Ի՞նչ պատմեց Միշան` Բաքվից վերադառնալուց հետո - Mediamax.am

Ի՞նչ պատմեց Միշան` Բաքվից վերադառնալուց հետո
11101 դիտում

Ի՞նչ պատմեց Միշան` Բաքվից վերադառնալուց հետո


Սաակաշվիլին նյարդայնանում է՝ դա նկատելի է: Նախագահի պաշտոնին նրա պաշտոնավարմանը մնացել է 7 ամիս: Իսկ հետո՞: «Մինչ Իվանիշվիլին» Սաակաշվիլիի քաղաքական ապագան անամպ էր թվում: Նախագահը հետագայում վստահ կարող էր հավակնել վարչապետի կամ խորհրդարանի նախագահի պաշտոններին: Այժմ նա ոչ միայն «կաղ բադիկ» է, այլեւ ժողովրդականությունը արագ կորցնող կուսակցության նախագահ: Այդ ամենը կարող է տանել դեպի մարգինալացում:
  
Օրերս տեղի ունեցավ մի դեպք, որը մինչեւ վերջերս աներեւակայելի էր թվում: Սաակաշվիլին անում էր հայտարարություններ, որոնք անհապաղ հերքվում էին երկրի ներսում եւ արտասահմանում: Մամուլի ասուլիսի սկզբում Սաակաշվիլին ասաց, որ երկու հայտնի վրացական բանկեր գնվում են ռուսաստանյանների կողմից (կարդա՝ օկուպանտների կողմից): Արդեն մամուլի ասուլիսի ավարտին բանկիրները ճեպազրույց հրավիրեցին՝ ասելով, որ դա սուտ է: Սաակաշվիլին վկայակոչում էր Ազգային բանկից ստացված տեղեկատվությունը, իսկ Ազգային բանկը հերքում էր, որ նման տեղեկություններ է տրամադրել: Ուշագրավ է, որ Ազգային բանկը չի վերահսկվում «Վրացական երազանքի» կողմից:

Նույն մամուլի ասուլիսի ընթացքում Սաակաշվիլին մեղադրեց գինեգործներին, ովքեր, նրա խոսքերով, «հետեւի թաթերի վրա» են դիմավորել «Роспотребнадзор»-ի ստուգումները:  Գինեգործները վիրավորվեցին եւ կտրուկ պատասխանեցին նախագահին՝ հրապարակավ:

Կրքերը թեժանում են: Սաակաշվիլին այցելում է Բաքու: Վրացական պատվիրակության կազմում չկան ոչ իշխող կոալիցիայի ներկայացուցիչներ, ոչ է; ԱԳՆ աշխատակիցներ, ինչն արդեն բացարձակ անհասկանալի է: Հավանաբար, դա նաեւ դիվանագիտական արարողակարգի խախտում է: Բայց տանտերերը դրան նշանակություն չեն տալիս: Կովկասում հյուրը սուրբ մարդ է: Երբ Սաակաշվիլին վերադառնում է տուն, Բաքվում զարմանքից քարանում են: Ադրբեջանցիները պաշտոնական մակարդակով Սաակաշվիլիին խնդրում են կռիվ չգցել իրենց եւ Ռուսաստանի միջեւ: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահը իր երկրի լրագրողներին պատմում է, որ Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին նախապատրաստում են «Ալիեւին գահընկեց անելու համար»: Տանում է սովորական զուգահեռներ Վրաստանի հետ՝ Բիձինա Իվանիշվիլիին անվանելով «Կրեմլի ծրագիր»: Բաքվին այդ ամենը դուր չեկավ:

Տպավորություն է ստեղծվում, որ Սաակաշվիլին այլեւս չի վախենում, մինչդեռ շատ քիչ ժամանակ է անցել ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո: Հիմա Սաակաշվիլին նոր խնդիր ունի: Նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կարող է արգելվել:  Այդ նպատակով մտադիր են դատարան դիմել նախկին քաղբանտարկյալները:

Միամտություն կլինի ենթադրել, թե Վրաստանի նախագահը կհամակերպվի «կաղ բադիկի» դերի հետ: Խնդիրն այն է, ասում են փորձագետները, թե նա քաղաքականապես որքան վտանգավոր կլինի «վիրավոր կարգավիճակում»: 

Վրացական Սահմանադրության համաձայն, նախագահը խորհրդարանական ընտրություններից կես տարի հետո եւ նախագահական ընտրություններից 6 ամիս առաջ (այս տարվա հոկտեմբերին) իրավունք ունի ցրել խորհրդարանը եւ մինչ նոր քվեարկությունը նշանակել իր կառավարությունը: Այդ դեպքում վարչապետի ու նախարարների հաստատման համար բավարար է միայն Սաակաշվիլիի ցանկությունը: Ստացվում է, որ Սաակաշվիլին այդպիսի գործողությունների համար կունենա միայն մի քանի օր՝ ապրիլ ամսին:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին