Պայքար «ի» տառի համար - Mediamax.am

Պայքար «ի» տառի համար
20152 դիտում

Պայքար «ի» տառի համար


2008 թվականի ողբերգությունից հետո առաջին անգամ Ռուսաստանի ու Վրաստանի հեղինակավոր փորձագետների մակարդակով Թբիլիսիում սկսեցին քննարկել՝ ինչպես պետք է շարունակեն ապրել երկու հարեւան պետությունները: Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի /ՄՄՀՊԻ/ վերլուծաբաններ Նիկոլայ Սիլաեւն ու Անդրեյ Սուշենցովը մի քանի օր շարունակ վրաստանյան ԶԼՄ-ների ամենացանկալի հյուրերն էին եւ ամենաանցանկալիները՝ մի խումբ ցուցարարների համար, որոնք բողոքում էին «Կրեմլի դեսանտի» դեմ:  

ՄՄՀՊԻ ներկայացուցիչների զեկույցը կոչվում էր «Վրաստանն ընտրություններից հետո եւ ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարները»: Ինչից, հնարավոր է, հետեւում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ի վրաստանյան խորհրդարանական ընտրությունները այդպիսի հեռանկարներն եղել են, մեղմ ասած, աղոտ էին: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ երկիրն իր արեւմտյան ուղուց չի շեղվի: Միաժամանակ, նա ասում է, որ վերջին շրջանում Վրաստանը Ռուսաստանից ստանում է «դրական ազդակներ», ինչը թույլ է տալիս դատողություններ անել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման եւ աբխազական ու հարավօսական խնդիրների լուծման «աճող հույսերի» մասին: Որից հետո նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հայտարարում են, որ Բիձինա Իվանիշվիլին լիովին ու ամբողջությամբ «կողմնորոշվել է դեպի Մոսկվա»:

Ռուսաստանի քաղաքագետների զեկույցի էությունն այն է, որ «Ռուսաստանն ու Վրաստանը դատապարտված չեն հակամարտության շարունակման», որ «պառակտումն ընկալվում է… որպես ոչ բնական եւ շտկման ենթակա իրավիճակ»:

Հասկանալի է, որ հարցի շուտափույթ լուծմամբ հարաբերությունները չեն վերականգնվի: Եվ եթե առհասարակ լինի վերականգնում, ապա՝ ոչ շուտափույթ: Հիմա կողմերն կորոշեն առավելագույն «կարմիր գիծը» եւ չեն անցնի այն: Այդ «կարմիր գիծն» անցկացված է անջատված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ Վրաստանի սահմանագծով:

Մինչ վերլուծաբանները քննարկում էին, քաղաքական գործիչները` վիճում էին, իսկ ցուցարարները կռվում էին «Կրեմլի պատվիրակների» դեմ, ես կարդում էի զեկույցը եւ շատ անսպասելիորեն հայտնաբերեցի առաջին հայացքից փոքր անհամապատասխանություն, որն իրականում իր մեջ պարունակում է խնդիրների խնդիրը: Դա հենց այն կաթիլն է, որի մեջ արտացոլվում է ծովը: Զեկույցի ռուսերեն տարբերակում՝  նախատեսված հրապարակման համար, հաշվի առեք՝ Վրաստանում, Աբխազիայի մայրաքաղաքն անվանվում է «Սուխում», Հարավային Օսիայինը՝ «Ցխինվալ»: Վրացերեն ու անգլերեն տարբերակներում այդ քաղաքների անվանումներում վերադարձված է «ի» տառը՝ «Սուխումի», «Ցխինվալի»:  

Դա շարքային մանրախնդրություն չէ, դա հենց էությունն է, որի համար պայքարում ենք:

Դեռ մինչեւ 2008 թ-ի պատերազմը ես անձնական պայքարս էի մղում մոսկովյան ԶԼՄ-ների այն խմբագիրների դեմ, որտեղ աշխատում էի: «Ի» տառի համար: Շատ հաճախ հաջողվում էր հաղթել, թեեւ մինչ 2008 թվականի օգոստոսը իմ մոսկովյան լրագրողական ղեկավարների համար այդ առումով կապիտուլյացիան սկզբունքային չէր: Այսինքն, անջատված շրջանների մայրաքաղաքներն ունեին «ի» վերջավորությունը: Հնգամյա վաղեմության իրադարձությունները դարձան նաեւ իմ անձնական ֆիասկոն այդ տառի համար պայքարում:

Չգիտեմ՝ կգա՞ ինձ համար երբեւէ ժամանակը բացելու անձնական երկրորդ տեղանունային ճակատը: Փորձագետները, վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները «հարաբերությունների հեռանկարի» վերաբերյալ բանավեճերի ընթացքում ինձ այդ մասին չակնարկեցին: Ես հարցնում էի, բայց իմ հարցերը նրանց չէին շփոթեցնում, քանի որ ենթադրվում էր, թե կա ավելի կարեւոր բան, քան Աբխազիայի ու Հարավային Օսիայի մայրաքաղաքների անվանման կորցրած տառը: Բայց հայտնի է, որ, ինչպես անվանես նավը, այնպես էլ այն կնավարկի:

Այդ պատճառով, որպես «Սուխում» եւ «Ցխինվալ» անվանումների վրեժը Վրաստանը կարող է մինչ կարգավորումը ձեռնոց նետել տառը լկտիաբար կուլ տված «զավթիչներին»: Մասնավորապես, Россия-ն անվանել «Росия»: Ի վերջո, վրացերենում կրկնակի բաղաձայններ չկան: Դա համարժեք պատասխան կլինի:

Միխայիլ Վիգնանսկին լրագրող է: Ապրում եւ աշխատում է Թբիլիսիում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին