ԱռաջՆՈՐդության մասին - Mediamax.am

ԱռաջՆՈՐդության մասին
9107 դիտում

ԱռաջՆՈՐդության մասին


Ուկրաինայի իրադարձությունները հերթական անգամ մատնացույց արեցին քաղաքական առաջնորդության մարտահրավերները: Կիեւի դեպքերը ապացուցեցին, որ առաջնորդության դասական մոդելները ժամանակակից աշխարհում այլեւս չեն գործում: Ավելին, ժամանակակից աշխարհը մտել է մի փուլ, որտեղ հաստատ է միայն մեկ բան` անընդհատ փոփոխությունները: Ընդ որում, այդ փոփոխությունները հաճախ կանխատեսելի չեն ու պահանջում են արագ կողմնորոշվել` սեփական կյանքը կամ երկիրը չկորցնելու համար:

Այս պայմաններում առաջնորդության խնդիրն առավել կարեւոր է դառնում: Մի կողմից` թվում է, այլեւս պետք չէ կուսակցության անդամ լինել ու որոշումներ կայացնել կուսակցական ժողովներում կամ համագումարներում: Հարյուրավոր մարդկանց որոշակի գաղափարի կամ գործողության շուրջ կարելի է համախմբել մի քանի ժամերի ընթացքում` սոցիալական ցանցերի միջոցով: Սակայն մեդալն ունի նաեւ մյուս կողմը, որը բավականին վտանգավոր է նոր առաջնորդների համար` արագ համախմբվածները նույնքան արագ հիասթափվում են ու նոր պահանջներ ներկայացնում նրանց, ում առաջնորդությամբ ազատվեցին նախկին ղեկավարներից: Փոփոխությունների արագությունը մարդկանց թույլ չի տալիս զգալ առաջնորդության իրական դժվարություններն ու արժեքը:

Շատերը, հատկապես երիտասարդները, ընդհանրապես մերժում են քաղաքական առաջնորդ ունենալու գաղափարը` առաջ քաշելով կոլեկտիվ առաջնորդության թեզը: Որպես օրինակ Հայաստանում շատերը բերում են Մաշտոցի պուրակի համար մղված պայքարը, որը հաջողության հասավ` ընդգծված առաջնորդներ չունենալով:

Մաշտոցի պուրակի ակտիվիստները, իհարկե, հսկայական աշխատանք կատարեցին` ամիսներով չհեռանալով պուրակից եւ իշխանությանը ցույց տալով իրենց վճռականությունը: Սակայն եթե իշխանությունը չզիջեր ու որոշեր գնալ խնդրի լուծման ուժային տարբերակով, քաղաքացիական շարժումը ստիպված էր լինելու իր շարքերից առաջնորդներ ընտրել`լիազորելով նրանց բարդ որոշումներ կայացնել ու պատասխանատվություն վերցնել շարժման մասնակիցների կյանքի ու անվտանգության համար:

Կարծում եմ, որ քաղաքական առաջնորդների դերը ժամանակակից աշխարհում ոչ միայն չի նվազում, այլեւ, ընդհակառակը, մեծանում է: Թվում է, թե ապրելով տեղեկատվական հասարակությունում, բոլորս կարող ենք ինքնուրույն որոշումներ կայացնել: Իրականում ամենատարբեր տեղեկատվության այն ահռելի ծավալները, որոնց բոլորս ամեն օր առնչվում ենք, եւ այդ տեղեկատվությանը համացանցում արձագանքելու թվացյալ հեշտությունը ստեղծում են իրականության աղճատված պատկեր: Սկզբում այն բավականին գրավիչ ու հետաքրքական է, բայց հետո շատերը սկսում են չդիմանալ տեղեկատվական մամլիչին ու դառնում են պարզապես «ցանցային կերպարներ», որոնք իրականում որեւէ կապ չունեն իրական առաջնորդության հետ: Իրական առաջնորդներ կարող են լինել նրանք, ովքեր կարող են տեղեկատվական հոսքերից զտել այն իրականը, որը պետք է մարդկանց եւ ունակ են զտածն այնպես ներկայացնել, որպեսզի այն ընդունելու եւ ընկալելի լինի շատերի համար:

Չնայած գերազանց տեղեկատվական ու քարոզչական գործիքների առկայությանը եւ դրանց էժանությանը, ժամանակակից աշխարհում շատ ավելի դժվար է առաջնորդ դառնալ ու պահպանել այդ առաջնորդությունը, քան 10 կամ 20 տարի առաջ:

Սա խնդիր է ողջ աշխարհի եւ, իհարկե, Հայաստանի համար, որտեղ մեծացել է մի սերունդ, որի համար ավանդական քաղաքական ուժերը հասկանալի եւ ընդունելի չեն: Տիրապետելով տեղեկատվական հասարակության գործիքներին, նրանք չեն հասկանում` ինչո՞ւ դառնալ կուսակցության անդամ, եթե ցանկացած խնդիր կարելի է բարձրաձայնել ինքնուրույն` համախմբելով ընկերներին:

Հայաստանում կա նաեւ այլ շերտ, որն, ընդհակառակը, ձգտում է ամեն գնով «տիրանալ» ՀՀԿ կամ ԲՀԿ կրծքանշանին` ընկալելով այն որպես համեմատաբար մատչելի միջոց` հասարակությունում ինչ-որ մի «դիրք» զբաղեցնելու համար:

Անջրպետը այս երկու պայմանական «թեւերի» միջեւ գնալով խորանում է ու հղի է վտանգավոր հետեւանքներով:

Նախորդ տարվա դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Քաղաքացիական պայմանագիրը» հասարակությանը ներկայացրեց իր կառավարման խորհրդի անդամներին: Մենք որոշեցինք զրուցել խորհրդի բոլոր անդամների հետ եւ նրանց ներկայացնել հասարակությանը` «7 քաղաքացիները» հատուկ նախագծի շրջանակում:

Կհաջողվի՞ «Քաղաքացիական պայմանագրին» հասնել իր հռչակած նպատակների իրագործմանը: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես նրանք կլուծեն առաջնորդության խնդիրը, արդյո՞ք ի վիճակի կլինեն համադրել առաջնորդությունը հավակնությունների եւ պատասխանատվության հետ:

Հարցազրույցները, որոնք ներկայացնելու ենք «7 քաղաքացիները» հատուկ նախագծում, վկայում են, որ չնայած հզոր համախմբող գաղափարի առկայությանը, խորհրդի անդամները շատ տարբեր մարդիկ են: Հաջողության հասնելու համար նրանք պետք է կարողանան մի կողմ դնել այդ տարբերությունները ու կենտրոնանան միավորող գործոնների վրա: Դա միշտ էլ դժվար է եղել եւ առավել դժվար է այսօր, երբ բոլորս ապրում ենք տեղեկատվական հասարակության «խոշորացույցի» ներքո:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին