Ինտերնետն ու մարդու սոցիալական վախերը - Mediamax.am

Ինտերնետն ու մարդու սոցիալական վախերը
2700 դիտում

Ինտերնետն ու մարդու սոցիալական վախերը


Սոցիալական վախերն անհատից խլում են ամենակարեւոր ինքնակարգավորման մեխանիզմը՝ կամքը։ Վերջինս մեզ հնարավորություն է տալիս գնալ որոշակի նպատակադրված քայլերի, հասնել դրական արդյունքների, ինքնաիրականանալ եւ զգալ լիարժեքությունը։ Նման լիարժեք ինքնաիրականացումը կատարվում է սոցիալական շփումների եւ գործառույթների ստեղծման շնորհիվ։ Հոգեբանական տեսանկյունից անհատը իրեն զգում է լիարժեք, պիտանի եւ գնահատված։ Պիտանի է, երբ կատարում է որոշակի գործողություն ինչ-որ ոլորտում՝ բարելավելով մեկ այլ մարդու առողջական, ֆինանսական կամ այլ պահանջմունքային վիճակը։ Գնահատված է, երբ հուզական, կենդանի խոսքի միջոցով ստանում է խրախուսանք եւ մոտիվացվում։ 

 

Իսկ որքանո՞վ է ներկա մարդկային գործունեությունը հակված կենդանի շփմանը, հույզերի փոխանակմանը եւ միմյանց ուղղված կենդանի արձագանքի ընդունմանը։ Սա շատ ցավոտ հարց է, քանի որ մարդկանց մի զգալի մասը շփվում եւ նույնիսկ աշխատում է սոցցանցերով, ինտերնետով միջնորդավորված։ Փորձենք հասկանալ, թե «այստեղ եւ հիմա» գաղափարախոսությամբ ի՞նչ ունենք եւ ի՞նչ հետեւանքների ենք հանգել։

 

Գրեթե ամեն օր կարելի է կարդալ կամ լսել բողոք՝ ուղղված մերօրյա մարդու եսակենտրոնությանը։ Ամեն տեղ կարելի է կարդալ վիրավորանքներ, որոնք հնչում են առանց միմյանց լսելու, հասկանալու, վերլուծելու դիմացինի միտքն ու խոսքը։ Հիմքում միայն մի դրդապատճառ է՝ մարդն ապրում է իրականությունից դուրս։ Հիմա հարց կառաջանա, այդ ինչպե՞ս, եթե հենց նույն վեճերն ու քննարկումներն իրականանում են այստեղ եւ հիմա առկա խնդիրների շուրջ։ Պատասխանը շատ պարզ է։ Խնդիրը արդիական եւ կենդանի է, իսկ շփումը՝ ոչ: Այն ներցանցային եւ անկենդան է։ Իրականում մենք դեմոկրատիան շփոթել ենք մեկուսացվածության եւ սեփական կարծիքը պարտադրելու մոլուցքի հետ։ 

 

Նախաբանս ինձ մտահոգող խնդրի նախերգանքն է, քանի որ այդ նույն հասարակության չափահաս անդամները ժամանակին եղել են երեխա, եւ հիմա էլ կան երեխաներ, որոնք գնում են դեպի չափահասություն։ Այդ նույն անդամներն էլ ունեցել են շփման խնդիրներ, հասարակության մեջ ներգրավվելու ցանկություն եւ միաժամանակ վախեր, որոնք հաղթահարվել են կամ մինչ հիմա հետապնդում են նրանց։ Սակայն վախերը ժամանակաշրջանի հետ շատ արագ փոխվում են, քանի որ կյանքի ռիթմն ու պահանջներն էլ են ժամանակի հետ փոխվում։ 

 

Արագությունն ունի իր բացասական կողմը՝ չենք հասցնում հարմարվել մի փուլին, երբ մի պահանջին փոխարինում է մյուսը, երբ մի արդիական գործունեությանը գալիս է փոխարինելու մեկ այլը։ Այս ամենն առաջացնում է սոցիալական վախերի մի մեծ փունջ, որոնք ակամայից մեզ հետապնդում են՝ հնարավորություն չտալով սթափ ապրել։ Մենք ամեն րոպե մտածում ենք ինքնազարգացման, ինչ-որ ոլորտում հաջողության հասնելու, ինքնահաստատվելու եւ ժամանակի մեջ տեղավորվելու մասին։ Իսկ դա բավականին դժվար է, երբ աշխատանքի վայրից բացի կան նաեւ տան հոգսեր, առաջնային եւ երկրորդային պարտականություններ։ Այնուհանդերձ, ծանրաբեռնվածությունը չի խանգարում որպեսզի մենք ամեն երեկո ակտիվ լինենք սոցցանցերում եւ հետեւենք նորություններին, որոնք, այնուամենայնիվ, չեն բավարարելու վերոնշյալ ինքնազարգացման սանդղակները։ Որպես կանոն, սոցցանցերի ձգողականության ուժը դա այն սոցիալական շփումների բացն է, որն ամեն ոք չի կարող իրականացնել, քանի որ վիրտուալ աշխարհից այն կողմ չունի իրական շրջապատ կամ ընկերներ, որոնց հետ կարելի է խոսել, ծիծաղել, լաց լինել եւ, վերջապես, ինքն իրեն մարդ զգալ։ Ավելի ցավալի մի փաստ՝ այսօր շատ ծնողներ երեխայի առօրյան լցնում են մուլտֆիլմերի, հեռախոսային խաղերի բազմազանությամբ։ Ի՞նչ կսովորի երեխան։ Բնականաբար, նա սովորում է ավելի հեշտ, պատասխանատվություն չպահանջող, հուզական հակազդում չպահանջող շփման մոդելի, որը միայն տալիս է, սակայն չի պահանջում։ Արդյունքում ունենում ենք երեխաներ, որոնք չունեն հարաբերություն կառուցելու տարրական հմտություններ, չգիտեն մանկապարտեզում կամ խաղահրապարակում խաղալիք կիսել, չունեն խմբի մեջ լիարժեքության զգացողություն։ Կոլեկտիվ անգիտակցականը փոխարինվում է գիտակցված եսակենտրոնությամբ։ Սա սոցիալական հետզարգացում է։ Արդյունքը համատարած դեպրեսիան է, նեւրոզները, սթրեսները եւ այլ հոգեբանական խնդիրներ, որոնք նպաստում են մարդու պաշտպանական պատյանի կարծրացմանը: Ի վերջո, անձն իր ներսում մնում է մենակ՝ աստիճանաբար կորցնելով սոցիալական էակին հատուկ ճկունությունը եւ միջավայրին հարմարվելու ունակությունը։ Սոցիալական վախերի արտահայտումներ են ցանկացած շփման ժամանակ տագնապի, շփոթմունքի դրսեւորումը, ինքնակառավարման կորուստը, հուզմունքը խմբի ներկայությամբ ելույթից, շփումներից խուսափումը։  Սոցիալական վախերն ավելի են խորանում, երբ կա այն խթանող, սնուցող աղբյուր։ Մեր ժամանակաշրջանի սնուցող աղբյուրն այդքան օգտակար թվացող համակարգիչն է։ 

 

Հոգեբանիս հորդորն է՝ երբ համակարգիչը սկսում է զարգացնող եւ ուսուցանող գործառույթից անցում կատարել մարդկանց հետ շփման հարթակ, միանգամից անջատեք այն եւ շտապեք մոտակա խանութ կամ զբոսայգի: Մեկ կենդանի ժպիտը կամ որպիսության հարցումը ձեզ ավելի լիարժեք կդարձնի, քան այդ փայլուն, բայց խաբուսիկ էկրանը։ Սովորեք կառավարել ձեր բանականությունը, այլ ոչ թե կառավարվել։ 


Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին