«Սեւծովյան տարածաշրջանի երիտասարդ ռեֆորմիստների ծրագիր» (Black Sea Young Reformers Fellowship) միջազգային ֆորումի շրջանակներում նախորդ շաբաթ մեկնել էի Ստամբուլ, կամ ինչպես ժամանակին հայ մեծանուն գրողներն էին ասում՝ Կ.Պօլիս:
Բավական ժամանակ էր անցել հայկական զգալի հարստություններով եւ պատմությամբ հարուստ, երկու համաշխարհային գերտերությունների՝ Օսմանյան կայսրության եւ Բյուզանդիայի մայրաքաղաք իմ նախորդ այցելությունից:
Հակիրճ կուզենայի անդրադառնալ մի քանի շաբլոնային էպիզոդների վրա, որոնք կարող են պատահել Հայաստանից Թուրքիա մեկնող յուրաքանչյուր փորձագետի, հասարակագետի կամ ակտիվիստի հետ:
Արտասահմանյան եւ հատկապես Ստամբուլում հյուրընկալվող ծրագրերի մեջ պարտադիր կերպով նախատեսվում է քաղաքային շրջագայություն, որտեղ խմբավարները պատմում են իրենց քաղաքի պատմության, ճարտարապետական հուշարձանների եւ այլ երանելի առանձնահատկությունների մասին: Իմ դեպքի առանձնահատկությունը նաեւ նրանում էր, որ մայիսի 29-ին քաղաքում շուրջբոլորը նշում էին 1453-ին Պոլսի գրավումը: Այս հատուկ միջավայրում խմբավարը սկսեց պատմել նախկինում չքնաղ քրիտոսնեական տաճար, հետո մզկիթի վերածված, իսկ այժմ թանգարան դարձած Այա Սոֆիայի մասին, նշելով, որ տաճարի տանիքը վերակառուցել է հայտնի «օսմանցի» ճարտարապետ Սինանը՝ 16-րդ դարի սկզբին: Նա չմոռացավ նաեւ նշել, որ հայտնի «օսմանցի» ճարտարապետը հեղինակել է Սուլթանահմեդի մզկիթը եւ մի շարք այլ հրաշալի կառույցներ: Սպասելով կարճ դադարի, անմիջապես խնդրեցի պարզաբանել, թե ինչ ազգություն է ունեցել այդ հայտնի «օսմանցին», քանի որ նման ազգ կամ էթնիկ խումբ պատմությանը հայտնի չէ: Երեւի չգուշակելով, որ հայ եմ (սովորաբար նման դեպքերում միանգամից հարցնում են՝ «հա՞յ եք»), ենթադրություն կիսեց, որ հավանաբար թուրք է եղել: Որքան էր նրա զարմանքը, երբ իրեն խոսք չտալով ընդհատեցի իր մտացածին պատմությունները, եւ խմբի մի քանի այլազգի անդամների սկսեցի պատմել հայազգի Սինան ճարտարապետի եւ Պալյանների ընտանիքի մասին, ներկայացնելով նրանց ներդրումը օսմանյան շրջանի ճարտարապետության մեջ:
Բայց իհարկե ամենագլխավորը դեռ առջեւում էր:
Ընդհանրապես, տարածաշրջանի էներգետիկ անվտանգության մասին քննարկումներում շատ է կարեւորվում Բաքու-Ջեյհան ու Բաքու-Էրզրում խողովակաշարերը՝ մի կողմ թողնելով նրանց ֆիզիկական ծավալների նկարագրությունը: Իսկ եթե քննարկմանը ներկա է լինում նաեւ Հայաստանից որեւէ մասնագետ, անպայման խոսք է գնում Հայաստանի «կորցրած» հնարավորության մասին` դառնալու Կասպիցի ռեսուրսների համար տարանցիկ երկիր: Իսկ ավելի հաճախ՝ ռեգիոնի էներգետիկ անվտանգության մասնագետները խոսում են իրենց առարկայի մասին՝ Ռուսաստանի «էներգետիկ գերիշխանությանը» վերջ դնելու վերաբերյալ դատողություններով` Կասպիցի ռեսուրսների հաշվին: Իհարկե, չեն մոռանում նշել նաեւ առկա «սառեցված հակամարտությունների» եւ դրանց ապակայունացնող դերի մասին:
Այս անգամ հիմնական զեկուցողը գիտնական էր, ով, դատելով պաշտոնական կենսագրությունից, երբեւէ չի զբաղեցրել պետական պաշտոն, ինչը տեսականորեն պետք է ազատեր նրան քարոզչական կլիշեների օգտագործումից: Ինչեւէ, այդպես չստացվեց:
Նման դեպքերում շատ օգտակար է հիշել մի քանի կետ.
1. 2008թ. Օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ նույնիսկ Ռուսաստանի համար տարածաշրջանային խողովակաշարերը սրբություն են եւ անձեռմխելի: Պատերազմի օրերին ոչ մի հրթիռ, նույնիսկ «պատահաբար» չընկավ Բաքու-Ջեյհանի կամ Բաքու-Էրզրումի վրա: Հետեւաբար, ռեգիոնալ կոնֆլիկտների կողմերը, ինչպես ապացուցվեց, ընդունում են որոշակի խաղի կանոններ եւ չեն դիտարկում խողովակաշարերը, իբրեւ ռեալ նշանակետ:
2. Ընդհակառակը, գոյություն ունեցող խողովակաշարերը, որոնք թեեւ ոչ մի կապ չունեն գլոբալ էներգետիկ անվտանգության հետ (ԲԹՋ-ն օրական մատակարարում է համաշխարհային սպառման 0.8%-ը եւ այդ թիվը նվազում է վերջին ամիսներին), բայց կոնֆլիկտոգեն տարածաշրջանում զսպում են Ադրբեջանի ագրեսիան եւ չեն թույլ տալիս «կարմիր գծից» անցնել, քանի որ BP-ն եւ այլ մեծ խաղացողներ կդադարեն պաշտպանել սեփական ժողովրդի ցասման դեմ միայնակ մնացած Ալիեւի ռեժիմը:
3. Ինչպես ցույց տվեց Լիբիայում Քադդաֆիի ռեժիմի անկումը եւ նրա անփառունակ վախճանը, էներգետիկ անվտանգությունը չի կարելի դիտարկել մարդու անվտանգությունից անջատ: Նույնիսկ եթե գնդապետ Քադդաֆֆին կատարում էր իր միջազգային պարտավորությունները՝ նավթի արտահանումների ապահովության երաշխավորման հարցում, մարդու միջազգային իրավունքների համատարած եւ համակարգային խախտումները սեփական երկրում դարձան այն գործոնը, որը բերեց միջազգային լայն կոալիցիայի ինտերվենցիային եւ նրա ռեժիմի տապալմանը: Անհանգիստ Իրանի հարեւանությամբ գտնվող Ադրբեջանի իշխանությունները, հավանաբար, չպետք է մոռանան սրա մասին, երբ Հարվարդի շրջանավարտներին կամ քաղաքական հակառակորդներին նետում են բանտերը, քանի որ նույնիսկ ԵԽԽՎ-ին լռեցնելու համար Կասպիցի «սեւ ձկնկիթը» կարող է չբավարարել:
Խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին, հատկապես պրոֆ. Դավութօղլուի նախարարության շրջանում ավելի քիչ է խոսվում Թուրքիայի եվրոպական ձգտումների, եւ ավելի շատ՝ նեո-օսմանիզմի եւ անմիջական հարեւանների հետ հարաբերությունների վրա կենտրոնանալու ռազմավարության մասին: Թեեւ արտաքին աշխարհի տեսանկյունից այս քաղաքականությունը սպառել է իրեն, եւ ստեղծել «ահավոր շատ խնդիրներ», բայց Թուրքիայի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով փոխնախարարը հանդիպման ընթացքում դեռ քարոզում էր իր կառավարության «soft policy» կամ «փափուկ քաղաքականության» փիլիսոփայությունը:
Հարցին, ինչ կոնկրետ արդյունքներ է արդեն արձանագրել այդ «փափուկ քաղաքականությունը», պարոն փոխնախարարը պնդեց, որ «արդյունքները այդքան շուտ չեն երեւա», եւ առաջարկեց մի քիչ էլ սպասել: Վերադառնալով հարցին, հարգալից կերպով փորձեցի ճշտել, արդյոք նա ի նկատի ուներ «փափուկ քաղաքականությունը» Իսրայելի, Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի, Հայաստանի, Իրանի թե Հունաստանի հետ (քաղաքավարությունից դրդված մեկ այլ առիթի թողեցի՝ այս ու այն կառավարությունից «ներողություն պահանջելու» պրն Էրդողանի մոլուցքը): Ինչպես պարզվեց, այս հարցից հետո պարոն փոխնախարարը իմ ընկերը այլեւս չի դառնա:
Իսկ գործնականում, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ազգային բարեփոխումների եւ եվրոպական ստանդարտների ներդրման առումով, համաձայն Բաց Հասարակություններ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հետազոտության, Հայաստանը 2011-ից ի վեր լուրջ արագացում եւ առաջընթաց է արձանագրում, եւ այժմ մենք երկրորդ տեղում ենք՝ Մոլդովայից հետո, ինչը՝ արտասահմանյան գործընկերների գնահատականին ծանոթանալուց հետո՝ ինձ շատ զարմացրեց:
Այնպես որ, ճիշտ էր Բեկոնը, երբ դատողություններ էր անում գիտելիքի եւ ուժի փոխադարձ կապի մասին:
Հովհաննես Նիկողոսյանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքական գործընթացների եւ տեխնոլոգիաների ամբիոնի վարիչն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: