Կատարյալ Վանուատու - Mediamax.am

Կատարյալ Վանուատու
11485 դիտում

Կատարյալ Վանուատու


Խաղաղօվկիանոսյան Վանուատու կղզի-պետությունը հետ է կանչել Աբխազիայի անկախության ճանաչումը: Իմանալով, թե որքան հաճախ է այդ երկիրը փոխում իր որոշումները՝ երբեմն հաստատելով, երբեմն հերքելով Աբխազիայի ճանաչումը, լիովին վստահ լինել հնարավոր չէ: Բայց Կովկասյան տարածաշրջանի համար՝ իր կիսաճանաչված կամ չճանաչված պետություններով հանդերձ, փաստը բավականին խորհրդանշական է: 

2008թ. պատերազմի հետեւանքներն ընդլայնեցին աշխարհագրական գիտելիքների ծավալը: Մեզանից ո՞վ կարող էր քարտեզի վրա անսխալ ցույց տալ Վանուատուն, Տուվալուն կամ Նաուրուն: Մինչդեռ այդ երեք պետությունները դարձան համաշխարհային քաղաքականության լուրջ դերակատարներ՝ Ռուսաստանի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի հետ մեկտեղ, որոնք առաջինը ճանաչեցին վրացական խռովարար շրջանների անկախությունը:

Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը հպարտանալ նույն թելի վրա հավաքագրված ընկերակցությամբ՝ այլ խնդիր է: Այստեղ գլխավորը ոչ թե որակն է, այլ՝ քանակը: Միանգամից հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս կվարվեր Չունգա-Չանգա կղզու կառավարությունը, եթե այն լիներ ոչ թե մուլտֆիլմից, այլ՝ իրական: Հանուն օգտակար (կամ անօգուտ) քաղաքական գործի կկտրվե՞ր իր առօրյա զբաղմունքից՝ կոկոս ծամելուց եւ բանան ուտելուց:
 
Բայց կատակը մի կողմ թողնենք, քանի որ Վանուատուի որոշումը Վրաստանի քաղաքական գործիչներն ու փորձագետները գնահատեցին որպես հակառակ գործընթացի հնարավոր մեկնարկ՝ անվանենք այն ապաճանաչում:
  
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հանձնարարեց ճշտել՝ իսկապե՞ս Վանուատուն հետ է կանչել ճանաչումը: Եթե այո, ապա կմեկնարկեն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված աշխատանքները: Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին էլ հույս հայտնեց, որ Թբիլիսին ոչ միայն կվարի չճանաչման արդյունավետ քաղաքականություն, այլեւ կհասնի նրան, որ մյուս երկրները հետ կանչեն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ որ երկրները: Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանի մասին չէ:

Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վանուատուի տվյալ որոշումը, եթե այն իսկապես առկա է, կարող է վարակիչ օրինակ հանդիսանալ այն պետությունների համար, որոնք ճանաչել են Աբխազիան ու Հարավային Օսիան. «Դա նշան է, խորհրդանիշ: Կարող է սկսվել հակառակ գործընթացը: Օրինակ, Ուգո Չավեսը մահացել է, եւ Վենեսուելան եւս կարող է փոխել արտաքին քաղաքականությունը, եթե ուժեղանա ԱՄՆ-ի դերը: Այսինքն, այդ երկիրը եւս կարող է հերքել ճանաչումը, ինչո՞ւ ոչ»:

Այն վերապահումը, թե արդյոք Վանուատուի որոշումը վերջնական է, պատահական չէր: Ի տարբերություն Ռուսաստանի, Նիկարագուայի, Տուվալուի եւ Նաուրուի Հանրապետության, որոնք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ պաշտոնապես փաստաթղթեր են ստորագրել ճանաչման վերաբերյալ, Վանուատուի դեպքում պատմությունը մի փոքր խճճված է: 

Նախ, այդ պետությունը ոչ մի հայտարարություն չի արել Հարավային Օսիայի վերաբերյալ, մինչդեռ վրացական խռովարար ինքնավար շրջանների անկախությունը ճանաչած մյուս երկրները դրանց վերաբերվել են «կապակցված»:  Երկրորդ՝ նախկինում եւս Վանուատուի եւ Աբխազիայի հարաբերություններում չպարզաբանված բազմաթիվ հարցեր կային: Գագաթնակետը 2011թ. հունիսին էր: ՄԱԿ-ում Վանուատուի դեսպան Դոնալդ Կալպոկասն ասաց, որ ոչ մի ճանաչում գոյություն չունի: Ի պատասխան Աբխազիայի ԱԳՆ-ը ներկայացրեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթղթի կրկնօրինակը, որը Վանուատուի մայրաքաղաք Պորտ-Վիլայում ստորագրել էին այդ երկրի վարչապետ Սատո Կիլմանը եւ Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան: Դրանից հետո Վանուատուի կառավարությունը հաստատեց ճանաչման փաստը: Մի քանի օր անց Կիլմանին փոխարինած Էդվարդ Նատապեին ասաց, որ հետ է կանչում ճանաչումը: Բայց խաղաղօվկիանոսյան հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նա կառավարեց ընդամենը 10 օր: Այդ պաշտոնին կրկին վերադարձավ Կիլմանը եւ ասաց, որ Նատապեին չի հասցրել պաշտոնապես հերքել ճանչումը: Եվ այն ուժի մեջ է: Ի՞նչ անել հիմա: Ու՞մ հավատալ: Կատարյալ Վանուատու է: 

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:
 
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին