Զուգահեռ պետություն ստեղծած մեր մեջի հրեշները
5783 դիտում

Զուգահեռ պետություն ստեղծած մեր մեջի հրեշները


Մոտ երկու շաբաթ առաջ զրուցում էի մի մարդու հետ, որը, իշխանության մեջ երբեք չլինելով հանդերձ, լավատեղյակ է անցուդարձից: Մի բան ասաց, որը հետաքրքիր էր, սակայն այն ժամանակ շատ մեծ նշանակություն չտվեցի.

- Մի բան չեմ հասկանում՝ ո՞նց են ապրելու այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց գոյությունը տասնամյակներ շարունակ, դեռ խորհրդային տարիներից, կառուցված է եղել կոռուպցիայի վրա:

Վերջին շրջանի ձերբակալությունների, խուզարկությունների եւ բացահայտումների լույսի ներքո հաճախ եմ հիշում այդ խոսքերը:

Գլխավոր հակահերոսներին բոլորս իմացանք: Այսինքն՝ նախկինում էլ գիտեինք, բայց այն ժամանակ նրանք անձեռնմխելի էին, իսկ հիմա՝ ոչ:

Բայց սարսափելին այդ մարդիկ չեն: Սարսափելին այն գիտակցությունն է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք իսկապես տասնամյակներ շարունակ իրենց կյանքն ու գոյությունը կառուցել են կոռուպցիոն սխեմաների վրա:

Մի մեջբերում Գլխավոր դատախազության հաղորդագրությունից.

«Պարզվել է, որ 2016-2017 թթ. ընթացքում ավտոմեքենաների մի շարք սեփականատերեր, այդ թվում՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ, որոնք հանդիսանում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների սուբյեկտ, խաբեության եղանակով խուսափելու համար վճարել վարչական տուգանքները, ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ խախտումները կատարվել են գույք կամ եկամուտներ չունեցող թվով 89 ֆիզիկական անձանց կողմից: Ելնելով այս տվյալներից՝ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցներն ավելի քան 40 հազար խախտումների համար նշանակված տուգանքների գումարները, որը կազմում է 375 527 825 ՀՀ դրամ, արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձի անվամբ»:

Հասկանալի է, չէ՞, որ այս խարդախություններին տասնյակ մարդիկ են մասնակցել:

Մի մեջբերում էլ ոստիկանության հաղորդագրությունից.

«Պարզվել է, որ Արարատի մարզպետարանի կրթության եւ գիտության բաժնի պետ Խաժակ Ա.-ն, 2009թ. լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 2013թ. պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ բանավոր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որպես դպրոցի 2-րդ պահակ ձեւակերպել է Տիգրան Դ.-ին, որպես տեխնիկական աշխատող՝ Գոհարիկ Դ.-ին եւ Սուրիկ Հ.-ին, ովքեր չեն ներկայացել աշխատանքի, իսկ շուրջ 5 տարվա նրանց աշխատավարձերը (շուրջ 10 000 000 դրամ) բանկային քարտերի միջոցով ստացել է գործող պահակ Հմայակ Դ.-ն»:

Կարծում եմ, առաջիկայում տասնյակ հաղորդագրություններ ենք ստանալու, որոնք պատմելու են, թե ինչպես են պետությունից գողացվել տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ: Այդ բոլոր հաղորդագրությունների հետեւում մարդիկ են, կենդանի մարդիկ, որոնք ամեն ամիս տուն փող են բերել, որը փաստացի գողացել են միայնակ ծերերից, մանկատան երեխաներից, Գյումրիի անօթեւաններից: Այդ փողով գնացել են շուկա, միս ու միրգ են գնել, ընկերներին խաշի են հրավիրել, երեխաների ուսման վարձն են վճարել: Մի մասը խղճի խայթ ունեցել է, մյուսն անգամ չի հասկացել, թե ինչու պիտի ունենա:

Զուգահեռ պետություն ենք ունեցել՝ կառուցված իրական պետությունից գողացված փողի վրա: Չասեք՝ համակարգն էր այդպիսին: Չեմ ընդունի այդ փաստարկը, ոչ մի պարագայում չեմ ընդունի: Մարդը գող չպիտի լինի ու վերջ:

Հուսանք, որ բոլոր «շնաձկները» կկանգնեն դատարանի առջեւ, կհատուցեն գողացվածը եւ կկրեն արժանի պատիժը: Իսկ ի՞նչ են անելու այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք փոքր ու միջին կոռուպցիոն գործարքների մաս են կազմել: Արդյոք հասկանո՞ւմ են, որ եթե չսանձեն իրենց մեջ նստած հրեշներին, հեղափոխությունը ոչ մի արդյունք չի տալու:

Իրական ողբերգությունը ոչ թե գեներալ Մանվելի կամ Շմայսի պատմությունն է, այլ բոլոր այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ գողացել են կենաց-մահու կռիվ տվող պետությունից: Ողբերգությունն այն է, որ այդ մարդիկ ահավոր կերպարներ չեն, նրանք մեր ծանոթներն են, ընկերները, բարեկամները: Ողբերգությունը նաեւ այն է, որ մենք, ովքեր չենք գողացել, եւս հանցակից ենք, որովհետեւ իմացել ենք, թե ինչպես են նրանք «փող աշխատում»: Իմացել ու լռել ենք:

Սա մեծագույն փորձություն է, որի միջով պիտի անցնենք եւ ապաշխարենք: Առանց դրա փրկություն չենք ունենա, նույնիսկ եթե կատարյալ արտահերթ ընտրություններ անցկացնենք եւ ընդունենք կատարյալ հակակոռուպցիոն օրենքներ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am