Ամեն մեկն ունի իր «Արարատ 73»-ը - Mediamax.am

Ամեն մեկն ունի իր «Արարատ 73»-ը
5084 դիտում

Ամեն մեկն ունի իր «Արարատ 73»-ը


Հավանաբար, ես Մեդիամաքսի «Արարատ 73՝ վերելքի ուղին» հատուկ նախագծի ամենամեծ երկրպագուն եմ Վրաստանում: Համենայն դեպս, միշտ անհամբեր սպասում եմ հերթական մասին՝ նվիրված 40-ամյա վաղեմության ֆուտբոլային իրադարձություններին: Երեւի այն պատճառով, որ յուրաքանչյուր խորհրդային երկրպագու իր սրտում ունի սեփական «Արարատը». ինձ համար դա 70-ականների վերջի – 80-ականների սկզբի Թբիլիսիի «Դինամոն» է, մեկ ուրիշի համար՝ «Սպարտակը», «Կայրաթը», Կիեւի «Դինամոն» կամ «Պախտակորը»: 

Դեպի ֆուտբոլային բարձունքները «Արարատի» վերելքի տարում ես 7 տարեկան էի: Ընդամենը յոթ՝ ինքնուրույն կյանքի համար, բայց արդեն յոթ, որպեսզի ոչ մի կասկած չլիներ. ես ընդմիշտ հիվանդացել էի ֆուտբոլով: Հայրս հաղթում էր ընկերներին բոլոր գրազներում. ես անգիր գիտեի ոչ միայն Թբիլիսիի «Դինամո»-ի, այլեւ ԽՍՀՄ առաջնությունում հանդես եկող բոլոր (!) թիմերի կազմերը: Ի դեպ, համաձայնե՛ք, ֆուտբոլի վաղեմի երկրպագուներ, այդ առաջնությունը ներկայիս եվրոպական չափանիշներով եւս արժանավայել էր:

«Արարատի» մասին՝ առանձին: Չգիտես ինչու, հատկապես հարեւան Հայաստանի թիմերի հետ հանդիպումները Վրաստանում առանձնահատուկ էին ընկալվում: Կարելի էր պարտվել Կիեւին, Մինսկին կամ Դոնեցկին, բայց պարտությունը «Արարատի» կողմից նշանակում էր դանակ (կամ շամփուր) խրել սրտի մեջ (կամ այլ տեղ): Գիտակներն այդպիսի վերաբերմունքն ինձ՝ պատանյակիս, տարբեր կերպ էին բացատրում: «Սկզբունքային է, գենացվալե»,- ասում էին նրանք: Կամ, օրինակ, այսպես. «Դա միջազգային հանդիպում է»: Բայց հիմնականում այսպես. «Կմեծանաս՝ կհասկանաս»: Ես մեծացա, բայց չհասկացա, թեեւ չեմ էլ ցանկանում լուծել այդ հանելուկը: Թող այն ընդմիշտ պարուրված մնա հարեւանների ֆուտբոլային հակամարտության ռոմանտիկ քողով:

Ի դեպ, իրենց երկու ԽՍՀՄ Գավաթներից առաջինը թբիլիսցիները նվաճել էին հենց  «Արարատի» հետ խաղում, 1976-ին՝ 3 : 0: Ընդ որում, հետաքրքիր է եւ նշանակալի, որ երբ վրաց եւ հայ ֆուտբոլիստները հայտնվում էին չեզոք տարածքում, ամեն ինչ այլ կերպ էր ընթանում: Չէ՞ որ բոլորն են հիշում, որ 1982թ. աշխարհի առաջնությանը ԽՍՀՄ-ի հավաքականը մեկնել էր երեք (!) մարզիչների ղեկավարությամբ՝ Բեսկովի, Լոբանովսկու եւ Ախալկացիի: Ինչպես կարապի, խեցգետնի եւ գայլաձկան մասին առակում, այնպես էլ այդ հավաքականում միասնություն չկար: Խմբավորվում էին նաեւ խաղացողները: Իսկ ո՞ր ոչ պաշտոնական խմբավորմանն էր հարում փայլուն կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը: Դա ի՞նչ հարց է: Իհարկե, թբիլիսյան՝ Ալեքսանդր Չիվաձե, Թենգիզ Սուլակվելիձե,Վիտալի Դարասելիա եւ Ռամազ Շենգելիա (հավերժ հիշատակ վերջին երկուսին): Ի դեպ, այսօր Եվրոպայի լավագույն լիգաներում չկան վրացի լեգիոնականներ (Լեւան Կոբիաշվիլին «Հերտա»-ի կազմում գրեթե չի հայտնվում), մինչդեռ վրացական մարզական ԶԼՄ-ները եւ երկրպագուները հաճույքով մատնանշում են Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները «Բորուսիա»-ում:

Բայց վերադառնանք 1973 թվական.: Այդ ժամանակվա պատանինե՛ր, հիշո՞ւմ եք այն ժամանակվա գնդակները՝ 9 եւ 11 «ռ»-ով: 9-ով՝ ասես մեծ կաշվեպատ ձվեր լինեին, այնպես որ խնայատուփերը չէին բացվում, քանի դեռ չէր հավաքվել բաղձալի 11 ռուբլին: Հանուն սիրելի ֆուտբոլի ես այդ ժամանակ մի անգամ զոհաբերեցի նույնիսկ ամենաթանկը: Ազգանունս:  
 
Մայրս՝ գիտությունների թեկնածու եւ դոցենտ, դասախոսում էր Բաթումիի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում: Ձմեռային եւ ամառային արձակուրդներին նա ինձ տանում էր հետը: Իհարկե, սիրելի գնդակից ես չէի բաժանվում նույնիսկ գնացքում: Չգիտես ինչու, գնացքում մեր հետաքրքրասեր հարեւանն ինձ հարցրեց ոչ միայն անունս, այլեւ ազգանունս:

Ինքս էլ չգիտեմ, թե ինչպես բերանիցս դուրս թռավ. «Խուրցիլավա»: 

Մեր ուղեկիցը, տրանսի մեջ որոշ ժամանակ հայացքն ինձանից թեքելով դեպի գնդակը եւ հակառակը, արագ դուրս վազեց միջանցք:

Հինգ րոպե անց այն մասին, որ Վրաստանի մայրաքաղաքից դեպի Բաթումի ընթացող գնացքում են գտնվում հանրահայտ պաշտպանի՝ ԽՍՀՄ հավաքականի ավագ Մուրթազ Խուրցիլավայի կինն ու որդին, գիտեր ամբողջ վագոնը: 

15 րոպե անց իմ սիրելի շոկոլադե սալիկները բերում էին արդեն ամբողջ գնացքից: Ես վերցնում էի, չէի հրաժարվում:

Մայրս ապարդյուն փորձում էր ընդհատել փոքրիկ ֆուտբոլային երազողին կատարվող նվիրատվությունների այդ հոսքը: «Մենք Խուրցիլավա չենք,- ասում էր Ռոզա մայրիկս: - Տղաս կատակել է, պարզապես պաշտում է ֆուտբոլը»:  

Բայց դա չէր օգնում:

«Ինչ համեստ կին է,- ուղեկցորդը մատնանշում էր մայրիկիս: - Խուրցիլավայի կինն է, բայց ճանապարորդում է սովորական կուպեում, ոչ թե լյուքսում»: 

Ընտանեկան լեգենդների համաձայն, լուրն այն մասին, որ Բաթումիի գնացքում է գտնվում կրտսեր Խուրցիլավան, առաջ էր անցել գնացքից, այդ պատճառով Աջարիայի մայրաքաղաքում ֆուտբոլի երկրպագուները մեզ դիմավորել էին ծաղիկներով: Բայց ես դա չեմ հիշում, նշանակում է, ավելին չեմ գրի:    

Կշտանալով շոկոլադե սալիկներից՝ ես քնեցի եւ բաց թողեցի Բաթումիի ֆանֆարները, որոնք, հնարավոր է, չեն էլ եղել:

Հայրս, իմանալով, որ ես «դավաճանել եմ» ազգանվանս, պարզապես ասաց, որ այդպիսի բան այլեւս պետք չէ անել: Իսկ հետո մենք սկսեցինք մուտքագրել հերթական տուրի արդյունքներն իմ դպրոցական «քառակուսի» տետրում՝ մեր իսկ ձեռքով գծված ԽՍՀՄ առաջնության աղյուսակում:

Այն առաջնության, որում հաղթեց «Արարատը»:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին