը խփում է գաղափարախոսության, արժեհամակարգի եւ ազգայինը պահող ռիթմով։ 

 

Ինչպես յուրաքանչյուր եղանակի փոփոխություն, որ հանգեցնում է օրգանիզմի հարմարմանը, այնպես էլ նման քաղաքական փոփոխությունը պահանջ ունի ամեն բջջի աշխատանքային ռիթմի փոփոխման ու հարմարման։ Իսկ ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր փոփոխություն։ Որպես հոգեբան հակված եմ ամեն բան դիտարկել՝ անհատների տեսանկյունները եւ կյանքի ոճերը հաշվի առնելով։ Որպես կանոն, որքան էլ անհատները գնան ընդհանուրի ետեւից, միեւնույնն է, ունենում են յուրահատուկ եւ տարբերվող կարծիքներ։ 

 

Այո, ամեն ոք ունի գոյության եւ կարծիք հայտնելու իրավունք։ Սակայն, գոյություն ունի մեկ այլ կողմ, երբ հասարակությունը չգիտի կամ չի ցանկանում սովորել, առանց բուռն էմոցիաների, լսել եւ ընդունել դիմացինի կարծիքը։ 

 

Եթե մի պահ յուրաքանչյուրս մտածենք մեր կոնֆլիկտների հիմնային պատճառների մասին, ապա մեծամասամբ դրանցում կգերակշռի տարակարծության առկայությունը։ Դա ճյուղավորված կերպով ներխուժում է սոցիալական բոլոր կառույցները։ Այն արտահայտվում է ընտանիքում՝ կին-ամուսին, ծնող-երեխա, ավագ եւ կրտսեր սերունդների տարակարծության ձեւով, եւ որպես արդյունք՝ չհասկացված փոխհարաբերություններ, վեճեր, բաժանումներ։ 

 

Ուսումնական հաստատություններում՝ ուսուցիչ-աշակերտ տարակարծություն, ինչը շատ ցավոտ է. աշակերտը կարող է անբավարար ստանալ, քանի որ իր կարծիքը չի համընկնում դասագրքի կամ ուսուցչի կարծրատիպերի հետ։ Աշխատանքային բնագավառում՝ տարակարծություն մասնագետի եւ գործատուի, թիմային աշխատանքում՝ անհատների միջեւ։ Ի վերջո, հասարակության մեջ նույն երեւույթը կարող է առաջացնել տարբեր հակազդումներ եւ կարծիքներ, սակայն կարեւորը դրանք ընդունելն ու դրանց հետ հաշվի նստելն է։

 

Աշխատանքային գործընթացում, որտեղ հիմնական թիրախային խումբ էին կազմում դեռահասները, ¥սա կյանքի այն փուլն է, երբ անհատը ինքնահաստատվում է որպես հասուն մարդ, անցում է կատարում երեխա կարգավիճակից դեպի հասունություն եւ ունի անընդհատ ինքնաարտահայտվելու պահանջ, իսկ ինքնաարտահայտումը նրանք կատարում են սեփական կարծիքը արտահայտելու եւ պնդելու միջոցով¤ իմ մասնագիտական գերխնդիրն էր նվազեցնել երեխաների ագրեսիվությունն ու խթանել հանդուրժողականության դրսեւորումը։ 

 

Կիրառեցի մի պարզ եւ հետաքրքիր մեթոդ, որը կոչվում էր «իմ աթոռը»։ Այն հետեւյալ կերպ էր աշխատում. երեխաները շրջանաձեւ նստում եւ սկսում էին նկարել մեջտեղում դրված աթոռը։ Ամեն մեկն աթոռը նկարում էր իր տեսադաշտից, եւ նույն աթոռը ունենում էր տարբեր պատկերներ։ Սա պրակտիկ եւ իրական մեթոդ է, որում իրականությունը հաղթում է գիտակցությանը։ Պետք չէ վերլուծական միտք դիմացինին ապացուցելու համար սեփական կարծիքի իրատեսությունը եւ կարեւորությունը։ Սա ճշմարտություն է, որը գոյություն ունի։

 

Նույնն էլ հասարակության մեջ, սոցիալական ցանցերում, խմբային հավաքներում կամ ակումբներում է։ Մարդիկ հավաքվում, ինչ-որ բան են քննարկում, սակայն, չունենալով համապատասխան հանդուրժողականության էթիկա, սկսում են վիճել եւ ինքնահաստատվել։ Սա ցավոտ երեւույթ է, սոցիալական եւ հասարակական գերխնդիր, որը սրտի ամեն մի ուժեղ զարկի նման գլուխ է բարձրացնում եւ ունենում սուր եւ անհանդուրժող արտահայտում։ 

 

Ես շատ կցանկանամ, որ յուրաքանչյուր մարդկային փոխհարաբերություն, լինի դա ամուսնական, ընտանեկան, ծնող-երեխա, համացանցի մեկնաբանություն, անհատականության ներկայացում՝ ուղեկցվի մասնակիցների կամ հետեւորդների հանդուրժողականությամբ, քանի որ այն առողջ հասարակության գրավականն է։ Այն, իրականում, ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ: Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը: Հանդուրժողականություն՝ նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել: 

 

Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ, կարծիք արտահայտել, փորձել ուղղորդել վերանայել տեսակետները, սակայն ոչ երբեք ստիպել, անզուսպ պայքարել եւ վիրավորել։ 

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին