Ինչու է Կատալոնիայի անկախության հանրաքվեն լավ նորություն Լեռնային Ղարաբաղի համար - Mediamax.am

Ինչու է Կատալոնիայի անկախության հանրաքվեն լավ նորություն Լեռնային Ղարաբաղի համար
6817 դիտում

Ինչու է Կատալոնիայի անկախության հանրաքվեն լավ նորություն Լեռնային Ղարաբաղի համար


Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները եւ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ղազախստանի ինքնակալ Նուրսուլթան Նազարբաեւի «վերապահումները» պետք է որ նոր լիցք հաղորդեն 2014-ին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քաղաքական գործընթացին։

Հունվարի 22-ին եւ փետրվարի 5-ին ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից, համապատասխանաբար, Չիրագովն ընդդեմ Հայաստանի եւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործերի ծայրահեղ կարեւոր լսումները (այս մասին նախորդիվ անդրադարձել էի այստեղ), եւ դրանց հարցերով որոշումները այս կամ այն կերպ նույնպես կազդեն բանակցային փաթեթի իրավական էլեմենտների` մասնավորապես ռեֆերենդումի անցկացման հեռանկարի վրա։

Եթե նայենք այսօր անկախացած պետությունների կամ դրա ճանապարհին գտնվող կազմավորումների ճակատագրին, կտեսնենք, որ բոլոր դեպքերում ռեգիոնները, ի վերջո, անկախության են հասնում հանրաքվեի ճանապարհով։

Անցած տարին նշանավորվեց աշխարհի տարբեր մասերում անկախության հանրաքվեների անցկացմամբ։ 2013-ին անցկացվեց Բրիտանիայի եւ Արգենտինայի կռվախնձոր Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիների հանրաքվեն, իսկ Շոտլանդիան եւ իսպանական Կատալոնիան արդեն հայտարարել են իրենց հանրաքվեների մասին։ Մալվինյան կղզիները քվեարկեցին հանուն բրիտանական անդրծովյան տարածք (overseas territory) մնալու՝ հարուցելով Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների զայրույթը; Շոտլանդիայի ազգայնականները՝ առաջին նախարար (վարչապետ) Ալեքս Սալմոնդի գլխավորությամբ վերջապես հրապարակեցին անկախության հանրաքվեի անցկացման օրը, իսկ իսպանական 7.6-միլիոնանոց Կատալոնիայի չորս պրո-անկախական կուսակցություններ, որոնք մեծամասնություն են կազմում շրջանային պառլամենտում, հայտարարեցին նման հանրաքվեի անցկացման անհրաժեշտության մասին եւ ֆիքսեցին դրա անցկացման օրը` 2014-ի նոյեմբերի 9-ին` “եթե սոցիալ-տնտեսական կամ քաղաքական բնույթի պատճառները չհետաձգեն դրա անցկացումը”։ Նախորդ շաբաթ, հունվարի 16-ին, Կատալոնիայի ռեգիոնալ պառլամենտը 87-43 ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ Մադրիդ ուղարկեց հանրաքվե անցկացնելու մասին պաշտոնական հայցադիմումը։

Եթե հաշվի առնենք, որ նոր հանրաքվեի (դիվանագիտական լեզվով՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտության) անցկացումը գոնե մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումը դեռ ակտուալ մնացող Մադրիդյան փաստաթղթի առանցքային կետն էր, այս հանրաքվեները` դրանց անցկացման բոլոր ատրիբուտներով պետք է դառնան ուշադիր զննության առարկա ԼՂ կոնֆլիկտով կենացների կամ ազգայնական բնույթի հայտարարությունների մակարդակից այն կողմ հետաքրքրվող մասնագետների համար։

Պետք է նշել, որ ԼՂՀ-ում անկախության նոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կարծիքները խիստ տարբեր են՝ 1989թ դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը գերագնահատողներից մինչեւ դեռեւս չճանաչված հանրապետությունը որպես Հայաստանի կազմում «Լեռնային Ղարաբաղի մարզ» քարոզողներ։ Սակայն արժանահավատ որեւէ սոցհարցում այս մասին գոյություն չունի։ Մի կողմ թողնելով ԼՂՀ Սահմանադրությունը ոտնահարողներին իբրեւ անկաշկանդ իրենց կարծիքը արտահայտելու իրավունք ունեցող քաղաքացիներ, այնուամենայնիվ, փաստ է, որ ներկայումս բանակցվող փաստաթղթում «պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտության» էլեմենտը վեց հրապարակված կետերի մեջ, թերեւս, ամենակարեւորն ու առեղծվածայինն է, քանի որ հակամարտությունը 1988-ի փետրվարին սկսեց հենց մարզի կարգավիճակի շուրջ քաղաքական տարաձայնություններից՝ վերաճելով միջազգային բնույթի լայնամասշտաբ պատերազմի։

Եվ այսպես, "Կատալոնիայի քաղաքական ապագան" որոշելու նպատակով հանրաքվեին դրվելու է երկու հարց. “Արդյոք դուք ցանկանում եք, որ Կատալոնիան դառնա պետություն” եւ “Դրական պատասխանի դեպքում` արդյոք ցանկանում եք, որպեսզի այդ պետությունը լինի անկախ”։ Երկրորդ հարցի վերաբերյալ Կատալոնիայի նահանգային իշխանությունները զիջման գնացին այն ուժերին, ովքեր ցանկանում են Իսպանիան տանել ֆեդերալիզացման ճանապարհով։ Մյուս կողմից, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը քանիցս հայտարարել է, որ որեւէ դեպքում չի ընդունի Կատալոնիայի անկախության կամ հանրաքվե անցկացնելու իրավունքը, քանի որ Ֆրանկոյից հետո ընդունված 1978 թվի Սահմանադրությունը հռչակել է Իսպանիան որպես ունիտար պետություն, որտեղ հանրաքվեները կարող են անցկացվել միայն պետության ամբողջ տարածքում, այլ ոչ առանձին-առանձին ռեգիոններում։ Ռախոյի Ժողովրդական կուսակցությունը եւ Սոցիալիստները Իսպանիայի օրենսդիրում մեծամասնություն են կազմում եւ հեշտությամբ կարող են պետական մակարդակում թույլ չտալ կատալոնացիներին ռեֆերենդում անցկացնել, ինչի մասին Ռախոյը քանիցս հայտարարել է։

Հենց միայն այս հարցում Ադրբեջանի Ալիեւների հետ ընդհանրությունները ակներեւ են (մինչդեռ ժողովրդավարության եւ ազատությունների մասին խոսքն ավելորդ է), եւ ուստի Կատալոնիայի ճակատագրի շուրջ զարգացումները միջազգային կոնտեքստում կարող են եւս մեկ հետաքրքիր նախադեպ դառնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։

Անկախ Ալիեւների քաղաքական բառապաշարի հետ վարչապետ Ռախոյի թվացյալ ընդհանրությունից, դժվար է պատկերացնել, թե ինչպես ԵՄ անդամ Իսպանիան կարող Բարսելոնայում “Սումգայիթ” գործողություն իրականացնել։ Ուստի, կամ ԵՄ կստիպի Իսպանիային համաձայնության գալ կատալոնացիների հետ (նաեւ բասկերի, ում Մադրիդը մերժել էր ռեֆերենդում անցկացնել 2005-ին), կամ Իսպանիան կգնա ֆեդերալիզացման եւ քաղաքական առումով դանդաղ կմասնատվի արդեն ԵՄ ներսում։ Այլ տարբերակները կարող են տանել քաղաքական վակուումի Իսպանիայում եւ ամբողջ Եվրոպայում։

Իրոք, պետք է նշել, որ վերջին տասնամյակում աշխարհում նկատվում է ֆեդերալիզմի մոդելի նկատմամբ պետությունների հետաքրքրության նշանակալից աճ։ Այնպիսի պետություններ, ինչպիսին են Իտալիան, Բելգիան, Եթովպիան, Հարավային Աֆրիկան, նույն Իսպանիան, Բրիտանիան եւ Հնդկաստանը ձեռնարկել են ֆեդերալ իշխանության ինստիտուտները ուժեղացնելու ուղղությամբ նշանակալից քայլեր։

Նույնիսկ եթե կատալոնացիները հավանություն տան միացյալ Իսպանիայի կազմում պետականություն ունենալու գաղափարին, Շոտլանդիայի դեպքում այդ փուլը արդեն անցյալում է։ Ազգայնական ձայների օգնությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարած Ալեքս Սալմոնդի կառավարությունը արդեն իսկ հրապարակել է “Շոտլանդիայի ապագան” հաստափոր ձեռնարկը եւ ակտիվ քարոզում է սեպտեմբերի 18-ին “Շոտլանդիայի երկու տարբեր ապագաների միջեւ ճիշտ ընտրություն կատարել”` հանուն անկախության։

Իհարկե, քաղաքագետները չկարողացան կանխատեսել Արաբական գարունը եւ խոսում էին Մուբարաքի ռեժիմի կայունության մասին հայտնի դեպքերից մեկ շաբաթ առաջ, իսկ տնտեսագետները հազիվ թե կարողացան կանխատեսել միջազգային ֆինանսական ճգնաժամը։ Դժվար է նաեւ որեւէ ճանապարհ ուրվագծել ղարաբաղյան բանակցային տարվա համար, առավել եւս, որ այդ բանակցությունները հրապարակային չեն, իսկ Ադրբեջանի իշխանությունները իռացիոնալ քայլեր անելու (հիշենք Կազանը) մեծ փորձ է կուտակել։

Քանի դեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Չիրագովների եւ Սարգսյանի գործերով իր բեկումնային որոշմամբ չի վերակազմակերպել (արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները թույլ կտան դա?) ողջ բանակցային գործընթացը, օրինակ, սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչը ինքնին կարող է մեկ ակնթարթում դադարեցնել ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ նոր ռեֆերենդումի (ինչպես էլ դա կոչենք) անցկացման շուրջ բանակցությունները տեսանելի հեռանկարում, Շոտլանդիայի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեների շուրջ զարգացումները միջազգային օրակարգի այն երկու կարեւոր կետերն են, որոնց Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ուշադրությամբ եւ սրտատրոփ հետեւեն։

Այսքանով, սպասենք ՄԻԵԴ Մեծ պալատի հունվարի 22-ի առաջին լսումներին եւ հետո կհետեւենք, թե ինչ կասի Հին Աշխարհը անկախության ձգտող ժողովուրդների ապագայի վերաբերյալ։

Հովհաննես Նիկողոսյանը Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում Թավիթյան կրթաթոշակային ծրագրի ուսանող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին