Next to Armenia, կամ ինչը ցնցեց ինձ Անգլիայում - Mediamax.am

Next to Armenia, կամ ինչը ցնցեց ինձ Անգլիայում
15204 դիտում

Next to Armenia, կամ ինչը ցնցեց ինձ Անգլիայում


Զբոսաշրջիկը սովորաբար իդեալականացնում է այն երկիրը, որտեղ իրեն հարմարավետ է զգում: Հատկապես եթե դա ԽՍՀՄ-ում ծնված մարդու առաջին ճանապարհորդությունն է դեպի բաղձալի Արեւմուտք: Իմ առաջին ուղեւորությունը 1989 թվականին էր՝ դեպի «շոկային թերապիա» վերապրող Լեհաստան: Բայց դրանք լեհերի ներքին խնդիրներն էին, մինչդեռ ինձ՝ այն ժամանակ «Երեկոյան Թբիլիսի» թերթի նորաթուխ թղթակցի համար շոկային էր նախաամանորյա Վարշավայի, Կրակովի ու Գդանսկի գեղեցկությունը:

Անգլիան 21-րդ պետությունն էր, որի հետ ինձ ծանոթացրեց լրագրողական ճակատագիրը: Այսինքն, ես արդեն որոշակի իմունիտետ ունեի արտերկրի հրաշալիքների նկատմամբ: Բայց կա մի բան, ինչն ինձ հիացրեց հենց այնտեղ: Դա արժանապատվության հատուկ զգացումն է, որն Անգլիայում նկատելի է ամենուր՝ սկսած մարդկանցից, ինչպիսի աշխատանք էլ որ նրանք կատարեն, մինչեւ զբոսաշրջային տեսարժան վայրերը եւ նույնիսկ սովորական շինությունները: Կարծես Ալբիոնի օդը, որտեղ ինձ բախտ վիճակվեց խուսափել ոչ միայն մառախուղից, այլ գրեթե նաեւ անձրեւներից, ներծծված է հենց այդ հարգանքի զգացումով դեպի սեփական անձը: Այնտեղի մարդիկ եւ այն ամենը, ինչ նրանց շրջապատում է, ասես իրար հետ փոխանակվում են ներքին էներգետիկայով, որը հոսում է մի ուղղությամբ, ապա մյուս՝ առանց կորստի: Նույնիսկ, ներողություն եմ խնդրում, Հայդ Պարկի իդեալական խոտածածկն աղտոտած շան հետեւից իր տիրուհին մաքրում է արժանապատվության հատուկ զգացումով. ոչ այն պատճառով, որ դրա համար սահմանված է տուգանք՝ 1000 ֆունտ:

Բիգ Բենի կամ Թաուերի կամրջի մոտ ցանկություն է առաջանում ուղղել ուսերն ու ներս քաշել որովայնը՝ այդ վայրերին ու հանրությանը համապատասխան երեւալու համար:

Վերստին չեմ բացահայտի Ամերիկան, այսինքն, ներեցեք, Անգլիան՝ իր բոլոր հմայքներով. այդ ամենը հասանելի է բոլոր ուղեցույցներում: Կպատմեմ երեք իրողության մասին, որոնք ապշեցրել են անձամբ ինձ:

Սկզբում դա տեղի ունեցավ մայիսի 1-ին: Անսպասելիորեն Թրաֆալգար հրապարակ՝ դեպի Նելսոնը, ինչպես դեպի Լենինը, հարեւան փողոցներից ներխուժեցին ցուցարարներ կարմիր դրոշներով, եւ ես մի պահ մտածեցի՝ գուցե Գորիո՞ւմ եմ: Քանի որ առջեւից տանում էին Ստալինի հսկայական նկարը:



Երկրորդ անգամ զարմանք ապրեցի իմ մեկ այլ հայրենակցի մասին հիշատակում լսելով: Խանութ հրավիրող երիտասարդն առաջարկում էր ներս մտնել եւ փորձել սափրվելուց հետո նոր միջոցը: Բնականաբար, հետաքրքրվեց, թե որտեղից եմ ես՝ ասելով, որ ինքն Իտալիայից է: Ես ասացի, որ Ջորջիայից եմ, եւ արդեն պատրաստվում էի բացատրել, որ դա ամերիկյան նահանգը չէ, երբ նա բացականչեց՝ «Կալա՛ձե», եւ սկսեց պատմել ինձ «Միլանի» նախկին խաղացողի ֆուտբոլային սխրագործությունների մասին: Մենք բուռն քննարկում էինք իտալական ֆուտբոլի առավելությունները (չնայած ես «Յուվենտուսի» երկրպագու եմ, բայց Կալաձեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ է), եւ տղան արդեն մոռացել էր, որ պատրաստվում էր ինձ լոսյոն վաճառել: Ես նրան ասացի, որ Կալաձեն մեզ մոտ փոխվարչապետ է եւ էներգետիկայի նախարար: «Այ քեզ բան,- բացականչեց նա: - Երեւի վարչապետն էլ Կինկլաձեն է». «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստին մինչ օրս փառաբանում են ամբողջ Անգլիայում:

Եվ վերջինը: Ինձ tax free կտրոն տալով՝ խանութներից մեկի գանձապահը նույնպես հարցրեց, թե ես որ երկրից եմ: Եվ … օ՜, հրա՛շք. չարտահայտեց աշխարհագրական գիտելիքներն առ այն, որ մենք Ռուսաստանի հարեւաններն ենք, ինչին ես արդեն սովորել եմ: Նա ասաց. «Next to Armenia»: Ես մտածեցի, որ Կովկասը դեպի Եվրոպա է գնում ընդհանուր ճակատով: Համենայն դեպս, դեպի tax free՝ հաստատ:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին