Անկեղծ եղեք սեփական ես-ի հետ - Mediamax.am

Անկեղծ եղեք սեփական ես-ի հետ
4869 դիտում

Անկեղծ եղեք սեփական ես-ի հետ


«Եթե չունես սեփական կարծիք եւ ժամանակ, ապա պատրաստ եղիր կառավարվել այլոց կարծիքների ու ժամանակի կողմից»։ Այս միտքը վաղուց եմ ընթերցել, ցավոք չեմ մտաբերում՝ ում է պատկանում, սակայն, իր ճշմարիտ եւ իրական լինելը ամեն օր ապացուցվում է։ Իրո°ք, եթե չես կարողանում անելիքներդ համապատասխանեցնել ժամաքանակին, չես կարողանում ըստ կարեւորության տարանջատել առաջնային եւ երկրորդային նպատակներդ, ապա տրվում ես ժամանակի անկանոն հոսքին եւ վերջում` մոլորվում։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը շտկել եւ դառնալ սեփական ժամանակի կառավարողը։ Պատասխաններից մեկն է՝ ունենալ ինքնակազմակերպման հմտություններ։

 

Ի՞նչ է ինքնակազմակերումը 

 

Ինքնակազմակերպման հմտություններով զինված մարդը կարող է տարբերվել շրջապատից՝ անելիքների հստակ գիտակցմամբ եւ կառավարմամբ։ Նման մարդիկ ունեն գրված հստակ ժամանակացույց, ըստ որի ծավալում են իրենց գործունեությունը։ 

 

Ինքնակազմակերպումը դրդում է նպատակաուղղվածության, ինքնավերլուծության եւ ինքնակառավարման։ Արդյունքում անձն ունենում է ադեկվատ ինքնագնահատական եւ ինքնազրկում՝ ոչ նպատակային արարքներից։ Եթե կարողանանք զարգացնել ինքնակազմակերպման հմտությունները, ապա կկարողանանք տնօրինել մեր ժամանակն ու աշխատանքը, արագ կկայացնենք որոշումներ եւ կյանքի կկոչենք դրանք։ 

 

Բայց ինքնակազմակերպումը միայն արտաքին գործոնների կառավարման հմտությունների զարգացումը չէ։ Առաջին հերթին դա ինքնահղկումն է, սեփական անձնային որակների վերանայումն ու վերաիմաստավորումն է։ Բնավորության առանձնահատկությունների վերանայումն է, մանավանդ հուզակամային ոլորտի, քանի որ հույզերն ու կամքն այն սոցիալական եւ բանական հատկանիշների միախառնումն են, որոնք մարդուն կարող են մատնել ծայրահեղությունների։ Որքան ամուր եւ կոփված են հույզերը, այնքան մեր կամքը կառավարելի է գիտակցության կողմից, եւ հնարավորություն է տալիս անձին ունենալ բարձր պատասխանատվության եւ ինքնասիրության զգացում։ 

 

Նման անձնային որակները հնարավոր է ձեռք բերել հոգեբանական մի քանի մեխանիզմներ կիրառելով։ Հոգեբանական գործոնի գլխավոր շեշտադրումն ուղղված է ինքնաճանաչմանն ու սեփական անձի վերլուծությանը, հուզակամային ոլորտի զարգացմանն ու սեփական ժամանակի պլանավորմանը։  

 

Ինքնաճանաչում, ինքնավերլուծություն

 

Իրականում այս երկու գործոնները փոխկապակցված են։ Որպեսզի կարողանանք ճանաչել ինքներս մեզ, նախ պետք է ինքնավերլուծությամբ զբաղվել։ Իրական ինքնաճանաչումը, նախ եւ առաջ, պահանջում է անկեղծություն սեփական ես-ի հետ։ Ինքնաճանաչումը նաեւ պահանջում է հստակ գիտակցում, մեր ներսում առկա դրական եւ բացասական անձնային որակների ընդունում։ 

 

Այո°, մենք պետք է ընդունենք, որ որոշ դեպքերում սխալ ենք վարվում, վատ ենք վարվում, անկեղծ չենք, էգոիստ ենք, լավը չենք, անարդար ենք եւ այլն։ Զուգահեռ, անկաշկանդ կարողանանք նաեւ թվարկել սեփական արժանիքները։ Մարդկանց մեծամասնությունը ինքն իր մասին դրական չի արտահայտվում, ասելով, որ դա անհամեստություն է։ Սակայն ադեկվատ ինքնաներկայացումը նույնպես ինքնագնահատականի կայունության մասին է վկայում եւ դա անհրաժեշտ է։ 

 

Երբ ձեր առաջ գրված կունենաք դրական եւ բացասական որակները, սկսեք դրանք վերլուծել։ Հասկացե°ք, ե՞րբ եք վատը դառնում, ի՞նչն է ձեզ բարկացնում, ի՞նչն է ստիպում անարդար վարվել։ Դրանք կլինեն այն ակտուալ խնդիրները, որոնք պետք է սկսեք ձեր մեջ լուծել՝ վերապրելով կամ արժեզրկելով։ Դրական կողմերը վերլուծելով հասկացեք՝ ի՞նչն է ձեզ դարձնում բարի, ե՞րբ եք դուք ուրախ: Լցրեք ձեր կյանքն այդ դրականը խթանող մարդկանցով եւ իրավիճակներով։ Երբ կհասկանաք, որ ինքնավերլուծությունը հանգեցրել է լիարժեք ինքնաճանաչման եւ դուք ունեք կամային ինքնակառավարում, անցեք հաջորդ փուլին, այն է՝ հուզակամային ոլորտի զարգացմանն ու սեփական ժամանակի պլանավորմանը։  

 

Հուզակամային ոլորտի զարգացում եւ սեփական ժամանակի պլանավորում 

 

Ինչպես արդեն նշեցի, հույզերն ու կամքը այն սոցիալական եւ բանական հատկանիշներն են, որոնք մարդուն կարող են մատնել ծայրահեղությունների։ Որքան ամուր եւ կոփված են հույզերը, այնքան մեր կամքը կառավարելի է գիտակցության կողմից եւ հնարավորություն է տալիս անձին ունենալ բարձր պատասխանատվության եւ ինքնասիրության զգացում։ Երեխայի հուզական ոլորտը մեծահասակի հուզական ոլորտից տարբերվում է իր պարզությամբ։ Երեխաներն ինչ զգում են, վերցնում են որպես իրականություն։ Մեծահասակը, ունենալով տարիքին համապատասխան կյանքի որոշակի փորձ, հմտություն է ձեռք բերում հույզը կոփելու եւ այն արտահայտելու հարցում։ Հույզի կոփման ամենաբուռն կաթսան հասարակությունն է եւ անխնա շփումը։ Ընդլայնեք շփման շրջանակները եւ որքան հնարավոր է արտահայտեք հույզերը, լիցքաթափվեք եւ սովորեք դրանք կառավարել։ Իսկ կառավարելն արդեն կամային որակի մասին է խոսում։ Կամքը նպատակադրվածությունն է։ Եթե ձեր նպատակը արդարացված է անձնային աճով եւ կայուն ինքնակառավարմամբ, ապա կամքը տեղի կտա եւ դուք կունենաք այն, ինչ նախագծել էիք։ Վերոնշյալ բոլոր հմտությունները կլճանան, եթե դրանք չկիրառվեն, չիրականանան ժամանակին։ Նման դեպքում օգնության է գալիս ժամանակի կառավարման մեխանիզմը։ Սա այն պահարանն է, որի դարակներում անհրաժեշտ է ըստ կարեւորության, հասանելիության եւ իրականության կոչելու հավանականության տեղավորել բոլոր նպատակներն ու գործողությունները, որոնք ծառայում են ինքնակազմակերպմանը։

 

Այս ամենի արդյունքում դուք կլինեք հավասարակշռված՝ ինքնաճանաչման, եւ լիարժեք՝ ժամանակի նպատակային օգտագործման շնորհիվ։ 

 

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին