Բուրջանաձեի ինտրիգը, կամ Վրաստանը պատրաստվում է ընտրություններին - Mediamax.am

Բուրջանաձեի ինտրիգը, կամ Վրաստանը պատրաստվում է ընտրություններին
4598 դիտում

Բուրջանաձեի ինտրիգը, կամ Վրաստանը պատրաստվում է ընտրություններին


Վրաստանում մեկնարկող նախագահական քարոզարշավի ակտիվ փուլի (ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին) հետ կապված ամենահետաքրքրաշարժը հետեւյալ երկու հարցերն են.

1) Կլինի՞ արդյոք երկրորդ փուլ:

2) Ի՞նչ ապագա է սպասում ներկայիս նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:

Նույնիսկ չգիտեմ՝ դրանցից որ մեկի պատասխանն է ավելի շատ հետաքրքրում մարդկանց: Եվ ոչ միայն Վրաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, որտեղ նույնպես սկզբում խանդավառությամբ վերաբերվեցին ճահճացած հարավկովկասյան պետության գլխավոր պաշտոնում 36-ամյա հեռանկարային բարեփոխիչի ընտրվելուն, ում 45 տարեկանում ակնհայտորեն չի սպառնում բուռն մեծարանքի ներքո քաղաքական թոշակի անցնելը: 

Ակնհայտ է, որ Վրաստանում կայանալու են ամբողջ տարածաշրջանի համար պատմական ընտրություններ: Առաջին անգամ իշխանությունը շահագրգռված չէ կեղծել դրանք: Բանը միայն այն չէ, որ այսուհետ նախագահը իրավասությունների մակարդակով «հարսանեկան գեներալ» է լինելու: Դե լավ, թամադա, քանի որ խոսքը Վրաստանի մասին է: Հենց միայն այդ հանգամանքն ընդգծում է, որ իսկապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ցանկությունը գերազանցում է ինչ-որ մի թեկնածուի մյուսի հաշվին տոկոսներ վերագրելու գայթակղությանը:

ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) նախնական հարցումների համաձայն, «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին կհավաքի ձայների 35 տոկոսը, նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բակրաձեն՝  6 (համեմատենք՝ նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում «երազողներն» ունեին 54 տոկոս, «ազգայնականները»՝ 40):   

«Վրացական երազանքի» վարկանիշի անկումը բնական է. ԱԺ առանցքային ընտրություններից առաջ հակասաակաշվիլիական ընտրազանգվածը տեսանելիորեն համախմբվել էր: Իսկ Բակրաձեի ցուցանիշը, ըստ երեւույթին, համապատասխանում է Սաակաշվիլիի կուսակցության ներկայիս վարկանիշին եւ չի համապատասխանում «ազգայնականների»՝ իրենց որպես գլխավոր ընդդիմադիր ուժ դիրքավորելու հավակնություններին:

Ինտրիգի հեղինակը Նինո Բուրջանաձեն է: NDI-ի տվյալների համաձայն, նա կստանա ձայների 15 տոկոսը: Այսպիսով, խորհրդարանի նախկին խոսնակը զբաղեցնում է բարեփոխումների տեմպից դժգոհ մարդկանց նշաձողը: Բացի այդ, Բուրջանաձեն կստանա նրանց ձայները, ովքեր դեմ են թե «Վրացական երազանքին», թե «Միացյալ ազգային շարժմանը»: Նրա նախընտրական քարոզարշավը կլինի կոշտ է եւ եռանդուն: Հաշվի առնելով նրա փորձը, այդ թվում նաեւ հասարակական բանավեճերի ասպարեզում՝ երկրորդ փուլի պարագայում նախապատվությունը բնավ միանգամից չես տա Մարգվելաշվիլիին:

««Վրացական երազանքի» խոստացած արդարության վերականգնման գործընթացը ճռվողյունով է առաջ գնում: Իմ հաղթանակի դեպքում ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Ազգային շարժման» կողմից ձեւավորված հանցավոր համակարգը արդարացիորեն ուսումնասիրվի եւ դատապարտվի: Դա ասում եմ որպես արհեստավարժ իրավաբան: Այդ դեպքում, վստահ եմ, դա կհանգեցնի Սաակաշվիլիի ձերբակալմանը: Նրան իրեն բոլոր հարցերում սատարած իր շրջապատի մարդիկ  ամենեւին էլ հրեշտակներ չեն»,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն:   

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա օրերս խորհրդարանը հերթական օրինագծից վերացրեց նախագահի հերթական վետոն: Սա արդեն 12-րդ վետոն էր: Մեծ հաշվով, նման իրավիճակը, երբ նախագահն իրեն դարձնում է (կամ նրան են դարձնում) ծիծաղի առարկա, հակաարդյունավետ է պետական ինստիտուտների համար: Վերջին օրերին նույնիսկ իր հարազատ կուսակցությունում էին խոսակցություններ ընթանում, որ արդեն ժամանակն է, որպեսզի Սաակաշվիլին հրաժեշտ տա առաջնորդի պաշտոնին, որպեսզի «Միացյալ ազգային շարժումը» հնարավորություն ունենա ռեբրենդինգ կատարել:
 
Վրաստանյան ԶԼՄ-ներն այդ կապակցությամբ տեղեկացրեցին, որ իր զարմիկի հետագա ճակատագրի քննարկման նպատակով վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ փորձել է հանդիպել նախագահի մորեղբայր Թեմուրի Ալասանիան, բայց մերժում է ստացել ընդունելության խնդրանքում:

Ալասանիան փորձել է Իվանիշվիլիի վրա դուրս գալ դիվանագիտական շրջանակներում ունեցած կապերով. նախագահի քեռին ունի 38 տարվա աշխատանքային փորձ միջազգային հարաբերությունների ասպարեզում, որից 24-ը՝ ՄԱԿ-ի զինաթափման գծով բաժնում: 2011թ. անցնելով թոշակի՝ Ալասանիան որոշ ժամանակ աշխատել է որպես խորհրդական Վրաստանի ԱԳՆ-ում: 

Կառավարության ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ կուլիսների հետեւում ոչ մի բանակցություն չի վարելու Սաակաշվիլիի ճակատագրի վերաբերյալ, միաժամանակ, չէր բացառել հետագայում նախագահին իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ ներառյալ նրա ձերբակալությունը:

Ես 46 տարեկան եմ: Երկու տարի առաջ ավարտել եմ մեծ ֆուտբոլային աշխարհի համար աննկատ, բայց անձամբ ինձ համար կարեւոր պաշտպանի կարիերան այն թիմում, որտեղ խաղում էի գրեթե դպրոցական տարիներից: Մենք հավաքվում էինք ցանկացած եղանակի՝ շաբաթը երկու անգամ, եւ ես իմ կյանքը չէի պատկերացնում առանց դրա: Բայց երբ ինձ սկսեցին “անցնել” հակառակորդ թիմերի այն հարձակվողները, որոնք իմ տղայի տարիքին են, ես հասկացա՝ ժամանակն է: Հիմա երազում եմ տեսնում, թե խաղում եմ: Խաղընկերներս ասում են, որ վերադառնամ: Բայց, ինչպես ասում են, հեռանալով՝ հեռացի՛ր: Ժամանակին ու գեղեցիկ: Լավ կլիներ՝ մեր քաղաքական գործիչներն էլ իմանային, թե երբ է «ժամանակինը» եւ որն է «գեղեցիկը»: Այդ դեպքում նրանց մասին կհիշեին ամենալավը, այլ ոչ թե ծամած փողկապերով կամ բանտային ավելներով…  

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին