Ի՞նչ ասաց Օբաման 2011-ին - Mediamax.am

Ի՞նչ ասաց Օբաման 2011-ին
2312 դիտում

Ի՞նչ ասաց Օբաման 2011-ին


Որոշ մարդիկ նախագահ Օբամայի ամենամյա ուղերձը շարունակում են կարդալ եւ ընկալել միայն "ցեղասպանություն" եզրը գտնելու առաջնային եւ միակ նպատակով: Առանձին խմբեր ամեն անգամ անասելի հուսահատություն են ապրում: Մի մասի համար սա է ամենակարեւորը, որ նրանք կարող են գտնել ուղերձում: Այնինչ շատ ավելի կարեւոր մեսիջներ վրիպում են բոլորիս ուշադրությունից:

Հետաքրքիր է, որ նախագահ Օբամայի ուղերձից գրեթե հավասարաչափ տարակուսած եւ բողոքավոր են մնում թե' ամերիկահայ կազմակերպությունները, թե' Թուրքիայի ղեկավարությունը: Իհարկե, բոլորն էլ ունեն իրենց հասկանալի եւ հիմնավոր պատճառները, բայց այս ուղերձի խորը եւ հնարավորինս համակողմանի ընկալումը անհրաժեշտություն է բոլոր նրանց համար, ում իրապես հետաքրքրում է ամերիկյան քաղաքականությունը "Հայկական հարցի" նկատմամբ:

Իմ կարծիքով, 2011թ. ամենամյա ուղերձը, ինչպես նաեւ նախորդ տարիների տեքստերը, բացառում են որեւէ երկիմաստություն այն մասին` արդյոք ԱՄՆ, որպես պետություն, ճանաչում է հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դեռեւս սրանից առաջ` ԱՄՆ Իններորդ շրջանային վերաքննիչ դատարանը (The United States Court of Appeals for the Ninth Circuit) իր 2010թ. դեկտեմբերի 10-ի որոշման մեջ` հղում կատարելով նախագահ Օբամայի կողմից նախկինում օգտագործված "Մեծ Եղեռն" (Meds Yeghern) եզրույթին, ընդգծեց, որ "Մեծ եղեռնը հայոց ցեղասպանության (հայերեն) տերմինն է":

1915-ի դեպքերը բնորոշելով, որպես "XX դարի ամենադաժան կոտորածներից մեկը", նախագահ Օբաման այս տարի եւս ընդգծեց 1.5 մլն. հայերի կոտորածի "ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչման" անհրաժեշտությունը, նաեւ սեփական` ամերիկյան պատմության "մութ էջերին" առերեսվելու փորձից ելնելով:

Ի պատասխան թուրքական դիվանագիտության փորձերի` ցեղասպանության եղելությունը դարձնել պատմաբանների հանձնաժողովի քննության առարկա, նախագահ Օբաման հայտարարեց, որ "վիճարկվող պատմությունը ապակայունացնում է ներկան": Եվ դեռ ավելին. այս տարվա հայտարարության մեջ այլեւս տեղ չէին գտել որեւէ հղումներ հայ-թուրքական մերձեցման միջպետական գործընթացին: Միացյալ Նահանգները, որպես այդ գործընթացի ճանաչված միջնորդ, այժմ պաշտոնապես հայտարարեց, որ մերձեցումն այս պահին արդեն միայն "խիզախ անհատների" ուսերին է ծանրացել: Թերևս, սա նաեւ կսթափեցնի Թուրքիայի ղեկավարությանը` գալիք ընտրություններից հետո ավելի կառուցողական դիրք բռնելու համար, քանզի միակ եւ գլխավոր միջնորդը "ձեռքերը լվանում է":

Որպես տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը ուսումնասիրող գիտնական` ինձ ապշեցրեց Օբամայի մեկ այլ մեսիջ. "Հայ ժողովրդի ժառանգությունը նորից ոտքի կանգնելու, վճռականության եւ իրենց ոչնչացնել ցանկացողների նկատմամբ հաղթանակ տանելու մեջ է": Հաշվի առնելով, որ 2010թ. հուլիսին Հայաստան այցելած ԱՄՆ Պետքարտուղար Հ.Քլինթոնի սկզբնական օրակարգում, ըստ արարողակարգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության փոխարեն Եռաբլուրում ազատամարտիկների գերեզմաններին հարգանքի տուրք մատուցելն էր, արդյոք "իրենց ոչնչացնել ցանկացողների նկատմամբ հաղթանակի" հատուկ ընդգծումը նշանակում է, որ Միացյալ Նահանգները ընդունում են հայ ժողովրդի հաղթանակը արցախյան գոյամարտում եւ ճանաչում դրա հետեւանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության եւ ազատ զարգացման իրավունքը: Սպիտակ տան տարածած հաղորդագրության բառացի վերծանումը բերում է այս աներկբա եզրահանգմանը:

Ամերիկահայ հզոր կազմակերպությունները, ի լրումն հանուն ցեղասպանության ճանաչման տարբեր կոնգրեսականների, սենատորների եւ փոփոխվող նախագահների սատարելու, ամեն տարի վատնվող այդ հսկայական միջոցները կարող են ուղղել Արցախի պետականության զարգացմանը, նրա անկախության ճանաչմանը եւ ընդհանրապես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Ամերիկյան տարբեր նահանգների դատարաններում սկիզբ առած գործերը, որ ներկայացվում են ամերիկահայ իրավաբանների զորեղ թիմի կողմից, ավելի գործուն միջոց են հասնելու արդարության հաստատմանը:

Բայց թերեւս ինձ համար, որպես հայի, ավելի կարեւոր էր նախագահ Սարգսյանի ուղերձը, որտեղ նախագահը ընդգծեց ինչպես Հայաստանի ձգտումը հասնելու խաղաղության իր հարեւանների հետ, այնպես էլ այն, որ "[մենք ունենք] պետականություն, որ պաշտպանելու է իր արդար դատը եւ միջազգային ատյաններում պայքարելու է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար":

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին նախագահի հրամանագիրը ներկայացրեց այն ամենալայն հնարավոր ներգրավվածությունը, որ 2015թ. գործող նախագահին թույլ կտա ամփոփելու ճանաչման 100-ամյա պայքարի արդյունքները եւ նախանշելու հզոր պետականություն ստեղծելուն միտված հետագա անելիքները:

Հովհաննես Նիկողոսյանը ասպիրանտ է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին