Ինչպես Ադրբեջանն անդամակցեց ՄԱԿ-ին - Mediamax.am

Ինչպես Ադրբեջանն անդամակցեց ՄԱԿ-ին
3583 դիտում

Ինչպես Ադրբեջանն անդամակցեց ՄԱԿ-ին


Մարտի 2-ին ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյա տարեդարձն էր, մինչդեռ միջազգային խաղաղության եւ անվտանգության տեսանկյունից այդ կարեւորագույն օրգանը դեռեւս լավ ուսումնասիրված եւ հասկացված չէ մեր երկրում: Նույնիսկ երբեմն թվում է, որ հանրային եւ փորձագիտական քննարկումներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնիսկ ավելի ցածր է գնահատվում, քան, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը չի կարող առողջ ծիծաղ չառաջացնել:

Նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանի հուշերից մի հատվածի հրապարակումը լավ առիթ է վերհիշելու ոչ միայն 1992թ. մարտի 2-ի այդ պատմական իրադարձությունը հուզական առումով, այլեւ նորից ուշադրություն դարձնելու այդ փաստին` մեր պետության անվտանգության գլխավոր մարտահրավերի` Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածության ենթատեքստում:

Քանի որ “տարածքային ամբողջականության” մասին դատողություններ անելուց ադրբեջանցի պաշտոնյաները եւ միջազգային ֆորումների բազմազգի մասնակիցները հաճախ թյուրիմացության մեջ են գցում ներկաներին` արագ-արագ կրկնելով անգիր արված բառակապակցություններ 1992-ին ՄԱԿ-ին իրենց երկրի անդամակցության եւ 1993-ի չորս հայտնի բանաձեւերի մասին, օգտակար կլինի անդրադառնալ այն երկու բանաձեւերին, որոնցով ՄԱԿ անդամ են դարձել Հայաստանը եւ Ադրբեջանը:

Տարածված թյուրըմբռնում կա, որ հետխորհրդային բոլոր հանրապետությունները` մերձբալթյան երկրներից բացի, ՄԱԿ են անդամագրվել մեկ-ընդհանուր որոշմամբ, որպես ԽՍՀՄ փլուզման փաստի արձանագրում: Սա միայն կիսով չափ է ճշմարիտ:

Բոլոր նախկին միութենական հանրապետությունները ՄԱԿ անդամ են դարձել առանձին-առանձին ընդունված բանաձեւերով, թեեւ անդամակցության ընթացակարգը, իհարկե, բոլորի համար եղել է նույնը:

Այսպես, 1992թ. հունվարի 29-ին ընդունված բանաձեւով (S/23456) ԱԽ ողջունել է Հայաստանի անդամակցությունը եւ "գոհունակությամբ ընդունել…. ՄԱԿ սկզբունքների եւ նպատակներին հետեւելու Հայաստանի պատրաստակամությունը":

Իրավիճակն այլ է Ադրբեջանի պարագայում:

1992թ. փետրվարի 14-ին ընդունված (S/23597) բանաձեւով ԱԽ տառացիորեն ընդունում է նոր անդամակցությունը` "ընդհանրականության սկզբունքի ուժեղացման [նպատակով]" ("further strengthening of the principle of universiality"), ինչը uti possidetis juris սովորութային սկզբունքի ակնհայտ հավաստիացում է, որը ընդհանրաբար կիրառվել է նաեւ ապագաղութացման համատեքստում: Այլ կերպ ասած` անուշադրության մատնելով նոր կազմավորված հանրապետությունը հենց Ադրբեջանի օրենսդիր իշխանության կողմից 1918-20թթ. մուսավաթական հանրապետության իրավահաջորդ հռչակելու փաստը` ՄԱԿ-ը ճանաչել է Ադրբեջանի անդամակցությունը, որպես ինքն իրենով ենթադրվող փաստ` ԽՍՀՄ փլուզման արդյունքում: Բազում այլ փաստարկներից բացի, թերեւս, սա է նաեւ այն կարեւոր փաստը, որ ԼՂ ժողովրդի անկախության պայքարը կարելի է դիտարկել ապագաղութականացման ենթատեքստում:

Փաստորեն, ՄԱԿ-ը հետսառըպատերազմյան առաջին շրջանում փորձել է շրջանցել հետխորհրդային տարածքում հայտնված նոր անդամներից շատերի սահմանների եւ տարածքային կոնֆլիկտների վիճարկելիության հարցի քննարկումը, այդպիսով իրականացնելով իր առաջնային միջազգային պատասխանատվությունը` միջազգային կայունության եւ խաղաղության պահպանման գործում:

Այստեղ շատ օգտակար կարող է լինել նաեւ ՄԱԿ ամենանոր անդամի` Հարավային Սուդանի Հանրապետության անդամակցության գործընթացի քննումը: Դրա համար բավական է կարդալ եւ վերլուծել ՄԱԿ ԱԽ կողմից 2010 եւ 2011թթ ընդունված բանաձեւերը` այսինքն` նախքան Հարավային Սուդանի անջատումը (2010) եւ նրա անկախության ճանաչումից հետո (2011): Ընդհանուր թվով 10 այդ բանաձեւերը ԼՂ վերաբերյալ 1993թ բանաձեւերի հետ ունեն մի շարք կարեւորագույն ընդհանրություններ:

Բոլոր 10 բանաձեւերը “վերահաստատում են Սուդանի ամբողջ տարածքում խաղաղության հաստատման գործին, (ինչպես նաեւ) Սուդանի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը (ՄԱԿ ԱԽ) հանձնառությունը (S/RES/1945 (2010), նույնիսկ այն դեպքում, երբ 2005թ. Սուդանում մարտնչող երկու կողմերի միջեւ կնքված համապարփակ համաձայնագրով արդեն պարզ էր, որ այդ պետությունը իր առկա տեսքով այլեւս գոյություն չի ունենալու սպասվելիք հանրաքվեից հետո (շեշտադրումն ավելացված է):

Արդեն հանրաքվեից եւ Հարավային Սուդանի անկախության հռչակումից (հուլիս 9) հետո, բայց մինչեւ նոր պետության անդամակցությունը ՄԱԿ-ին (հուլիս 14), Անվտանգության խորհուրդը 1997 բանաձեւով արդեն “վերահաստատեց” “իր հանձնառությունը Սուդանի եւ Հարավային Սուդանի ինքնիշխանությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը եւ քաղաքական անկախությանը” (շեշտադրումն ավելացված է):

Ամփոփելով, պետք է շեշտել, որ Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ հայտարարությունները` միջազգային կարգուկանոնի պահպանման տեսանկյունից ունենալով բարձրագույն արժեք, ոչ ավելին են, քան անպայմանորեն հավասարակշռված եզրակացություններ այն փաստերի վերաբերյալ, որոնք գոյություն ունեն տվյալ պահին, բայց դեռ կարող են գտնվել զարգացման եւ ձեւավորման փուլում: ՄԱԿ ԱԽ 1993թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին ընդունված հայտնի չորս բանաձեւերը ոչ մի կերպ չէին կարող առանձնացնել կազմակերպությունում անդամության կարգավիճակ չունեցող պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի շուրջ հակամարտությունը, ՄԱԿ ԱԽ տեսանկյունից, շարունակվում էր ունենում ԱդրԽՍՀ նախկին տարածքներում ձեւավորման փուլում գտնվող մեկ առանձին պետության սահմաններում:

Հովհաննես Նիկողոսյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքական գործընթացների եւ տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին