Թա՛նկ ես, Միխայիլի գլխա՛րկ, կամ ինչու չեմ ցանկանում ոչխար լինել - Mediamax.am

Թա՛նկ ես, Միխայիլի գլխա՛րկ, կամ ինչու չեմ ցանկանում ոչխար լինել
12833 դիտում

Թա՛նկ ես, Միխայիլի գլխա՛րկ, կամ ինչու չեմ ցանկանում ոչխար լինել


Մոնոմախի գլխարկը կարող է լինել ոչ միայն ծանր, այլեւ թանկ՝  գանձարանի համար: Վրաստանում, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատներ են, եւ որտեղ գործազրկությունը, հարցումների համաձայն, ավելի հրատապ խնդիր է, քան Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերադարձը, երկրի ղեկավարի ծախսերից գաղտնիության կնիքը հանելը իսկական տեղեկատվական «ռումբ է:

Ինչպիսին էլ լինի վերաբերմունքը Սահակաշվիլին նկատմամբ, տհաճ է «Ալին» թերթում կարդալ. մեր նախագահը «էժանագին է: Չէ՞ որ խոսքը երկրի նախագահի մասին է: Խմբագրությունն ունի իր փաստարկները. խոսքը միայն հինգաստղանի հյուրանոցների ու ցնցող հանգստավայրերի մասին չէ: Պետության բյուջեից արված գաղտնի ծախսերի հաշվին դեղատներից գնվել է դեղորայք եւ սուպերմարկետներից՝ հյութ: «Մենք քեզ ինչ է, աշխատավարձ չե՞նք վճարում»,- հարցնում է խմբագրությունը:

Արդարացի է: Եվ հարկավոր է պահանջել, որպեսզի թափանցիկ լինեն ներկայիս կառավարության բոլոր ծախսերը, աշխատավարձերն ու պարգեւավճարները: Սեփական գրպանը պետականի հետ շփոթելու գայթակղությունը հատուկ է ցանկացած իշխանության: 

Իսկ Վրաստանի խորհրդարանը ներկայումս ստեղծում է հատուկ հանձնաժողով, որպեսզի այն ուսումնասիրի նախագահի անձնական անվտանգության բյուջեից կատարված ոչ նպատակային ծախսերը: ԱԺ ընթացակարգային հարցերի ու կանոնների հանձնաժողովի նախագահ Իրինա Իմերլիշվիլին ստացված տվյալներն անվանել է «ցնցող»: «Հույժ գաղտնիության» կնիքը հանել հաջողվել է միայն այն բանից հետո, երբ Սաակաշվիլիի անվտանգության ծառայությունն անցել է «Վրացական երազանքի» կառավարության վերահսկողության տակ:

Ահա մի քանի օրինակ: Նոր՝ 2013 թվականը Սաակաշվիլին դիմավորել է Դուբայում իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընկերների հետ: Այդ նպատակով ծախսվել է 145 հազար դոլար: Ավստրիայում Սաակաշվիլին եւ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան անցել են նիհարեցման կուրս՝ 70 000 դոլար: Անձնական խոհարար նախագահի համար Իսպանիայից (թարգմանիչով)՝ 300 000 դոլար գանձարանից 20 ամսվա ընթացքում: Ավագ որդու ուսումն արտասահմանում՝ 8.5 հազար դոլար: Նվերներ եւ վրացական ազգային զգեստ կրտսեր որդու համար՝ 3.5 հազար դոլար:

Ո՞ր վրացի տղամարդը, առավել եւս նախագահը, կդիմակայի կնոջը նվերներ տալու գայթակղությանը: Հարցազրույց վերցնելու նպատակով ժամանած ռուս լրագրողուհի Քսենիա Սոկոլովայի ոսկե վզնոցի համար՝ 1675 դոլար: Միաժամանակ, չէ՞ որ հյուրից գումար չի կարելի վերցնել «Ռեդիսոն» հյուրանոցում մնալու համար: Գանձարանը կդիմանա նաեւ դրան՝ 5800 դոլար: Երկու երիտասարդ եւ նրբագեղ վրացուհի  պատգամավորներին (նրանց տարիքը թույլ չի տալիս դիմել անուն-հայրանունով) նախագահի կողմից՝ թեւնոց եւ բջջային հեռախոս: Եվ այդպես շարունակ, նույն ոգով՝ միլիոնների հասնող ծախսեր:

Նախկին պատգամավոր Պետրե Մամրաձեն մի քանի տարի առաջ գլխավորում էր նախագահի եւ կառավարության աշխատակազմը. «Սաակաշվիլին միշտ առանձնակի է սիրել ճոխությունը, որպես լավ ապրանքագետ հասկացել է հագուստի, կոշիկի, մեքենայի, ժամացույցի գներից եւ ղեկավարելով երկիրը՝ կարողացել է իր երազանքներն իրականություն դարձնել»:

Ինքը Սաակաշվիլին հայտարարել է, որ բոլոր այդ ծախսերն անհրաժեշտ են եղել «Վրաստանի ներկայացման» եւ «միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների «ներդրումներ ներգրավելու» նպատակով: Սակայն այդ «միլիոններն» ու «միլիարդները» շարքային հարկատուներին չեն հասել: Է՛հ, անհրաժեշտ էր յուրաքանչյուր քաղաքացու մեկական վզնոց կամ շվեյցարական ժամացույց նվիրել: Այ դա նպատակային օգտագործում կլիներ: Չէ՞ որ հաջողությունը ժպտաց Վրաստանի առնվազն 44 քաղաքացիների, որոնց համար վերջին ընտրություններից առաջ պետության կողմից նույն գաղտնի հոդվածով գնվեցին ու որպես նվեր փոխանցվեցին… ոչխարներ:

Եվ քանի դեռ շարքային հարկատուն թույլ է տալիս պետության ընտրյալ ղեկավարությանը ահա այսպես բռնաբարել բյուջեն, ուրեմ կարող է ինքն իրեն ոչխար համարել:

Չե՛մ ցանկանում ոչխար լինել: 

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին