Արտագնա Կովկասը - Mediamax.am

Արտագնա Կովկասը
3945 դիտում

Արտագնա Կովկասը


«Քիթը,- սա առաջինն էր, ինչի մասին մտածեցի: Եվ հետո եւս մեկ անգամ: - Քիթը»:

Թերեւս, ես կարող էի մտածել նաեւ երրորդ անգամ, քանի որ այդ քթի չափը, որին ես ուշադրություն դարձրեցի, թույլ էր տալիս դա անել: Այդ քիթը մտովի համեմատեցի իմ ամենեւին ոչ նվազ կտուցի հետ: «Դեռ հայտնի չէ, թե ում քիթն առաջին մրցանակին կարժանանա», - կազմակերպեցի քթերի հեռակա «մրցավազք»:

Ես ու նմանակս հանդիպեցինք քթերով, ներեցեք նույնաբանության համար, Մալթայի էքսկուրսանավի քթին:

Հետո քթի տերը խոսեց իրեն ուղեկցող անձանց հետ, եւ ես հասկացա, որ մենք պետք է համախմբվենք եւ կազմակերպենք քթերի արտագնա մրցաշար: Երկուսով մենք կարող ենք շրջափակել ամբողջ կղզին: Ասպետների հետնորդները մեզ տեսնելով՝ կամաչեն բարձրացնել երեսկալները: Նրանք ցույց տալու ոչինչ չեն ունենա: Ճոճելով զենքերը, պատկերացնում էի ես, մալթացիները վայր կդնեն նիզակները եւ ամաչելով կցրվեն իրենց միաբանություններով:

Նմանակս խոսում էր հայերեն:

Եվս մի քանի վայրկյան, եւ մենք արդեն եղբայրացել էինք` մյուս զբոսաշրջիկներին տեղեկացնելով, որ նավակը այս ծովածոցերում մեկուկեսժամյա շրջագայության ընթացքում հայտարարվում է Կովկասի սուվերեն տարածք:

Մեր միությունն ինձ հիշեցրեց Վրաստանի նախկին արտաքին գործերի նախարար Թեդո Ջափարիձեի՝ ներկայումս ԱԺ արտաքին կապերի կոմիտեի նախագահի խոսքերը երկու հանրապետությունների հարաբերությունների մասին. «Մենք ոչ այլ ինչ ենք, քան մեր մասերի հանրագումարը»:

Հրաժեշտ տալով՝ մենք միմյանց լավ հանգիստ մաղթեցինք: Ապա ես գնացի փոքրիկ մի ռեստորան: Արձակուրդիս 6-րդ օրն էր` դրա հասարակածը, եւ այստեղ ես հայրենիքիս սահմաններից հեռու առաջին անգամ լսեցի վրացերեն խոսք: Մի քանի սեղան այն կողմ իմ երեք հայրենակիցներն աշխուժորեն ինչ-որ բան էին քննարկում՝ ընդմիջելով այն, ինչպես մեզ մոտ ընդունված է, ռուսերեն հայհոյանքներով:

Դա ինձ դուր չեկավ:

Ախորժակս փակվեց:

«Կովկասյան օրը» խամրեց՝ մոտենալով մայրամուտին:

Ինքս ինձանից ներողություն խնդրեցի եւ սկսեցի անգլերեն խոսել ընտանիքիս անդամների հետ:

Ցանկացա ինկոգնիտո մնալ:

Չգիտեմ ինչու: Հավանաբար, այն պատճառով, որ արձակուրդիցս առաջ շատ էի կարդացել Վրաստանից Եվրոպա ներգաղթած տասնյակ քրեական հեղինակությունների ձերբակալությունների մասին: Եվ պարզապես վախեցա: Կամ միգուցե գիտակցեցի, որ շփումն անխուսափելիորեն կհագեցնի իմ երկրի ներքին քաղաքականությունը ծամծմելուն, մինչդեռ ես հանգստանում էի հենց դրանից: 

Իսկ այժմ թույլ տվեք հարցնել:

Իսկ ինչպե՞ս եք դուք վարվում, երբ տնից հեռու գտնվելով՝ անսպասելիորեն լսում եք մայրենի լեզուն: 

Սկսում եք անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն) խոսե՞լ, թե՞ փողոցի մյուս կողմն եք անցնում: Թե՞ միանգամից շտապում եք ծանոթանալ:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին