Պաշտպանել ցեղասպանված հայերի ժառանգներին - Mediamax.am

Պաշտպանել ցեղասպանված հայերի ժառանգներին
12241 դիտում

Պաշտպանել ցեղասպանված հայերի ժառանգներին


Պաշտպանելու պարտավորությունը (Responsibility to Protect), կամ կարճ` R2P-ն, ինչպես 2009-ին ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում դիպուկ նկատեց այս դոկտրինի հայտնի քննադատ Նոամ Չոմսկին, «հումանիտար ինտերվենցիաների տեսության զարմիկն է», որը 2000-ականների սկզբին առաջարկեց փաստացի ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հովանու ներքո գործող Պետական ինքնիշխանության եւ ինտերվենցիայի հարցերով միջազգային հանձնաժողովն (International Commission on Intervention and State Sovereignty) իր զեկույցում:

Ըստ էության, այս հանձնաժողովի աշխատանքը միտված էր հումանիտար ինտերվենցիաների վերաբերյալ ձեւավորված միջազգային բացասական կարծիքը վերափոխելուն՝ տալով դրան նոր անուն, ձեւ եւ բովանդակություն:

2005-ին ՄԱԿ Հազարամյակի գագաթնաժողովը, որին մասնակցում էին պետությունների աննախադեպ թվով ղեկավարներ (ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Ա.Մարգարյանը, ով իր կարճ ելույթում սատարեց R2P-ի դոկտրինը), ընդունեց Վերջնական փաստաթուղթը` ամրագրելով R2P-ն 138 եւ 139 պարբերություններում, իսկ 2006-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1674 բանաձեւով ինկորպորացրեց այդ նորմը` բերելով իրավական դաշտ:

Հետագայում այս նորմը կիրառություն գտավ ՄԱԿ Կանոնադրության 7-րդ գլխի վկայակոչմամբ ընդունված, այսինքն` ուժի կիրառման լիազորություն առաջացնող մի շարք բանաձեւերում:

Ընդհանուր առմամբ, դոկտրինը դեռ գտնվում է զարգացման փուլում: Վերջին եւ առավել հայտնի կիրառության օրինակը` ԱՄՆ եւ ԵՄ անդամ-երկրների առաջնորդությամբ իրականացված ինտերվենցիան էր Լիբիա` համաձայն ՄԱԿ ԱԽ 1970 եւ, մասնավորապես, 1973 բանաձեւերի, որոնք ոչ միայն ուժի կիրառման սանկցիա էին տվել, այլեւ միջնորդել էին Միջազգային քրեական դատարանին՝ քրեական գործեր հարուցել Լիբիայում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների հետ կապված:

Ցավալի է, իհարկե, որ հետխորհրդային տարածքի շատ գիտնականներ եւ հանրային գործիչներ այս գործողությունը մեկնաբանեցին «արեւմտյան նեո-կայսերական» տրամաբանության մեջ, թեեւ, անշուշտ, կան բազում լեգիտիմ պատճառներ` մի քանի հարանման դեպքերում (օրինակ` աշխարհում ամենամեծ` Ֆորտ Բոնդստիլ ամերիկյան ռազմաբազան Կոսովոյի տարածքում):

Արաբական գարնան փոխակերպված եւ ավելի արյունալի տարբերակը այսօր զարգանում է Սիրիայում` քաղաքացիական պատերազմի տեսքով, որտեղ կառավարական ուժերը մարտնչում են այսպես կոչված Սիրական ազատ բանակի զինյալների դեմ: Թերևս, նախագահ Ասադի ռեժիմից ազատվելու քաղաքական ցանկությունն է եւ, իհարկե, նրա ռեժիմի լեգիտիմության պակասը, որ որոշ երկրների դրդում է ներկայացնել ազատ բանակի զինյալներին, իբրեւ «ընդդիմադիր ուժ»: Բայց սա այլ թեմա է:

Մի կողմ դնելով հարցի միջազգային, աշխարհաքաղաքական նշանակությունը եւ զարգացման սցենարները, այսօր առավել քան արդիական է համահայկական քննարկման դնել Սիրիայում` մեծապես 1896-1923թթ. Ցեղասպանության արդյունքում ապաստան գտած հայկական համայնքի անվտանգության խնդիրը: Այս հարցում` միջազգային հնչեղության եւ ՀՀ քաղաքականության կարեւոր անկյունաքար է այն, որ այս համայնքը արդեն իսկ վերջին 100 տարիների ընթացքում մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության կամ դրա սպառնալիքի, եւ այսօր նրանց դեմ Սիրիայի ապստամբ ուժերի կողմից իրականացվող, ըստ էության, պատերազմական հանցագործությունները նկատելիորեն հաճախակիանում են եւ հստակ թիրախավորված են, մինչդեռ Սիրիայի օրինական իշխանությունը, որն իր քաղաքացիներին պաշտպանելու միջազգային  (այդ թվում նաեւ՝ նրանց հայրենիք Հայաստանի հանդեպ) պարտավորություն ունի` չի կարողանում լիարժեք իրականացնել այս erga omnes պատասխանատվությունը:

Վերջին տասնամյակների ընթացքում եղել են նման դեպքեր, երբ երրորդ երկրները սահմանափակ հումանիտար միջամտություն (նաեւ` ռազմական) են կիրառել թիրախային պետության տարածքից իր ազգակիցներին կամ քաղաքացիներին տարհանելու նպատակով: Օրինակ` ԱՄՆ ներխուժումը Իրան՝ 1980-ին (պատանդների ճգնաժամը), Պանամա՝1989-ին, Միացյալ Թագավորության ներխուժումը Սիեռա Լեոնե 2000-ին, եւ այլն:

Սիրիայում ապրող հայերին տարհանելու (ովքեր դրա ցանկությունը կհայտնեն) գործողությունը կարելի է իրականացնել Դամասկոսի եւ/կամ Հալեպի օդանավակայաններում թռիչքի պատրաստ, անվճար օդանավեր ունենալու միջոցով, կամ` Տարտուսի ռուսական նավահանգստում դաշնակից Ռուսաստանի նավերի միջոցով: 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանը, թվում է, առիթը բաց չի թողնի մասնակցելու R2P գործողության եւ այդպիսով բարձրացնելու իր խաթարված հեղինակությունը:

Միջազգային հանրության արձագանքը այս գործողության դեպքում կլինի հեշտ կառավարելի. ցեղասպանությունից մազապուրծ ազգին երկրորդ անգամ նման վտանգի տակ դնելու անթույլատրելիության փաստարկը անկոտրում է:

ՄԱԿ վեհաժողովը պատեհ առիթ կարող է լինել այս քաղաքականությունը ուրվագծելու համար:

Կարեւոր է հիշել, որ 2009-ին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից հեղինակած «Իրականացնելով պաշտպանելու պարտավորությունը» զեկույցի քննարկումներում Հայաստանը միացել էր ԵՄ դիրքորոշմանը, այն է` զարգացնելու R2P-ն, ինչպես նաեւ առաջարկել էր առավել մեծ ուշադրություն դարձնել ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մեխանիզմների կատարելագործմանը, առավելություն տալով կանխարգելման հնարավորություններին եւ հատուկ ուշադրություն դարձնելով Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ հանձնակատարի դերին: Ավելորդ չէ նշել նաեւ, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը մշտապես ակտիվ է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ օրակարգային կետի հետ կապված:

2007-ին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը թելադրում է, որ ՀՀ հիմնական արժեքներից է «հայապահպանությունը` … Հայրենիքում եւ Սփյուռքում», թեեւ մեկնաբանության պարբերություններում նշվում է միայն համախմբման, ինքնության ու ժառանգության պահպանման հարցերի մասին: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ռազմավարությաւն փիլիսոփայությունը (այս հարցում) կառուցված է «սպառողական» տրամաբանությամբ` տալիս ենք քիչ, ստանում` ամեն ինչ:

Կարծում եմ, ժամանակն է վերանայել այս տրամաբանությունը` համադրելով նոր միջազգային իրականությունը եւ մեր հնարավորությունները:

Շատ կարեւոր է ցույց տալ ինքներս մեզ եւ աշխարհին, որ 21-ամյա անկախ պետականությունը հնարավորություն է տալիս արդեն մեկ լայնամասշտաբ պատերազմում հաղթած Հայաստանին կազմակերպելու իր հայրենակիցների անվտանգությունը նաեւ այլ տարածաշրջաններում:

Հովհաննես Նիկողոսյանը գիտայցելու (visiting scholar) է Դյուք համալսարանի Հանրային քաղաքականության Սենֆորդ դպրոցում:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին