Երեխան չի լսում, երեխան տեսնում է - Mediamax.am

Երեխան չի լսում, երեխան տեսնում է
6412 դիտում

Երեխան չի լսում, երեխան տեսնում է


Վստահ չեմ, որ բոլորը, բայց ծնողների մի խումբ սկսել է գիտակցել, որ դաստիարակությունը ոչ թե բռնություն կամ թելադրանք է, այլ պատասխանատվության ստանձնում՝ առողջ մարդ եւ անհատ մեծացնելու համար։ Առողջը շեշտում եմ, քանի որ հոգեբանական խնդիրների մեծ մասը, որոնք առաջանում են երեխաների մոտ, պայմանավորված են տան դրվածքի, տեսակետների անհամապատասխանության, պահանջների ծանրաբեռնվածության եւ այլ՝ նպատակաուղղված գործընթացներով։

Իրականում՝ իմ մասնագիտական եւ անձնական սուբյեկտիվ դիրքորոշումը «դաստիարակման» համակարգի հանդեպ բացասական է։ Ես կարծում եմ, որ արդար կլինի երեխային ոչ թե դաստիարակել, այլ ստեղծել բնականոն միջավայր, որտեղ նա կմեծանա, կընդունի կամ չի ընդունի, կսովորի կամ կմերժի, կծիծաղի կամ կտխրի, կկարողանա ամեն տարիքում՝ իր համապատասխան գիտակցական մակարդակով, ընկալել եւ ինքնիրականացվել։ Արդյունքում՝ կունենանք ինքնահաստատված, սեփական ընտրության համար պատասխանատու, հասուն մարդ, ով պատրաստ կլինի ինքնուրույն քայլել կյանքի ցանկացած ուղով եւ չի նեղվի, եթե ինչ-որ տեղ ձախողի: Մեր թուլությունները, ներքին խռովքն էլ են գալիս դաստիարակումից, մեր մարդկային տեսակն էլ է բխում դրանից։ 

Ես խնդիրը տեսնում եմ ոչ թե դաստիարակություն բառի, այլ դրա բովանդակության մեջ:

Երբ ասում ենք «դաստիարակել», միանգամից առաջ են գալիս մի փունջ սահմանափակումներ, կանոններ եւ նորմեր, որոնցով երեխան դառնում է լավը հասարակության համար, իսկ նրա ծնողներին փառաբանում են որպես լավ ծնող: Իսկ ի՞նչ է կատարվում երեխայի հետ. նրա մեջ ամրանում են բազմաթիվ պարտադրանքներ, անբացատրելի սահմանափակումներ ու առանց պատճառի հաճոյանալու ցանկություն, որը նույնպես անընդունելի է, քանի որ երեխաներն ամեն բան տեսնում եւ անում են այնպես, ինչպես շրջակա միջավայրն է ցույց տալիս։

Այսինքն՝ մենք վատ են վարվում լավ արդյունքի համար։ Երեխան, լավ վարք սովորելու համար, կրում է զրկանքներ եւ ենթարկվում բռնության։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք՝ մեծահասակներս, կդաստիարակվեինք եւ կդառնայինք լավ մարդ, եթե դրան հասնելու համար պետք լիներ կրել զրկանքներ, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ենթարկվել։ Իհարկե, ո՛չ։ Մենք կըմբոստանայինք, ագրեսիա կդրսեւորեինք, կամ՝ ընդհակառակը, կներփակվեինք մեր մեջ՝ ունենալով անարդարության զգացում։ Երեխաները վախենում են՝ գիտակցելով, որ չկատարելով ծնողական պահանջը՝ պատժվելու են, կամ զրկվելու են սիրելի խաղալիքից, կամ զբաղմունքից։ Նաեւ ունենում են անապահովության զգացում, քանի որ չհասկացված են հենց ծնողների կողմից՝ միակ ապահովության օղակից, որտեղ, անկախ տարիքից, միշտ պաշտպանված պետք է զգան։

Սակայն ցանկացած իրավիճակ կարող ենք մեկնաբանել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական տեսանկյունից։ Ինչպես նշեցի՝ խնդրի էությունը ոչ թե բառն է, այլ բովանդակությունը, ու յուրաքանչյուրս կարող ենք մեր դրական եւ արդարացի քայլերով ամբողջացնել դաստիարակության բովանդակությունը, երեխայի հետ լինել կյանքի, մտքի եւ արարքի ընկեր։ Անհրաժեշտ է միասին սխալներ գործել, միասին հաղթահարել դրանք, դասեր քաղել։ Միասին խենթություններ անել, միասին հասկանալ թույլատրելիի եւ «ոչ»-ի սահմանները։ Միասին հաղթանակների հասնել, լիաթոք ուրախանալ, միեւնույն ժամանակ՝ սովորել ավելիին ձգտել եւ չդոփել տեղում։ Սովորել պարտվել, տխրել, բայց նաեւ միջոցներ գտնել՝ նոր ուժով առաջ գնալու համար։

Պետք է միշտ գիտակցել, որ «հարմարավետ» երեխա ունենալը դեռ չի նշանակում լավ ծնող լինել։ Եղեք հարմարավետ ձեր երեխաների համար, բայց ոչ երբեք նրանց հարմարեցրեք ձեզ։ Նրանք իրավունք ունեն լիարժեք զգալ կյանքը, իսկ դուք, պարզապես ուղեկցելով, հուշողի դերում եղեք, այլ ոչ թե պարտադրողի։

Ինչպես ասում են՝ երեխան չի լսում, երեխան տեսնում է...

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին