Միջազգային իրավագետների հայ-ադրբեջանական հանձնաժողով - Mediamax.am

Միջազգային իրավագետների հայ-ադրբեջանական հանձնաժողով
2475 դիտում

Միջազգային իրավագետների հայ-ադրբեջանական հանձնաժողով


Հայաստանի ու ԼՂՀ  դեմ Ադրբեջանի ագրեսիվ քարոզչության վնասները չեզոքացնելու համար, ի թիվս այլոց, կարելի է պայքարել նաեւ «թուրքական» տեխնոլոգիաներով: Ինչի՞ մասին է խոսքը:

2005-ին Թուրքիայի անփոփոխ վարչապետ Ռ.Թ.Էրդողանը մի նամակ էր գրել Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանին` առաջարկելով ստեղծել պատմաբանների չարաբաստիկ հանձնաժողովը: Նախագահ Քոչարյանը պատասխանել էր նամակին գրեթե մեկ շաբաթ անց: Բայց մինչեւ հիմա թուրքական դիվանագիտությունը ամեն հարիր եւ անհարիր առիթ օգտագործում է միջազգային հանրությանը քարոզելու, որ «հայերը դեռ չեն պատասխանել պատմաբանների հանձնաժողովի առաջարկին»:

Ադրբեջանը անվերջ քարոզում է ագրեսիվ հայատյացություն, «20% տարածքներ» ու «տարածքային ամբողջականություն», եւ արեւելյան «հյուրասիրության» հայտնի կանոններով միջազգային ատյաններում անցկացնում է կողմնակալ հայտարարություններ եւ բանաձեւեր: Հայաստանը, իր հերթին, պնդում է, որ թե’ անկախության հռչակումը, թե’ հանրաքվեն եւ թե’ իր պետականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կառուցել է գործող ներպետական (խորհրդային) օրենսդրության եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի խստագույն պահմանմամբ: Միջազգային լուրջ իրավական գնահատականի բացակայության պարագայում այս հայտարարությունները ընկալվում են, որպես լոկ քաղաքական քարոզչություն: Ընդ որում, այս վեճի հետպատերազմյան, բանակցային փուլը արդեն 17 տարի է ինչ ընթանում է, իսկ ադրբեջանցիները արագ վերազինվում են:

Իմ կարծիքով, ժամանակն է ադրբեջանական ագրեսիվության դեմ շրջանառության մեջ ներդնել եւս մեկ քաղաքակիրթ մարտահրավեր, ընդ որում` իրենց եղբայրական պետությանը` Թուրքիային հասկանալի ֆորմատով:
Որեւէ պետության «վստահության ռեսուրսը» կառուցվում է տարբեր գործոնների համադրման արդյունքում, երբ նրա արտաքին քաղաքական գործունեությունը եւ ռազմավարությունը դառնում են հնարավորինս թափանցիկ եւ լիբերալիզացված: Նման շիտակության օրինակներ էին 2007-ին Հայաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի եւ Ռազմական դոկտրինի մասին այլ պետություններից, ՆԱՏՕ-ից եւ ՀԱՊԿ-ից եզրակացություններ հայցելը, հետո 2008-ին հայ-թուրքական գործընթացի հանրայնացումը, երբ ողջ միջազգային հանրությունը ականատես եղավ նաեւ Հայաստանի` դարավոր թշնամու հետ հաշտվելու պատրաստակամությանը: Թեեւ շատ չանցած Թուրքիան խախտեց պայմանավորվածությունները եւ վերադարձավ նախապայմանների լեզվին, Հայաստանի միջազգային վարկանիշը անշեղորեն բարձրացավ: Այսօր արդեն ԱԳ նախարար Է.Նալբանդյանը հաճախ է կրկնում, որ ԼՂ կամ Թուրքիայի հարցերում Հայաստանի եւ միջազգային հանրության միջեւ կա լիակատար փոխըմբռնում:
ԼՂ բանակցություններում նույնպես, սկսած 2010թ. ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից, նախագահ Սարգսյանը «բաց տեքստով» ներկայացրեց հայկական քայլերի հաջորդակությունը` Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում` չթողնելով որեւէ երկիմաստություն:


Այս մոդելավորումը կարող է թվալ չափազանց ուտոպիստական, տեսական եւ realpolitik-ի համար անպետք, բայց ներկայացվող «վստահության ռեսուրսի» տեսության համար սա, թերեւս, ամենալավ պատկերումն է:

Թվում է, ամեն ինչ արված է, եւ «մեր դաշտում» գնդակներ չկան: Այնինչ այդ «գնդակները» ամեն օր սպառնում են Ադրբեջանի հետ սահմանին կանգնած հայ զինվորին: Ապրիլի 29-ին ադրբեջանական ագրեսիայի զոհ գնացին եւս երեք ժամկետային զինծառայողներ, իսկ նույն օրը Հայաստանում գտնվող ամերիկուհի դիվանագետ Թ.Քեյդենաուն եւ եվրոպացի հանձնակատար Շ.Ֆյուլեն հերթական անգամ սահմանափակվեցին ընդհանուր խոսքերով:
Ինչպես թուրքերը 2005-ից ի վեր միջազգային ատյանները լցնում են «պատմաբանների հանձնաժողովի» մասին իրենց պնդումներով, միգուցե մենք էլ հրապարակայնորեն ազերիներին առաջարկենք ԵԱՀԿ Մինսկի Խմբի հովանու ներքո ստեղծել միջազգային իրավագետների հանձնաժողով եւ վերջնականապես ազատենք մեզ «տարածքային ամբողջականության» թյուր մեկնաբանություններից: Ամենաբարձր մակարդակով արված նման առաջարկից հրաժարվելը ազերիներին կդնի անհասկանալի վիճակում` ի հավելումն դիպուկահարների հետքաշման ընդդիմացմանը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության դժկամությանը:
Ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտությունը արցախյան բանակցություններում իր կայուն ռազմավարությունը հարստացնի շատ կոնկրետ միջազգային իրավական թղթապանակով:

Հովհաննես Նիկողոսյանը ասպիրանտ է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին