Ո՞րն է առաջին օգնությունը մանկական վախերի առաջացման դեպքում - Mediamax.am

Ո՞րն է առաջին օգնությունը մանկական վախերի առաջացման դեպքում
4728 դիտում

Ո՞րն է առաջին օգնությունը մանկական վախերի առաջացման դեպքում


Բոլորս կրողն են այն տեղեկատվության, որն յուրացրել ենք դեռ մանկության տարիներին։ Շատերը ունեն վախեր, դիրքորոշումներ, կյանքի տարբեր իրավիճակներ հաղթահարելու հմտություններ, որոնք մանկուց սովորության տեսքով մեզ ուղեկցում են մինչ հասուն կյանք։

Մեր ժամանակներում ինֆորմացիոն հասանելիությունը այնքան անկառավարելի է, որ տարիքային սահմանափակում եւ վերահսկողություն անհնար է իրականացնել։ Այնուամենայնիվ, ինֆորմացիոն դաշտը շատ ուղղակի կերպով հանգեցնում է կյանքի որակի փոփոխման։ Եթե մի պահ կենտրոնանանք, ապա կհիշենք իրավիճակներ, ֆիլմեր, տեղեկատվություն, որն այդ պահին մեզ ստիպել է անհանգստանալ, ուրախանալ, տխրել կամ զարմանալ։ Ավելին ասեմ, կան այնպիսի բովանդակությամբ տեղեկատվական դաշտեր, որ կարող են մարդկային ճակատագրեր փոխել։

Օրինակ, ճիշտ ընտրված գիրքը՝ տվյալ պահի հոգեկան վիճակին համապատասխան կամ պատահական թեւավոր խոսքը, կարող են ստիպել աշխարհայացք փոխել։

Սակայն, միշտ չէ, որ նման իրավիճակները կարող են դրական արդյունք ունենալ։ Կան նաեւ բացասական տեղեկատվություն տարածող հարթակներ, որոնք առաջացնում են տագնապ, վախ, խուճապ, սթրես, անորոշություն, եւ, ի վերջո, հանգեցնում անհավասարակշիռ հոգեկան վիճակի։

Այդ դեպքերում ամենախոցելին երեխաներն են, քանի որ ավելի զգայուն են, ավելի անկառավարելի, ինքնատիրապետման հմտություններին չտիրապետող, իսկ շատ դեպքերում նաեւ սեփական հույզերին եւ դրանց դրսեւորումներին դեռ անծանոթ։ Այս ամենը հաշվի առնելով՝ կցանկանամ խոսել ամենատարածված հոգեբանական խնդիրներից մեկի՝ մանկական վախերի, դրանց տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաեւ առաջացման պատճառների՝ ինտերնետային հասանելի տեղեկատվության ազդեցության մասին։

Ո՞ր վախերն են համարվում նորմալ եւ որոնք՝ պաթոլոգիկ։ Վախը, հոգեկան մակարդակում ստեղծվող մի գործընթաց է, որն իրականում պաշտպանական բնույթ ունի։ Այսինքն, շատ բնական է, որ երեխան ունենում է տարիքային վախեր, ընթացքում հասկանում դրանց վտանգավոր կամ երեւակայական լինելը, հաջորդաբար հաղթահարում դրանք եւ անցնում առաջ։ Մինչեւ երեք տարեկան երեխաների վախերը կապված են մարդկանց եւ իրական գործընթացների հետ։ Նրանք վախենում են մայրիկին կորցնելուց, մայրիկի սիրո բացակայությունից, բարձր ձայներից, հանկարծակի շարժումներից, փափուկ կամ խորդուբորդ մակերեսով իրերին դիպչելուց եւ այլն։ Այս տարիքում վախերը հավանականություն ունեն ամրապնդվելու մայրիկի արձագանքի շնորհիվ։ Ինչպես կվերաբերվի իրավիճակին մայրիկը, այնպես էլ կսովորի տվյալ իրավիճակին արձագանքել երեխան։

Երեքից մինչեւ վեց տարեկան երեխան արդեն ունի ձեւավորված Ես, նա ավելի ինքնուրույն է, հնարավորություն ունի ավելի շատ հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ եւ ստանալ հետադարձ կապ։ Տարիքային այս ժամանակահատվածում երեխան սկսում է դիտել մուլտֆիլմեր, խաղալ համակարգչային խաղեր, որոնց արդյունքում վախերի եւ վարքային անհասկանալի փոփոխությունների մեծ մասը ձեռք է բերվում հերոսներից, անկանոն շարժումներից, անհասկանալի ձայներից, անբնական կառուցվածք ունեցող պատկերներից: Բնականաբար, սա խորքային խնդիր է դառնում, երբ տանը կա անհանդուրժողականություն, երեխայի նկատմամբ խոսքային եւ ֆիզիկական ագրեսիայի առկայություն։ Նման երեխաները, ընտանիքում չունենալով պաշտպանվածության, սիրո եւ ապահովության զգացում, շուտ են ազդվում կերպարներից, միանգամից ամրապնդում իրենց մեջ վախը եւ դառնում կամ շատ ագրեսիվ, կամ ներամփոփ։

Վեցից-տաս տարեկանում վերոնշյալ վախերին գումարվում է մահվան վախը եւ նաեւ տարիքին համապատասխան միջավայրի այլ վախերը՝ դպրոցում հասակակիցների, ուսուցիչների կողմից չընդունված լինելու վախ, դասը պատասխանելու վախ, սխալվելու վախ, հասակակիցների շրջապատում քննարկվող թեմաներից առաջացած վախ եւ այլն։

Դեռահասության տարիքում վախերը առավել սոցիալական եւ անձնային են՝ կապված կյանքի իմաստի փնտրման, սեփական Ես-ի հաստատման, մարմնի հետ կապված վախեր՝ անհամապատասխանություն կատարյալ մարմնակառուցվածքին, չսիրված եւ չընդունված լինելու վախ։ 

Ինչպես արդեն նշեցի, մեզ շրջապատող տեղեկատվությունն աստիճանաբար դառնում է մեր ներքին բովանդակությունը։ Ծնողները, ովքեր շատ անհանգստացած են երեխաների ագրեսիվ, տագնապային, քնի խանգարումներով արտահայտվող վարքով, մատնանշում են  ինտերնետային խաղերն ու դրանցում առկա կերպարներն՝ որպես առաջացման պատճառ։ Ժամանակի թելադրանքից ելնելով, ծնողը չի կարող կտրականապես արգելել երեխային խաղալ այդ խաղերը։ Սակայն կան նպատակաուղղված վախեր ներշնչող հատուկ խաղեր, որոնցում, ստեղծելով հատուկ կերպարներ՝ անբնական մարմնակառուցվածքով եւ տարօրինակ ձայնով ի դեպ, այն նպատակ ունի առեղծվածայինի գոյությունը շեշտել, ինչը կրկին անբացատրելիի շարքերն է համալրում եւ դառնում վախեցնող¤, երեխաներին դրդում են պաթոլոգիկ վախի եւ կյանքին վնաս հասցնող տարբեր գործողությունների։ Ինչպե՞ս պայքարել եւ վերահսկել նմանատիպ խաղերն եւ ինֆորմացիոն դաշտը։

Ամենակարեւորը հավասարակշռված վարքն է եւ երեխայի հետ ընկերական միջավայր ստեղծելը։ Հարկավոր չէ անմիջապես արգելքներ դնել՝ առանց բացատրության։ Խոսեք երեխայի հետ, ցույց տվեք, որ ձեզ էլ է հետաքրքիր, մեկ անգամ իր հետ խաղացեք, հասկացեք այդ խաղերի վնասակար կողմերը, քննարկեք, թե ինչն է իրեն հետաքրքրել։ Հավատացած եղեք՝ այս ամենն իրագործելով, դուք ավելի հեշտությամբ երեխայի հետ համաձայնության կգաք այն մասին, որ նման խաղերն ունեն բացասական ազդեցություն։ Երեխայի վախի առկայության դեպքում որպես առաջին օգնություն կառաջարկեմ չանտեսել եւ քննարկել այն հենց երեխայի հետ։ Երեխան ոչինչ չի հորինում, գուցե վախի զգացողության տակ կան այլ պահանջներ՝ ուղղված ծնողին, որոնք ուշադրության կարիք ունեն։

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին